Արևմտահայ և սփյուռքահայ գրող, հրապարակախոս, ճարտարապետ, փիլիսոփա, գիտական, կրթական, մշակութային, հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Գրիգոր Գավաֆյանը ստեղծագործել է Օսմանյան և Հանրապետական Թուրքիայում, Ֆրանսիայում, Կանադայում: Ծնվել է 1888 թվականին Կ.Պոլսում։ Որդին է հայտնի մանկավարժ Գարեգին Գավաֆյանի։ Սովորել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանում, ապա շարունակել ուսումը Պերպերյան վարժարանում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզում։ 1910 թ. իբրև ճարտարապետ` պաշտոնավարել է Բուրսայում, ապա 1911-13 թթ. Կ.Պոլսի քաղաքապետարանում` իբրև քաղաքաշինական ծրագրերի բաժնի ղեկավար: 1914-ից անցել է ուսուցչական աշխատանքի: 1917-27 թթ. եղել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրենը, դասավանդել է փիլիսոփայության պատմություն և այլ առարկաներ։ Մինչև 1927 թ., մանկավարժական աշխատանքին զուգահեռ, Թուրքիայում պաշտոնավարել է իբրև ճարտարագետ-ճարտարապետ` նախագծելով և կառուցելով կարևորագույն շինություններ՝ ինչպես Գատըգյուղի Թատրոնի շենքը, Մխիթարյան միաբանության Կ.Պոլսի վարժարանի շենքը, Իզմիրի հայտնի ջրամբարը և այլն:
Թղթակցել է Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի, Հակոբ Քյուֆեճյանի (Օշական) 1914 թ. հիմնադրած «Մեհեան» գրական ամսաթերթին, ապա և Վարուժանի և Հակոբ Սիրունու խմբագրած «Նաւասարդ» գրական տարեգրքին։ 1922 թ. Կ. Պոլսում Կ. Զարյանի, Հ. Օշականի, Վահան Թեքեյանի, Շահան Պերպերյանի հետ հիմնադրել է «Բարձրավանք» միամսյա գրական-գեղարվեստական հանդեսը, որի շուրջը համախմբվել էին եղեռնից փրկված մտավորականները՝ արևմտահայ հոգևոր կյանքը վերակերտելու ձգտումով։ Համագործակցել է Սիամանթոյի, Դուրյան Սրբազանի, Ռեթեոս Պերպերյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Ռուբեն Չիլինկիրյանի (Սևակ), Տիրան Չրաքյանի (Ինտրա), Հարություն Հինդլյանի և նշանավոր այլ դեմքերի հետ, որոնց մասին նաև հուշեր է գրել: Մահացել է 1959 թ., թաղված է Կ. Պոլսի Շիշլիի Հայոց գերեզմանատանը:
Գեղամ Գ.Գավաֆյանը, ըստ իր մետաֆիզիկական պատկերացումների, անդրենապաշտ է՝ տրանսցենդենտալ փիլիսոփայության հավատավոր, ինչպես և իր ժամանակակից արևմտահայ գեղագետներից շատերը, մասնավորապես՝ իր ուսուցիչ Տ. Չրաքյանը, դասընկերներ Ե. Տեմիրճիպաշյանը, Տ. Չյոկյուրյանը, Շ. Պերպերյանը: Իր կյանքի տարբեր փուլերում Գավաֆյանը որոշակիորեն ազդվել է Իպոլիտ Տենից սերող պոզիտիվիզմի փիլիսոփայությունից, ապա և Անրի Բերգսոնի ներհայեցողական ինտուիտիվիզմից: Կամքի հասկացության ներմուծմամբ Գավաֆյանը տուրք է տալիս նաև պրագմատիզմի փիլիսոփայական ուղղությանը:
Գեղամ Գ. Գավաֆյանի երկերի ընտրանին հրատարակել է «Գրական հայրենիք» ՓԲԸ-ն («Հայաստան հրատարակչություն»), Եր. 2018թ.: Ժողովածուն կազմողը, խմբագիրն ու մեկնիչն է տողերիս հեղինակը:
Աշոտ Ալեքսանյան
Գեղամ Գ. Գավաֆյան
Քերթվածներ
Կորսուած Վայրկեաններ
Ա.
Երազ մը ունէի, ու երազիս հետ, ու երազովս
կ՛ապրէի առանձինն:
Ինձ համար կեանքը պայծառ էր,
մարդկութիւնը յաւերժական եւ տիեզերքը անճառ:
Բայց տեսայ որ կեանքը մթի՜ն է,
մարդկութիւնը վայրկեանի մը թշուառութիւնն է. տիեզերքը
անյո՜ւշ է:
Ու երազս ինձ հետ մնաց, լոկ ձեւ մը միայն,
անկենդան ալիք հին օրերու սարսուռին:
Յոյս մը կ՛առաջնորդէր կեանքիս, ու յոյսիս հետ,
ու յոյսովս կ՛ապրէի առանձինն ու յոյսովս կ՛ապրէի առանձինն:
Կը հաւատայի ճիգին, կը հաւատայի գոյութեան,
կը հաւատայի սիրոյ:
Բայց զգացի թէ ճիգը աննպատակ է,
գոյութիւնը պատրանք մ՛է ու սէրը պժգանք:
Եւ Յոյսս մնաց ինձ հետ, լոկ յիշատակ մը
միայն, անկենդան տեսիլք հին օրերու հաւատքին:
Անծայր պարապութիւնը եւ անայլայլ
լռութիւնը պատեցին հոգիս:
Վախցայ թէ հոգիս ալ դիակ մըն է. ուզեցի
ծիծաղիլ, ուզեցի ծիծաղիլ մահուան դէմ:
Բայց ծիծաղս դա՜ռն եւ խուլ արձագանգեց,
գերեզմաններու խորը թրթռացող գանկերու նման:
Անխորհուրդ եւ անփայլ նայուածքս կը սեւեռեմ
այժմ անջրպետներու խորը, ու անխռով կը նկատեմ դիակները,
որք կ՛ընթանան, որք կ՛անհետին տակաւ, Երազիս, Յոյսիս, եւ
Հոգւոյս:
30 Սեպտեմբեր 1914
Բ.
Սեւ երիվար մը ունիմ.
Իմ երիվարս եբենոսի պէս սեւ է, եւ իր աչքերը
խաւարին մէջ ճառագայթող արեւներու շողիւնը ունին:
Իմ երիվարս ադամանդի պէս փայլուն է, եւ իր մարմինը
աննիւթական ձեւերու լրութիւնը ունի:
Իմ երիվարս աստուածի մը չափ խրոխտ է, եւ իր
գնացքը յաւերժական ճանապարհին փառքը կը պատմէ:
Սեւ երիվար մը ունիմ եւ ճերմակ Սիրուհի մը ունիմ:
Իմ Սիրուհիս ճերմակ է գիշերին մէջ պայծառացող
ամպերուն նման, եւ իր աչքերը սառած անջրպետներու խորը
թափանցող արեւներու հուրը ունին:
Իմ Սիրուհիս շողշողուն է արեւելքի արքայներու
հարճերուն նման, եւ իր իրանը անպարոյր կուսութիւններու
հմայքը ունի:
Իմ Սիրուհիս զոհաբերող քրմուհիի մը չափ խրոխտ է, եւ
իր ժպիտը յաւերժական երազներու ցանկութիւնը կը պատմէ:
Իր ժպիտը ինձ կը պատմէ բոլոր ցանկութիւնները
վայրի, ու վայե՛լքը, ու հրապո՛յրը, ու ճոխութի՛ւնը, ու
անկարելի, անբացատրելի հեշտանքը ստեղծագործ անէացման:
Բայց, անայլայլ եւ անխռով, ես կը փարիմ
աստուածագեղ Երիվարիս, անծայրածիր իտէալիս լերկ
բարձունքները թափառելու:
12 հոկտեմբեր 1914
Գ.
Վերջին ստուերներն ալ անհետացան:
Անոնք գացին դողդոչ եւ վեհերոտ գնացքով. կորսուեցա՜ն
անհորիզոն անջրպետներու խորը, կորսուեցան խաւարին
լրութեանը մէջ:
Վերջին ստուերները կորսուեցան անյիշատակ. եւ
գիտակցութեանս անեզր պարապութեանը մէջ, խուլ եւ անդորր,
մեռելներու յաւիտենական բարբառը, համր եւ անշեշտ
արձագանգեց:
Գերեզմանի տժգոյն ընծայ.
Ապառաժին վրայ կանգուն.
Եզրը ծովուն ալեխռով քու էութեանդ ամեհի.
Երբ նկատես փրփուրն արծաթ,
Յորձանապտոյտ փրփուրն անբաւ կոհակներուն որք
գալարուն,
Ապառաժին կողերէն վեր,
կը փշրուին. յաւիտենին երազանքովը սիրատարփ:
Երբ նկատես փրփուրն անթոյր,
Եզերական փրփուրն տմոյն կոհակներուն որք նուազուն,
Ապառաժին կողերէն վար,
կ՛ի՛ջնեն. ունայն տեսիլքներուն զուր հմայքէն հիասթափ:
Ու րոպէին այն փախստեայ,
Ուր կ՛անհետին ձայներն նուազ, կ՛անրջանան ձեւերն
անշարժ,
կը լռէ ծո՛վն ալ համօրէն.
