Գոհար Գալստյանը գիտի, թե երբ, ինչու և ինչպես է լինում, որ արևային է դառնում մարդ արարածի շուրջը: Դա չի լինում այն ժամանակ, երբ «արևի դեմ կանգնած արևից լույս ես կլանում», այլ, երբ համապարփակ քո ինքնության՝ «անձավի» պատերի վրա գրում ես «Աստված», այսինքն՝ երբ փնտրում ու ճանաչում ես Աստծուն քո ներսում, միայն այդ ժամանակ է պատահում՝
Աստղերն ու անհուն տիեզերքը ողջ,//Տարերքներն Աստծո//Ու ինքը՝ Աստված,//Ելնում են մեկտեղ,//Բայց ոչ թե քո դեմ,-//Քեզ պարգևելու իսկական Արև…
Հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով ես կարողանում «Աստված» գրել «անձավիդ» պատերի վրա՝ «արև հիշեցնող քո ափը բռած»: Հարցի պատասխանն ստանում ես միայն այն ժամանակ, երբ թերթում ես Գոհար Գալստյանի բանաստեղծական ժողովածուները և իր իսկ տողերի մեջ բացահայտում նրա ինքնությունը:
Մեր նվիրումից, սիրուց, կարոտից,//մեր անվերջական//ամեն այրումի անուշահոտից,// երկնակամարում՝// ան- նկատ-դանդաղ// բյուրեղանում է վառվռուն մի փայլ,-//ես փաթիլներից վերև եմ եղել…
Պարզ է դառնում մի բան: Այն, որ առանց այրումի չես կարող «Աստված» գրել «անձավիդ» պատերին, չես կարող նրանից իսկական արև ակնկալել, որը նույնն է, թե՝ չես կարող քո ինքնության անձավում տեղ տալ հրաշքին: Անվերջական այրում, որն իր բյուրեղյա փայլը անուշահոտ լինելով է վաստակում: Հենց նման փայլեր ունեցող ինքնայրումի ականատեսն ենք դառնում՝ շրջելով Գոհար Գալստյանի բանաստեղծական աշխարհում: Այստեղ նա ինքն է իր հետ, իր ապրումի, մտքի, գաղափարի: Նա ինքն է թե՛ իր հենարանը, թե՛ իր դատավորն ու թշնամին, ուրիշ ոչ մեկից կախյալ չէ, պայման չի դնում, չի ընդօրինակում, չի պահանջում… Նա բոլոր ժամանակների բանաստեղծների պես բնական մի պարտավորություն ունի՝ խոսել Երկնքի մասին.
Երբ ինքնակորույս՝ մենք,//թևատարած,//ընդունում ենք շեկ արևից եկող//հոսքերն անքանակ՝//իբրև անքնին զտածո ոսկի՛-//միշտ մի խարա՛մ է//խառնվում խոսքին.//ու պիտի մեկը լինի՛ անպայման,//որ, վկայելով կապույտի մասին,//Երկնքի՜ց խոսի…
Խոսել Երկնքից, նշանակում է զուգորդված խոսել երկրայինի ու երկնայինի մասին, նույն պահի ու նույն տարածության մեջ ընկալելով նրանց: Երկինք ու երկիր. նշանակում է ընկնել ու բարձրանալ, նշանակում է ցողուն ու վարդ, նշանակում է ընկնելը մոռացած՝ աչքը վեր պահել, վարդի համար ցավել, վարդը վեր տանել, վարդը վերում տեսնել: Խոսել Երկնքից, նշանակում է Երկիր, որ կարող է բարձրանալ Երկինք: Իսկ ճանապարհը բռնված է ինքնայրումի կրակներով.
Ընկնելուս պահը՝//թեև անհեթեթ ու ծիծաղելի,//բարձրանալուս հետ՝//դու էիր արդեն աչքերիս առաջ,//խոշտանգված իմ վարդ…//Ծաղկաթերթերդ՝//թափված արյան պես//շաղ տված գետնին,-//ծաղկափնջիս մեջ// ցողունդ դատարակ՝// ցավիս նման մերկ,-//ցավիս չափ մենակ… //Քո ցավը տանեմ,-//իմը տանելու ինձ սիրտ չմնաց…
Զուգորդել, միավորել երկրայինն ու երկնայինը՝ շնորհ է, իսկապես, Աստվածատուր շնորհ: Եվ կարևորն այստեղ այն է, որ այդ զուգորդումից անպայման մի նոր ծնունդ լինի: Բարի ու լուսավոր ծնունդ: Ահա այս չափորոշիչների մեջ ենք հանդիպում Գոհար Գալստյան բանաստեղծուհուն: Հենց նա էլ խոսում է այն մասին, որ ցավի ու կարոտի արդյունքում անպայման ծնունդ է լինում, և կարևոր չէ՝ վերո՞ւմ, թե՞ վարում.
Էս երկու գիշեր լուսինն ինձ հետ է,//Գալիս՝ նստում եմ ես էլ իր կողքին-//Մորս կարոտից քունս չի տանում…//Ծնվելուց առաջ երևի ես էլ ցավեր եմ քաշել,//Երևի ցավի հիշողությունն ինձ//Լուսնի օղակ ու լույս է թվացել՝//Կլորիկ, տաքուկ իմ կացարանում…//Ու լրված արդեն ժամ ու օրերի//Ցավի կորերի ընդարձակումով՝//Ո՞վ պիտի վաղը ծնվի,- արդյոք ե՞ս,//Թե՞… Մայրս… ինձնով…
Գոհար Գալստյանի պոեզիայում կարոտի բուրող ծաղիկ է մայրական թեման: Պարզապես ուզում ես փլվել այն հույսի ու հավատի գրկում, որը մի անուն ունի: Յուրաքանչյուրիս համար այն մեր Մոր անունն է, և բանաստեղծուհու հուզառատ ու հուսառատ այս տողերն, ահա, նախապատրաստում են յուրաքանչյուրիս հանդիպումը մեր Մոր հետ.
Մեր մայրերը մեզնից առաջ //Մի օր պիտի երկինք ճախրեն,//Որ ամպերում ձյունատարած//Խանձարուրը մեր պատրաստեն…//Մի օր խաղաղ, մեզնից թաքուն,//Իրենց ուխտի ճանապարհով,//Մեզ էլ պիտի հանեն երկինք՝//Տիրոջ լուսե սանդուղքներով…//Մեր մայրերը՝ բյուր Մարիամներ,//Մենք՝ մանուկներ անմեղ, արդար,//Ամպերի մեջ՝ սուրբ մսուրում,//Մի օր պիտի գտնենք իրար…
Երկինքն ու երկիրն իրար հետ զուգորդելու, իրարով լրացնելու բանաստեղծական տողերը սոսկ ընթերցելու համար չեն: Չնայած այն բանին, որ Գոհար Գալստյանի բանաստեղծություններից յուրաքանչյուրն ինքնայրումի մի պահ է սեփական ապրումի քուրայում, այնուամենայնիվ, դրանք գալիս ու խաղաղորեն հանգրվանում են ընթերցողի ապրումային խորքերում՝ որպես, ընդհանրապես, մարդուն հատուկ ազնվագույն հոգեթրթիռներ:
Գոհար Գալստյանի բանաստեղծական զուգորդումները չեն սահմանափակվում միայն երկրայինի ու երկնայինի հաշտեցումներով, հաճախ նաև՝ նրանց միավորումներով: Այստեղ գերազանց վարպետությամբ զուգորդվում, իրար են միահյուսվում նաև կյանքն ու երազը, որ նույնն է, թե՝ առօրյան և սպասումը, ներկան ու գալիքը… Եվ այդ ամենն ասես կենդանի պատմություն է, որ իրողություն է դառնում ընթերցողի ներկայությամբ.
Երկու անգամ է՝//Սև աղավնի է ինձ այցի գալիս,-//Ճեմում է ճերմակ բազրիքի վրա//Եվ անակնկալ նույն արագությամբ//Դուրս է թռչում իմ բաց պատուհանից,//Երկու անգամ էլ մնում եմ շվար…
————————————
Սևը երազում կարծես շուտափույթ//Ինչ-որ գալիքի նշան էր՝ գիտեմ,//Աղավնին արդեն՝ արդարության ու//Խաղաղ աշխարհի նշան է կյանքում…//Ուրեմն այսօր՝//Երբ որ երազն ու կյանքը զուգադրեմ՝//-Կգա՞ս, իմ թռչուն…
Բանաստեղծուհու՝ 2000 թվականին լույս տեսած «Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը» չի մնացել պահի սահմաններում: Այն շարունակվել է որպես «Խորաններ» (2002 թ.), հետո՝ «Խորաններից անդին» (2004 թ.), ապա՝ «Ջրօրհնության կարգով» (2008 թ.), «Եռման հրվանդան» (2010 թ.), «Տանիքի դարպասներ» (2013 թ.), «Նավամատույց» (2016 թ.):
Իմ խոսքն այսօր պտտվում է «Տանիքի դարպասների» շուրջը: Հենց տանիքի այդ դարպասներից ներս է բանաստեղծուհու աստղադիտարանը կամ երկնադիտարանը: Հենց այդ դարպասներից ներս է նա աշխատել ինքնայրումով, որպեսզի կարողանա խոսել Երկնքի մասին: Իր հրատարակության նույն՝ 2013 թվականին «Տանիքի դարպասները» «Տարվա լավագույն պոեզիա» անվանակարգում արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակին: Արժանին է մատուցվել, որովհետև բանաստեղծուհին հենց այնտեղ՝ տանիքի դարպասներից ներս է ստեղծել երկնքի ու երկրի այն միջակայքը, որտեղից հնարավոր է եղել զուգորդումներով խոսել նրանց մասին: Եվ խոսել է զուգորդումների վարպետությամբ: Բանաստեղծական նրա խոսքի հմայքի գաղտնիքը շատ դեպքերում պատումների հրաշալի օրինակների մեջ է: Առօրեական պատումը պոեզիա բերելով՝ նա նույն այդ պատումը մաքրել, զտել, ասես ախտահանել է էժանագին, անհարկի ասելիքներից ու նրանով մտել կա ու չկայի տարածք, սահմանի ու անսահմանի, կյանքի ու երազի տիրույթ.
