Ոչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը,
որքան խոսքը:
Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է:
Գարեգին Նժդեհ
Ամեն ինչ աշխարհում առաջացավ Խոսքից. «Աստված ասաց, և եղավ…» (Ծննդ. 1:3): Քվանտային ֆիզիկայի ժամանակակից մասնագետները համոզված են, որ մարդկային կյանքի ձևավորման սկզբնաղբյուրը միտքն է (ասել է թե` խոսքը, հետևաբար և` բառը): Ամեն ոք իր մտքերի շնորհիվ է ենթարկվում կյանքի մեծագույն գաղտնիքին` ձգողականության օրենքին (ինչպես ասում են` նման զնմանն գտանէ): Մենք ենք ՀՈՐԻՆՈՒՄ կյանքը, ու մտքի էներգիադաշտը, տարածվելով շուրջբոլորը, վերադառնում է մեզ արդեն որպես նյութեղեն իրականության կամ էլ միֆի խորհրդավորություն: Ժողովրդական բանահյուսությունն ասում է` ինչ որ ցանես, այն կհնձես: Ու շատ կարևոր է, թե ինչ սերմ (խոսք, բառ) կգցես հողի մեջ, որովհետև բերքը (մտքով պայմանավորված Բանը) դրանից է կախված: Այո՛, իրականության մեջ անհատը բնականորեն սկսում է իրեն ձգել այն մտքերը, որոնք իր ուղեղում են` որպես հիշողություն, և որոնք իր շուրջը պարբերաբար կրկնվում են, և ամենևին էական չէ` գիտակցաբար է, թե ոչ, ճիշտ է, թե սխալ:
Ռոնդա Բերնի «Գաղտնիքը» գրքում գրող, քվանտային ֆիզիկայի մասնագետ Ֆրեդ Ալան Վուլֆը նշում է. «Խոսքն այն մասին չէ, որ ցանկալին ընդունենք իրականի տեղ կամ երևակայականը` իրողության: Խոսքն այլ, ավելի խոր և հիմնային հասկացության մասին է: Քվանտային ֆիզիկան իսկապես մոտենում է մեծ հայտնագործության: Այն ասում է, որ դուք չեք կարող պատկերացնել ու հասկանալ տիեզերքը, եթե չեք ներդաշնակել նրան ձեր գիտակցությունը և չեք ընդունել, որ, իսկապես, գիտակցությունը ձևավորում է այն ամենը, ինչ ընկալում է»:
Բառը մտքի նշանն է տեքստում և կյանքը ձևավորող ուղերձ: Ուշադրության արժանի է բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի բառի նշանագրումը. «Բառը կորուսյալ կյանքի//բրածո կոդն է//ինչպես մարդու արարքը//այնպես էլ//խոսքն է կարևոր//այսինքն խոսքը//բառի արարքն է» («Բառը»):
Ազգային-ազատագրական վերջին շարժումը` Արցախյանը, հայերի համայնական մտքի ու ոգու ծնունդ էր, ու պատահական չէր, որ հողը լույս աշխարհ հանեց աշխարհակալ Տիգրան արքայի անունը կրող քաղաքներից մեկը` Տիգրանակերտը` որպես նոր ստեղծվող պետականության խորհրդանիշ: Սա թերևս մտքի արարման միֆական արձագանքն է իրականության մեջ` հառած տվյալ տեղում ու տվյալ պահին` որպես մեր կյանքը ձևավորող օրինաչափություն: Ուստի ավելի քան կարևոր է գրի (տեքստ, բառ, խոսք,) դերակատարությունը մարդկային փոխհարաբերություններում (արդյոք պատահակա՞ն է, որ ժողովորդը հավատում է թուղթ ու գրին):
Վեր կանգնելով առասպելապատումի երանգներից` դիտարկենք հայ իրականության մեջ բացառիկ նշանակության երկու տեքստեր` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հիմները` դրանք մեկնելով որպես մատուցվող միտք մեռնողի ու ապրողի կամ մեռցնողի ու ապրեցնողի փիլիսոփայության շրջանակում: Թերևս հիմնը պետք է արտահայտի ապրողի, ապրեցնողի աշխարհայացքը, ոչ թե լինի սոսկ գաղափարախոսություն (հանրահռչակում)` մեռնողի հոգեբանությամբ: Ցավոք, պետք է վկայեմ` մեր երկու հանրապետությունների հիմներն էլ այս իմաստով խոցելի են, և նրանցում պակասում է հաղթողի, ապրեցնողի, արարողի հոգևոր լույսը: Մանրամասնեմ.
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Մահ, մեռնել, զոհվել բառերով ստեղծված քառատողը, անձնվիրություն ենթադրելով հանդերձ, իրականում տարածում է մահվան, կորստի, փակուղու իմպուլսային մտածումները: Մեր հիմնը ոչ թե խրոխտ, ոտքի հանող է, այլ հեզության ու խոնարհության տանող: Չգիտես ինչու, մոռացվել է, որ մարդ ոչ միայն մեկ անգամ մեռնում է, այլև մեկ անգամ ապրում է, ու ավելի լավ է` իր ազգի ազատության համար ապրի: Փակուղային, ինքնամեկուսացման փիլիսոփայությամբ է տոգորված Արցախի Հանրապետության հիմնը: «Քո տուն-ամրոցը կերտեցինք…/Դու բերդ ես անառիկ… /Մեր հին ու նոր Ղարաբաղ…/Մեր վանքերով լեռնապահ`/Անհաղթելի մի բուռ աշխարհ»: Տեքստում ամրոցը կա, բերդը կա, բայց դրանք ընդամենը փոքրիկ տուն են, մի բուռ աշխարհ, ու այդպես էլ Հայաստանը չի երևում. միացման նպատակը չկա: Ազատ ու անկախ Արցախում, այդպես էլ չեմ հասկանում, հին Ղարաբաղը ո՞րն է, ու նորը ո՞րն է: Մի խոսքով, հիմնի տեքստը կծկված է, անկումային տրամադրություն հաղորդող: Տարածված իմաստություն կա ժողովրդի մեջ. «Լացը լաց է բերում»: Հետաքրքիր է, չէ՞, մենք ի՛նչ ուղերձ ենք ստանում հիմներից` զոհի՞, հալածյալի՞, խաբվածի՞, այսպես ասած, տառապակոծ հայի՞, թե՞…
Գրականությունը, որ շարունակաբար ստեղծվել է և հիմա էլ գրվում է, շատ հաճախ նույնն է կրկնում և հայրենիքի հոնքն ուղղելու փոխարեն` աչքն է հանում: Ճիշտ է, մահը, ողբը, լացը, ճակատագրի հեգնանքը շատ հուզազգայական բաներ են, բայց չպետք է մոռանալ, որ դրանք ննջեցյալին չեն կենդանացնում: Ժամանակն է մահախոսական գրից հրաժարվելու: Բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանն է գրում, որ հարկավոր է նոր գեղարվեստական նշանադաշտ («ինձ մի՛ սպանիր/ ինչպես հարյուր տարի առաջ» «Կարմիր – նարնջագույն – մարջան»): Հիրավի, գոյապահպանման մարմաջը պետք է փոխել ապրելու բաղձանքին. Հետևաբար. «Առանց վերագնահատումի` անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների` ոչ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլև հենց իրենք` ժողովուրդները: Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան» (Գարեգին Նժդեհ): Ի վերջո, գիտակցության ծիրում եթե պիտի դիտարկել մահը, ապա միայն ու միայն որպես կյանքի նախապայման:
Հայ գրողը պետք է իրեն համարի ազգի գրչակիր զինվորը: Անշուշտ, գրականությունը եթե չի կարողանում իր ժամանակը խորքով մինչև վերջ հասկանալ, զրկվում է ժողովրդի հոգևոր կյանքում դերակատարում ունենալու առաքելությունից, այն շարժվում է իներցիոն, հակվում ձևապաշտությանը և պատային իրադրության մեջ անընդհատ կրկնվում է հոգնեցնելու չափ: Վերջերս շատ է խոսվում հասարակության մեջ գրականության նշանակության անկման մասին, հաճախ էլ` շեշտվում նրա աղքատիկ բովանդակությունը: Ժամանակը լոկ վառ երևակայությամբ չես ընկալի. այն հասկանալի է այնքանով, որքանով գոյություն ունի իրատեսական աշխարհայացք: Բնականաբար, տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներում միանման չի կարող լինել երեկվա ու այսօրվա գրողների