ՄԱՐԴՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆ` ԸՍՏ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԱՊԱՏՈՒՄԻ / Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

1984 թ. «Սովետսկայա կուլտուրա»-ի թղթակից Մ. Իսկոլդսկայայի հետ հարցազրույցում Մաթևոսյանը խոստովանում է, որ Թումանյանը հոգեպես եղել է մշտական ներկայություն իր կյանքում. «Ամենաառաջին կարդացածս տողերից ինձ հետ է Հովհաննես Թումանյանը` ինչպես գետակը հոսում ու աննկատելի ոռոգում է հողը: Այդ հիմքից են աճել սերը, հիացմունքը հայերեն բառի, հայոց լեզվի նկատմամբ: Կարծում եմ` հենց Թումանյանն է ինձ նախապատրաստել իսկական գրականության ընկալմանը: Այն ամենը, ինչին նա դիպել է, դարձել է փաստ, հայ մշակույթի ոգեղենության մաս, այդ թվում` Պուշկինից կատարած թարգմանությունները» (Հր. Մաթևոսյան, Ես ես եմ, 2005, էջ 243): Մաթևոսյանը խոսում է ոչ միայն բանաստեղծ Թումանյանի, այլև մի մարդու մասին, ով բարոյականության, հայրենանվիրության, մարդկայնության բարձրագույն օրինակ է, ով խոր հետք է թողել մարդկանց հիշողության մեջ: Նա ընդգծում է բանաստեղծի հատկապես խաղաղարարական առաքելությունը ազգամիջյան կռիվների ժամանակ: Այս ամենը չէր կարող չոգեշնչել Մաթևոսյանին. «Մի ժամանակ ուզում էի Թումանյանի մասին գիրք գրել: Մտադրությունս չստացվեց: Բայց իմ շատ գործերում ծմակուտցիները հիշում են նրա կյանքի տարբեր դրվագները, նրա բանաստեղծությունների տողերը: Թումանյանի մասին մեծ հատված կլինի այն վիպակում, որ հիմա գրում եմ: Ուզում եմ, որ այդ առանձին հատվածներից ձևավորվի հրաշալի բանաստեղծի, հայրենասերի, քաղաքացու կերպարը» (նույն տեղում): Հավանաբար ակնարկում է «Տախը» վիպակը, որտեղ մի մեծ հատվածի փոխարեն կան բազմաթիվ ոչ մեծ հատվածներ: Նշված հարցազրույցից առաջ արդեն գրեթե իր բոլոր երկերում, առաջին` «Ահնիձոր» ակնարկից մինչև վերջին` այդ օրերին դեռևս չավարտված ու անտիպ երկերը, Մաթևոսյանն անդրադարձել է Թումանյանին ամենատարբեր առիթներով` ժողովրդական ընկալման միջոցով ներկայացնելով նրան իբրև մարդ, քաղաքացի, բանաստեղծ ու հասարակական գործիչ: Ժողովուրդն անվերապահ է իր գնահատականների ու բնութագրությունների, ինչպես նաև իր սիրո ու Մեծ լոռեցու նկատմամբ ունեցած հավատի մեջ, որը լրացուցիչ նրբերանգներ է հաղորդում Թումանյանի կերպարին: Մաթևոսյանի միջոցով փոխանցվող ժողովրդական վերաբերմունքը հարստացնում է Թումանյանի` գրականությունից ու գրականագիտությունից հայտնի կերպարը, այն ներկայացնում նոր լույսի տակ և նոր հմայքով: Ըստ Հր. Մաթևոսյանի` Թումանյանը ժողովրդի հիշողության մեջ ամենից առաջ տպավորվել է իբրև ազգափրկիչ, ինչը կապված է ազգամիջյան կռիվների ժամանակ բանաստեղծի խաղաղարարական գործունեության հետ: Թումանյանն ինքը իր այդ գործունեությունն ավելի բարձր էր գնահատում իր ստեղծագործությունից: «Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այդ գազանական կոտորածից» (Հ. Թումանյան, ԵԼԺ, հ.10, էջ 15): Ժողովուրդը դա չէր կարող մոռանալ, մանավանդ լոռեցիները, որոնք ապրում էին թուրքերի անմիջական հարևանությամբ: Եվ ժողովուրդն ստեղծեց Թումանյանի կիսաառասպելական կերպարը: Ճիշտ, ինչպես Ա. Բակունցի «Մուրոյի զրույցը» պատմվածքի Մուրոն, Մաթևոսյանի առաջին իսկ ակնարկում` «Ահնիձորում» Մարցեցի Մուխտիլ պապը ներկայացնում է առասպելացած բանաստեղծի կերպարը: «Մարցեցի Մուխտիլ պապը պատմում է, որ ժողովրդին ջարդել ու տեղահան է արել լազգու Հասա՛նխանը: Զրույցն է ասում: Ձորերում ճրագը մի անգամ էլ էր հանգչելու: Թուրքերն էին հանգցնելու: Հովհաննես Թումանյանը չթողեց: /- Հա՛, ինքը չթողեց, Ուհաննես Թումանյանը: Տեսավ, որ էս ժողովրդի գլուխն ուզում են ուտեն պրծնեն, նավ նստեց, Բաթումա ծովովը գնաց թուրքի թագավորի մոտ: Ասաց. բա անհարմար չե՞ս զգում… Չէ, դու ինձ ասա, իսկի ամոթ չե՞ս անում: Էս խառնակ ժամանակներումը որ էս մի ամբողջ ազգի գլուխը կերար, բա հետո որ խաղաղությունն ընկավ, ի՞նչ պատասխան պտիս տալ մենձ ազգերին: Թագավորը մտածեց ու փաշին ետ կանչեց» (Հրանտ Մաթևոսյան, Երկեր, հ.1, 1985, էջ 9): Ազգափրկիչ Թումանյանը սրբացվում է ժողովրդի կողմից: «Եզրով» վիպակում Աղունն է վկայում. «Հովհաննես Թումանյանի սուրբ ու սրբացած անունը Վանքերի իմ հորանց տան անուններից է» (Անտիպներ, հ.1, 2017, էջ 443): Թումանյանի փրկչական այս առաքելությունը ժողովուրդը փորձում էր տարածել նաև ներքին հարցերի լուծման վրա:
Արդեն իսկ պատմությունից, հուշագիրների վկայություններից, Թումանյանի կենսագրության լրացվող տվյալներից հայտնի են բազում փաստեր, թե հայրենակիցներն ինչպես էին ամենաբազմազան խնդիրներով դիմում բանաստեղծին, բարոյապես ճնշում նրան, պահանջում, որ իրենց օգնի: Ստեփանոս Մալխասյանին հղած նամակներից մեկում Թումանյանը գանգատվում է, որ այնքան շատ է զբաղված օտարների գործերով, որ աչքաթող է արել սեփական երեխաներին: Եվ ահա ժողովրդի մեջ ստեղծվում է ամենափրկիչ Թումանյանի կերպարը, որը կարող է բոլորին օգնության հասնել: Նման մի դրվագի մասին է պատմում «Ծառերը» երկի հերոսուհին. «Վանքի պատին իմ հոր գնդակը մեխվելու հետ տերտերը ներսից ասում է. «Հովհաննես Թումանյանը քեզ թե փրկեց, փրկեց»: Տո ես քո սև գլուխը թաղեմ, խի՞ Հովհաննես Թումանյանն էնտեղ բուսած մշտական ծա՞ռ է, խաչքա՞ր է, որ ձեր պարապ սրտով մեկ մատնություն ու շնություն ու դավաճանություն անեք ու թվանքն աչքներիդ կալնի թե չէ` փախչեք մտնեք ետևը: Հովհաննես Թումանյանը բանաստեղծ է. ինքն ու Իշխանը նույն Չոբանենց թոռներն են… Հովհաննես Թումանյանը իր հայոց բարձր հասակով կանգնելու է Իշխանի ճամփին – «լա՛վ, Իշխան, ինչ եղել է, եղել է» («Ծառերը», էջ 455): «Ծառերը» վիպակի հերոսուհին ընդվզում է մարդկային նման վարքագծի դեմ. «Ձեր վատերի ցավից Հովհաննես Թումանյանը կուչ է եկել, մի բուռ կաշիուոսկոր դարձած ռուսաստաններում հոգին տալիս է նրանց բարակ ադյալի տակ, ռուսներն, ասում է, վերմակ չունեն, նրանց վերմակն, ասում է, ադյալն ու բանակային շինելն է: /Չարուբարու ցավերից Թումանյանը ռուսաստաններում մեռնում է…» (ն. տ., էջ 455): Այս դատողության մեջ հեռավոր արձագանք կա դաշնակցականների գործով Թումանյանի բանտարկության և Պետերբուրգ տանելու վերաբերյալ: Ինչպես բնորոշ է ժողովրդական ավանդությանը, այստեղ միախառնվել են պատճառը, հետևանքը, ժամանակը, բայց ընդհանուր առմամբ ճիշտ է ընկալված իմաստը: Այդպե՞ս էր իսկապես մտածում ժողովուրդը, դժվար է ասել, բայց Մաթևոսյանն ստեղծել է դեպքերի ու երևույթների ժողովրդական ընկալման պատրանքը և ընթերցողին համոզում է դրա մեջ: Այստեղ մենք գործ ունենք ոչ միայն Թումանյանի կերպարի բացահայտման, այլև Մաթևոսյանի ստեղծագործական հնարանքի հետ, այն է` բացակա մարդու կերպարն ստեղծել գործող հերոսների բնութագրությունների ու հուշերի միջոցով: Մաթևոսյանի բոլոր երկերում Թումանյանը կերպավորվում է ոչ թե հեղինակային խոսքի միջոցով, այլ բացառապես ըստ ժողովրդական «մեկնաբանությունների»:
Մասնավորապես` «Տախը» վիպակում ամենուր նկատելի է Թումանյանի հետքը. որտեղով է անցել նա, ինչ ծրագրեր ու նպատակներ է ունեցել, ինչպես է ժողովուրդը վերաբերում այդ ամենին: Ժողովրդի հիշողության մեջ, որ անցնում է սերնդեսերունդ, Թումանյանի ոչ միայն ստեղծագործությունը, այլև անձը ձուլված է բնաշխարհին: Ինչպես Համբոն Թիֆլիսից տուն վերադարձին անվերջ հիշում է Գիքորի հետ կապված այս կամ այն դրվագն ու տեղանքը, այդպես էլ բնաշխարհի մարդիկ հիշում են, թե Թումանյանն ինչ տեղերով է անցել, ինչ նախասիրություններ է ունեցել, որտեղ է երազել տուն ունենալ, որ այգու խնձորով է ծարավը հագեցրել և այլն: Այն տպավորությունն է, որ Մաթևոսյանը գնում է Թումանյանի հետքերով` այս անգամ հենց նրա հուշը արթուն պահելու մտադրությամբ: Ահա` «Հին հնում, հարյուր տարի առաջ, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խումբն անցնելիս այստեղ ձիերի գլուխը պահել է, ծարավ Թումանյանը նայել է այգու խնձորներին, ձիավոր ուղեկիցը ձիու վրա կանգնել է` ծառից խնձոր պոկելու. հետո Թումանյանը մեր պապին կանչել է տվել, ասել` շա՞տ կնեղանաս, եթե ասեմ քու էս ձորը ծախիր ինձ. մեր պապն ասել է` «դու քու քաղաքից արի – ձորը ես չեմ ծախում` նվիրում եմ քեզ` Լոռվա մեր հայ ժողովրդի պարծանքիդ». սա մեր պապի՞ պատասխանն է, սա գյուղացո՞ւ խոսք է – նախանձություն չկա, ոչ, հնարվել է հետո, երբ անցած-գնացած, արդեն հուշ են եղել մեր պապն էլ, Հովհաննես Թումանյանն էլ ու բոլորն էլ» (Երկեր, հ.2, էջ 424): Գուցե հետո է ժողովուրդը սրբագրել պապի ասածը, ինչպես ենթադրում է գրողը, երբ այլևս ոչ նախանձելու, ոչ էլ չարախոսելու հիմքեր չկային, որոնք ժամանակին հյուսվում էին Թումանյանի եղբոր` Ռոստոմ Թումանյանի շուրջ: Այստեղ, կարելի է ասել, հարցը ճյուղավորվում է:
Խնդիրն այն է, որ Մաթևոսյանի ստեղծագործություններում քանի որ հերոսները մի երկից տեղափոխվում են հաջորդ երկ` բնավորության ու կենսագրության նույն գծերով, որոնք ամեն հաջորդ երկում լրացվում ու ամբողջանում են, ապա այդ լրացված կապերում երևան են գալիս բարեկամական ու ազգակցական կապեր, ինչի արդյունքում գրեթե բոլորը դառնում են մոտավոր ու հեռավոր ազգակիցներ, խնամիներ, քավոր-սանիկներ, հարևաններ, որը ինչ-որ չափով բնորոշ է գյուղական համայնքների համար: Այսպիսի պարագաներում հասկանալի են դառնում այս կամ հայտնի մարդկանց կրկնվող անունները: Բնական է, որ այս դեպքում այդպիսի ցանկում առաջինը պետք է լիներ Հովհաննես Թումանյանի անունը: «Տաշքենդ» վեպում հանդիպում ենք այսպիսի բացատրության. «Մեր Ալեքսան եղբայրը` Ծմակուտի ըռխավոր գյուղամիջի դեմ մեր անլեզու տան իրավաբանը, գնում է Դսեղա մեր քեռոնց Հովհաննես Թումանյանի անունով մեր անունը Հովհաննես գրի, բայց գնում տեսնում է Թեվան ենք…» (Երկեր 2, էջ 284): Բայց նույնականացման այս երևույթը տարածվել է ոչ միայն Հովհաննես, այլև նրա եղբայր Ռոստոմ Թումանյանի վրա` երկու պատճառով: Նախ` Ռոստոմը Հովհաննեսի եղբայրն էր, և վերջինիս հեղինակությունը ինչ-որ չափով տարածվում էր նաև եղբոր վրա, ապա` Ռոստոմն ինքը կարևոր պաշտոնյա էր` Մարցի կալվածքի կառավարիչը: Ռոստոմ Թումանյանը ժողովրդի մեջ, մեղմ ասած, բարի համբավ չուներ, բամբասվում էր անբարո վարքի և դաժանությունների համար, որին, ի վերջո, գյուղացիները սպանեցին:
Առաջին հայացքից այս պատմությունը կարծես կապ չունի մեր թեմայի հետ: Բայց Հ. Մաթևոսյանի երկու վիպակների` «Տերը» և «Տախը» երկերի հերոսը նույնն է` Ռոստոմ անունով, որն ասում է. «Մեզ և 1916-ի ձմռանը մարցըցիներից սպանված ու իր պատմությունը շատ արյուն ու թշնամություն բերած Ռոստոմ Թումանյանին նույնացրել էր» (Անտիպներ, հ.2, էջ 469): Իսկապես, իրական Ռոստոմ Թումանյանը և Մաթևոսյանի վիպական հերոս Ռոստոմն ունեն բնավորության ու վարքագծի նույնական կողմեր, որը թույլ է տալիս մտածել վիպական հերոսի նախատիպի մասին: Կարելի է նաև ենթադրել, որ Ռոստոմ Թումանյանի սպանության իրական պատճառը եղել է, թերևս, ոչ այնքան նրա անձնական վարքը կամ բարոյականությունը, որքան անտառը ապօրինի ծառահատող և դրանից շահույթ ստացող գյուղացիների և դրա համար պատասխանատու Ռոստոմ Թումանյանի միջև մշտական հակասությունը: Այս հանգամանքը օգտագործում էր «Մշակ» թերթը` կազմակերպելով և իր էջերում տպագրելով Ռոստոմ Թումանյանի դեմ գյուղացիների գրած նամակները: Հարցն այն է, որ «Մշակը» ի սկզբանե Հովհաննես Թումանյանի նկատմամբ բացասական-հալածական դիրքորոշում էր բռնել, և Ռոստոմ Թումանյանի դեմ սկսված հալածանքը, ըստ էության, ուղղված էր նաև Հովհաննես Թումանյանի հեղինակության դեմ: Մինչդեռ իրականությունը ցույց է տալիս, որ խիստ չափազանցված էին Ռոստոմի դեմ մեղադրանքները: Հիշենք միայն մի փաստ, թե ինչպես է Ռոստոմ Թումանյանը պատասխանում մեղադրանքներին: Նա «Մշակ»-ում տպագրում է իրեն հասցեագրված մի նամակ և բացատրում, թե ինչպես են գյուղացիները ոչնչացնում անտառները: Ահա այդ նամակը. «Մեծ պ. Ռոստոմ Թումանեան. Ռոստոմ, Վահանին (Թումանյանի մյուս եղբորը – Ժ.Ք.) էլ եմ ասել և ահա քեզ էլ գրում եմ, եթէ հնար ունես Մարցայ կալուածքից մի կամ երկու հարիւր ծառի իրաւունք տուր գերանով իր վերշոկների, գանք կտրենք և դու էլ առանձնապէս օգտվիր մի այլ տոկոսիւք նախ ցսկսելն գործի: Եղբայր, ինչի ես անտարբեր մնում և այլն: Ընդունեցէք բարևս: Վարդան Տէր-Գրիգորեան» («Մշակ», 1914 թ. 28): Այս նամակն իբրև փաստ բերելով, որտեղ ըստ էության իրեն կաշառք է առաջարկվում ապօրինի ծառահատումների դիմաց` Ռոստոմ Թումանյանը բողոքում է, որ լոռեցիները գիշատչաբար ոչնչացնում են անտառները: Ահա այս Ռոստոմ Թումանյանի վարքագիծն ունի նաև «Տերը» վիպակի հերոս Ռոստոմը, որն օրնիբուն հսկում է իրեն վստահված անտառները, բռնում է անտառագողերին, և դրա համար էլ նրան չեն սիրում գյուղացիները: Եվ եթե Ռոստոմ Թումանյանին սպանում են, ապա Մաթևոսյանի վիպական հերոս Ռոստոմին ազատում են աշխատանքից և վերջում էլ ծեծում են, նվաստացնում ու ծաղրում… Ցավն այն է, որ նման պատմությունները կրկնվում են նաև մեր օրերում: Այդ համեմատության հիմքը արդեն իսկ կա վիպակում և ուղիղ տանում է դեպի Հովհաննես Թումանյանը: «…դուրս եկավ, որ ինչքան բարձր ու բերքատու ես լինում, քարողդ շատանում ու թշնամիդ էնքան չարանում է: Չնայած,-ասացինք,- մեր յոթնամյա կրթությամբ մենք էդքան համարձակություն չունենք կարծիք տանելու, թե մենք ինքներս էլ Թումանյան ենք:
– Ընկեր Թումանյան,- ասաց,- Թումանյան Ռոստոմ, ասաց…
Ասաց, զարմացավ ու ծիծաղեց. չէ՞ Թումանյանը Ռոստոմ անառակ եղբայր է ունեցել, ջահել հարսներին ծուռ աչքով է նայել` սպանել են, անունը մեզանում անիծված է` օրհնըված չի: Մենք ինքներըս կարծում ենք այդպիսի Թումանյան չի եղել, ժողովուրդը հորինել է, որպեսզի Հովհաննես Թումանյանի հայոց բարձր հասակն ի վեր կողմնակիորեն քար գցի» (ընդգծումը` Ժ. Ք, Անտիպներ, հ. 2, էջ 158): Ռոստոմի` ասել է, թե Հր. Մաթևոսյանի այս դիտարկումը առանց հիմքի չէ, թեև նա կարող էր պարզապես կռահել այդ մասին: Բերենք միայն մի փաստ: 1914 թ. «Մշակ» թերթի թիվ 11-ում «Թումանյանը խոսում է բարոյականության մասին» հոդվածի հեղինակը գրողների ընկերությանը և նրա նախագահին (իմա` Թումանյանին – Ժ. Ք.) մեղադրում է հասարակությանն ու աշակերտությանը անբարոյականացնող հավաքույթներ կազմակերպելու մեջ և հոդվածն ամփոփում այն եզրակացությամբ, որ Թումանյանը բարոյականության մասին քարոզներ է կարդում, «բայց թույլատրում է իր հարազատ եղբորը կեղեքել անխնա և հարստահարել գյուղացուն…»: Սա «Մշակի» ձեռագիրն է` Թումանյանին հարվածել ուղղակի և նրա մերձավորների միջոցով:
Հովհաննես Թումանյանը մշտական ներկայություն է Մաթևոսյանի հատկապես «Տախը»` ժամանակին անտիպ մնացած վիպակում, նախ և առաջ իր հայրենանվեր գործունեությամբ: Վիպական տարածքում նրա կերպարը առնչվում է հատկապես հայ-թուրքական` նախ ազգամիջյան կռիվների, ապա եղեռնի ու նրա հետևանքների հետ: Եվ քանի որ Թումանյանը գործող կերպար չէ, ապա նա վեպում կա այնքան, որքան նրան հիշում է ժողովուրդը, գնահատում, դարձնում բարոյական վարքագծի չափանիշ: Դա առանձնապես նկատելի է ազգամիջյան կռիվներում Թումանյանի կատարած անփոխարինելի դերի և նրա նկատմամբ թուրքերի ունեցած հարգալից վերաբերմունքի մեջ: «Այս արդեն Հովհաննես Թումանյանի երեք, չորս, հինգ, վեց թվերին է, Թումանյանը երեսուն տարեկան է… Երկիրը ոխ ու արյուն է հոտում, կանաչ Քոշաքարը` պայծա՛ռ: Սպիտակ ձիավոր Թումանյանի խումբը սարերով անցել է, ինչքան անհաշտ միտք ու ոխակալ սիրտ կա` սև դարանից հանել Թումանյանի ոտն են բերել, սպիտակ ձիու վրայից ճակատներին թքել անցել է, երազի պես` խումբը մի անգամ երևացել, բայց Թումանյանի ժպիտը սարերում է» (Անտիպներ 2, էջ 496): Թուրքերն ընդգծված հարգանք են ցույց տալիս Թումանյանին, հյուրասիրում ու շողոքորթում, բայց մտքներում որոճում են վաղվա անելիքը, իրենց խոնարհումի մեջ ծրագրում վաղը: Ակնարկելով հյուրընկալ թուրքին` վիպակի հերոսներից Միքայել Վաթինյան տերտերը դիմում է Թումանյանին. «Որ ոտներիդ տակին էդքան հնազանդ նստել է` մի դրան հարցրու տես իրա որ թիվն է. հազար երեք հարյուր, շեկ ռուսը դեռ չի եկել, հին պարսիկի ժամանակն է»: Բայց բեկն աչքերը խոնարհում, ծանր կարմրում, ասում է. «Գնան ու ետ չգան, ինչո՞ւ ես անիծում, այ բալամ»: Այդպես` երեկվա զոհի ու վաղվա սպանդի մասին ոչ մի խոսք, այդպես` նրանց վաղն անընդհատ կախված է նրանց այսօրվա վրա, և վաղվա երկնքից երկուսն էլ կարդում են, որ այսօրվա խոսքի ու գործի բեռով վաղը նստելու են Շամախյան չեկիստի առաջ և իրենց հեղափոխական ժառանգների վրա ավագ խորհրդատու են կարգվելու» (ն. տ., էջ 497): Այն դրվագներում, որտեղ Մաթևոսյանը Թումանյանին ներկայացնում է թուրքերի միջավայրում, ինչպես արդեն նկատելի է վերը նշված տողերում, ավելի շատ բնութագրվում են թուրքերն իրենց խորամանկ վարքագծով` վստահ լինելով, որ այսօրվա խոնարհումի դիմաց վաղը հատուցելու են մորթելով: Իսկ այսօր նրանք Թումանյանին ընդունում են իշխանավայել. նոքարները ցույց տալով Թումանյանին` ասում են, որ նա «հայերի իշխան-թագավորն է»: Իսկ թուրքերը կարողանում են լավ հյուրընկալությամբ տպավորություն ստեղծել, գուցե նաև մեծ մարդուն վայել կերպով մեծարել, բայց տպավորությունն առավել կարևոր է: Ահա մի պատկեր այդ ընդունելություն-հյուրընկալումից. «Դա նույն Հովհաննես Թումանյանի արև ամռանն էր: Բեկը, որ Հովհաննես Թումանյանի պատվիրակությանը հայի-թուրքի խաղաղ Քոշաքար էր ցույց տալու, Հովըտից Վաթինյան տերտերին կանչել տվեց, ծմակուտեցի խոնարհների ետևից իրեն տղաներին ղրկեց, հայի արժան-անարժաններին բազմեցրեց սեղանի գլխին, ինքը ներքևի ծայրն անցավ և յուրայիններին սպասավորության կանգնեցրեց» (ն. տ., էջ 593): Անկախ թաքուն և հեռահար նպատակներից` դա ընդգծված հարգանք էր Թումանյանի նկատմամբ, որն, ի դեպ, արտահայտվում էր ոչ միայն թուրքերի, հայ հյուրերի (որ ինքնին հասկանալի է), այլև սեփական եղբոր կողմից: Թումանյանի Ռոստոմ եղբայրը հայտնի եղբոր նկատմամբ նույնքան հարգալից է, որքան օտարները, նույնիսկ ավելին` իր խոնարհ վարքով ընդգծում էր եղբոր նշանակալիությունը, նրա կարևորությունը: «Թումանյանի Ռոստոմ եղբայրը փոքրի (փոքրավորի), այլև տեղացու հարգանքով իր սպիտակ նժույգը պոետի (գրքի մարդու) ու թիֆլիսեցու տակն էր քաշել, սպիտակ յափնջին եղբոր ուսերին գցել, սպիտակ փափախը դրել ու պատվավոր տեղը բազմեցրել, մի խոսքով` ինքը եղբորից թուրքերեն յոթ անգամ թեկուզ ազատ գիտեր, իր խոսքն ու շուքը եղբորն էր տվել, ինքը պատվիրակության կարիքներին էր…» (էջ 593): Այսպես Ռոստոմն ընդգծում էր, որ թեկուզ իր եղբայրը, բայց թուրքերի հյուրը հասարակ մահկանացու չէր, ով իր հետ իմաստության ու խաղաղության պատգամ էր բերում. «Եթե ուժեղ ենք ու կռվում ենք` ուրեմն անխիղճ ենք, խիղճ` ինսաֆ չունենք, եթե թույլ ենք ու կռվարար, ուրեմն հիմար ենք» (ն. տ.): Այս խոսքերը վիպասան Մաթևոսյանը չի հնարել, դրանք լոռեցիներին ուղղված Թումանյանի կոչի խոսքերն են: Ռոստոմ եղբոր ներկայությունը Հովհաննես Թումանյանի խաղաղարար գործունեության մեջ ցույց է տալիս Ռոստոմի դրական նկարագիրը թեկուզ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այստեղ պետք է համաձայնվել Համո Մաթևոսյանի հետ, որն ասում է. «Հովհաննես Թումանյան, իրական ու ժողովրդի սիրուց ծնված Թումանյան, թե մեն-մենակ, սպիտակ դրոշը ձեռին, թուրքին ու հային խաղաղեցրեց: Ո՛չ, իհարկե, մենակ չէր. Ռոստոմ ախպերը իր ձիավոր խմբով հարգալի հեռվից ապահովում էր եղբոր բանագնացությունը, իր ծալած յափնջին եղբոր տակ, եղբայրը մեր սարերում իր ուրթը պնդած ու իրեն տեր կարգած թուրքի գեներալ-բեկ Ղափըչօղլու ղոնախլըղին (հյուրընկալությանը),- Թումանյան պիտի լինել` և՛ թուրքի հետ հացի նստել, և՛ սաստել թուրքին…» (Անտիպներ, հ.2, էջ 61):
Իհարկե, Թումանյանի բարձր հեղինակությունը նաև թուրքերի մեջ և նրա խաղաղարար գործունեությունը չեն խանգարել թուրքերին, որ նրանք բանա­ստեղծի` սար գնացող «մոր ճանապարհը կտրեն ու խուրջինները հացի նայեն» (Անտիպներ, հ.2. էջ 503): Եվ, ընդհանրապես, ինչպես Մաթևոսյանն է գրում` «Թումանյանի ժպիտն ու խաղաղ հարևան մնալու իշխանական պատվիրանը մինչև 1918-ի ամառն է դիմացել: Թումանյանի պատվիրանն այս է. «Մինչև Ղազախ ու Աղստև, մինչև Ղարաբաղ ու Թավրիզ որտեղ որ հանած սուր ու լցված հրացան կա` մինչև էնտեղ գնում եմ ու պտտվեմ գամ. գամ տեսնեմ ինչքան պսակի հասած ժողովուրդ ունեք` հարսանքի եք հանել, Քոշաքար մի մեծ հարսանիք է»» (ն. տ., էջ 498):
Հ. Մաթևոսյանի խոսքի մեջ ակնարկ կա սակայն, որ հետագայում ոմանք Թումանյանի նկատմամբ վատ վարվեցին թուրքի անունից: «Տախը» վիպակի կերպարներից մեկը, որ թուրքերի մեջ ազատ ելումուտ ուներ, այսպես է մտածում ինքն իր մեջ. «…թուրքերի ճամփան իսկապես միայն իր առջև է բաց, ինչը որ նույնիսկ Հովհաննես Թումանյանի նման մարդուն չէր տրված. և եղբորն ահա սպանեցին ու ետևից թքեցին և թուրքի անունից մոր ճամփան նույնպես կտրեցին ու անհանգստացրին…» (ն. տ., 526): Հարցը մութ է մնում` ինչո՞ւ թուրքի անունից…
Թումանյանի հետագա կյանքի վերաբերյալ հիշատակություններն արդեն մխիթարական չեն, նրանց մեջ ափսոսանք ու ցավ կա: Այն հարցին, թե «Հովհաննես Թումանյանն ապրե՞ց եղեռնի մեջ», հետևում է պատասխանը. «-Ապրեց:/Որդի կորցրեց, եղբայր կորցրեց: Իր աչքերի առաջ փլվեց մեծ հայրենիքի իր հույսը, իր ժողովուրդը ջնջխվեց, և հանգի պատճառով Հովհաննես Թումանյանը չկարողացավ եղեռնից սարսափի մի նշույլ տեղավորել իր բանաստեղծության մեջ» (Անտիպներ, հ.1, էջ 207): «Հաղարծին» վիպակի արվեստագետ հերոսների զրույցը շարունակվում է «Հոգեհանգիստ» բանաստեղծության տողերի և «մարդակեր գազան» մարդու` թումանյանական բնորոշման շուրջ: Մի ուրիշ երկում («Թափանցիկ օր») արդեն գործ ունենք Թումանյանի վրա եղեռնի ազդեցության հետ` «Եվ մի տարում հարյուր տարով ծերացած այդ Թումանյանը» (Երկեր 1, 346):
Թումանյանի հետագա գործունեության անդրադարձները ավելի սակավ են և վերաբերում են բանաստեղծի կյանքի վերջին տարիներին, հատկապես ՀՕԿ-ի նախագահության շրջանին: Հետաքրքրականն այն է, որ ժողովուրդը ՀՕԿ-ի գործունեությունը գնահատում է Թումանյանի հեղինակավոր ներկայության փաստով, այսինքն` բանաստեղծն է իմաստ տալիս կազմակերպությանը և ոչ հակառակը: «Սերմնացուն և նավթը մեր էս գյուղի ժողովրդին ՀՕԿ-ն էր տվել` Հայաստանի օգնության կոմիտեն: Իսկ ժողովուրդն ասում էր` բանաստեղծ Հովհաննես Թումանյանը սերմնացու է ուղարկել, չէր ասում ՀՕԿ-ի նախագահ Թումանյանը մեզ համար սերմնացու է ուղարկել, ասում էր բանաստեղծ Թումանյանը մեզ համար սերմնացու է ուղարկել» (Անտիպներ, հ. 1, էջ 354):
Հ. Թումանյանի կերպարը Մաթևոսյանի երկերում ուրվագծվում է հատվածաբար` սկսած հայրենի բնաշխարհում նրան այս կամ այն կերպ հիշեցնող, նրա հետ կապված վայրերից մինչև ՀՕԿ-ի նախագահ: Հատվածաբար ներկայացնելը պայմանավորված է նրանով, որ ոչ թե հեղինակն է իր կողմից կերպար կերտում, թեև, բնականաբար, ամենուրեք հեղինակի անտես ձեռքն է գործում, այլ ժողովուրդը` ինքնաբերաբար, ըստ պատեհ առիթի, հիշում է նրան, երբ տեղանքն է հիշեցնում, երբ բանաստեղծի այս կամ այն գործունեությունը, ստեղծագործությունն է հիշողություն արթնացնում կամ իրական կյանքի այս կամ այն երևույթն է հիշեցնում Թումանյանի այս կամ այն գործը: Եվ եթե Հրանտ Մաթևոսյանի երկերում Թումանյանն ապրում է ժողովրդի մեջ, ապա` Մաթևոսյանի ստեղծագործական վարպետության շնորհիվ, որովհետև նա է «նշխար առ նշխար հյուսել» Մեծ լոռեցու անմահ կերպարը` այդ նպատակով առաջնաբեմ բերելով ժողովրդին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.