ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ / Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Սա է, որ հետազոտում է բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը իր նոր՝ «Բանք ռուսաց-փոխկանչ հայեցի» գրքում: Եվ հետազոտում է ոչ որպես գիտնական բանասեր, այլ բանաստեղծ, ուստի և այդ անդրադարձը հնչեցնում է իր բանաստեղծական արվեստի միջոցներով՝ սեփական բանաստեղծական տեսլականին և ընկալմանը համապատասխան: Առավել ևս, որ այդպիսի ստեղծագործական ընտրության համար հարուստ նյութ կա: Նրա տրամադրության տակ է ռուս գրականության հարստագույն աշխարհը՝ Պուշկինից մինչև Բլոկ, Պաստեռնակ, Մանդելշտամ…

Ուսումնասիրելով ռուսական երևակումը հայ գրականության մեջ՝ Միլիտոնյանը ասես ինքն էլ է ներշնչվում ռուս բանաստեղծների գեղարվեստական երևակայության արգասիքով, ստեղծում է բանաստեղծություններ՝ ձևափոխելով այդ անդրադարձը հայկական բանաստեղծության մեջ: Այդպես են ծնվել բանաստեղծություններն ու էսսեները՝ «Չարենցն ու Պուշկինը», «Գորկին և հայ պոեզիան», «Բլոկն ու Իսահակյանը», «Բելին և Հայաստանը», «Ձոն Վալերի Բրյուսովին», «Սերգեյ Գորոդեցկուն», «Բորիս Պաստեռնակին», «Անդրեյ Բիտով»: Նաև՝ բազմաթիվ բանաստեղծություններ, նվիրված ռուս բանաստեղծներին՝ նրանց կերպարների միլիտոնյանական յուրօրինակ մտապատկերը:

Այդ բանաստեղծությունները հրաշալի են որպես բանաստեղծական բարձրարվեստ գործեր՝ art poetica, դրանց շարքին կդասեմ «Մայակովսկու որսը», «Անառակ մարգարեի վերադարձը» (Վ. Խլեբնիկով), «Եսենինն ու Դունկանը», «Աննա Ախմատովա», «Որտե՞ղ է տարրը մեր չեչոտ հոգու», «Լամպն ու Ցվետաևան», «Հայելու առջև», «Չարենցին» շարքից:

Հատուկ ուզում եմ առանձնացնել այս բանաստեղծությունը, որտեղ մեր դեմ հառնում են Չարենցն ու Մանդելշտամը:

Ինչպես ասացիր Մանդելշտամին

Թիֆլիս քաղաքում

(Նրա Նադեժդա կնոջ հուշերից).

Քեզնից հորդում է բանաստեղծություն:

Դա նաև խոսք է հայելու առջև

Քեզ, որպես աղբյուր ամենայն բանի,

Հոմերոսից մինչև Մայակովսկի

Եվ ընդերքային մագմատիկ բխում

Հրով ցնծացող երգզոհյալի:

Դու և Օսիպը իրար դիմաց,

Երկու հայելի, օ՜, զարմանալի,

Դուք չգո, սակայն

Հայելիներից սուրբ գետն է հոսում

Նոր Միջագետքի

Բանաստեղծության:

Այստեղ արծարծված է Չարենցի և Մանդելշտամի «հայելային արտացոլման» բարդ թեման և՛ նրանց ստեղծագործության, և՛ ճակատագրերի առումով:

Էդվարդ Միլիտոնյանը ստեղծել է յուրօրինակ բանաստեղծական գլուխգործոց՝ թափանցած երկու հանճարների ստեղծագործության էության մեջ և զարմանալիորեն համակված նրանց ողբերգական ճակատագրերի տեսիլքով: Այստեղ պոեզիան և՛ մարգարե է, և՛ դատավոր: Երբ կարդում ես այս գիրքն ու բանաստեղծությունները (և առաջին հերթին՝ բանաստեղծությունները)՝ «Ռուսաստանն ու գրողները», «Բոլդինյան աշուն», «Մենամարտ», «Երկու պոետ», «Աննա Ախմատովա», ինչպես նաև խոհագրական էտյուդները՝ «Կոպեկը» (Դոստոևսկու մասին), «Տոլստոյի թաղումը», «Թիթեռը», «Բելին և Հայաստանը», «Հայաստանում Մանդելշտամին դիմավորում է Մարտիրոս Սարյանը…», զարմանում ու հիանում ես ռուս մեծ գրողների կյանքի իրական պատմությունների միլիտոնյանական մեկնաբանությամբ:

Դրանք գծագրված են բծախնդրորեն և միաժամանակ ներշնչված են հեղինակի ներքին ջերմությամբ իր հերոսների՝ մեծագույն ստեղծագործողների կերպարների հանդեպ: Մեծագույն վայելք է այդ տողերը կարդալը:

Այստեղ գտնում ենք նաև յուրօրինակ խոստովանական բանաստեղծություններ, որոնք անթաքույց արտահայտում են ռուս հեղինակների սերն ու անանց ջերմությունը առ Հայաստանը՝ «Գորկին և հայ պոեզիան», «Բլոկն ու Իսահակյանը», «Ձոն Վալերի Բրյուսովին», «Սերգեյ Գորոդեցկուն», «Անդրեյ Բիտով»:

Այս գրքի հեղինակը կամուրջներ կապելու մեծ վարպետ է. բանաստեղծական կամուրջները ամենահաստատունն են աշխարհում, քանի որ միացնում են մարդկային հոգիները, աշխարհի ժողովուրդների՝ այս դեպքում ռուս և հայ մեծագույն զավակների մտորումները:

Մեր դաժան դարում, երբ քաղաքական (մեծ ու փոքր) գործիչների մարտավարական քայլերը ամեն վայրկյան սպառնում են քանդել ոչ թե երեկ, այլ հարյուրամյակներ առաջ արյամբ ու քրտինքով հիմնած կամուրջները: Մեզ ասում են, որ կան անսասան, դարավոր և ազգային գիտակցությունից, խորքերից սերված հիմքեր: Հենց սա է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը նվիրված Էդվարդ Միլիտոնյանի գրքի հաստատումը:

Որպես եզրափակում՝ նշեմ, որ «Բանք ռուսաց – փոխկանչ հայեցի» գիրքը անկասկած ռուս ընթերցողի համար ևս արժեքավոր է և ուսուցանելի: Էդվարդ Միլիտոնյանը ոչ միայն վարպետորեն որսում է ռուսական արձագանքը հայ գրականության մեջ, այլև ինքն է ստեղծում հայ պոեզիայի սքանչելի օրինակներ։

Այս սքանչելի գիրքը ռուսերեն թարգմանել են Ալբերտ Նալբանդյանը, Կոնստանտին Շաքարյանը և Գուրգեն Բարենցը, որոնք ոչ միայն ռուս գրականության գիտակներ են, այլև խորապես սիրում են այն:

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։