ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱ ԱՄՊԼԻՏՈՒԴՈՎ / Անահիտ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

…Եվ չի արդյոք եղել իր

ողջունած հեռուն

Մի թիարան վատթար…

…Սերունդների երթին ի վնաս…

 

Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը (Եր., Անտարես, 2019): Ուղղորդող իմաստ ունի նաև վեպի նախաբանի ենթավերնագիրը՝ «Ցավոք, ոչ լավատեսական»:

Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ, իսկ մենք շարունակում ենք ապրել կարծրատիպերով: Խոսքը վերաբերում է, իհարկե, ոչ թե նոր սերնդի որդեգրած ապազգային բարքերին, անսահման դիլետանտական մոտեցումներին, որ մագիստրոսական «կրթության» բերած «բարիքներից» է, այլ հետանկախացման շրջանի և վերջին 200 տարվա հայ-ռուսական հարաբերությունների վավերագրական-գեղարվեստական մեկնաբանությանը: Մի խոսքով՝ «անցյալից ու ներկայից ծագող» ոչ թեթև մի ճանապարհորդություն՝ «մեր անցյալի ու ներկայի բավիղներով»: Ներքին մենախոսություն է՝ հաճախ իրոնիկ ու սատիրական ոճով. ուրիշ ինչ կերպ կարող է լինել խոսքը պատեհապաշտ ու միայն անձնական շահերին հետամուտ, երկրի ղեկն ստանձնած ղեկավարների քաղաքականությանը՝ ալեկոծ օվկիանոսում հայտնված անղեկ նավ հիշեցնող մեր պետականությամբ: Վեպի հինգ մաս – հանգրվանները բերում են վերջին երկու հարյուր տարվա մեր պատմության ճշմարիտ վերլուծությունը՝ հարուստ պատմական սկզբնաղբյուրների ընդգրկումով, հազվագյուտ վկայակոչումներով, որոնց երբեմն այս կամ այն ձևով անդրադարձել են մեր գրողներից ու գրականագետներից շատերը՝ Լեռ Կամսարից ու Եղիշե Չարենցից մինչև Աղասի Այվազյան, Կարպիս Սուրենյան, Դավիթ Գասպարյան, Կարինե Խալաթովա, Արմեն Գասպարյան… Ուսանելի էր Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի երկու հրատարակությունների պատմությունը. հաճկատարների ձեռքով, հավանաբար, հեռացվել էին այն էջերը, որոնք վերաբերում էին ցարիզմին ու թուրքերին, և սա՝ 20-րդ դարի 60-ականներին, որոնց «շնորհիվ» նավը «ավազախրվեց» (Պ. Սնապյան):

…Գրողը «կանգնած է» պատմական հեռավորության իր բարձունքում և կարծես մեկ առ մեկ խամաճիկների իր տուփից հանում է դեմքեր ու վավերագրեր՝ չմոռանալով ներկայի դիրքերից գնահատել այն ամենը, ինչ այսօր կրկին մնում է հայկական կյանքի չլսված ու չտեսնված օրակարգում (թուրքը՝ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում): Այսպիսով, վեպի պրոտագոնիստը հենց ինքը հեղինակն է՝ իբրև Հետադարձ հայացք, որ վեպի երևանյան հանգրվաններում արդեն դառնում է հինգերորդ փողոցի բնակիչ ու դեպքերի ականատես: Գործ ունենք նախ՝ քաղաքական վեպի հատկանիշների հետ, որոնք սկզբունքորեն քանդում-խարխլում են մեր իմացածն ու պատկերացումները հարևան-«բարեկամների» մասին: Վեպի մյուս հանգրվաններում քաղաքական վեպը վերաճում է գերդաստանի պատմության՝ օգտվելով ժանրի մատուցած մեծ հնարավորություններից՝ անհատի ճակատագիր՝ ժողովրդի ճակատագիր հատույթով: Արդյունքում Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը ներկայանում է այնպիսի համընդգրկող վավերական հարստությամբ, որ շարունակ, մինչև վերջ զարմանք է պատում հեղինակի էրուդիցիայի հարստությունից ու փաստերի քննության կերպից: Վեպի տարբեր էջերով կրկին ու կրկին անցնում է առաջատար մոտիվը՝ «Պողոս-Պետրոս» հանգերգով: Հարցադրումը մշտակա է, հին ու նոր. ինչո՞ւ մեր անդուլ պայքարը հանուն անկախ ու ազատ Հայրենիքի, ազգային ինքնության հաստատման շարունակ անփառունակ ավարտ է ունենում և, ի վերջո, բախվելով ներքին ու արտաքին խութերի, դարձյալ մեզ նետում անհուսության խորխորատներ: Եվ այս ամենը՝ անկիրք թվացող պատմողի շուրթերով, կենսագրություն, գերդաստանի պատմությունից մինչև Հետահայաց դիտորդ լայնույթով: Անսովոր է նաև վիպական ժամանակը, որ հաճախ տրոհվում է ներկայի և անցյալի, քանի որ ամենիմաց պրոտագոնիստը հայտնվում է բոլոր ժամանակներում՝ մատնացույց անելով հերթական ճակատագրական սխալը: Այստեղից էլ՝ պատումի կրկնատեսությունը՝ անցյալն իր վայրիվերումներով, արդիականության խնդիրները: Ամենավատն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին որքան էլ գրվի (դեռ Ս. Գորոդեցկու «Վերջին ճիչը» վեպից սկսած), մեր մեջ կարծրացած է զգացմունքային լավատեսությունը քրիստոնյա «քեռու» փրկարար առաքելության մասին: Առաջին կանգառը վերնագրված է ընդգրկող ժամանակին հանգույն՝ «Վարք Աբգարդպիր վարդապետի»: Վաճառական պապի ասելով՝ Արծրունյաց տոհմից սերող Աբգար դպիր Թոխաթեցին 16-րդ դարում Հռոմի պապից կարողացել է ստանալ լոկ գրատպության իրավունք. «Գրատպությունն, իհարկե, արքայական գահ չէ, բայց գիրը հաճախ փոխարինում է գահին, հատկապես արքաների բացակայության ժամանակ, քանզի ազգին օգնում է ինքն իրեն չմոռանալ»: Վեպի նպատակն է հիշեցնել, թե «ինչպես են շեն պահում ազգի տունը»: Վեպի պաթոսն ուղղված է ժամանակակից ընթերցողին. «Պատգամում եմ ընթանաս մեր մեծ նախնյաց արևահայաց ճանապարհով, գտնես ազատության ու փրկության դուռը, որտեղից կսկսվի ազգիս վերածնունդը»: Իսկ դրա համար հեղինակը տպավորիչ երթուղով կանգառ առ կանգառ արարում է հայկական սիզիփականը՝ նախ՝ «թևերը քշտած քանդել իր տունը, հետո նրա ավերակները ողբալ»: Վեպում տեղ են գտել մեր բոլոր ժամանակների տարակույսները՝ Եղիշեից Ուռհայեցի. վերջինիս Ժամանակագրությունից էլ սկիզբ է առել «ապագա Աբգարդպիր վարդապետ Մեսրոպյանի տարակույսների երկրային ուղին»: Պատմիչը անհավատալի շերտեր է բացել վարդապետի դիմաց՝ պատասխան տալով նրան հուզող հարցերին: Այժմ նա նկատում է էականը՝ հոգևոր խավը գրեթե չի տարբերվում աշխարհականներից՝ «քեն, նախանձ, շահամոլություն, եսասիրություն, լավագույն դեպքում՝ ավելորդ քաշքշուկ, մտացածին հոգսեր»: Պատմական էքսկուրսները անսպասելի զուգահեռներ են բացում հայոց ճակատագրում, տանում 1022 թ. Անի. «Ահա այսպես եկեղեցի-վաճառական դաս շահամոլ դաշինքը ցեցի նման կերավ արքայական ծիրանին, փոշիացրեց գահը, ժանտախտի նման ամայացրեց հայոց ծաղկուն հողը, դարձրեց քոչվոր հորդաների արոտավայր: Ահա այսպես վաշխառուի հոգով կաթողիկոսի և թուլամորթ ու եղբայրատյաց արքայի շնորհիվ ազգը ծվեն-ծվեն եղավ, քամիների բերանն ընկած ցրիվ եկավ փոքրասիական տարածքներում, հասավ Եվրոպա, Աֆրիկա, Հնդկաստան… Այսպես նրանք կամաց-կամաց մոռացան իրենց հիմնական արհեստները, սրին ապավինելու փոխարեն սկսեցին օտարից փրկություն հայցել, գրչության ծարավն էլ հագեցնել խնդրագրեր շարադրելով… Էլ շեմ չէր մնացել Եվրոպայում, որ խնդրատուները չմաշեին, երբ 1701-ին Իսրայել Օրու մտքով անցավ հայացքը դեպի Ռուսաստան հառել»: Սկիզբ է առնում հույս ու հավատի մի նոր ողբերգություն. չխորանալով իր ընտրության մեջ, փրկության հույսը ավելի քան իրական համարելով, աչք փակելով ռուսամետ հույսերի վտանգներին, օգնելով ոչ միայն նյութապես, այլև զինակցությամբ՝ ավելի են սրում թուրք-պարսիկ հարևանների հետ հարաբերությունները: Զարմանալի թեթևամտությամբ անտեսվում են Ռուսաստանի գաղութային քաղաքականության արդեն շեշտվող պահերը, անհավասար վերաբերմունքը մահմեդական խաների ու Ղարաբաղի մելիքների հանդեպ. «Իսկ մենք, վստահ է, իրեն զինակցելուց հետո այլևս անկարող ենք իր փեշը թողնել, մեզ հետ կարելի է հաշվի չնստել, մենք իրենն ենք ու իրենը, քանզի դարձել ենք տարածաշրջանի մյուս ազգերի աչքի փուշը»: Աբգարդպիրն ինքն էլ, տարված նոր հորիզոններով, փորձում է չնկատել ծայր առնող տարակույսները: «Հաճախ է այս մասին մտածում, բայց ջանում չեզրակացնել, թե Ռուսաստանը ճանաչում է հայոց կրոնական իրավունքները, իսկ քաղաքականը՝ ոչ: Ճիշտ այնպես, ինչպես Պարսկաստանը, ինչպես Թուրքիան»: Վեպի կենտրոնում հայտնվում է «Քննական պատմություն հայոցը», որը բերում է ինքնանվաստացման, ազգի իրավունքները շրջանցելու բազմաթիվ ուշագրավ փաստեր, և այս ամենի համապատկերում՝ Ներսես Աշտարակեցու՝ ազգի ինքնակոչ քաղաքական գործչի ինքնաբավ գործունեությունը, որ, չունենալով դիվանագիտական և ոչ մի հեռատեսություն, հանկարծ դառնում է գլխավոր ռուսասերը, ապավինում ռուսական դեռ չփորձած թանին… «Հային փառավորող հատկանիշը ծառա բարի և հավատարիմ» լինելն էր: Վեպը դառնում է դաժան վիճակագրություն ինքնապաշտպանության հնարավորությունից զրկված Արցախի, մելիքների դարավոր ինքնավարության վերացման փաստերի մասին. 1805 թ.՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելիս Ղարաբաղն ուներ 10 000 ընտանիք, 5 տարի անց՝ 4000-ից ոչ ավելի: Հոգում խտացող կասկածների բեռով Աբգարդպիրը, այդուհանդերձ, դառնում է կայսերական բազմախոստում հրովարտակի տարածողն ու մեկնաբանը. հրովարտակում մեծահոգաբար տեղեկացվում էր, որ իրենց «բարձր հովանավորությանը» արժանի հայերի պահվածքը նկատվել է…

