ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ժորա Հարությունյան

Գայանե Հարությունյանի կազմած և հրատարակած նոր ժողովածուն նվիրված է մեծ ժողովրդականություն վայելող, անվերապահորեն սիրված, տաղանդավոր դրամատուրգ Ժորա (Գևորգ) Հարությունյանի հիշատակին: Ժողովածուից հորդում է մի վարակիչ ջերմություն, որ կարող էր ստեղծել հարազատ հորը նվիրված, նրա էությունը ճանաչող, կիրթ և զգայուն դուստրը, որը արդի հայ գրական կյանքին ընծայել էր արդեն մեկ այլ գիրք՝ «Եկար, զարմացրիր, գնացիր…» խորագրով: Այն 2006-ին «Ազգ» թերթում մեծ դրվատանքով գրախոսել է գրականագետ Անուշավան Զաքարյանը:
Շատ-շատերն են գրել Ժորա Հարությունյանի թատերական գործերի և նրա սցենարով նկարահանված ֆիլմերի մասին, իսկ խորհրդային գրականության հիանալի գիտակ Սևակ Արզումանյանը նրա ստեղծագործական հարստությունը գնահատել է «Հումորի ասպետը» մենա­գրությամբ:
Ժորա Հարությունյանի հումորի պատճառած հաճույքը, «Ոսկե ցլիկ», «Շրթներկ № 4» «Խոշոր շահում», «Հրդեհ» և այլ ֆիլմերը դիտելով, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր մարդիկ պարզապես վայելում են: Դրանք հիմա էլ զարմացնում են իրենց սուր դիտողականությամբ: Չգիտեմ որևէ գրական երկ, որն այնքան սիրով նկարագրեր խորհրդահայ գյուղի ազնիվ մարդկանց կամ պատկերեր կոլխոզի նախագահի այնպիսի կերպար, որն իր՝ գրոտեսկի հասնող նվիրվածությամբ, միաժամանակ ներկայացներ անցյալի իրականության որոշ անհեթեթությունները:
Ժորա Հարությունյանի դրամատուրգիան բազմիցս գրախոսվել է և արժեքավորվել: Այդ բացահայտումների ընտրանին առկա է այս ժողովածուում: Դրամատուրգին բարձր են գնահատել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Զարյանը, Լևոն Հախվերդյանը, Արամ Գրիգորյանը… վերջինս՝ հիացմունքի անթաքույց դրսևորումներով: Շարունակական դրվատական հոդվածներով հանդես է եկել Պերճ Զեյթունցյանը: Հոդվածները նվիրված են «Ղազարը գնում է պատերազմ», «Խաչմերուկ», «Հարսնացու հյուսիսից», «Հունիս էր, արև», «Քո վերջին հանգրվանը» և այլ ստեղծագործություններին: «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը ցարդ շարունակում է մնալ խորհրդային շրջանի կինոնկարների՝ հաճախ դիտվողների տիրույթում և բոլորովին չի հնացել: Նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի խոստովանությամբ՝ Ժորա Հարությունյան կարդալիս միշտ հիշում է Հովհաննես Թումանյանին, որովհետև նա հայ հանճարեղ գրողի մտքի հստակությունն ունի, և ամենակարևորը՝ «Ժորայի նմանները կյանքը լցնում են լավատեսությամբ, մեծացնում են մեր հավատը կյանքի նկատմամբ» (էջ 260):
Ժորա Հարությունյանի թատերգությանը արձագանքել են ականավոր բեմադրիչներ Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Երվանդ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը, թատերագետներ Խաչատուր Ավագյանը, Վարսիկ Գրիգորյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և այլք:
Հայ թատրոնի երախտավորներ Մհեր Մկրտչյանն ու Սոս Սարգսյանն իրենց բնութագրականներում հատուկ շեշտում են Ժորա Հարությունյանի կերտած կերպարների կենսական կարևորությունը: Արձակագիր, դրամատուրգ, նաև գրականագետ Նորայր Ադալյանը հիմնավորում է այն հանգամանքը, թե նախընթաց գրական որոշակի դրսևորումներ հասցրին Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ» հոյակապ դրամայի երևան գալուն:
Այս գիրքն ունի բազմաթիվ բացահայտումներ, ինչպես, օրինակ, XX դ. վերջին տասնամյակների հայ դերասանական արվեստի մեծերից Մհեր Մկրտչյանը հայտնի է դարձել Ժորա Հարությունյանի «Սրտի արատ» կատակերգության Վիդով Գվիդոնի փայլուն դերակատարումով:
Գիրքը բացում է դրամատուրգի՝ «Ժամանակի շունչն ու ոգին» խորագրով հրապարակախոսությունը, որը վկայում է մշակութային գործիչներին (Վարդան Աճեմյան, Մհեր Մկրտչյան, Լևոն Հախվերդյան, Սոս Սարգսյան, Սվետլանա Գրիգորյան) և արվեստի այս կամ այն խնդիրներին առնչվող՝ հեղինակի սրտացավ ու անաչառ քաղաքացիական դիրքորոշման մասին:
Պակաս հետաքրքիր չէ նաև «Ծիծաղի խաչմերուկներում» բաժինը, որը բացահայտում է դրամատուրգի աստվածաշնորհ հումորը:
Երրորդ բաժնում զետեղված է Ժորա Հարությունյանի չափածո խոսքը՝ «Իմ լռությունը» խորագրով: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանը դրամատուրգի չափածոն այսպես է բնութագրում. «Ժորա Հարությունյանի պոեզիան կարծես նրա ապրած կյանքն է և հուզախռով գիտակցությունը, և ողբերգական բանաստեղծությունները ոչ թե սոսկ ժանր են, այլ՝ հաճախ միայնակ և թախիծով ակոսված հոգու վիճակ: Անաղմուկ և անձայն այդ բանաստեղծությունները միահյուսվում են Ժորա Հարությունյանի թատրոնին և նրա կյանքի դրամային» (էջ 118):
Բանաստեղծությունները մեծ մասամբ գրվել են 1989 թ. և դրանից հետո: Ողջ ստեղծագործությամբ մարդու մեջ բարություն սերմանող գրողը մեր երկրի անկախության տարիներին իր չափածոյում խստորեն քննադատում է կյանքի արատավոր կողմերը և դա անում է անհանդուրժող մտավորականի ընդվզումով: Նա շատ դիպուկ է նկատել, թե ինչպես խորհրդային «մուրճ ու մանգաղը» խնկարկողները միանգամից դառնում են «խաչապաշտ».
Հոգնել եմ, ավա՜ղ, և այդ ամոթից, // Ամոթից խոսող անամոթներից… // Փառքի, համբավի համար դողացող, // Դիրքի, աթոռի համար սողացող, // Մի ձեռքով առնող, մի ձեռքով ծախող // Բութ ու բախտավոր երեսպաշտներից, // Կեղծավոր, քսու այդ սատրապներից, // Խղճին հազար մեղք՝ այդ անմեղներից, // Այդ խաչից խոսող խաչագողերից…
Ժորա Հարությունյանը թողել է մաքսիմներ, որոնց մի մասը նույնպես տեղ է գտել այս գրքում: Դրանք իմաստուն բանաձևեր են՝ «Ընկնելու համար մեծ խելք պետք չէ», «Երախտագիտության ճանապարհը ամենակարճ ճանապարհն է աշխարհում», «Բարությունից է ուժ առնում չարը», «Եթե մարդ չգիտե, թե որտեղից է սերում ինքը, նա ոչինչ չգիտե», «Երևի մի կյանքը քիչ է մարդ արարածին՝ համոզվելու, որ հայրենիք ունենալը արյան պես անհրաժեշտ մի բան է», «Սեփական հզորության մեջ պետք է գտնել սեփական փրկությունը»: Վերջին իմաստախոսությունը խորամիտ պատգամ է՝ ուղղված թե՛ ամեն պետության և թե՛ ամեն անհատի:
Ժորա Հարությունյանի թատերգու­թյունները բեմադրվում էին ոչ միայն Հայաստանի թատրոններում, այլև նախկին Խորհրդային Միության հանրապետություններում: Հատկապես «Խաչմերուկ» դրաման բեմադրվել է ամենատարբեր երկրներում, այդ թվում և` Հունգարիայում: Հատկանշական են ռուսերենով լույս տեսած մեծաթիվ դրվատական խոսքերը, որոնք տպագրվել են Խորհրդային Միության ,,Правда’’, ,,Известия’’ պաշտոնաթերթերում, մշակութային ու գրական կարևորագույն՝ ,,Литературная газета’’, ,,Советская культура’’, նաև Հայաստանի ,,Голос Армении’’ ,,Литературная Армения’’ և այլ պարբերականներում:
Հրաչյա Ղափլանյանը «Հարսնացու հյուսիսից» ներկայացման մասին ,,Советская культура’’ թերթում գրում է. «Բոլոր մարդիկ շատ նման են և կարող են սերտորեն բարեկամանալ, անկախ այն բանից, թե որտեղ են ծնվել՝ արևաշող Հայաստանո՞ւմ, թե՞ կեչիներով ու կապուտակ գետերով Հյուսիսում» (էջ 173):
Գրքում բավականաչափ տեղ է հատկացված գրողի հիշատակին ուղղված հրաժեշտի խոսքերին: Իրեն հատուկ հախուռն ու կրքոտ կեցվածքով, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը գրում է. «Ակամա մտաբերում ես շեքսպիրյան արտահայտությունը. «Մա՛րդ էր, Հորացիո՛…»: Այո՛, Գեորգի Սաղաթելովիչը ՄԱՐԴ էր մեծատառով, և բոլորն էին սիրում նրան, որովհետև ինքը սիրում էր բոլորին» (էջ 298):
Իսկ Արամ Գրիգորյանը գրողի 80-ամյակի առիթով գրված հոբելյանական խոսքը խորագրել է «Ժորայի հետ բարեկամությունը հավերժական ուրախություն էր»: Նման բնութագրականները հավաստում են գրողի էության և նրա ստեղծագործության բովանդակային ուղղվածության հոգեհարազատությունը:
Գրքի վերջին հատվածը («Տարիների հորձանուտում») ֆոտոխրոնիկա է, որը լուսանկարներով տեսանելի է դարձնում գրողի անցած ուղին՝ որպես հայ թատրոնի և կինոյի պատմության տարողունակ ժամանակահատված:
Ժորա Հարությունյանը ըստ արժանվույն է գնահատվել նաև կառավարության կողմից, այսպես՝ 1979 թվականին «Խաչմերուկ» դրամայի համար ստացել է Հայաստանի պետական մրցանակ: Նա նաև արվեստի վաստակավոր գործիչ էր և ուներ բազմաթիվ այլ մրցանակներ, որոնց նկարներն ու վավերագրերի պատճեններն առկա են գրքում: Նշենք, որ ժողովածուում զետեղված մեծաքանակ հոդվածները ներկայացնում են Ժ.Հարությունյանի գրական հարուստ ժառանգությունը:
Ժողովածուն ապագա թատերագետներին և գրականության պատմաբաններին իր բովանդակությամբ մատակարարում է հարուստ նյութ: Բանասեր, գրականագետ, լրագրող Գայանե Հարությունյանը մի հրաշակերտ հուշարձան է ստեղծել՝ նվիրված իր հոր՝ մեծատաղանդ անհատի, դրամատուրգ Ժորա Հարությունյանի հիշատակին, և Հովհաննես Շիրազի հետևությամբ այն կարող է կոչվել «Հուշարձան հայրիկիս»:
Չմոռանանք՝ գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աջակցությամբ, Գայանե Հարությունյանի հիանալի ձևավորումով և «Էդիթ պրինտ» հրատարակչության (տնօրեն՝ Մկրտիչ Կարապետյան) բարձրորակ տպագրությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.