ԼՔՈՒՄԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Այնտեղ պետք է միշտ օգնության հասնել,
   Ուր չկա ելքի որևէ հնար:
   Մատյան ողբերգության, 
Բան Հ Դ, Ա
Մտածումներով ծանրացած Շահենի աչքերը հոգնած են թե տխուր՝ տարբերակել դժվար է: Իրիկնային տարտամության մեջ, հենված պատուհանի գոգին՝ նա ակնդետ նայում է դուրս` մութ փողոցի ամանորյա ցանցառ լույսերին: Նրան թվում է` պեծպեծող առկայծումները դիրքապահ տղաների կրակայրիչների վառվող լույսերն են` Արցախի 704 դիրքում թողած, ինչը փոքրիկ խորամանկություն էր թշնամուն խաբելու, որպեսզի նահանջն աննկատ ու համեմատաբար անվտանգ լիներ: Աշխարհազորին դժվարությամբ հաջողվել էր դիրքը պահել. կահավորումը լավ էր եղել, դիմացել էր դրոնների ու հրետանու ռմբակոծություններին, բայց հրամանը դաժան էր՝ «թողնել դիրքերը», ու կարկամած տղաները, իրենք իրենց վրայով անցնելով, լքել էին պաշտպանական գիծը: Համընդհանուր նահանջ էր, բռնի տեղահանություն, արհավիրք:
 Խաչենի կամրջին մեքենաների ու ժողովրդի աճապարանքում Շահենը չէր գիտակցում, որ իր կենսագրությունն արդեն բաժանվել է երկու մասի` մինչև Խաչենի կամուրջ և կամրջից հետո, նա չգիտեր` ինչ հոգեմաշ բան է երկու կենսագրությամբ, երկու երազով ապրելը… Կամրջից թևաթափ նայում էր հեռվում երևացող ցաքուխռիվ կրակայրիչի թույլ լույսերին: Գիտեր, որ իրենց գյուղը դատարկվել է, ով ոնց պատահի, փախեփախ է եղել և Ստեփանակերտում են, իսկ ինքը զարմանալիորեն տան մասին մտածելիս առաջինը հիշել էր նոր տպագրված առաջնեկ գիրքը, որ տրցակներով դրված էր մահճակալի տակ, և տան մեջ մեծացող ճուտիկին, որը լույս աշխարհ եկած ճտերից միակ կենդանի մնացածն էր: Շահենը մտմտում էր անելիքն ու փորձում կողմնորոշվել, երբ զգաց, որ ամաչում է ինքն իրենից, քանզի մի ամբողջ տուն է թողել՝ ապուպապերից եկող, այնինչ գլխում անձնական հարցեր են պտտվում: Եվ տուն կորցնելու ցավը ժամ-ժամ մեծանում էր. ախր ո՞ւր է գնում առանց հրաժեշտի, առանց տան պատերին սպասումի հուսադրող խոսքեր ասելու, որոնք նաև իր վերադարձի երդումը պիտի լինեին: Հանկարծահաս վիճակը Շահենին չէր թողնում կենտրոնանալ ու տրամաբանված գործել, և նա շարունակում էր մնալ ինքնալլկումի ցայտնոտային վիճակում: Բոլորը շտապեցնում էին, բոլորը շտապում: Շահենն էլ շատ-շատերի պես արդեն ոչինչ չէր ձեռնարկում, տրվել էր, ասես, գետի հոսանքին և խլյակի պես լողում էր դեպի Ստեփանակերտ: Ճիշտ է, մի անգամ ինքն իր դեմ ընդվզեց. փորձեց գնալ հայրական տուն` հասկանալով, որ ահավոր մեծ բան է կորցնում. սա իր տեսած քառօրյա պատերազմը չէ, ոչ էլ քառասունչորսօրյա պատերազմը, սա մի ուրիշ բան է, բայց ընկերները չթողեցին. վտանգը մեծ էր… Աչքերը ջրոտվել էին, դժվարությամբ էր իրեն զսպում, ու սիրտը կաթիլ-կաթիլ կլլեց արցունքները:
Քրոջ տունը Ստեփանակերտում էր, Շահենը համոզված էր, որ ծնողներն այնտեղ են: Հայրը նրան երկար պահեց գրկում. «Օրուգիշեր պատշգամբից մորդ հետ նայել ենք դիրքերը, հատ-հատ տեսել` ինչպես են ականները պայթում, ու ամեն պայթյունի հետ մեր սիրտն էլ է պայթել»:
Մայրը, տեսնելով, որ հայրը բաց չի թողնում Շահենին, ինքն էլ փաթաթվեց նրանց, հետո քույրն էլ միացավ, ու այսպես չորսով հոգեխռով բերդացան: Երբ մի փոքր հանդարտվել էին, Շահենը հորը հարցրեց. «Գրքերիցս գոնե մեկը վերցրե՞լ ես… ճուտիկն ի՞նչ եղավ… դո՞ւռը փակեցիր…»:
Հայրը պոռթկաց. «Տունուտեղ, ազգուտակ թողած, փեսադ վիրավոր… այս ի՞նչ հարցեր ես տալիս»:
Շահենը հոր խոսքերից շփոթվեց… ուշքի եկավ, երբ զգաց` մայրն իրեն գիրք է մեկնում: Տեսավ` իր գիրքն է: Սեղմեց կրծքին. «Մեկը փրկվեց, ուրեմն՝ ապրելու համար է ծնվել»:
Շահենը շարունակում էր նայել պատուհանից, իսկ մտքերը կրակայրիչի լույսերի նման վառվում էին, և Աստված գիտի, թե ուր են հասել ճառագայթները… Հաջորդ օրը Երևանում էր՝ Հաղթանակի կամրջին: Խցանման մեջ մեքենաները մի քանի շարքով շարասյուն էին կազմել: Սիրտը ճզմվեց, նյարդերը տեղի տվեցին, ու հազար դրամանոցը նետելով տաքսիստի կողմը` իրեն դուրս գցեց մեքենայից: Արագ-արագ քայլում էր մեքենաների արանքներով, այնքան արագ, որ կողքից նայողին կթվար` վազում է: Ոտքերի տակ այրվում էր, կարծես Հակարի կամրջով էր անցնում…
…Հաղթանակի կամրջից հևասպառ հեռանալով` շնչառությունը կարգավորվեց: Նա քայլում էր շարան-շարան վառվռուն լապտերների ներքո և լույսերի շքերթում օտար զգում իրեն: Քաղաքի պայծառ աղմուկը ողողում էր ու ծածկում նրան, երբ մեկեն ներսից ելավ անհասցե հեգնող մի մորմոք. «Ուրեմն՝ Ստեփանակերտից Հակարի կամուրջ արցախցին խաղաղության ջահերով ե՞րթն էր կազմակերպել»: Շահենն իր ձայնից սարսռաց, շուրջբոլորը նայեց: Մարդիկ անտարբեր այսուայնկողմ էին քայլում, նույնիսկ մեկը հրեց… Նրա լինել-չլինելը փողոցում ոչ մի նշանակություն չուներ: Գլուխը պտտվեց: Հենվեց խանութի ցուցափեղկին: Ապակին պաղ էր, բայց սկսեց ուսը տաքացնել. ապակուց այն կողմ գրքերով լեցուն գրապահարաններ էին, ու դարակներից մեկի վրա պառկած կարմրակազմ գրքին դրված էր մի խաղալիք ճուտիկ՝ դեղին ու փափլիկ, ճիշտ և ճիշտ իր լքված ճուտիկի նման: Հասկացավ, որ ինքը մի ամբողջ կարոտ է, արցախյան կարոտ, որի մարմինը դեղին է, աչքերը կարմիր՝ սևկեկ բիբերով: Ներսը ջրոտվեց, ինչպես Խաչենի կամրջին, բայց այս անգամ թողեց, որ հոգուց քամվող և արնահամ արցունքները հոսեն աչքերից ու կաթեն Հայաստանի մայրաքաղաք Երևանի ասֆալտին:
Շահենը երկար կանգնած մնաց նույն տեղում` հայացքը հառած կարմրակազմ գրքին ու Արցախ-ճուտիկին: Ու քաղաքը չգիտեր` նա ինչ է մտածում։ Մտքերով Շահենն Արցախում էր, որտեղ կամուրջներ չէին պայթեցվել ու չէին այրվել, իսկ երբ հեռացավ, կանգնած տեղում` ասֆալտին, հստակ երևում էին փոքրիկ կետերից ճառագայթող ճաքեր՝ արևային անձրևի հողաբույրով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։