մտածողությունը, բայց ազգային դրսևորումները մշտապես կան, ու գրողի պարտքն է դրանք ներկայացնել անաչառորեն: Այսպես, մեր օրերի պատերազմիկ բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը գրում է. «Մեր սահմանը գիծ չէ, ոչ էլ խրամատ… /Մեր սահմանը զինվոր է`/Քաջազուն երակ,/Որի բաբախով/Մենք մտնում ենք կյանք…» («Պատերազմապատ տարածքներ»): Ոչ վաղ անցյալում հայ գրողը նման մտայնությամբ բանաստեղծություն հազիվ թե գրեր, իսկ այսօր այն շատ համահունչ է ժամանակին ու ապրեցնող: Հայրենիքը զինվորյալ բանաստեղծուհու համար չեզոք գոտի չէ, այլ նվիրում է ու ներշնչանքի պանծացում. «Ինձ սեր հագցրու, հագցրու հաղթանակ,/Ուզում եմ քեզնից նորից ընձյուղվել,/Ծաղկել օրերիդ` իբրև ժամանակ» («Պատերազմապատ տարածքներ»): Բանաստեղծ Նորայր Գրիգորյանն էլ հայրենիքի հարատևությունը տեսնում է ծաղկած զինվորների կենսաավիշի մեջ. «Ծեր զինվորները ծաղկած ծառեր են կապույտ լեռներում,/նրանք ամեն օր պտղավորվում են փամփուշտներով» («Ծեր զինվորի ծոցատետրից»):
Գրականագետ Նորայր Ղազարյանը 2017 թ.-ին «Գրական թերթ»-ում զինվորական թեմայով համայնապատկերային հոդված էր հրապարակել` «Զինվորագրյալ բանաստեղծական շարքեր» ոչ ներբողային, կենսապատումային վերնագրով: Խոսուն, տպավորիչ, դիպուկ վերնագիրը, որն ամբողջական աշխարհայացք է, ցույց է տալիս հենց մտքի, խոսքի, բառի ազգային դրսևորման փիլիսոփայությունը, որտեղ պատերազմի ու ոչ պատերազմի սահմաններում «Բառի մեջ կրակող զինվոր կա» (Վարդան Հակոբյան): Հոդվածում Նորայր Ղազարյանը հնարավորինս փորձում է խուսափել բանաստեղծությունները որպես պատերազմական նկարագրումներ դիտարկելուց և այն ներկայացնում է կյանքի ու մահվան միջակայքում` որպես գիտակցված իղձ-խոստովանություն. «Վերջին նռնակս,/երբ որ այն պայթի,/մատիցս հանեք օղակը նրա,/որպես հմայիլ տվեք հայ կույսին`/հանց հարսնանվեր» (Հակոբ Հարություն): Սակայն հաճախ հայ բանարվեստում փափագն ու խոստովանությունը տարանջատված են լինում կամ մեկը մյուսով ստվերված: Ազատամարտիկ բանաստեղծ Գագիկ Սարոյանը, որը ժամանակակից լավագույն բանաստեղծներից է և կյանքի ու մահվան միջև լսել է AKM-74 ինքնաձիգի երգը` «Կույր,/Թափառական/Դեպի թիրախը սլացող/Իմ լուսածիր գնդակի կորագծով»: Հեղինակը չի դառնում այդ կորից թռչող շոշափողը, այլ շարունակում է մնալ լուսածիր գնդակի կորագծի բանաստեղծական պատկերում` մի փիլիսոփայությամբ զոհվող հերոսի. «Եվ նա`/Իմ այսօրվա նահատակը`/Իմ զինվորը կորովի/ Համբուրում է իմ խզակոթը,/Համբուրում է/Անունները իմ զոհված տերերի,/Անունները,/Որ փորված են իմ սվինով իմ կոթին:/Եվ նետվում է,/Նետվում է,/Նետվում է իմ տերը մի վերջին գրոհի:/Եվ սվինն իմ շողում է/Ցոլքերում անտարբեր լուսնի:/Եվ իմ մարմնի ազնիվ պողպատը/Ես զգում եմ արյան մեջ/Իմ վերջին զինվորի,/Իսկ հեռվում` հեռավոր/այն դիրքերում,/Դեռ բուրում է ցնորքի մեջ ուրցը,/Դեռ աճում է պատրանքը`/Վճիռը լացող Աստծո» («AKM-74 ինքնաձիգի երգը»): Այս բանաստեղծության միտքը` կյանքը կանխորոշող, ինչքան էլ լինի գեղարվեստորեն բարձրակարգ, անկումային է, չի