ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ / ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Հովհաննես ԶատիկյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր, պատմաբան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի
առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Պարոն Յովհաննէս Զատիկեանը Խաչատուր Աբովեանի անկեղծ ու արժանի «հոգեւոր ժառանգորդը» եղած է: Սուսիկ-փուսիկ, հայրենասիրական տարրական պարտականութիւնը խոնարհաբար կատարեց «Վէրք Հայաստանի»-ի ձեռագիրը ընթերցողներու հասարակութեանը մատչելի դարձնելով: Նոյնիսկ մեր օրերուն, Խաչատուր Աբովեանի օրինակի հիման վրայ, սա արդէն խաւարամտութեան դէմ իսկական պայքար էր:
Ի հարկէ, այսպիսի հրատարակութիւն մը պէտք է որակել «Անգիտաց անպէտ»:
Միմիայն տոտալիտար տգէտները կարող են գրականութիւնը, պատմութիւնը… և քաղաքականութիւնը խառնել, ազգային մշակոյթը պաշտպանելու տեղ՝ մեր Յովհաննէսը ապրած կենայ, ճամփան միշտ ջուրի պէս ըլլայ… Շնորհակալ ենք, երախտապարտ ենք Յովհաննէսին:
Լեւոն ՓԵԹԷԵԱՆ
Փարիզ

Հովհաննեսին գիտեմ 20-րդ դարի 60-ական թվականներից (ի՜նչ «պատմական» հեռավորություն), երբ դեռ մանկավարժականի ուսանող էր և պատրաստվում էր պատմաբան դառնալ: Դարձավ: Հետաքրքրությունների ոլորտը 19-20-րդ դարերն են` հայոց պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը, և եթե ընդունենք, որ թեման սպառված չէ բնավ, ապա պիտի ընդունենք նաև, որ Հովհաննեսի հինգ աշխատությունները (չթվարկեմ) գալիս են շահեկանորեն լրացնելու ժամանակաշրջանին վերաբերող պատմագիտական գրքերի բավական ստվար շարքը:
Չգիտեմ, չեմ էլ հարցրել` երբ է սկսել գրել, բայց կարող եմ վստահորեն ասել, որ գրողը նրա մեջ լիարժեք խոսեց այն ժամանակ, երբ արդեն խոսել էր պատմաբանը:
Պապենական արմատներով` էրզրումցի, Հովհաննեսը չէր կարող չգնալ ու գնում է էրգիր` ըմբոստ, պատվասեր, հպարտ մարդկանց աշխարհը, բայց նաև այստեղ է` այս երկրում, ուր ինքն է, իր կյանքը, նաև ուրիշների կյանքը` այլևս գրի առնված, ուրեմն` այլևս անկորնչելի: Կարդացեք նրա «Թեմուրնոց» պատմվածքը, և ձեր առջև կհառնի մի ժամանակ հայտնի, հիմա, ավա՜ղ, այլևս գոյություն չունեցող այդ գարեջրատունը, որ իր սերնդի ջահել բանաստեղծների, գրողների, նկարիչների, պարզապես երազողների հավաքատեղին էր, և դուք կտեսնեք մի գավաթ գարեջրի շուրջ տաք-տաք վիճող, կռվող ու հաշտվող մտերիմ մարդկանց, որ հետո երևելի դեմքեր դարձան` Արմեն Մարտիրոսյան, Վաչե Սաֆարյան, Լյուդվիգ Դուրյան, Զավեն Ավետիսյան, Հակոբ Մարտունի, էլի Հակոբ, բայց Սողոմոնյան, և էլի ուրիշներ: Թեմուրնոցը Երևանի գույներից էր, հիմա հիշողությունների մեջ էլ է խամրում, բայց ահա վերակենդանացած տեսանք պատմվածքով:Ի՜նչ գորովանքով է խոսում իր Արևհատ մայրիկի մասին, որ, հազա՜ր օղորմի, արդեն չկա, Շիրակի Վարդաքար գյուղի մասին, որ իր ծննդավայրն է: Ի՜նչ տաք բռնկում է ապրում, որ վերանվանելիս չվերականգնեցին նրա հին անունը` Բագին, և եկեղեցին էլ իր հին անունով չկոչեցին` Սուրբ Աստվածածին: Այստեղ` Երևանում, իր բնակարանն է, այսպես ասած` «կվարտիրան», իսկ գյուղում իր տունն է` հայրական տունը, ուր մտադիր է երբևէ վերադառնալ մեկընդմիշտ: Հիշեցի ֆիզիկայի օրենքը երկու հաղորդակից անոթների մասին: Հովհաննեսի դեպքում այդ անոթներից մեկը պատմությունն է, մյուսը` գրականությունը: Եվ քանի որ ես պատիվ ունեմ լինելու իր գրչակից ընկերը, ապա նժարը նախանձախնդրորեն դեպի գրականությունն եմ թեքում և ասում, որ նա նախ և առաջ գրող է: Հովհաննեսն էլ, ուրեմն, դարձավ 70 տարեկան: Ես նրան այդքան չէի տա, շա՜տ-շատ` 69-ը: Ու եթե սա համարենք կատակ, ապա միանգամայն լրջորեն ասեմ, որ Հովհաննեսի մեջ շատ բան չի փոխվել տարիների հետ` նույն ձիգ, երկար հասակը, նույն հաստատակամ քայլվածքը` գլուխը բարձր պահած, կարծես հեռվում ինչ-որ բան է տեսնում ուրիշների գլուխների վրայով, և, մանավանդ, նույն բնավորությունը` անհանգիստ, անընդհատ գործերի մեջ, ասես ինչ-որ տեղ շտապող, այս էլ ասեմ` էրզրումցու կողով նույն մարդը:
Միշտ այդպես տեսնենք քեզ, մեր տղա:
Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Հովհաննես Զատիկյանին վաղուց չէ, որ ճանաչում եմ: Միայն վերջերս ծանոթացա, և արդեն բավական սերտ հարաբերություն հաստատեցինք: Նախ՝ աջակից եղավ ինձ իբր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն, հայթայթելով տեղեկություններ ու լուսանկարներ, որոնք օգտակար եղան ռումիներեն թարգմանածս «Վերք Հայաստանի» վեպը հրատարակելու համար: Այդ առիթով իմացա, որ Հ. Զատիկյանը մի պատմական վեպ է գրել Մոլդովայի հայազգի միջնադարյան իշխան՝ Յոան (Հովհաննես) Քաջի մասին: Այդ գիրքն էլ արդեն թարգմանել եմ ու հուսով եմ, որ շուտով լույս կտեսնե Աբովյանի վեպն ընծայող՝ Բուխարեստի «Արարատ» հրատարակչության հովանիին տակ: Վերջապես կարդացի Զատիկյանի արձակի երկու հատորյակներ՝ «Կնճռոտված գարնան ծիլերը» և «Անծուխ կրակներ», որով հայտնաբերեցի տաղանդավոր, ներշնչված ու զգայուն մի գրողի: Ուրեմն, այդպես՝ գրքերի միջոցով կարելի է ճանաչել մի մարդու: Այդ բախտառիթն ունենալով՝ ճանաչեցի Զատիկյանին, ու կարծես հնուց ծանոթներ ենք: Թարգմանածս ժամանակակից հայ գրողների մի ամբողջ սերունդ կորցնելուց հետո, ահա կարող եմ ասել, որ Զատիկյանի միջոցով մի նոր կապ եմ հաստատել հայ արդի գրականության հետ: Մաղթում եմ Զատիկյանին, որ միշտ աշխույժ ու գործունյա մնա ինչպես այժմ, զբաղված և օգտակար իր շուրջիններին, որոնք վայելեն իր ներկայությունն իբր հմուտ մտավորական:

Սարգիս ՍԵԼՅԱՆ
Սիդնեյ

Մի ժամանակ Գրողների միության ճաշարան էինք գալիս ոչ այնքան սնվելու, որքան զրուցելու համար: Եվ մեր ավագ, միջին սերնդի, երիտասարդ գրողները հանդիպում էին, խոսում և նոր գրքեր էին նվիրում իրար: Սեղանների շուրջ լինում էին նաև բուռն վեճեր: Մենք սիրում ենք պատմությունից խոսել: Ամեն մեկը պատմության մի դրվագ յուրովի էր վերլուծում, նոր անցքեր էր փնտրում՝ նորովի արժևորելու, նորովի բացահայտելու և գնահատելու համար: Մենք շա՛տ ենք սիրում մեր պատմությանը դասեր տալ` ինչպիսին կարող էր լինել, որ չեղավ: Այդ առումով, հիշարժան է Հովհաննես Զատիկյանի բուռն մասնակցությունը նման վեճերին: Լինելով պատմաբան, պատմությանը քաջածանոթ` նա, իհարկե, պաթոսով ներկայացնում էր և աշխատում էր ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ: Նրա պաթոսը հրապարակախոսական էր: Եվ դժվար էր ենթադրել, որ նա երկար կնստի և կգրի պատմական վեպեր: Տարիներ անց կարդացել եմ նրա վեպերից մի քանիսը և զգացել պատմության հանդեպ նրա քննական հայացքը: Պատմությունը ոչ այնքան գեղարվեստի, որքան այսօր մեզ հետ լինելու պայմանով էր դարձել արձակ: Հովհաննեսը նաև ժամանակակից անցուդարձերի վերաբերյալ ունի իր կրքոտ հրապարակախոսական վերաբերմունքը, և հաճախ ենք հանդիպում նրա հոդվածներին: Հիշարժան են նրա «Արքայից արքան հայոց», «Կարին», «Հովհաննես հայ թագավորը» վեպերը: Ուզում եմ առանձնապես նշել Հ. Զատիկյանի «Խ. Աբովյանի «անհայտ բացակայությունը»» աշխատությունը: Պատահական չէր, որ նա երկար տարիներ աշխատել է Խ. Աբովյանի տուն-թանգարանում՝ որպես տնօրեն: Աշխատանքային տարիներին նա կազմել է Աբովյանի մասին հոդվածների գիրք: Վերջին տարիներին հրատարակեց «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը` 2013 թ.-ին, 2014-ին՝ «Հայկական հարց» ժողովածուն: Նրան նայելիս թվում է` պատմության մեջ եղած մի զինվոր է, որ ազատ պահ է գտել՝ հայտնվելու մեր կյանքի մեջ, և քայլում է մեզ հետ ապագա մտնելու քաջակորով խրոխտությամբ` առատ մազափունջը ճակատին:
Ցանկանանք Հովհաննեսին՝ մի ձեռքին գրիչ, մյուս ձեռքին՝ զենք՝ ծառայելու պատմությանը, հայագիտությանը և գրականությանը:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Մամիկոնյանների կալվածք Թորթում գավառը, որ գտնվում էր Բարձր Հայքի Բասենի, Կարնո, Սպերի, Կիսկիմի գավառների հարևանությամբ, նախկինում կոչվում էր նաև Շատգոմք, որովհետև հայ բնակչության գերակշիռ մասը զբաղվում էր անասնապահությամբ: Շատ գոմեր ունենալու պատճառով էլ ստացել էր իր անվանումը:
Դաժան վայրիվերումների արժանացած գավառը, ի վերջո, 16դ. ընկավ հայրենիք փնտրող թուրքերի տիրապետության տակ: Այս փաստը ժամանակակից պատմիչը անվանում է «պատուհաս»: Սրով, թալանով գավառ ներխուժած քոչվորների ավերիչ քաղաքականությունը լայն ասպարեզ բացեց գայլերի համար, որոնք, չբավարարվելով վերգետնյա հասույթից, հանգուցյալներին հանում էին գերեզմաններից ու խժռում: Թուրքացման վտանգն այնքան ահարկու էր, որ հայերը արոտավայրերը թողնելով, քաշվեցին լեռները: Սակայն քոչվորները չէին բավարարվում դրանով և ուծացնելու նպատակով կտրում էին հայերեն խոսողների լեզուները:
Երբեմնի Իշխանանիստ գավառի բնակչությունը տեղավորվելով լեռների վրա, պճնազարդ հովիտները զիջեցին եկվորներին և բնության հրաշալիք ջրվեժի հարազատ ձայնին հլու, լարում զգաստությունը՝ պատնեշներ ստեղծելով իրենց բնակավայր տանող ճանապարհներին:
Յոթանասուն մետր բարձրությունից գահավիժող ջրվեժը տոնական օրերին վերածվում էր ծաղկի ու նշանադրության, պսակի ու հարսանիքի մի ընդարձակ հրապարակի: Չորս հազարից ավելի տնտեսություն ունեցող գավառում 100.000 մանր ու խոշոր եղջերավոր անասունները ապահովում էին բնակչության կարիքները:
Տոնական օրերին այցելության էր արժանանում ոչ միայն հիասքանչ ջրվեժը, որին համեմատում էին Նիագարայի հետ, այլև Թորթումի, Ընկուզկա, Էլիկձորի, Աղջրկու, Գեղիկ և մնացած գյուղերում գործող, կիսավեր բերդերն ու ամրոցները, նաև Խախուի, Էգբեկի, Էշտիձորի եկեղեցիներն ու վանքերը:
Հանդարտ հոսող, բարիք արարող զուլալ ու ջինջ Քցխա գետն անգամ գարնանային հալոցքի ժամանակ պահպանում էր իր վճիտությունը: Նրա գեղանի քչքչոցի սիրուն, հատակի փոքրիկ խճաքարերը տեղահանվում էին և գրկելով կոհակները՝ շարժվում Թորդան վտակ, ապա խառնվելով Խարս լեռան վերին կատարից բխող ջրերին, Թեվ (Դեվ) գետակի հետ, մինչև Թորթումի լիճ հասնելը, գոյացնում ահեղ գոչյուններով ջրվեժը: Քցխա գետի երկու՝ արևմտյան և արևելյան կողմերում էին տեղավորված Քցխայի երկու հատվածները, որոնք իրար էին միանում լայնահուն ճանապարհով: Բացի միացման այդ միջոցից, կառուցվել էին նաև փոքրիկ, միմարդանի (մեկ մարդու անցնելու լայնությամբ) կամուրջներ, որոնք հատկապես ծաղկազարդի և տոնական այլ օրերին զարդարվում էին ծաղիկներով:
Քցխայի արևմտյան կամ ձախակողմյան հատվածում էր տեղավորված անասունների առևտրով զբաղվող վաճառական Համբարձումի մեծ բակով ու մրգատու ծառերով լեցուն տունը: Երեք որդիների հայրը օր օրի որոշում էր Արբակի «ականջը կտրելու» մասին, սակայն ամեն անգամ խոսք բացելիս որդու ոչ թե մերժումն էր ստանում, այլ սպասելու խնդրանքը:
– Խասի՛կ, ես շաբաթը մի օր եմ տունը, դու չե՞ս իմանում, Արբակը ի՞նչ մտքի է: Էն երկուսն էլ հասել, կծղում են, ինչո՞ւ է ուշացնում…
– Համբարձում, աչք գցած ունի, դեռ փոքր է, սպասում է…
– Էդ ո՞վ է տարիք սահմանել, էդ ո՞ւմ աղջիկն է:
– Դարբին Վահանի:
– Քանի՞ տարեկան է:
– Էս տարի տասնվեց կդառնա:
– Է, լավ է, էսօր էլ կգնանք, ութ տարով է Արբակը մեծ, հարմար է:
– Չէ՛, սպասիր, թող մանչը որոշի:
Գարնան երկրորդ ամսվա գույները վառվռուն էին դարձրել գյուղի թիկունքի սարալանջը: Ձորից երբ նայում էիր, գույնզգույն վառվռումներով անտառը դրախտային այգու էր նմանվում: Հարս ու աղջիկ գոգնոցներ կապած՝ մտնում էին սարալանջ և բանջար հավաքելու կոթավոր սեպերով բզբզում էին հողը: Նրանց ապահովությունը պահպանելու համար ջահել տղաները ծառերի ետևում թաքնված՝ հետևում էին:
Գետնաճամփով սայլ էր գալիս: Անիվների ճռռոցը լսելով՝ կանայք ծառերի թիկունքն անցան: Ծովինարի գոգնոցը աճապարանքից արձակվեց, հավաքած բանջարը լցվեց գետնին, և մինչ աղջիկը վշտահար նայում էր բանջարին, մի ուժեղ ձեռք նրան քաշեց ճանապարհից: Ծովինարը հայտնվեց Արբակի գրկում ու մինչ կխելաբերվեին, սայլը մոտիկ, շատ մոտիկ կանգնեց:
– Արբակ, արդեն կեսօր է, բոլորին ձայն տուր, նստեք սայլը, վերադառնանք:
– Հայրիկ…
– Սպասում ենք:
– Բեռնավորված սայլը դատարկվեց ճամփաբաժնին: Արբակը ուզում էր իջնել սայլից, բայց հայրը պնդեց սպասել:
– Վահան, սայլը քշիր ձեր տուն:
Ծովինարը առաջինը վազքով մտավ տուն և թաքնվելու ապահով պուճախ էր փնտրում: Խնամախոսությունը չերկարեց: Հաջորդ օրը, նշան դնելու պայմանով, Համբարձումն ու Արբակը տուն հասան այն պահին, երբ ոստիկանները հավաքելով զորակոչիկ երիտասարդներին, պատրաստվում էին հեռանալ: Տեսնելով Համբարձումին՝ նրանք կանգ առան, ապա բռնի խմբին միացրին նաև Արբակին:
– Սուլթանի հրամանն է,- բեղերի տակից մռմռաց գավառապետը:
– Բայց մենք հայտարարել ենք չեզոքություն:
– Դա ձեր կուսակցության որոշումն է, իսկ սուլթանի հրամանը պետք է կատարվի:
Քցխայի երկու հատվածների 800 տներից հավաքելով 100 երիտասարդների, թուրք-քրդական ջոկատը նրանց տարավ անհայտ ուղղությամբ: Ամիսներն անցնում էին, իսկ զորակոչվածներից լուր չկար: Ջարդ ու փշուր եղած թուրքական զորախմբերը, ավեր ու արյուն սփռելով, նահանջում էին, հետո ապաքինվելով, թուրք-քրդական խուժանի հետ սկսում հայկական գյուղերի վրա հարձակումը: Քցխան դատարկվեց, ավերվեց ու թալանվեց, կենդանի մնացածների մի մասին հաջողվեց հասնել Բասեն, ապա՝ Արևելյան Հայաստան:
Շները, որ մնացել էին այրված ու ավերված գյուղում, սկզբում հսկում էին սեփական տները, հետո երբ քաղցը հաղթող դարձավ, սկսեցին հավերին ուտել, ապա հերթը հասավ անասուններին: Հավքերը, զգուշանալով շներից, հեռացան գյուղից:
Տարբեր խմբերի բաժանված շները օրն ի բուն գզվռտում էին, ականջ ու ոտք հոշոտում և արյան համին հարմարվելով՝ սկսեցին անթաղ դիակների համար անզիջում պայքարը: Երեկոյանալուն պես, տարածքները իրար մեջ բաժանած խմբերը, որպես կենդանության ապացույց, սկսեցին ոռնալ: Սկզբում նրանց անուս ոռնոցները ականջ էին սղոցում, հետո հարթվեցին ձայները, և շները սկսեցին գայլավարի, հստակ ոռնալ: Խաղաղ ու բարեբեր գյուղը վերածվեց գայլանոցի: Նորաթուխ գայլերի սարսափից իսկական գայլերը քաշվեցին լեռները: Ավերված շրջակա գյուղերը մնացին շնագայլերի տիրապետության տակ:
Մարդակեր դարձած շները, ավարտելով դիակների հոշոտումը, դարանակալում էին ճանապարհներին և որսում մարդակեր-մարդկանց, որոնք սայլերով գալիս էին մնացած ավարը տանելու:
Զորակոչվածներին տեղափոխելով Տիգրանակերտի (Դիարբեքիր) գավառ՝ նրանց հյուծելու նպատակով օգտագործում էին ծանր և անօգուտ աշխատանքներում, ապա՝ ուժակորույսներին աննկատ ոչնչացնում: Չորսամյա տաժանակրության ավարտը մոտենում էր: Ձորակներից մեկում, որի թիկունքում սառնորակ աղբյուրն էր, հայերին պարտադրեցին երկար խրամատ փորել: Նպատակը պարզ էր: Արբակը ջուր բերելու հրահանգ ստացավ: Ճանապարհի կեսին լսելով համազարկերը՝ Արբակը ժամանակ շահելու համար մտավ բացատ և որոշում էր անելիքը, երբ հետապնդող ասկյարը վիրավորեց նրան: Հետո մոտեցավ և տեսնելով արնահոսությունը, զուգընկերոջը հորդորեց չկատարել երկրորդ կրակոցը, մտածելով, որ արյունաքամությունը, ի վերջո, կավարտվի մահով:
Սառը քամին ուշաբերեց Արբակին: Նա սողալով մտավ խիտ ծառերի շրջան և կապելով թիկունքի վերքը՝ դանդաղ շարժվեց անտառի խորքը: Մեկշաբաթյա ոգորումից հետո Արբակին հաջողվեց հասնել Քցխա:
Գյուղի աջակողմյա մասում էր Ծովինարենց տունը: Արբակը մեծ դժվարությամբ առաջ էր գնում: Հանկարծ նա ընկավ շների շրջափակման մեջ: Պարսպապատին հենված՝ նա ուշադիր զննում էր շների շարժումները և նկատեց իր սիրելի շանը` Բողարին: Շունը իր անունը լսելով թեև ետ քաշվեց, բայց որևէ քայլ չէր անում տիրոջը փրկելու համար: Երկրորդ անգամ լսելով իր անունը՝ շունը կանգնեց դեպի Արբակը տանող ուղու վրա: Գայլացած շները երկնկեցին ու զարմանքով նայում էին իրենց ոհմակի անդամին: Երբ շներից մեկը փորձեց հարձակվել, Բողարը ճանկերը խրեց նրա վզի մեջ և արյունլվա անելով՝ ետ շպրտեց: Ոհմակը նահանջեց: Արբակը մոտ կանչեց Բողարին, հենվեց նրա մեջքին ու բարձրանալով՝ քայլեց դեպի իրենց տուն: Ամենակարճ ճանապարհը փոքրիկ կամրջակն էր, բայց այն ավերված էր: Արբակը, քարշ տալով ոտքերը, դանդաղաքայլ, հիմնական ճանապարհով հասավ հայրական տուն: Թեև հրկիզված ու թալանված էր տունը, բայց ջերմություն հաղորդեց: Նստելով բակի նստարանին՝ Արբակը հիշեց հայրական տան թաքստոցը և մտնելով նկուղ՝ դուրս եկավ հրացանով: Բողարին թվաց, թե Արբակը հրացանն ուղղելու է իր վրա, բայց տերը հրացանը հենեց պատին և անհասկանալի հայացքով դիտում էր այնքան բարեկարգ, բայց ավերված բակը: Բողարը արդեն մոտեցել ու գլուխը նախկինի նման դրել էր Արբակի ոտքերին: Հոգնած ու հյուծված Արբակը ննջեց: Բողարը հպարտ կեցվածքով մոտեցավ բակի դռանը կանգնած շների կողմը և հեռացնելով նրանց՝ վերադարձավ ու պառկեց տիրոջ կողքին:
Մղձավանջներից ազատված Արբակը երբ փորձեց բարձրանալ, շունը սկսեց լիզել տիրոջ ոտքերը: Նա արյունոտված դունչը մաքրելու համար քսում էր խոտերին, բայց զգալով, որ ապարդյուն են ջանքերը, հանձնված գերու նման, հնազանդ պառկեց գետնին: Նա կարծես սպասում էր պատժի: Իսկ Արբակը որևէ շարժում չէր անում: Շունը՝ վիրավորված շունը, կաղկանձ արձակեց: Կաղկանձը կարծես պատժվելու պատրաստակամություն էր: Արբակը շոյեց շան գլուխը և ուղղվեց դեպի բակի դուռը: Բողարը հետևեց նրան, Բողարը հոգեվարք էր ապրում: Նա վշտահար էր իր հանցանքի դեմ չպատժվելու համար և աղիողորմ ձայն արձակելով՝ փակեց աչքերն ու փռվեց գետնին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։