ԱՐԾՎԵՆԻ ՀԱՅԱՑՔՈՎ, ՀՐԵՇՏԱԿԻ ԹԵՎԵՐՈՎ ԼԵՌԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

«Չնչին, ինչպես Արարատին
նետած քար
Ինչպես անհաս Արարատին
նետած քար…»:
Ե. Չ.

«Նա գնում էր կրկին
դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ… »:
Ե. Չ.

«Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա…»:
Ե. Չ.

Ա
Մենք՝ բոլոր հայերս, մեր ծնված օրից Արարատ ենք բարձրանում: Ու եթե մեռնում ենք, մեռնում ենք Արարատի ճանապարհին: Բայց շարունակում ենք բարձրանալ, որովհետև հավատում ենք՝ հասնելու ենք լուսապսակ գագաթին…

Բ
«Արարատը բազմածին հրաբուխ է՝ կազմված նեոգենի անգեզիտա-դացիտային և կվարց-տրախիտային լավաների հզոր գոյացումից ու նրանց պիրոկլաստներից»:

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ
Գ
1946-ին, երբ մեր ընտանիքը Խորհրդային Հայաստան է ներգաղթել, մեզ կեցավայր են հատկացրել այն ժամանակ Ղշլաղ, հետո՝ Ժդանով, հիմա արդեն չգիտեմ ինչպես վերանվանված բնակավայրում: Մեծ մամաս ամբողջ օրը հիացել է Լոռվա տարաշխարհիկ բնապատկերներով, իսկ երեկոյան հանդիմանել է հորս.
– Այս ո՞ւր բերիր ինձ:
– Ուր որ ուզում էիր՝ հայրենիք,- արդարացել է հայրս:
– Հայի հայրենիքն առանց Արարատի չի կարող լինել,- համոզված պնդել է մեծ մամաս:
Ու նույնն այնքան է կրկնել, որ հայրս Երևան է եկել, Նոր Արաբկիր թաղամասում (Վահագն Դավթյանենց առանձնատանը դեմ-հանդիման, Ֆուրմանով փողոցի 1-ին նրբանցք, թիվ 12-ում) Արարատահայաց բնակարան է վարձել: Մնացածը ես հիշում եմ: Մեծ մամաս ամեն առավոտ պատշգամբում նստում, հայացքը Արարատին հառելով էր խաչակնքում, սուրճ խմում, գիշերները Արարատին ուղղված գոհաբանական աղոթքով էր անկողին մտնում:
Ռոդոստոյի Սուրբ Խաչ եկեղեցու նախակրթարանում նրա վարժուհին Վազգեն 1-ինի՝ ապագա Վեհափառի մայրն էր եղել, մեծ մամաս համոզված էր, որ Աստվածաշունչ մատյանում մի բառ համենայն դեպս հայերեն սխալ է թարգմանված՝ երբ ջրհեղեղի ջրերը քաշվել են, աղավնին Նոյին ոչ թե ձիթենու, խաղողի ոստ է բերել, ու մեր նախահայրը, որպես իրեն ու իր գերդաստանին փրկելու երախտիք, ոստը Արարատի մատույցներում է տնկել, ուխտել հավերժ փրկարար լեռանը հավատարիմ լինել: Վկայություն՝ դաշտավայրը այդպես է կոչվել, մինչև հիմա էլ կոչվում է՝ Նախիջևան:
Ըստ մեծ մորս՝ Ճիշտ նույն կերպ, Տրդատ հայոց գերհզոր արքան, որպեսզի առաջին քրիստոնեական տաճարն անսասան մնա, մեջքով Արարատից է հիմնասյուների ժեռ քարերը կրել: Վկայություն՝ Էջմիածնի Մայր Տաճարը մինչև հիմա կանգուն է, Արարատի զորությամբ կանգուն է մնալու հավերժ:
Մահվան մահճում անգամ մեծ մամաս պատվիրեց.
– Չլսեմ, չիմանամ հուղարկավորող քահանաներին անսաք, դեմքս արևելք, ոտքերս արևմուտք ուղղեք, այնպես հողին կհանձնեք, որ Արարատը միշտ դիմացս լինի (Նոր Զեյթունի գերեզմանոց, 3-րդ ծառուղի, 15-րդ շիրմաթումբ):
Խեղճ մեծ մամաս երկար ապրեց, բայց ինձ թվում է՝ համենայնդեպս ժամանակից շուտ հոգին ավանդեց, որպեսզի չլսի, չիմանա «Արարատը Հայաստանի, հայ ժողովրդի հետ ի՞նչ կապ, առնչություն ունի» հայախոս հայտնությունը:

Դ
Գոնե ինձ հայտնի մահկանացուներից առաջինը, որ ոտք է դրել Արարատի գագաթին, եղել է Դորպատի համալսարանի ուսուցչապետ Պարրոտը: Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովյանը, որ ուղեկցում էր նրան, անընդհատ առաջ էր ընկնում, նախ որ ջահել ու առույգ էր, հետո՝ անհամբեր, ուզում էր առաջինը տեղ հասնել: Բայց, երբ մոտեցան գագաթին, խոհեմաբար հետ քաշվեց, առաջնությունը բարերարին ու հյուրին զիջեց:
Հայկական հյուրամեծարությունը Արարատի գագաթը հրե լուսապսակով էր օծել…

Ե
Դուք ինձ հարցնում եք, թե ո՞վ է հայը:
Հայը նա է, ով աշխարհի որ պատուհանից էլ նայում, Արարատն է տեսնում:
Հայը Վիլյամ Սարոյանն էր, որ գրում էր անգլերեն, խոսում էր անգլերեն, բայց աշխարհով մեկ գոռում էր, որ ինքը հայ է ու աղերսում էր, որ իր աճյունի գեթ նշխարները Արարատահայաց Հայաստանում հողին հանձնեն:
Հայը Շառլ Ազնավուրն էր, որ գրում էր ֆրանսերեն, կատարում էր ֆրանսերեն, բայց խոստովանում էր, որ Սայաթ-Նովայից է սերում ու հայերեն Արարատաօծ երգեր էր կատարում:
Հայը դարի խոշորագույն երգահան Արամ Խաչատրյանն էր, որ Խորհրդային Հայաստանի հիմներգը միջնադարյան տաղերով էր երկնում ու կտակում էր, որ իրեն պապերի բնօրրանում հուղարկավորեն, դեմքը Սրբազան լեռանն ուղղեն:
Հայը ես ու դու ենք հայրենակից, որովհետև Արարատի՝ հավերժության օրհնությունն ունենք մեր ճակատին:

Զ.
1903 թվականին, ով գիտե ինչպես, այլազգի երկրաբաններին միախառնվել, Արարատի գագաթն էր բարձրացել թիֆլիսաբնակ Արշավիր Մխիթարյանը:
Այլազգի երկրաբանները մասնագիտական փութկոտությամբ արագ-արագ հաշվարկներ ու չափումեր էին կատարում, իսկ միակ հայը…
– Ես երեսս դրի հայրենի լեռան սառը գագաթին ու սկսեցի հեկեկալ… Տարածելով ձեռքերս՝ ես փայփայում էի ծերունի լեռան սպիտակ վարսերը, քսում էի երեսս նրա սառած երեսին, անհագուրդ ագահությամբ համբուրում էին ձյունեղեն ճակատը, անսահման կարոտով տրորում էի այտերս նրա սառույց այտերին ու կրկնում անընդհատ. «Խոսի՛ր, մի բան ասա, իմ անգին, իմ հոգի»:
Ամբողջ Հայաստանն իր ծովածավալ դաշտերով, լայն հովիտներով, կապուտակ գետերով, լեռների սիրուն շարքերով այնպես սերտ, այնպես համերաշխ էին բոլորվել ծերուկ նահապետի շուրջը, որ նրանց բաժանել իրարից չի կարող ո՛չ մի զորություն:

Է
Ո՜նց չեմ ուզում, որ Ամանորը գա…
Ինչպես ամեն տարեմուտի՝ Ակնից Դեյր-էլ-Զոր-Ռոդոստո-Բուլղարիա-Արարատյան Հայաստան հասած մեր գերդաստանի ամենակրտսեր Գրիգորը այցելելու է գերդաստանի ամենաավագ Գրիգորին՝ իմ տոնը շնորհավորելու, իսկ ես, թոշակառուի արդեն երրորդ ամսվա խնայողություններիս վստահելով, հարցնելու եմ.
– Ձագուկս, Նոր Տարուն ի՞նչ ես ուզում, որ Ձմեռ Պապին քեզ նվեր բերի:
Գրիգոր թոռս, որ իր դասագրքում ներառված իմ մի գրությունը կարդացել, միայն «ծածանվել» բառն է մտապահել, հաստատ ինձ հաճոյանալու մանկական միամտությամբ ասելու է.
– Պապիկ ջան, ես ուզում եմ, որ այս հունվարի 1-ին Արարատի գագաթին ծածանվի հայոց եռագույնը:
(Նոր Սեբաստիայի բազմահարկի 9-րդ հարկի մեր պատուհանից Արարատն, իրոք, փառահեղ է):
Ձմեռ պապի, լսո՞ւմ ես, շուտով Գրիգոր թոռնիկս նորից գալու է իմ Նոր Տարին շնորհավորելու ու նորից նույնը կրկնելու է, ի՞նչ ես ասելու:
Ես ի՞նչ եմ ասելու:

Ը
Նյույորքաբնակ իմ գրչեղբայրը՝ Հրանդ Մարգարեանը, որ Իրաքում ծնվել, մի ամբողջ կյանք Միացյալ Նահանգներում ապրել, բայց էությամբ վանեցի, ավելի ճիշտ մերձակա շուշանցի է մնացել, շատ ծանր տարավ մոր կորուստը: Մայրը մոտ հարյուր տարի ապրեց, համբերեց, բայց որդին այդպես էլ չկարողացավ իրականացնել նվիրական փափագը՝ վերջին անգամ բնօրրանը՝ Շուշանց գյուղը չտարավ:
Հրանտը որդիական պատվախնդրությամբ կատարեց մոր հուղարկավորության հայկական ու քրիստոեական բոլոր պարտականությունները, հետո, ամենայն հավանականությամբ, խղճի հանգստության համար որոշեց մտերիմների ուխտ նախաձեռնել Շուշանց:
Մեր առաջին հանգրվանը, մենք դա գիտեինք, նախապատրաստվել էինք, Արարատ լեռան մատույցներում էր: Սուփրա փռեցինք, ընտրագույն համադամներ բրդուջեցինք, ընտրագույն կոնյակով ոտքի կանգնեցինք, որ ողջունենք Արարատին: Նոր նկատեցինք, որ ամենևին նման չէ Արարատյան դաշտավայրում հառնող լուսապսակին, կորաքամակ, կռնակը մեզ շրջած, հայացքը մշուշած զառամյալ է:
– Արարատը մեզի քեն ըրած է, խռով է,- պատճառը չհասկացավ, բայց վշտացավ Հրանտը:
Կից՝ Դողուբայազիդ գյուղի կանայք լաչակներով դեմքները ծածկում, հեռվից էին մեր խրախճանքը դիտում: Մանուկները, լեզուս չի պտտվում, որ լամուկ կոչեմ, հենց համարձակվում, մոտենում էին, մենք նրանց ամենահամեղ պատառներն էինք հյուրասիրում, բայց տեղնուտեղը հայտնվում էին տղամարդիկ, ձեռքներից խլում ու ոչ թե տրեխանման ոտնամաններով ճխլում՝ իրենք էին խժռում:
Իրավիճակը ճնշող էր, վեր կենալ որոշեցինք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։