նպաստում ազգային ոգու կենսունականությանը: Նմանապես նույն հոգեվիճակային բանաստեղծական գիր է Խաչիկ Մանուկյանի «Գոյամարտը». «Բարձունքը մերն է, տղերքը չկան,/տղերքն ավելի բարձրում մնացին,/Դիպան աստղերին, աստղերը հանգան,/ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին:/Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր/բարձունքը մերն է, տղերքը… չկան»: Հիշյալ «Գոյամարտ» բանաստեղծությունը, ընդունված ու ճանաչված լինելով հանդերձ, չի դառնում հաղթանակածի երգ: Այս իմաստով մեջբերեմ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպից մի հատված, որտեղ թշնամին հակառակորդ է ներկայացված, իսկ յուրային դասախոսին վերապահված է մեղադրյալի դերը. «Հենց համալսարանի գլխավոր մուտքից ներս էիր մտնում, ճեմասրահում մի քանի ամիս առաջ կամավոր բանակ գնացած տղաների սև շրջանակներով լուսանկարներն էին պատին փակցված, պատվանդաններին` մեկական սպիտակ կամ կարմիր ծաղիկ: Չորսն էլ սահմանապահության ժամանակ եղերական մահով էին զոհվել, հինգերորդը գերի էր ընկել: …Զոհերի` կյանքից զրկվելու գլխավոր պատճառը ոչ թե հակառակորդին էին հաշվում, այլ իմ դասախոսությունները»: Մեկնաբանության փոխարեն` անդրադառնամ Ռ. Հովհաննիսյանի «Հայի ոգու հետեղեռնյան կենսաշարժը Հակոբ Հարությունի «Կապույտ Հազ» գրքում» հոդվածի (ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ», հ. 18, 2015, էջ 165-171) մեկնակերպին: Հոդվածագիրը վեպի գլխավոր հերոս է դիտարկում Հայի ոգին, որը միաժամանակ նույնացվում է հայի գիտակցությանը, մասնավորապես` հազարումի փորձություն անցած հայ լեգեոնականի մտքին` աշխարհի մարտահրավերներին դիմակայող: Վեպի առանցքային գաղափարն այն է, որ հեղինակը ազգային գենի շարունակականությունը տեսնում է լեգեոնականի թոռան համոզմունքում. «Հայրս արդեն արմատ է հողում, իմ արմատը հայկական հողում, և մեջքիս լցված հողն էլ, որ հավաքվել էր գոտկատեղիս, դարձել է գոտի` մեջքս պնդած ու վախս բռնած»:
Իսկ լեգեոնական Ղազար պապը հավերժ պայքարող հայի կերպար է, ինքնաժայթքող, ինքնաճեղքվող կերպար, որից ելնում է Վահագնի կրակը, իսկական որդի որոտման: Նրա և հայկական լեգեոնի կամավորների համար հաղթանակի բանաձևը աղոթքն է արդարության, իրավունքի, վրեժի… Վրեժի, որը նրանց ուղեկցեց ողջ կյանքում, մինչև իսկ այն ժամանակ, երբ դադարել էր զինավառ կռիվը, ու նրանց պայքարը աշխարհի դեմ, իրենց աղոթքին հավատարիմ, շատ զավակներ ունենալն էր:
Արդարև, աշխարհագրական ամեն մի լայնություն այնքան մատչելի ու արագ հասանելի է հիմա (էլ չեմ ասում` սոցցանցերը), որ հայրենիքը կարոտելու ժամանակները, կարծես, մնացել են անցյալում: Հիմա ազգ ու հայրենիք ապրեցնելու ժամանակներն են:
Ակնառու է, որ գլոբալիզացված աշխարհը դժվարությամբ է դիմադարձում կորոնավիրուսին, բայց նրա դեմ կանգնել են ազգային գիտակցությունն ու արժանապատվությունը. «Հողը հիշողություն ունի, որն իր տիրոջ խոսքի բույրն է» (Կարինե Խոդիկյան), որի լինելության գրավականը Միտքն է, Խոսքն է, Բառն է, որոնք էլ կյանքի շարժն ուղղորդող էներգիա-հոսքեր են: