ՄԵՐՕՐՅԱ ԽՈՀԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ / Ալիսա ՀԱՍԱՆՅԱՆ

Ալիսա ՀԱՍԱՆՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու

Ընթերցողի համար միշտ էլ ցանկալի է հաղորդակցվել ինքնատիպ մտածողություն ունեցող Սամվել Բեգլարյան ստեղծագործողի հետ: Նրա պատմվածքները, բանաստեղծություններն ու դրամատիկական գործերը կրում են նորի, առանձնահատուկի, յուրօրինակ մտածելակերպի կնիքը: Վերջերս լույս տեսավ նրա փոքրիկ գրքույկը` «Էսսեներ» վերտառությամբ, որն ակնարկային արձակի հետաքրքիր ժանրաձև է` 21-րդ դարի հրապարակախոսական խրոնիկայի ինքնատիպ նմուշ: Սա իր տեսակով գրականության մեջ նոր դրսևորում է` նոր որակ: Առտնին բազմաբնույթ դեպքերի ու քաղաքական տարողունակ իրադարձությունների շուրջ մտածումներով ծանրաբեռ` գրողն այդ ամենին արձագանքել է իր «ֆեյսբուքային» ամենօրյա գրառումներով` ամփոփելով դրանք մի փոքրիկ գրքույկում: Սոցիալական կայքը պատվանդան է դառնում ասելիքն ազատ արտահայտելու, հուզող մտքերն ու դատողություններն ընթերցողին հասցնելու համար: Սահմանապահ զինվորի, սահմանին ապրող, թշնամու դեմ ճակատած մարդու խոհեր են դրանք, ազգասեր մարդու մտորումներ հայի տեսակի, նրա ցավի, վշտի, ճակատագրի շուրջ, թշնամատյաց հայորդու հոգու խռովքի արձագանք, որն ընդհանրացվում է հեղինակային տարողունակ դատողությամբ. «Հայրենասիրության սահմանումը սահմանին է սահմանվում»:
Միջավայրի ու իրադարձությունների վերլուծության հետաքրքիր ձևաչափ է առաջարկում հեղինակը: Նա մտահոգող թեմաները ներկայացնում է գեղարվեստական ինքնատիպ սյուժեներով ու պատկերներով, իրականության ու վերհուշի միաձուլմամբ, ապա հրապարակախոսի համարձակ ընդհանրացումներով ընդգծում ցավալին, մերժելին` հաճախ քննադատությունները դարձնելով անողոք ու անխնա: Ակնարկները մե՛րթ մեղմախոս են՝ քնքուշ հույզերով լեցուն, մե՛րթ շիկացած պոռթկումի թափ ունեն` լի անհաշտ մտատանջումներով:
Խոր ենթաշերտեր ունեն ամեն բացվող ցայգալույսին ու անքուն գիշերակեսին զրուցակից փնտրող հեղինակի ապրումները: Ականջալուր կեսգիշերային «լռությանը»` նա վերհիշում է անցյալն ու ներկան, նրբորեն հյուսում հոգու ծալքերում թաքուն պահվող պատմությունը մանկության փայփայած երազանքի մասին: Թվում է` գրողը խոսում է, վիճում ինքն իր հետ, համոզում իրեն, բազմակողմանիորեն վերլուծում կատարվածը: Գրքույկը հնարավորություն է տալիս նորովի ճանաչելու հայրենիքի նվիրյալի նրա տեսակը: «Հայրենիքը նաև զոհասեղան է»,- ահա այս բանաձևված ճշմարտությունն է գրքույկի գաղափարական հիմքը: Դիտարկումները, օրագրությունները, վերհուշերն ու վերլուծությունները, որոնք պայմանավորված են իրավիճակների և դեպքերի թելադրանքով, ունեն համարձակ դիտողականություն, երգիծական սուր շեշտվածություն, «ծուռ աշխարհի» և կեղծ արժեքների հետ անհաշտ դիրքորոշում: Բեգլարյանի գրիչն այստեղ ևս սուր է, մեր արժեհամակարգը խաթարող երևույթների նկատմամբ ծաղրը` ոչնչացնող: Յուրաքանչյուր խոհ ածանցվում է բազմաձև իրողություններից, բացում է հեղինակի մտահոգությունների մի էջը: Թվում է` փոքրիկ ակնարկները տարաբնույթ են, բայց իր էությամբ սահմանապահ ու բնապաշտ հեղինակը հայրենասիրության, կենսասիրության, մարդասիրության դասեր է տալիս. «Ամենամեծ պարգևս Հայրենիքն է, ամենամեծ ուժս` Հող հայրենին, ամենամեծ հպարտությունս` իմ Ժողովուրդը, ամենամեծ արժանապատվությունս` Ազգիս պատմությունը, ամենամեծ կարոտս` Էրգիրը, ամենամեծ սերս` Կյանքս, ամենամեծ սրբությունս` Ընտանիքս, ամենամեծ հրճվանքս` Ազգիս ու ազգակիցներիս հաղթանակները»: Ներքին նրբատեսությամբ նա նկատում է շրջապատում կատարվող մերժելի իրողությունները, որոնք բեկվում ու ինքնատիպ արձագանք են ստանում հեղինակի աշխարհընկալմամբ` պարուրվելով մե՛րթ երգիծական երանգներով, մե՛րթ տեսաբան-քաղաքագետի սրատեսությամբ, մե՛րթ գեղագետ-վերլուծաբանի` իրերն ու երևույթները խորությամբ զգացողի ներքնատեսությամբ:
Հրապարակախոսական կրքոտ ոճին բնորոշ դրսևորումներին զուգադրվում են գեղարվեստական շքեղ պատկերները: Ընթերցողի համար նորություն չեն բառաշինարար Բեգլարյանի հետաքրքիր նորաբանությունները, բնաշխարհն ու հոգեվիճակը նրբորեն ընկալող զգայուն գեղագետի պատկերավորության ծիածանագույն համակարգը, որ ցոլանում է նաև այս գրքույկում: Ալեվետող ապրումների մեջ անջնջելի է մնում կենսասեր գրողի բաղձանքը` խաղաղ, կապույտ երկինք ու մանկան անմեղ, անխաթար, աստղալույս ժպիտ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։