Գիշերը տեսած երազիս մասին//ջրին պատմեցի,//սակայն ծանրացած հոգիս՝//խռովքից իր չապաքինված,// մտորում է դեռ//տեսած-ապրածիս խորհուրդը մռայլ…
Խորհրդավոր խռովքը, որ մատուցվում է երազի մատուցարանով, անցողիկ լինելու ոչ մի նշույլ չունի, ընդհակառակը, տող առ տող ահագնանալով՝ վերաճում է կյանքի ու մահվան եզրագծերով քայլող անհատի առաքելության գիտակցումի:
…Ուրեմն, իրոք, չէի նկատել,//թե ոնց՝ փողոցի//երկու մայթերով քաղաքը կիսվել՝//ճամփա է բացել պղտոր մի գետի,-//մի խորունկ, թնդած,//լայնահուն գետի՝//անթափանց ջրի ուժեղ հորձանքով,//որին թե հանկարծ հայացքդ գցես՝//կառնի-կտանի ետևից էլ՝ քեզ…
Պատումը շարունակվում է, ահագնանում է խոստովանությամբ՝
…մայթի բերանին սայթաքեցի ու //ընկնելու նման կախվեցի օդում…
————————————
…ես իմ սեփական կորստյան ցավից՝//գիտակցեցի ու ամբողջ խորությամբ//հասցրի ապրել խեղդվելու սարսափ…//հատկապես՝ էդպես,//էդ մութ ջրերին բաժին դառնալու//հեռանկարով //օդում առկախված…
Պատումը շարունակվում է երազի մատուցարանով, որի վրա, սակայն, ճշմարիտ ապրած կյանքն է՝ լի ընկնելու, բարձրանալու, խավարին կուլ չգնալու, Աստծուն փառաբանելով երախտագիտությամբ ապրելու և նույն այդ ճանապարհին վստահված առաքելությունը կատարելու մասին: Այս պատումը նաև այսօրվա մեր կյանքին բնորոշ քաղաքական վայրիվերումների կանխազգացումն ունի՝ միանգամայն հեռու լինելով քաղաքական կոչվելուց:
Գոհար Գալստյանը կյանքի իր ձեռագիրն ունեցող անհատ է և կյանքի ձեռագիրը ստեղծագործական ձեռագիր դարձնող բանաստեղծ: Ու մի՞թե նրա կյանքի ձեռագրի հետքերը չեն այստեղ աղբյուրը դարձել նրա պատկերավոր մտածողության համար.
Եվ տանիքների ջրհորդաններից,//Պատշգամբներից կախ ընկած ու բաց,//Երկնքի փլված պատվանդաններից,//Կամարների թեք ճաղերից ճկված,//Անտուն շների պոչերի տակից՝//Խաչմերուկի թեք ոլորաններով,-//Իր հայելային թաց անդրադարձից//Գիշերը խրտնեց ու…հոսեց դժգոհ…
Գիշերը հեռանում է ոչ միայն քաղաքից: Լուսավոր զուգորդումներ կան թաց ու խոնավ գիշերների հետ: Գոհար Գալստյանի բանաստեղծական աշխարհում անպայման լույս կա ցավի, տառապանքի, գիշերային խավարի, ճակատագրի ցավոտ պարտադրանքի արանքներում.
Եվ երբ շուրջս եղել է խավար,//Երբ աշխարհը ձուլվել է սևին,//Ես տեսել եմ շողեր անհամար//Ու փարվել մտովի արևին:
Օգտվելով իր ներսում արթնացած արևային պահերից՝ բանաստեղծուհին, ում քաջ ծանոթ է բանաստեղծող հոգիների կյանքի դժվարամատչելիությունը, իր խնդրանքներն է առաքում առ Աստված. «Հաշտեցրու մարդկանց… և պոետներին տեղ տուր երկնքում»:
Գոհար Գալստյանը, բանաստեղծության տողը երկինք հանելով, փորձում է փրկել իր երկրային աշխարհը: Միևնույն ժամանակ, մենք նրա քայլերը տեսնում ենք նրանց շարքերում, ովքեր, իր խոսքերով՝ «Իրենց աշխարհի փրկությամբ ամբողջ աշխարհն են փրկում…»: Եվ մի՞թե սա չէ բառով աշխատելու հրաշքը: