ԳՐԻՇԱՅԻ ՀԻՄԱՐ ԺՊԻՏԸ / ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱ

ՅԱՐՈՄԻՐ   ՇՏԵՏԻՆԱՅարոմիր Շտետինան ծնվել է 1943 թ., Պրահայում: Տասնյակ գրքերի, հարյուրավոր հոդվածների, մի քանի տասնյակ վավերագրական կինոնկարների, բազմաթիվ ռադիո և հեռուստատեսային ծրագրերի հեղինակ է: Եղել է Հայաստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում:

Գրիշա Գրիգորյանցը ծնվել էր մի հին տան մեջ, Երևանից ոչ հեռու, Զվարթնոց օդակայանի և Էջմիածնի միջև, մոտավորապես Լեոնիդ Իլյիչի ինքնակալության սկզբին: Երբ լույս աշխարհ եկավ, տատմերն ասաց. «Տղան կրծքին Արամազդ աստծուն հիշեցնող բնաբիծ ունի: Ասում են՝ նման երեխաները սկիզբ են առնում Դարեհի արյունից»:
«Դա ինչ է նշանակում»,- հարցրեց Գրիշայի հայրը` էջմիածնեցի ֆլեյտայի ուսուցիչը:
«Նշանակում է, որ երեխան կյանքում օժտված կլինի թագավորական բնավորության որևէ գծով»:
Գրիշայի հայրը տղային օրորոցից մի փոքր բարձրացրեց և զննողաբար նայեց նրա կնճռոտված դեմքին: Ոչ մի թագավորական, իշխանական կամ գերբնական բան չէր տեսնում: Տղան, միլիոնավոր ուրիշ երեխաների պես, սովորական նորածին էր:
Սակայն, երբ երեք տարեկան էր, ծնողները հասկացան, որ Գրիշան տարբեր է: Անկողինը հարդարում էր զինվորական ճշգըրտությամբ, ինքնակամ օրը մի քանի անգամ ձեռքերը լվանում էր օճառով, իսկ երեկոյան՝ մինչև ուշ գիշեր, կարող էր մեծերի հետ նստել և ուշադիր լսել նրանց խոսակցությունները: Երբ նրան անկողին էին քշում, ծալում էր շալվարիկն ու շապիկը, խնամքով կախում աթոռի մեջքին, պառկում էր վերմակի տակ և զգուշորեն ձեռքերը ծալում կրծքին: Մայրը նկատեց, որ ուրիշ երեխաների պես կծկված չի քնում: Մայրն աշխատում էր Էջմիածնի վանքի ճաշարանում որպես խոհարարուհի և մի անգամ կաթողիկոսի գրասենյակում հարցրեց, թե ինչ անի մանչուկի հետ. «Նա կիսարթուն է քնում. լարի պես ձգված և անընդհատ ժպտալով, կարծես ինչ-որ երազ է տեսնում»:
«Մի՛ անհանգստացեք, մայրի՛կ»,- ասաց կրթված հայր Վազգենը` կաթողիկոսի օգնականը: «Որ ձեր որդին այդքան վաղ տարիքում սովորել է տիրապետել իր մարմնին ու զգացմունքներին, ոչինչ չի նշանակում»:
Չորս տարեկանում Գրիշան կարդալ գիտեր, դրանից բացի՝ քառակուսի հավասարումներ էր լուծում: Երբ հինգ տարեկան էր, ֆլեյտայով ամենաբարդ մեղեդիներն էր նվագում, և հայրը հետը ժամերգության էր տանում նվագախմբի հետ նվագելու: Բանաստեղծություններ էր կարդում և պահանջում, որ հայրն ամեն կիրակի նրան թանգարան տանի: Երբ վեց տարեկան դարձավ, դպրոցական հանձնաժողովը գտավ, որ իմաստ չունի ուսումը սկսել առաջին դասարանից, և Գրիշան միանգամից երրորդ դասարան նստեց:
Դպրոցում բարդություններ ուներ: Եվ նրա համար չէ, որ ուսուցիչների մեծ մասից շատ ավելին գիտեր, այլև, որ երբեմն տարօրինակ բաներ էր անում: Հայրը նրան գըրպանի ծախսերի համար մանր դրամ էր տալիս, որն այն ժամանակ շաբաթական մոտավորապես հինգ ռուբլի էր կազմում: Գրիշան տնտեսեց ամեն մի կոպեկը ու երբ անհրաժեշտ գումարը հավաքեց, վաճառական Հովսեփից գնեց անագաթերթով փաթեթավորված քսաներեք ամերիկյան ծամոն և բոլորը հատ-հատ բաժանեց համադասարանցիներին: Հետո ծնողական ժողովի ժամանակ ուսուցչուհին ասաց Գրիշայի մորը. «Օվսաննա ջան, լավ չի, որ Գրիշան իրեն բոլորից այդպես բարձր պահելով ուրիշների ուշադրությունը գրավի»:
«Բայց նա միայն ուրախություն է ուզում պարգևել»:
«Մի՞թե դրան հավատում եք: Չէ որ այդպես ոչ ոք չի վարվում»:
Մեկ ուրիշ անգամ համադասարանցիների հետ գաղտագողի գնացել էր տեսնելու, թե ինչպես է Մովսես պապը ձմռան համար ցախ կոտրում: Ծեր Մովսեսը մի ձեռք ուներ, երկրորդը պատերազմի ժամանակ կորցրել էր: Կացինը հենում էր կոճղին, ձեռքով կոճղի վրա էր դնում ճղոնը, արագ վերցնում կացինը, ապա թափով վրա բերելով՝ ճղոնը ցած էր ընկնում: Մովսեսը հենում էր կացինը կոճղին, նորից դնում ճղոնը….և այդպես շարունակ: Ճղոնը նորից ու նորից պոկվում էր: Մովսես պապը լուռ փընչացնում էր, իսկ տղաները ցանկապատի այն կողմում ծիծաղից խեղդվում էին: Մի անգամ Մովսեսը ավտոբուսով Երևան էր գնացել: Գրիշան կարգադրեց տղաներին. «Արագ, ամեն մեկդ մի կացին բերեք»: Մինչև Մովսեսի վերադարձը, բակում փոքրիկ ճղոնիկների դարսակույտ էր հայտնվել: Տղաները ցանկապատի ետևում հռհռում էին, երբ տեսան Մովսեսի չռված աչքերը: «Լակոտներ, սրիկաներ, անտաշներ, ավազակներ, դուք միայն հանցագործության եք ընդունակ»,- գոռում էր Մովսեսը փախչողների ետևից: Գրիշան մի պահ նկատեց բիձուկի այտուցված կոպի տակից խոզանների միջով դեպի շրթունքները գլորվող արցունքը: Գրիշայի կյանքում այդ պահը կարևոր նշանակություն ունեցավ: Երբ գիտակցեց բիձուկի արտասվելու պատճառը, տղայի դեմքին թեթև ժպիտ հայտնվեց՝ նուրբ ծռմռվածություն, կես քնքուշ և կես ծաղրալի դիմածռություն, որը տարբերվում էր իր ծծկեր տարիքի դեմքի արտահայտությունից: Այդ ժպիտը Գրիշայի դեմքից երբեք չհեռացավ և տարիներ հետո, մինչև նրա դատաստանը Շուշիի բերդի բակում նրա էության մի մասը դարձավ:
«Օվսաննա ջան, ախր այդպես չի կարելի, Գրիշան երեխաների վրա անընդհատ ծիծաղում է,- մի քանի շաբաթ անց ասաց ուսուցչուհին:- Ախր, գժի նման անընդհատ ծիծաղում է»:
«Բայց նա պարզապես կենսուրախ է», – ցածր ձայնով պաշտպանում էր Գրիշային մայրիկը:
«Անհեթեթություն»,- ասաց ուսուցչուհին:- Կարծում եմ, դեմ եք, որ բոլորը ձեր տղային Աստծո տեղ դնեն, երբ նա ընդամենը, միմիայն ապուշիկ հանճար է»:
Տարիներ անց, Գրիշան մեծացավ. խիտ, գանգուր մազերով, լողլող երիտասարդ էր: Դպրոցական նվագախմբում փայլուն սաքսոֆոն էր նվագում: Խոսում էր հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն, տիրապետում էր ինֆինիտեսիմալ հաշիվներին և կարդացել էր համաշխարհային գրականության դասականներին: Ոչ ոք, նույնիսկ ինքը, չէր կարող հասկանալ, թե ինչն էր նրան անընդհատ դրդում տարօրինակ, հաճախ մանկանը բնորոշ որոշումներ կայացնել և արարքներ թույլ տալ: Մի անգամ, կարծեմ իններորդ դասարանում էր, չքվեց տնից և դպրոցից: Նրան, երևի թե, երկու ամիս հետո գտան Գորիսի շրջանային հոգեբուժարանում՝ բուժակ աշխատելիս: Մեկ շաբաթ հետո ցատկելով վարար գետը, փորձեց փրկել խեղդվող շանը և քիչ մնաց ինքը խեղդվեր: Հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչը ասաց. «Բախտը բերեց, որ այստեղ շուտ հասցրեցին: Իմիջիայլոց, երբեք չեմ տեսել, որ ջրահեղձը ժըպտա»: Երկու ամիս հետո Գրիշան հացադուլ հայտարարեց ընդդեմ դպրոցի տնօրենի, որը արգելել էր աշակերտներին ջինսով դպրոց հաճախել: Ստամոքսի կատար ունեցավ և ծրագրային դժգոհի համբավ ձեռք բերեց: Մեկ ուրիշ անգամ համոզել էր համադասարանցիներին ՄԱԿ-ին ուղղված պետիցիա ստորագրեն՝ ընդդեմ հարավամերիկյան ինչ-որ հնդիկների ոչնչացման: Հայաստանում ընդհանրապես առաջինն էր, ով գիտեր Գրինփիսի շարժման մասին և բողոքում էր Երևանի մերձակայքում կառուցվող ատոմակայանի դեմ: Իսկ երբ դրա համար դպրոցի տնօրենին շրջկոմ կանչեցին, վիճակն ավելի անտանելի դարձավ: Նրան թույլ տվեցին ավարտական քննությունները մի տարի շուտ հանձնել ու երաշխավորեցին ուսանել Լենինգրադի ֆիզմաթում, ուրախանալով, որ ի վերջո ազատվեցին նրանից: «Ճիշտն ասած, դա հրեշային ապուշ է: Գուցեև հանճար, սակայն խելագար»,- ուսուցչանոցում շշնջում էին ուսուցիչները: Իսկ տնօրենը, Գրիշային հրաժեշտ տալով, ասաց. «Գրիգոր, դու բոլորից խելոք ես: Սակայն բոլորովին կյանքի փորձ չունես: Հիշիր, որ առանց ինքնապահպանության բնազդի կորած ես: Իսկ նա, ով չունի, քիչ թե շատ, խելագար է: Անգամ, եթե գըլխում կաթսայի պես եռացող մտքեր կան»:
Լենինգրադ մեկնելուց մի շաբաթ առաջ մահացավ Գրիշայի հայրը: Կաթվածահար եղավ հենց եկեղեցում, ժամերգության պահին, քանի որ շուրջ երեսուն տարի եկեղեցական երաժիշտ էր, հուղարկավորեցին վանքի բակում: Առաջին հոգեհացից հետո, մահից յոթ օր անց, Օվսաննան խաչակնքեց Գրիշային և ճանապարհեց դեպի մեծ աշխարհ:
Լենինգրադը փոթորիկ էր հիշեցնում: Դարպասներ՝ դեպի աշխարհ: Թատրոններ, գրադարաններ, գարեջրատներ, նոր հայտնագործությունների մասին դասախոսություններ, կրքով լի հանրակացարանային հավաքույթներ, կոմերտմիության խոտհավաքի ուղևորություններ, պայքար ընդդեմ փտած իմպերիալիզմի և կուրացում՝ պերեստրոյկայից: Գրիշան երջանիկ ժպտում էր:
Անկեղծ ասած, առաջին հայացքից հնարավոր չէր հասկանալ, թե ինչի համար է Գրիշան ժպտում. ավելի մանրամասն զննելուց պարզվում էր, որ ժպտում էին նրա աչքերը և ոչ թե շրթունքները: Հային բնորոշ մեծ աչքեր ուներ, գզգզնակ ունքեր և դեպի քունքը ուղղված հովհարաձև խորշոմ: Դեմքի վերևի մասը նորմալ էր՝ լայն ճակատով և միջին մեծության ականջներ: Ընդհանուր առմամբ գեղեցիկ արծվաքթի տակից, այնուամենայնիվ, ցցվում էին ուռուգեր թաց շրթունքները, մոտավորապես այնպիսին, ինչպիսին անտիսեմիտական ծաղրանկարներում հրեաներին էին պատկերում: Դրանք հենց այն գերաճած, միշտ կիսաբաց շուրթերն էին, որոնք Գրիշայի դեմքին անակնկալության և միջին դեգեներատության տպավորություն էին տալիս:
Կանանց և տղամարդկանց որովայնները տարբեր են լինում: Տղամարդու փորը կարծես ընկած է գոտու վրա, կնոջը` ընդհակառակը, կախվում է գոտու տակից: Գրիշայի մեջ կանացի շատ բան կար, իսկ ինչ վերաբերում է որովայնին կամ նստատեղին, դրանք էլ էին մեծ, քան երիտասարդների նստուկներն էին, նրա կուրծքն էլ էր ավելի փափուկ թվում: Բարձրահասակ էր, գուցեև ծանրաշարժ, հսկայական, սպիտակ մարմնով, մեծ կլոր գլխով՝ մազերն այնքան սև ու խիտ, որ կարծես պարսկական փափախ լիներ: Ձեռքերի մատները երկար էին ու բարակ, տագնապալի մաքուր եղունգներով: Քայլում էր Լենինգրադի փողոցներով երջանիկ ու խոհեմ, ինչպես արածող ընձուղտ, իսկ մարդիկ հաճախ էին շրջվում նրա ետևից: Շալվարը չափից ավելի կարճ էր. քանի որ բնականից փոքր-ինչ հարթաթություն ուներ, քայլում էր ծովայինի պես, ձեռքերը թափահարելով, շորորաքայլ ձիու նման, այսինքն` ձախ ոտք – երկու ձեռքը առաջ, աջ ոտք – երկու ձեռքը ետևում: Վերնաշապիկը հագնում էր անդրավարտիքի վրայից՝ կիսակոճկած և ծածանվող: Եվ անընդհատ ժպտում էր, անգամ երբ անձրև էր գալիս: Ժպտում էր, հավանաբար, և քնած ժամանակ, սակայն դրա մասին մորից բացի ոչ ոք չգիտեր: Չգիտեին այդ մասին և նրա հետ հանրակացարանում ապրողները, քանի որ գիշերը գլուխը ենթագիտակցորեն վախից ծածկում էր վերմակով:
Լենինգրադը նաև մեղքի բուն էր: Մի անգամ, երբ երրորդ կամ չորրորդ կուրսում էր, համակուրսեցիները պայմանավորվեցին. «Գրազ գանք, որ Հայաստանից եկած հիմարիկը դեռ կույս է: Լավ կլինի՝ նրա համար աղջիկ գնենք»:
Գրիշային նոր կիսավարտիք և գուլպաներ նվիրեցին, գնեցին շամպուն ու օծանելիք և երեկոյան «Մետրոպոլ» հյուրանոցից մի պոռնիկ հրավիրեցին: Խփեցին շփոթված Գրիշայի մեջքին և ասացին. «Բոլորն էլ ինչ-որ ժամանակ դրանից ազատվում են»: Ցրվելով իրենց ծանոթների և աղջիկների մոտ՝ մինչև առավոտ վեց տեղանոց սենյակը Գրիշայի տրամադրության տակ թողեցին:
Գրիգորը խորը շունչ քաշեց, մի լավ լողացավ, սափրվեց, նոր վերնաշապիկ հագավ և վազեց դեպի կայարանի ծաղկի կրպակը: Սպիտակ շուշանների մի մեծ ծաղկեփունջ գնեց և շաղ տվեց անկողնու վրա: Երբ աղջիկը տեսավ, անկառավարելի ծիծաղի նոպայի մեջ ընկավ. «Չգիտեի, որ այսպիսի պոետի ողջախոհությունից պիտի զրկեմ»: Սակայն երբ նկատեց հսկայի վախեցած ժպիտը և տեսավ, որ նա կախված դնչով կանգնել է այնպես, կարծես դժբախտության մի մեծ պարկ լինի, լռեց. մեկնեց ձեռքը և շշնջաց. «Դե արի, տղաս, դե արի»:
Նա սիրահարվեց միայն հինգերորդ կուրսում: Անունը Նինա էր, ուկրաինացի, իրար հետ շատ ուշագրավ զույգ էին` սև հսկա հայը և փոքրիկ շիկահեր սլավոնուհին: Ամենուր նրանց միասին էին տեսնում: Նրանք գրեթե բոլոր երեկոների ցանկալի զարդն էին. «Երեկոյան եկեք մեր սենյակ: Այն հայն է լինելու Նինայի հետ: Մի լավ կուրախանանք»:
Այն երեկո օղին, ջինը և գարեջուրը իրար էին խառնել, և մինչև ուշ գիշեր մշուշված ուղեղներով վիճաբանություններ էին անում կյանքի ու մահվան մասին: Ոչ ավել, ոչ պակաս: Սովորական հավաքույթ: Ինչ-որ մեկը այնտեղ կոմունիստական բարոյական օրենսգիրքը շատ լուրջ համեմատում էր տասը պատվիրանների հետ, իսկ հետո մեկ ուրիշը մեղադրում էր Ռուսսոյին: Այդ ամենի ընթացքում երգում էր Վիսոցկին, և թատերական ֆակուլտետի մի քանի բեղավոր սկսնակ դերասաններ ցանկանում էին իմանալ, թե մարդու համար կյանքում ինչն է ամենակարևորը: «Օրինակ, քեզ համար, հայ, կյանքում ի՞նչն է կարևոր»,- հարցրեց նրանցից մեկը:
Բոլորը լռեցին, նայեցին իրար և հետո Գրիշայի ժպտացող դեմքին:
Հսկա Գրիշան ճակատը տրորեց, շուրթերը բաց արեց և առավոտյան ցողի պես թափանցիկ հայացքով ասաց.
«Ինձ համար կյանքում ամենակարևորը իմ մայրիկն է»:
Ոռնոց ու ծիծաղ, դերասանները կռանում էին և հարվածում իրենց ծնկներին. «Մայրիկը, մամուլիկը, բարուրը, պտուկը: Իսկ հայրիկը, նա՝ ո՞չ»:
«Լռեք, ձայներդ կտրեք», – բոլորը հանկարծ լսեցին Նինոչկայի ձայնը: Դուրս ցատկեց գազազած կատվի պես, եթե ոչ առյուծի պես.- «Դուք բոլորդ ապուշ եք: Դուք կորցրել եք հիմնական մարդկային զգացմունքները: Լկտիությունը ձեզ համար սովորական երևույթ է, իսկ ձեր ինտելեկտուալությունից մարդու սիրտ է խառնում: Գրիշան քնքշաբարո է, սրտաբաց և իսկական մարդ, քնքուշ է…. ու քնքուշ… ու քնքուշ….»: Նինան լաց եղավ:
«Հա, երբ ծիծաղում է, օրանգուտանի պես, շատ քնքուշ է», – ասաց ինչ-որ մեկը: Նինան լացելով դուրս վազեց փողոց: Գրիշան շրջվելով կաղնու ծառի պես, որի ճյուղերը կարծես քամուց շարժվում էին, դուրս եկավ նրա ետևից և ասաց. «Դե, լավ, հանգստացիր, նրանք այդպես չեն մտածում, նրանք միայն կատակում են: Դե, լավ, խնդրում եմ, մի՛ լացիր»:
Իսկ երբ նա մաթեմատիկայի ուսուցումն ավարտեց և «Մի քանի նոր հայացք դեպի Ֆուրյեի շարքի մշտական զուգամետությունը» թեմայով դիպլոմ պաշտպանեց, Սովետական բանակը նրան որսաց և երկու տարով ուղարկեց ծառայելու մերձմոսկովյան Տուլա քաղաքի դիվիզիաներից մեկում:
– Գրիգորյա՛նց, դուք ինձ կգժվեցնեք,- մի անգամ ասաց կտսեր սերժանտը,- ինչո՞ւ եք անընդհատ այդպես հիմար ժպտում:
– Դա ինձ մոտ գրեթե ծնված օրվանից է, ընկեր կրտսեր սերժանտ,- հանգիստ պատասխանեց Գրիշան:
– Ուրեմն, Գրիգորյա՛նց, որպեսզի այդ լավ տրամադրությունը չքվի,- ասաց կտսեր սերժանտը,- կգնաք զուգարաններ մաքրելու:
– Լավ, լավ,- գլխով արեց Գրիշան, վերցրեց դույլը, հատակ լվանալու փայտն ու փալասը, գնաց դեպի արտաքնոցներ: Այնպես ժպտալով էր քայլում, որ կարծես գնում է ինչ-որ մրցանակ կամ վիճակախաղի շահում ստանալու:
– Աստված իմ, այ թե ապուշն է,- հատակին թքում է կրտսեր սերժանտը,- չեմ հասկանում, այս ինչ տիպերի են վերջերս մեզ մոտ բանակ ուղարկում:
Զորացրվելուց մի քանի օր առաջ, Գրիշան Նինոչկայից նամակ ստացավ: Համառոտ պատմում էր, որ Լենինգրադում դուրեկան, տաք եղանակ է, և որ իմաստ չկա, որպեսզի իրենց հարաբերությունները շարունակվեն: «Կարծում եմ, որ ով անընդհատ երջանիկ է, չի կարող խելագար լինել: Ցանկանում եմ քեզ ամենաբարին»: Մի շաբաթ հետո նրան ազատեցին բանակից, արդեն պատերազմ էր սկսվել Լեռնային Ղարաբաղում:

Հայերը Լեռնային Ղարաբաղը անվանում են Արցախ: Մոտավորապես հազար տարի առաջ այնտեղ սարերում կառուցվել են քրիստոնեական եկեղեցիներ և տաճարներ: Ժամանակներ առաջ, արևելքից մինչև արցախյան թավախիտ անտառներում թուրքերի հայտնվելը, հայերը քարերից խաչքար էին պատրաստում: «Եթե չգիտեք, ապա իմացեք, որ մենք՝ հայերս, միակ քրիստոնյաներն ենք աշխարհում, որոնք խաչը չեն գործածում որպես տանջելու գործիք,- ասում էր Գրիշան,- բոլոր ժամանակներում արցախցի քարտաշը քարի վրա խաչը որպես ծառ է տաշում: Գիտեք, ծառի բուն և երկու գլխավոր ճյուղեր, որոնցից տերևներ ու բողբոջներ են տարածվում: Դա է խաչը»:
Ժամանակին Մոսկվան արցախյան կղզյակը հանձնել էր Ադրբեջանին: «Բոլշևիկը Հին Հռոմից յուրացրել էր ժողովուրդներին տիրանալու բոլոր ներոնյան մեթոդները, այդ թվում նաև «divide et impera»-ն: Հենց որ կոմունիստական գաղափարախոսական մեքենան ընկրկեց, արցախահայերը հռչակեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բաքուն և Մոսկվան միացյալ ուժերով սկսեցին տեղահանել հայերին: Արցախահայերը քրիստոնյա աշխարհից օգնություն էին խնդրում, սակայն երբ արձագանք չլսեցին, դիմեցին ինքնապաշտպանության:
Գրիշան արդեն հանձնել էր իր համազգեստը, սակայն մեկ շաբաթ անց Ստեփանակերտում մեկ ուրիշ, ղարաբաղյան բանակի կամավորի համազգեստ ստացավ: Վաշտի հրամանատարը շուտ հասկացավ, թե ինչքան շահավետ է այդքան միամիտ դեմքով և ապուշ շարժուձևով մարդը: «Այսպիսի հիմարիկին ոչ ոք չի կասկածի»,- ինքն իրեն ասաց հրամանատարը: Մի օր էլ կարգադրեց, որ մի այծ բերեն և կանչեց նորակոչիկ Գրիշային:
– Գրիգորյա՛նց, ինձ լսիր, – ասաց հրամանատարը: Շորերդ կփոխվես, կգնաս այս անաստված կենդանու հետ դեպի Շուշի և մի քիչ կզննես տեղանքը: Հը, կանե՞ս:
Գրիշան ուրախ գլխով արեց:
Պատկերացնում եմ՝ ինչպես է պարանով կապած այծին ոլորաններով վերև բարձրացնում, ինչպես է ինքն իրեն երգում, նայում երկնքին, թթենիների սաղարթին և ժպտում արևիկի պես: Հազիվ ծնկները հասնող շալվարի տակից ցցված են սպիտակ մկանուտ սրունքները: Վարտիքը կախ ընկած, հագին կարմրագորշ գյուղական վերնաշապիկ և այծի բրդից գործած պարկ: Գերաճ տված այծամարդու տեսքով, փոքր-ինչ մազակալած դեմքով, որպեսզի վայրենացած տեսք ունենա: Երբ մոտենում է ադրբեջանական առաջին կետին, հանում է պարկից շվին և ուրախ-ուրախ նվագում:
– Ո՞վ է,- ռուսերեն կանչում է ադրբեջանցի զինվորը:
– Հովիվ եմ,- ժպտում է Գրիշան:- Այծի հետ գնում եմ նոխազի մոտ: Բարև ձեզ:
– Կարող ես գրողի ծոցը գնալ,- ասում է զինվորը, խփելով այծի մեջքին, երբ Գրիշան նրան քաշում է բետոնի պանելի միջով, որին աշխարհում ամենուր ասում են «checkpoint», իսկ ռուսախոս երկրներում` «blokpost»: Ապա նորից նայում է Գրիշայի ժպտացող դեմքին և մտածում. «Այս հայերը այստեղ, խուլ սարերում միայն իրար հետ են ամուսնանում: Դրա համար էլ այսպես է ստացվում»:
Հետո Գրիշան անցնում է էլի մի քանի ադրբեջանական դիրքերով և մոտենում Շուշիի բերդի պարիսպներին, իր մաթեմատիկական ուղեղում մանրամասնորեն գրանցելով բոլոր հրետանային դիրքերը, «Գրադ» հրթիռային համակարգերի կետերը և ադրբեջանական հետևակազորի խրամատները: Հետո անցնում է խաղողի այգիների միջով, ուղիղ իջնում քաղաք՝ դեպի մետաքսի գործարան:
Ակցիան հսկայական հաջողություն ուներ: Գրիշայի բերած ինֆորմացիան հնարավորություն տվեց եկող շաբաթվա ընթացքում գրոհել ադրբեջանական հրետանային դիրքերը, որոնցից վերջին ամիսներին ռմբահարում էին Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասը: Մեկ ամսից Գրիշային նորից ուղարկեցին նույն ուղղությամբ՝ նույն այծով, շվիով, նույն պարկով:
Հենց նույն օրը, կեսօրից հետո բռնեցին նրան:
– Դե, աղավնյակս, ասա, տեսնեմ՝ ով ես,- ասաց Շուշիի կայազորի հրամանատարը:
– Անունս Գրիգոր Գրիգորյանց է,- ժըպտալով ասաց Գրիշան: Վերջին խոսքերը, որ նա արտասանեց: Նրան բանտի պատի մոտ երկար կանգնեցնում էին արևի տակ: Ծեծում էին մահակներով, խփում գլխին, երիկամներին: Գրիշան անընդհատ ժպտում էր, և արդեն ոչ ոք, նույնիսկ Բաքվի քննիչները և նրա հետ բանտարկվածները չէին կարողանում հասկանալ, թե ինչ քավարանից և ինչպիսի անցյալի խորքերից է սկիզբ առում նրա այդ ժպիտը:
Մի անգամ հարցաքննելուց հետո, նորից ծեծած-ջարդված, ինչպես օրենքն էր պահանջում, նրան գցեցին բանտախուց: Գրիշան, անկողնուն մագլցելով, տեսավ` բարձի տակ դրած հացի կտորը չքվել էր: «Ոչինչ,- շփոթված ժպտալով ասաց Գրիշան,- հաստատ շատ էիք քաղցած»:
Բանտարկյալները իրար մեջ շշնջում էին. «Այ թե ապուշն է, անգամ հացը կարգին պահել չի կարողանում»:
«Այդ Գրիգորյանցը ապուշ է,- ասաց բերդի հրամանատարը,- կարող է իսկապես ոչինչ չգիտի: Այլևս նրա գլխին պետք չէ պտտվել»:
Այդպես, դաշտային դատարանը, տասը րոպեի ընթացքում Գրիշային Ադրբեջանական Հանրապետության դեմ կատարած լրտեսության համար դատապարտեց մահապատժի:
Տարօրինակ դատաստան էր: Վճիռն ի կատար ածող դասակի բոլոր զինվորները, առանց բացառության, վերջին պահին թեքեցին փողերը: Միայն երկրորդ հրահանգից զինվորները արագ ուշքի եկան. գնդակը դիպավ Գրիշային: Նա ծնկի եկավ, մնաց կռացած, ցցագերանից ձեռքերով կառչած: Երբ մոտեցան զինվորական բժիշկն ու հրամանատարը, Գրիշան խոր շունչ քաշեց և թուրքերեն ասաց. «Հրամանատա՛ր, կրակեք սրտիս»: Միայն այն պահին, երբ հրամանատարը ատրճանակի փողը ուղղեց այնտեղ, ուր Գրիշայի շապիկի տակ Արամազդ աստծուն հիշեցնող բնաբիծն էր և իջեցրեց հրահանը, մարեց Գրիշայի ժպիտը: Ճիշտ տասներեք տարի, վեց ամիս և ութ օր էր անցել այն օրվանից, երբ միձեռանի Մովսեսը իր բակում հայտնաբերեց կոտրած ցախերը:
Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Գրիշայի մտքով ինչ անցավ այն ժամանակ, երբ մեռնում էր Շուշիի բերդի ցցագերանների մոտ: Այն գուցե գրանցված և պահված է Աստծու արխիվի փոշոտված պահարաններում: Ճշգրիտ և հարթ սկավառակ հիշեցնող Գրիշայի ուղեղը մինչև վերջին ակնթարթը աշխատում էր ամբողջ հզորությամբ: Վերջին թիվը, որը նրա ուղեղը գրանցեց, 1368-ն էր, հետո համակարգիչն անջատվեց: Եթե շարունակեր աշխատել, ապա Գրիշան կտեսներ, որ այդ թիվը այն տարիների քանակն էր, երբ Մուհամեդ մարգարեն Մեքքայից արտաքսվեց Մեդինա և սկսեց հավատք քարոզել: Հետո անմիջապես 622 տարի կավելացներ, որոնք անցել էին Քրիստոսի ծնունդից մինչև Մուհամեդի լուսավորվելը, և Գրիշան կհիշեր, որ ըստ քրիստոնեական օրացույցի՝ վերջին տարին, որը նախանշված էր իրեն ապրելու, 1990 թվականն էր: Չգիտենք, Գրիշայի հանճարեղ ուղեղը արդյո՞ք Մովսես պապի և երկու այդ թվերի կապը պատահական կհամարեր, թե ոչ: Դժվար է սակայն ենթադրել, որ նա, ով ծնվել և մեռել է Արամազդի պատկերը սրտին, չի փառաբանվի Զրադաշտի պես: Այդքան նորաստեղծ կրոնների՝ խաչի և կիսալուսնի կոնֆեսիաները խղճուկ վեճեր են:
Գրիշային թաղեցին, ինչպես բոլոր մահապատժի դատապարտվածներին, անանուն գերեզմանում: Հայաստանում նա անհայտ կորած էր ճանաչվել և հետմահու պարգևատրվել Մարտական խաչով: Նա, ինչպես սովորաբար լինում է, մոռացվեց մարդկանց կողմից, մոռացավ նրան և ուկրաինուհի Նինոչկան, որն արդեն ամուսնացել էր: Միակը, ով ամեն օր հիշում էր նրան, մայրն էր, որը ինչքան ծերանում, այնքան մանկական դեմք էր ընդունում` կնճռապատ և ճմրթված, նմանվելով մանուկ Գրիշայի խորշոմերես փոքրիկ դեմքին: Իսկ 1999 թվականի աշնանը, մահվանից առաջ, անհերքելի վստահությամբ հասկացավ, թե որն էր այն թագավորական գիծը, որն որդու համար գուշակել էր տատմերը:
Դա սրտի բարությունն էր:

Չեխերենից թարգմանեց ԱԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

2 thoughts on “ԳՐԻՇԱՅԻ ՀԻՄԱՐ ԺՊԻՏԸ / ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱ

  1. Չեմ կարող գոհունակությունս չհայտնել և հեղինակից, և թարգմանչից: Վաղուց նման հաճելի զգացողություն չէի ապրել:Շնորհակալություն:

  2. Айс сканчели патмвацкы, бардзраржек таргманутямб, ,,Гракан тертум,, кардацел ем вагуц у минчев има чэи моранум.Нориц кардаци у апреци искакан арвестин агордакиц линелу всем ымайкы.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։