Երբ րոպէին այդ մենաւոր խորասուզես նայուածքդ վճիտ,
Ալքերուն մէջն անթափանց ծովուն թշուառ էութեանդ,
Ու, մեռելի պէս դալկադէմ,
ցնորքներուդ տեսնես տժգոյն կարաւանին փախչիլն
անդարձ:
Երբ մթագնի քու հոգւոյդ խորը անհուն երազը կեանքին.
Երբ սպառին արշալոյսներն
Ու խաթարին գիծերն աննիւթ. գիծերն անճառ արուեստին.
Երբ այլայլին ձեւերն համայն
Ու գոլորշւոյն պէս՝ որ ցնդի մարզերուն մէջն հրաշէկ,
Իտէալիդ վսեմ տեսիլքն անհետի:
Երբ խորհուրդիդ մէջ վրդով եղծի օրէնքն ադամանդեայ
ճշմարտին
Ու տարակոյսը մռայլ,
Իր շուրջպարոյր ոլորտներուն մէջ յամրօրէն ու տակաւ,
Քու հաւատքիդ կիսանդրիներն անկարեկիր սքողէ:
Երբ մի առ մի, երբ ջահ առ ջահ մարի՜ն լոյսերը բոլոր,
Ջահերն հոգւոյդ, լոյսերն անբիծ աստուածակերտ խորանին,
Երբ նուազին շողերն անթոյր
Ու գիշերին մէջ տարուբեր, չոր տերեւի մը հանգոյն,
Դու անպարոյր, ու անստուեր, ու անհատակ վիհերուն խորը
յաւերժօրէն, յաւերյօրէ՜ն թափառիս.
Անջրպետին երբ ամայի դալկութեանցը մէջ դժխեմ
Ոչ մէկ նշոյլ, ոչ մէկ ստուեր, ոչ մէկ շշուկ կամ թախիծ,
Թափառայած գնացքիդ մէջ
ունենաս քեզ ապաւէն, քու գոյութեանդ վկայ.
եւ երբ ոչինչն, ամենակալ իր որկորին յետին զոհ,
քու մթացած, քու անխորհուրդ աչքիդ առջեւ ընկլուզէ
խաւարին սեւ տեսիլքներն, ուրուականներն խաւարին,
Ու անոր դէմ մնաս մինակ.
հեռունե՜րէն, հեռունե՜րէն, հեռունե՜րէն,
մտիկ ըրէ իմ երգին:
Մտիկ ըրէ մեռելներու երգին խաղաղ, անշունչ երգին
մեռելներու:
Թող մերկանայ տժգոյն հոգիդ լուսատենչիկ հմայքէն,
Ու արհաւիրքը խաւարին
Ա՛լ թող չ՛ըլլայ մռայլ հսկողը դալկադէմ խորհուրդիդ.
Դո՛ւ անխռով
հեռունե՜րէն, հեռունե՜րէն, հեռունե՜րէն,
մտիկ ըրէ մեռելներու երգին անլուր:
թող երազի մը պէս պատիր, անհետանայ անհուն տեսիլքն
անհունին
ու նուազի թող յոյսդ բոլոր յաւերժական գոյութեան.
Դո՛ւ անայլայլ,
հեռունե՜րէն, հեռունե՜րէն, հեռունե՜րէն
մտի՜կ ըրէ.
Մեռելին փա՜ռքը պիտի պատմեմ:
9 Դեկտեմբեր 1914
Դ.
Չը գիտեմ ո՛ւր եմ լսեր.
Իրիկունին՝ երբ ստուերներն խուսափուկ.
Վերեւ լաժուարդ ծովերուն ու ծովափին մենաւոր,
Որք անհունին անձկագին կ՛ունկնդրեն խուլ դաշնութեանց,
կը տարածեն լայնասփիւռ թախծութեանց քողն անթոյր.
Իրիկունին՝ Գալապրայի ժայռերուն սեպ կողերէն Իրիկունին՝
Երբ կը ծորի գիշերներու աննիւթական լրջութիւնն,
Ու դարաւոր սարերն իրենց կատարներէն անթափանց
Յաւիտենին դալկադէմ շուքը ծովուն վրայ կ՛երկարեն.
