ԱՆԴ­ՐԱ­ԴԱՐՁ / Սերգեյ ՍԱ­ՐԻՆ­ՅԱՆ

 

Շուրջ տասնամյա իմ գիտական գործունեության գլխավոր ուղղությունը եղել է հայոց նոր գրականության սկզբնավորման հարցը և դրան առընթեր, «գրականության նորոգությունը» 17-18-րդ դարերում: Դա մի ամբողջ հեղաշրջում էր հայոց մտավոր-գրական շարժման ընթացքում, որի նախադրյալներում երկրորդական չէր գրատպությունը Գուտենբերգի հանճարեղ գյուտի յուրացմամբ: Գիրքը դառնում է զարթոնքի գաղափարակիր և մտավոր կենցաղի նորոգության խորհրդանիշ: Այս է անդրադարձի առիթը բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի «Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում» աշխատությանը: Նախապես ասեմ, որ ինձ մատչելի է ներկայանում երևույթի ընդհանուր բնութագրումը, քանզի դժվար, գրեթե անհնարին է անդրադառնալ բոլոր այն հարցադրումներին ու լուծմունքներին, որ ուսումնասիրության մեջ առաջադրում է գրքի հեղինակը: Նկատեմ, որ ինձ հատկապես հետաքրքրում է հարցի դրվածքը հայոց նոր գրականության սկզբնավորման և գրականության նորոգության շրջանի մտավոր շարժման տեսակետից:
Ամբողջական ընդգրկմամբ ենթադրվում է հինգ հատոր, առայժմ հրապարակի վրա է երեք հատոր, որոնք ժամանակագրված են ըստ դարերի՝ 16, 17, 18-րդ դարի առաջին կես: Հաջորդ երկու հատորներից առաջինը նվիրված կլինի 16-17-րդ դարերի եվրոպական հրատարակությունների հայերեն հատվածներին, իսկ երկրորդը՝ 18-րդ դարի երկրորդ կեսի հայ գրատպությանը:
«Հայկական տպագրության սկզբնավորման ճանապարհին» առաջաբանում Դևրիկյանը անդրադառնում է ըստ հայ ձեռագրային ավանդույթի Դավիթ Անհաղթին վերագրվող տասը հանելուկների վերծանությանը, որոնցում բացահայտվում է գրավոր խոսքի աստվածային խորհուրդը: Այսպիսով, ընդհանրացնում է գրքի հեղինակը,- Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրության» աշխատությամբ դիտարկված «Իմաստութիւն Դավթի Քերթողի» հանելուկների շարքը. «ներկայացնում է գրի հանդեպ մեր ժողովրդի դարավոր ողջ կենսափիլիսոփայությունը՝ գրով ավանդել մեր պատմությունը, և մեզ պատգամված հին խորհուրդները… և ունենալ Հայոց գրերի պաշտամունքը, որպես աստվածատուր Սրբություն» («Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում», մասն Ա, 2012, էջ 9¤:
Գրի ու գրքի ազգային զարգացման պատմափիլիսոփայական ու տիեզերաբանական արժեքի, ինչպես նաև տպագրության ու տպարանային գործի սկզբնավորման հանգամանքների լուսաբանման համար Դևրիկյանը հիմք է ընդունում Ղևոնդ Ալիշանի՝ 1865-ին Աբգար դպիր Թոխատեցուն նվիրված հոդվածը, որտեղ Հայոց Նահապետը խորակրկիտ վերլուծությամբ ներկայացնում է Գուտենբերգի հանճարեղ գյուտի յուրացման քաղաքակրթական նշանակությունը և իր տեսությունն ավարտում հետնորդներին ուղղված խորհրդով՝ արժանապատվությամբ կրել «աշխարհիս հնագույն ազգի մը պատկառելի նահապետական պատվո քողը, որ և ազգիս պանծալի և ազնվագույն մնացյալ շնորհաց մեկն է» ¥13¤:
Եվ այսպես, աշխատության առաջին գրքում 16-րդ դարն է, հիմնական մոտիվը տպագրության սկզբնավորումն է և նրա հիմնադիր Հակոբ Մեղապարտի անձի և գործի պատմական առաքելության մեկնությունը: Հայատառ առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքն» է, որին հաջորդում են «Պատարագատետրը», «Պարզատումարը», «Տաղարանը»: Ուշագրավ է, որ առաջին հրատարակչի ընտրությունը ավետարանական ժամանակացույցերն են, որոնք արարողական շեշտ ունեն և կազմավորում են առօրեական կենցաղավարությունը ըստ Աստվածաշնչի կարգավորման:
16-րդ դարի հայ գրատպության գործում Դևրիկյանը առանձնակի դեր է հատկացնում Աբգար դպիր Թոխատեցուն: Դպիրի գործունեությունը ներկայացվում է հայոց ազատական լեգենդի այլաբանությամբ, ընդգծելով գրքի հասարակական ֆունկցիոնալ նշանակության ընդլայնումն ու ազգակազմիչ առանձնահատկությունը: Համադրական վերլուծության ընձեռած ազատությամբ, գրականագետը հարցադրումների պատմաքննական դիտարկումներով ավելի է ընդլայնում աշխատության գիտական արժեքը, որ շատ ավելին է, քան սոսկ հրատարակված գրքերի բիբլիոգրաֆիկ թվարկումը:
Աշխատության երկրորդ մասում 17-րդ դարն է, հայկական տպագրության «կայանների» տարածումը «աշխարհի խաչմերուկներում»՝ Լվով, Միլան, Փարիզ, Հռոմ, Նոր Ջուղա, Լիվոռնո: Առաջընթացը նկատելի է ոչ միայն ըստ ծավալի, այլև ըստ բովանդակության: Նախաբանում ներկայացնելով Հայաստանի ներազգային կյանքի արհավիրքները՝ Թուրքիա-Իրան հակամարտությունների և այլ ցեղախմբերի խժդժությունները, Դևրիկյանը շեշտում է հայ եկեղեցական ու աշխարհիկ գործիչների նվիրական ձգտումները՝ ելք որոնելու ազգի մտավոր զարթոնքի «պարսպապատմանը»: «Ուշ միջնադարյան հայ բանաստեղծության մեջ,- գրում է Դևրիկյանը,- Հայաստանը ներկայացվում էր որպես երբեմնի մի դրախտավայր, որը հետո դարձել էր անպարիսպ մնացած մի այգի, որտեղ ով ցանկանում էր, մտնում էր և տրորում: Հայ ժողովրդի եկեղեցական և աշխարհական պատասխանատուները երկիրը պարսպապատելու, ներսից ամբողջացնելու փոխարեն այգու պահապաններ էին որոնում այս կամ այն երկրում» ¥Մասն Բ, 3¤:
Գրքի հեղինակը, նյութի բացառիկ իմացությամբ, սպառիչ է ներկայացնում հայկական տպագրության «կայանների» ձևավորման ընթացքի համապատկերը 17-րդ դարում, մասնավորապես ընտրելով Հռոմի «կայանի» գործունեության լայն շրջանակը: Ուշագրավ է, որ հոգևոր-կրոնական գրքերի տպագրությանը զուգահեռ, հրատարակվում են նաև քերականական, լեզվաբանական ձեռնարկներ ¥«Բառագիրք հայոց», «Քերականութիւն հայկական»¤, աշխարհիկ ¥«Յաղագս ճշմարտութեան», «Հարանց վարք»¤, տոնացույցային ժողովածուներ, ժամագրքեր, Սաղմոսարան և որ առավել նշանակալից են՝ Շնորհալու «Հիսուս որդին» և Կղեմես Գալանոսի «Միաբանութիւն հայոց ընդ սուրբ եկեղեցւոյն Հռովմայ» եռահատոր աշխատությունը, որը Լեոն անհամեմատելի է համարում «ամբողջ հայոց գրականության մեջ»: Ընդհանրացնելով հայկական տպագրության անընդմեջ ընթացը, Դևրիկյանը նշում է, որ «հայ գրականությունը սկսեց ընթանալ եվրոպական գրքարվեստի ճանապարհով, դառնալով մի յուրօրինակ զուգորդումը հայ ձեռագրային ավանդույթի և նոր շրջանի գրքային մշակույթի» ¥Մասն Բ, 385¤:
Զարգացման միտումն առավել ակնհայտ է 18-րդ դարում, հանգամանք, որ արդյունք էր պատմահասարակական նոր տեղաշարժերի: Դևրիկյանը առանձնացնում է «երեք նշանակալից իրադարձություն»՝ Անգեղակոթի ժողովը Սյունիքում, Իսրայել Օրու քաղաքական դիվանագիտությունը և Մխիթարյան միաբանության հիմնադրումը և այդ ամենը նախանշող ազատագրական շարժման վերելքը Սյունիքում:
Համեմատության մեջ ակնհայտ է երևում գրատպության փոխաձևությունն ըստ դարերի: «Գրականության հարցադրումների փոփոխությունը,- գրում է Դևրիկյանը,- հանգեցնում է անգամ 18-րդ դարի տպագրական արվեստի ձևերի փոփոխության: 16-րդ դարում սկզբնավորված հայկական տպագրությունը աշխատում էր մնալ հայկական ձեռագրերի շրջանակում՝ տպագիր գիրքը փորձելով ներկայացնել որպես ձեռագիր մատյան: 17-րդ դարի հայ գրքին բնորոշ է հայ ձեռագրային ավանդների շարունակությունը: 18-րդ դարում է, որ հայ գիրքը, պահելով հանդերձ հայ ձեռագրային արվեստի բնորոշ հատկանիշները, սկսեց ընթանալ եվրոպական գրատպության ուղիով» ¥Մասն Գ, էջ 4¤:
Հայկական տպագրությունը 18-րդ դարում գործում էր գլխավորապես երկու «կայանում»՝ Վենետիկը և Ս. Էջմիածինը: Ընդլայնվում է ոչ միայն աշխարհագրական տեղայնությունը, այլև հրատարակված գրքերի քանակն ու բովանդակությունը: Եթե 16-րդ դարում հրատարակված գրքերի քանակը շուրջ երկու տասնյակ էր, իսկ 17-րդ դարում՝ 160-170, ապա 18-րդ դարում այն անցնում էր 1000-ի սահմանը:
Դժվար է գերագնահատել այն, ինչ կատարեցին Մխիթարյանները հայ մտավոր-մշակույթի պատմության մեջ: Դա մի ամբողջ հեղաշրջում էր, որ Լեոյի բնութագրմամբ, մի ամբողջ դար, մինչև 19-րդ դարի կեսը, «լույս և գիտություն էր մատակարարում հայերին, անօրինակ բեղմնավոր գրական գործունեություն, որի նմանը չի տեսել մեր պատմությունը» ¥Լեո, ԵԼԺ, հ. 5, 1986, էջ 360¤: Դևրիկյանը արժանին է հատկացնում Միաբանության հիմնադիր Մխիթար Աբբայի գործունեությանը, նրա հանճարի ազգային-հայրենասիրական նվիրումներին վերագրելով մշակութաբանական ստեղծումների հիմնարար արժեքայնությունը:
«Հայ գիրք» անվանումը Դևրիկյանի աշխատության մեջ լծորդված է ժամանակի, պատմության, գրականության, բնագրագիտության, բանասիրական և տեղեկատվական այլևայլ լուսաբանումներով, և գիտակ լինելով հայոց հին գրականության, մանրանկարչության, եկեղեցու վերաբերյալ նրա ուսումնասիրություններին, հիմք ունեմ ասելու, որ միայն նա կարող էր դա անել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։