ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԸՆԴՀԱՏՎՈՒՄ Է ՉՏՐՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՎ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Երեկ իրիկուն Բենոն զանգեց: Բենոն ախպերս է: Ես դիտմամբ «եղբայր» չեմ ասում: Ախպեր եմ ասում: Բենոն մեր միջնեկն է ու ինձանից փոքր է երեք տարով: Իրար հետ ենք մեծացել, իրար հասկանում ենք կես բառից:

– Ո՞նց ես,- հարցրեց:

– Ոնց պիտի լինեմ,- ասացի,- թուրքը… Արցախը… Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը… գազը… բանակի դեպքը, հոսանքը, ինտերնետը,- կմկմացի:

– Չլինի՞ թուրքից վախեցել ես:

– Չէ՛, չեմ վախեցել, բայց…

Բենոն լռել, սպասում էր գծից այն կողմ: Լռում է ինքը, լռում եմ ես: Նրա հավասար շնչառությունն եմ լսում ու չեմ խոսում: Լռությունը նեղ հագուստի պես նեղում է նրան, ու հարցնում է.

– Գիտե՞ս որտեղից եմ գալիս:

– Որտեղի՞ց:

– Հարսանիքից,- ասում է,- ու քեֆս մի քիչ լավ է:

– Էս նեղ օրերին ի՞նչ հարսանիք,- զարմանում եմ:

– Հենց էս օրերին պիտի հարսանիք անես,- ասում է,- թուրքը պիտի տեսնի, որ իր արածը շան տեղ չենք դնում, որ քեֆ ենք անում, հարսանիք ենք անում, ու պայթի, տրաքվի: Հասկանա, որ ճամփա փակելով հային չես հաղթի: Մենք իմունիտետ ունենք: Էդքան գիրք ես կարդացել, ամբողջ կյանքդ սովորել ես ու չգիտե՞ս, որ հենց էս օրերին պիտի հարսանիք անենք:

Էլի լռում եմ: Համաձայն չեմ նրա ասածի հետ: Ուղեղս գուցե հասկանում է, բայց սիրտս ընդդիմանում է: Հասկանում եմ, որ նրա ասածի մեջ ճշմարտություն կա, պարզ, աշխատավոր մարդու ճշմարտություն, որ հաստատված է կենսափորձով: Իսկ նա շարունակում է.

– Հա՛, խմել եմ, կերել եմ, պարել եմ, բաժակ եմ վերցրել ու բարձրախոսով պատվիրել եմ հարսին. «Հա՛րս ջան,- ասել եմ,- էկող տարի էս ժամանակ գրկիդ մի առյուծ տղա տեսնեմ»:

– Բա որ աղջիկ ծնվի՞,- նրա մենախոսությունն ընդհատում եմ կատակով՝ փորձելով շեղել թեմայից:

– Տղա ծնվի՝ ծնողների թիկունքը կպնդացնի, աղջիկ ծնվի՝ շրջապատները կմեծանա: Երեխայից վնաս չկա: Հա՛, ուրեմն, նորապսակների կենացը խմեցի, հետո երիտասարդներին պատվիրեցի. «Ով ամուսնացած չէ, ամուսնացեք, ով ամուսնացած է ու դեռ երիտասարդ՝ երեխա ունեցեք: Ձեր երեխաների թիվը մեկով, երկուսով ավելացրեք: Հա՛, մենք պիտի բազմանանք և ուժեղանանք պիտի: Երկրին զինվոր է հարկավոր, հողվոր ու ջրվոր, հողին տիրացող է հարկավոր: Բա եթե հող ունես ու չես մշակում, եթե հող ունես ու չես սիրում, չես տիրում նրան, էդ հողը քո ձեռքից գնում է: Քոչվորը կգա, կվերցնի, քո պապերի թողած գիրը կջնջի ու կասի՝ իմն է: Դու գիտես, որ ճշմարտությունը քո կողմն է, թշնամիդ էլ գիտի, բոլորն էլ գիտեն, բայց դրանից օգուտ չկա: Էս աշխարհը ճշմարտության աշխարհ չէ, ուժի աշխարհ է, ու քեզ քո թշնամուց ոչ ոք չի պաշտպանի: Ապրելու համար ինքդ պիտի կռվես, թե հարկ լինի, ինքդ պիտի զոհվես, քո արյունը ինքդ պիտի գնահատես: Թե չէ, դաշնակից, բարեկամ… Հայ ազգի միակ դաշնակիցն ու բարեկամն ինքն է և ուրիշ ոչ ոք: Դրա համար ուժեղանալ է հարկավոր, դրա համար զենք ունենալ է հարկավոր, դրա համար…

– Մինչև մենք էդ բոլորն անենք, թուրքը…

– Հա՛, թուրքը… ճիշտ է, բայց թուրքը միշտ լինելու է մեր կողքին ու մեզ միշտ խեթ է նայելու: Միշտ խանգարելու է ու թույլ չի տալու ապրել, հզորանալ: Գիտեմ, պիտի ասես՝ մինչև մենք էնքան ուժեղանանք, որ թուրքին հասնենք… Ուրեմն ի՞նչ անենք, ասա, չապրե՞նք, մեռնե՞նք: Մենք ստիպված ենք այսպես ապրել, բայց մեր սխալներն էլ պիտի ուղղենք:

– Ո՞ր մի սխալի հետ ես: Ախր էնքան շատ են:

– Մեկն ասեմ, օրինակ: Քանի դեռ թշնամուդ կինը տասը երեխա է ունենում, իսկ քո կինը տասը անգամ աբորտ է անում, քո երկրի վիճակն էս պիտի լինի: Աստված էլ է բարկանում ախր: Ինքը տալիս է, իսկ մենք չենք ուզում, մենք վերացնում ենք: Չգիտես ինչի, մենք միշտ մտածում ենք, թե մեր տղաները կա՛մ հողվոր պիտի լինեն, կա՛մ գիտնական, կա՛մ բանաստեղծ, բայց ոչ սահմանապահ ու զինվորական: Թուրքն ի՞նչ է ուզում: Ուզում է, որ մենք վերանանք, ոչնչանանք ու մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պիտի անխոս ու լուռ կատարենք նրա կամքը, կա՛մ պիտի պայքարենք: Պիտի հարսանիք անենք ու կռիվ, պիտի քեֆ անենք ու կռիվ, պիտի… Հա՛, հենց մահն ու հարսանիքը, հենց մահն ու ծնունդը իրար կողքի պիտի լինեն: Մենք ուրիշ ճար չունենք, ուզենք-չուզենք պիտի ապրենք: Հիմի որ Արցախի ճամփան փակել են, էնտեղ երեխա չպիտի՞ ծնվի: Պիտի ծնվի, անպայման պիտի ծնվի և ավելի շատ… Ախր, ես ընդամենը մի սովորական հայ եմ: Եթե ես էդքան բանը մտածում եմ, բա մտածող գլուխներն ինչքա՞ն են մտածում: Ուրեմն ի՞նչ պիտի անեն իմ նման հասարակ մարդիկ, չպիտի՞ ամուսնանան, հարսանիք չպիտի՞ անեն, չպիտի՞ աշխատեն, վերջապես մեռել չպիտի՞ թաղեն: Պիտի նստեն և օր ու գիշեր լա՞ց լինեն: Թուրքը… Թուրքը հա եղել է ու պիտի լինի:

Ուրեմն Նոր տարվա գիշերը Գլենդելը, Մոսկվան, Լեռնավանը, Սևանը… աշխարհը խառնվել էր մեր փոքրիկ բնակարանում: Զանգում էինք իրար ու շնորհավորում, հետո տրտմում էինք երկրի համար, ու մարդիկ իրենց ապահով հեռուներից խորհուրդ էին տալիս, թե Հայաստանը ոնց փրկենք: Չէին ասում, որ փրկության ամենակարևոր ճանապարհներից մեկն էլ երկրում ապրելն է, նրա ցավը քաշելը, նրա ուրախությամբ ուրախանալը, այն պաշտպանելը: Էն կինոյի մեջ ո՞նց էր ասում… Հա՛, հինգ հոգով վեց երգ ենք երգում: Ասում են՝ մեր ազգի թիվը աշխարհում մի տասը միլիոն է: Տասը միլիոն ենք, բայց հարյուր միլիոն երգ ենք երգում: Այ, եթե էդքանս միավորվենք…

Թուրքն էլ գիտի, բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղը հայկական հող է, պարզապես զոռի աշխարհ է: Իլհամն ու իր նմանները լավ գիտեն, որ ինչքան նվաճեն, էնքան հզոր կլինեն, բայց չգիտեն, որ ուժեղից ուժեղը կա, իսկ ամենից ուժեղը՝ մահ: Կարծում ես, հարևան երկրի բեղավորը չգիտի՞, որ Ղարաբաղն իրենցը չի եղել ու չի… Գիտի՛: Բայց թուրքի աչք է, չի կշտանում, ուզում է: Տեսավ թույլ ես՝ կխփի: Պիտի ուժեղ լինես: Չպիտի լացես, պիտի ուրախանաս, սրտիդ մեջ ցավ ու վերք էլ լինի, չպիտի ցույց տաս, բա՞, ախպե՛ր ջան: Մի՛ մտածիր, թե Իլհամը չի վախենում: Վախենում է, էն էլ ո՜նց: Բոլոր բռնապետներն են վախենում: Հիմա վրա է տալիս, քանի որ տեսնում է թուլացած ես, մի տեսակ քո մեջ պարփակված:

Ասում եք՝ թուրքը անօդաչու սարքեր է բերում: Եթե դուք դրանից չունեք՝ հողը փորեք, մտեք մեջը: Թուրքը ցամաքի ճամփեն փակել է՝ օդով գնացեք Արցախ, օդի ճամփեն փակել են, աներևույթ դարձեք: Ի՞նչ եք ազգովի թևերդ ծալել ու լաց ու կոծը դրել: Խփեք, թող ցավի: Որ ցավի, իրենք կհասկանան: Մրջյունի եղածը մի բան չէ, բայց զգուշանում ես նրա խայթոցից: Իրենց ղեկավարն էր ասում, թե Քառասունչորսօրյա պատերազմում իրենք մոտ տասներեք հազար զոհ են տվել: Մենակ մենք չենք սգավոր, էդքան հազար սգավոր մեր էլ նրանք ունեն: Բա՞… Ինձ ասա՝ Ամերիկան էր ուժեղ, թե՞ Վիետնամը: Ամերիկան, չէ՞, բայց վիետնամցիք խփում էին թշնամուն ու թաքնվում: Որտե՞ղ: Գետնի տակ, հա՛, թաքստոց էին սարքում, խփում էին թշնամուն ու անհետանում: Չե՞ք կարողանում գետնի վրա, հողի տակ մտեք: Էդքան գիտնական ունեք աշխարհում ու Հայաստանում, ինչի՞ համար են: 90-ական թվականներին ավելի հե՞շտ էր, մոռացե՞լ եք: Դուրս եկանք, չէ՞, էդ վիճակից, հաղթեցինք, էլի ենք հաղթելու: Մենք բոլորին հավատացնում ենք, թե խելացի ազգ ենք, խելք կա, քաջություն կա, զենք չկա՞: Առեք, թուրքի չափ չե՞ք կարող ունենալ, բայց կունենաք: Աշխարհում զենք ծախողներ շատ կան: Ու տղերքին պիտի կոչ անեմ, որ զենքը ամուր պահեն ձեռքներին: Թուրքի հետ խոսելու ուրիշ ձև ու ճանապարհ ես չգիտեմ: Խոսելը, բանակցելը պարտադիր է, բայց թշնամին չպիտի իմանա, որ անշուն գեղ է մտել ու կարող է անփետ ման գալ: Ափսոս, որ ջահել չեմ, երանի մի տասը տարով ջահելանայի…

Լռում է: Եվ ուզում եմ հակադրվել, հազար ու մի փաստ ու փաստարկ բերել, նրա ասածի մեջ թերի ու սխալ գտնել և հասկանում եմ, որ նրա ասածի մեջ նաև շատ ճշմարտություններ կան: Իսկ նա շարունակում է, ավելի շատ իրեն, քան ինձ հարցնելով.

– Տեսնես ո՞նց եղավ, որ Սողոմոն Թեհլիրյանի արյունը ջուր դարձավ մեր ազգի երակներում, ո՞նց եղավ, որ Նժդեհի գաղափարները կարգին ծիլ չտվեցին մեր մեջ, ո՞ւր կորան Անդրանիկի, Մոնթեի, տո, Վազգենի ու էն քաջ ինքնազոհների արյունը, որոնցից թուրքը սարսափում էր: …Դրա համար եմ ասում՝ տեղն էկած տեղը քեֆ արեք: Իմ նման: Հա՜: Չասես՝ հայրենասեր չեմ: Ինձ համար հայրենի հողում մի ծառ տնկելը գիշեր ու զօր ճառ ասելուց հազար անգամ լավ է: Էլի եմ ասում՝ թշնամին պիտի մեր երկրից ծիծաղի ձեն լսի, թշնամին պիտի էս երկրից նվագի ձեն լսի: Նորածին երեխայի լացի ձեն պիտի լսի: Զենքի ձեն էլ պիտի լսի, ու էդ զենքը պիտի միշտ դուրս ուղղված լինի, որ թշնամու սիրտը թպրտա: Պիտի ապրես, ախպե՛ր ջան, պիտի չխեղճանաս, թե հարկ լինի, պիտի կրակես, թշնամու աչքը պիտի հանես ու տեղն էկած տեղը քեֆ պիտի անես, ու եթե նույնիսկ սիրտդ տխրությունից պայթի, թշնամուդ ցույց չպիտի տաս: Մենք հայ ենք, մի՛ մոռացիր: Պիտի պայքարենք, մինչև մեր պարտքը փակենք հողի ու Աստծու առաջ: Էսքան բան:

Եզրափակեց, հեռախոսն անջատեց, որ վրան չխոսեմ շատ խմելու համար: Ինչքան չլինի՝ մեծ ախպեր եմ, չէ՞:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։