Իրիկունին՝ նշուլերանգ մարզերուն մէջն անշշունջ
Հէքեաթներու դիցուհիներն՝ օդերու խօլ պարիկներուն,
Դեռ եւս վրդով ու դողդոչուն անուրջներու տեսիլքէն,
Ծփանքներուն մէջ եթերին, երազանքով կը պատմեն:
Բիւր ճախրալի ճողփիւններով,
Ծովուն մէջէն ծիրաներփեայ,
Նաւեր անբիծ եւ անվրդով
Սահին վճիտ ալեաց վերայ.
Տանին զուարթ կոյս հոգիներ
Թոյր շողերու անգին նուէր:
Եւ ծուփ ի ծուփ նաւերն անքոյթ
Կքին բեռան տակ բերկրալի
Բեռան՝ ոգեաց աներեւոյթ.
Նաւերն գնան եւ խանդով լի
Տանին զուարթ կոյս հոգիներ
Թոյր շողերու անգին նուէր:
Հորիզոնին մէջ շափիւղայ
Շողայ փրփուրն արփիագեղ
Մէջ շողերու ծիրաներփեայ
Հոգիներ կոյս եւ սիրազեղ
Մատչի՜ն, մատչին լոյս խորանին
Թոյր շողերու նուէր անգին:
Իրիկունին՝ հոգւոյս վերեւ ստուերներն երբ սաւառնին,
Ես կ՛երազեմ զօրութիւններ որք անպատում հմայքով
Զիս յոյզերուս ծփանքէն վեր բարձրացնեն սարսռագին.
Ու մարզերուն մէջ շողշողուն, լոյս մարզերուն մէջ անխռով,
Զիս անսահման բացարձակին տանին բոցովն սպառելու,
Բագիններու մէջ ոսկեհիւս, ւ՛արփիագեղ շողերու:
18 Յունուար 1915
Հուսկ Աղերս
ի խորոց կարդացի առ քեզ, Տէր
Սաղմոս
Օրերուս կուժը լեցաւ ա՛լ, Տէր.
Ես կը քալեմ Ես կը քալեմ
Իմ մանկութեան օրերէն
Ճանապարհէն ուղիղ, խիզախ.
եւ կամ փոշոտ ու մթին արահետէն, կորակոր
քալեր եմ ես, յոգնաբեկ:
Տէ՛ր, Քեզի կու գամ մենաւոր:
Օրերուս կուժը լեցաւ ա՛լ, Տէր.
Քեզ կը բերեմ
Ափ մը մոխիր յիշատակ.
իմ յոյզերուս,
խռովքներուս
յիշատակները թառամած
Քեզ կը բերեմ սրտաբեկ,
Տէ՛ր, անցեալովս սգաւոր:
Օրերուս կուժը ա՜լ լեցաւ, Տէ՛ր.
Տեսիր գործքերս բոլոր՝
հպարտութի՞ւնը կեանքիս
թէ ամօթը օրերուս.
գործեր փայլող սին փառքով
կամ շաղախուած դառնութեամբ,
Տեսիր գործքերս ունա՜յն:
Տէ՛ր, Քեզ մօտ կու գամ գլխիկոր:
Օրերուս կուժը ա՜լ լեցաւ, Տէ՛ր.
քննէ ալքերը սրտիս.
հոն զատէ չարն ու բարին,
անջատէ հասկը՝ տատասկէն
նայուածքովդ
որուն առջեւ քօղն է բիւրեղ
եւ կեղծիքը զուր պատրանք:
Տէ՛ր, կեանքէն կու գամ, վիրաւոր:
Օրերուս կուժը լեցաւ ա՛լ, Տէր.
խորասուզէ ակնարկդ մէջ հոգիիս.
Տես թէ ինչքա՞ն
հաւատացեր եմ Բանին.
կամ տարակոյսը մռայլ
որքա՞ն մարեր է ջահեր՝
լոյսերը անմահ խորանին.
Թո՛ղ, Տէր, Քեզ մերձենամ, մեղաւոր:
Ահաւասիկ որ կու գամ, Տէ՛ր.
Մատուցանել խղճմտանքս՝
դատաւորը գործքերուս:
Ես հարցուցի,
բոլոր օրերը կեանքիս,
Այդ երկնառաք ուղղեցոյցին
գծել ճամբան քայլերուս:
Տէ՛ր,
Որու աչքին
Տիեզերքը եւ հիւլէն
Նոյն չափը եւ կշիռը ունին,
Խոնարհեցուր նայուածքդ վերայ հիւլէիս:
Ահաւասիկ որ կու գամ, Տէ՛ր
Դատաստանիդ ահաւոր
Ներկայանալ, լի յոյսով:
23. 9. 1958