Հայը ռուսին ապավինել ու պաշտել էր դեռ նրան չտեսած ու չփորձած: Իրադարձությունների հետագա ընթացքը՝ Երևանի բերդի գրավումը, Աբգարդպիրին համակած ոգևորության վերջին ակորդն էր՝ ավարտված ռուսական զորքի թալանով և բերդի պարիսպներից մեկի փլուզումով ու մարդկային մի քանի տասնյակ զոհերով: Ներսես Աշտարակեցին հերթական անգամ պարգևատրվում է իբրև կայսրության հավատարիմ, քանի դեռ նրա ջանքերը հարկավոր էին, սակայն ոչ ավելի։ Մինչդեռ սիրողական իր պահվածքով նա պարսիկին գիտեր հինգ մատի պես, իսկ ռուսին՝ ոչ: Պարսիկի վայրագությունը սոսկ խոցում էր, իսկ ռուսի նենգությունը՝ սպանում:

Ավելին, ռուսամետ քարոզները հետևողականորեն իրականացվում են այս անգամ թուրքահայ միջավայրում, հայ վաճառականների միջոցով: Ինչպես տեսնում ենք, պսակազերծվում է ընթերցողին հայտնի կամ անհայտ փաստերի ենթատեքստը, և հայտնվում է տգեղ ու նյութապաշտ, յուրաքանչյուր քայլ հաշվեկշռի դնող նենգամիտ քաղաքականություն՝ մի ողջ ժողովրդի թափած արյան, անկեղծ սիրո և ջերմ վերաբերմունքին հակառակ։ 1829 թ. Ադրիանապոլսի պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանին են անցնում Անապան, Փոթին, Ախալցխան ու Ախալքալաքը, իսկ Արդահանը, Կարսը, Բայազետը, Էրզրումը և այլ հայկական տարածքներ անցնում են Օսմանյան կայսրությանը՝ իսկական բոթ հայության համար: Ինչպե՞ս են արդարացնելու իրենց անհավատարմության փաստը սուլթանին։ Չէ՞ որ հայերի պահվածքն ակներև է եղել: Մինչդեռ արդեն մեկուկես հազարամյակ քաղաքական ղեկավար համարված եկեղեցին կոնդակներ է հղում ժողովրդին՝ հորդորելով կողմնորոշվել… ըստ իրադրության:

Ռուսական տիրապետությունը բերում էր միանգամայն նոր, հայ մարդուն խորթ բարքեր. պարզվում է կաշառքի ամենազոր ուժը: Իսկ ռուսների մուտքով կովկասահայության համար սկսվելու է մի նոր փուլ. հայությունը վերածվելու է քաղաքական շահավետ գործոնի՝ օգտագործվելով նաև Արևմուտքի կողմից:

Երկրորդ կանգառի կարգախոսն է «Հանուն բոլոր ճնշվածների ու հալածվածների»: Սկիզբ է առնում մի խեղված իրականություն, ծուռ հայելիների, կեղծիքի տոնավաճառ, որ այսօր էլ մնում է մեր կյանքի հիմնական կողմերից մեկը: Հիմնականում դարասկիզբն է, բոլշևիկյան տիրապետությունը, իսկ սպանված Աբգարդպիրի փոխարեն Մեսրոպ վարդապետ Մեսրոպյանն է դառնում հայոց սիզիփոսականի մեկնաբանը և ըստ ամենայնի կրողը, կարգալույծ վարդապետը և գործարարը: Պատումը դառնում է էլ ավելի դրամատիկ: Արդարանում են Աբգարդպիրի բոլոր կանխատեսությունները: Առաջին համաշխարհայինի ժամանակ հստակվում է ցարիզմի, ապա բոլշևիկների ծրագիրը՝ Հայաստանը՝ առանց հայերի: Ռուսների՝ ժամանակավոր նահանջների անվերջ բեմականացումով «Պատմության անիվն այնպես շուռ եկավ, որ թուրքերը Արևմտյան Հայաստանը հայաթափեցին ռուսների աջակցությամբ»: «Պատերազմը, որ համաձայն Ազգային բյուրոյի հավաստիացումների և ցարական խոստումների՝ հայկական 6 վիլայեթներին առնվազն ինքնավարություն պիտի բերեր, սկսվեց, խորշակի պես անցավ մեր խանդավառության վրայով, և երեկվա հարսանքավորներս այսօր նստած ենք Արևմտյան Հայաստանի շիրիմի առջև»: Ժանտախտի դերն ստանձնում են բոլշևիկյան կոչերը հողի ու խաղաղության խայծերով։ Ի պատասխան Լենինին ուղղված Հայոց Ազգային խորհրդի դիմումի՝ հեղափոխության առաջնորդի պատասխանն արտառոց սառնարյուն է և անթաքույց. «Հնարավոր է, որ Թուրքիան նոր կոտորածներ սանձազերծի Հայաստանում, բայց համաշխարհային հեղափոխության շահերը պահանջում են, որ ոչ մի զինվոր չմնա Կովկասյան ճակատում»: Եվ հայ զինվորների հիմնական զանգվածը մնում է Ռուսաստանում՝ խորհրդային կարգերի համար կռվելու: Թուրքերի թիրախը դարձյալ հայերն են և նրանց տարածքները: Բարեբախտաբար, Արամ Մանուկյանը, հակառակ թուրքերին չդիմադրելու հրամանին, կազմակերպում է Երևանի պաշտպանությունը:

Հայտնվում են նոր դեմքեր, որոնց վիճակված է ապրել դրամատիկ իրադարձությունների, զանգվածային հոգեխախտության ու անչափելի կորուստների իրենց ժամանակը: Բեմահարթակին են Կարապետ, Սերգո, Մովսես, Պողոս, Նվեր, Արեգ… Գրքի հաջորդ կանգառները վիպում են դժվար ժամանակներում ընտանիքների դրամատիկ սագան: Հայ բոլշևիկների ճակատագրական պահվածքը Բաքվի հայկական կոտորածների ժամանակ, երբ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ հեղափոխության զոհասեղանին դրվեցին տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքեր՝… փրկելով զենք, զինամթերք՝ անզեն թողնելով հայրենակիցներին: Վեպում շարունակ ընդգծվում է նույն պարադոքսը. ինչո՞ւ բոլոր հարցերն ի վերջո լուծվում են ի վնաս հայերի: Անհեթեթություն է մտածել, թե մեզ ուղղակի չեն սիրում: «Մեծ պետությունները սիրով չեն առաջնորդվում, այլ շահով, ուրեմն ինչու մեզ սատարելը ձեռնտու չէ նրանց, ովքեր գծում են աշխարհի քարտեզը»: Ո՞րն է այս ամենի պատճառը, ե՞րբ է դրվել այս խոտոր ուղին: Պատահական չէ, որ առաջադրվում է ճշմարտացի հայոց պատմության գերխնդիրը: Մյուս կողմից էլ ազգի «առաջնորդների» սնափառությունը, որն ստիպում է «Հերովդեսից ավելի հերովդանալ»՝ ի վնաս սեփական ժողովրդի ազգային շահերի: Վարդապետը ճանաչում և խորապես ատում է բոլշևիզմ կոչվող երևույթի երեսպաշտական բացառիկ էությունը՝ խոսք տալով կրկին Հետադարձ հայացքին, քանի որ շատ բան այդպես էլ առեղծված կմնա թե՛ զոհերի, թե՛ դահիճների համար: Թուրքական 3 դահիճներ Մեծ եղեռնից հետո Ռուսաստանում են և հովանավորվում են իբրև ճնշվածներ ու հալածվածներ, իսկ Քեմալի կառավարությունը պատրաստ է համայն մահմեդական աշխարհը խորհրդային դարձնել, միայն թե Ռուսաստանն օգնի ոսկով ու զենքով…

Վեպում նորովի է ներկայանում Միկոյանի կերպարը, որ Լենինի հետ միասին «լուծելու էր» թուրքահայերի խնդիրը: Ահա այդ «գոհարներից» մեկը. «Հետպատերազմյան իրադրությունում վերաբերմունքը հայկական հարցի՝ Թուրքահայաստանի և հայերի հանդեպ անմարդկային է, սխալ և նույնիսկ շատ վնասակար, որովհետև հակասում է համաշխարհային հեղափոխության և իմպերիալիզմի դեմ պայքարի շահերին»: Առաջարկվում էր հրաժարվել Մեծ Հայաստանի գաղափարից, դադարել ատամ կրճտացնել Թուրքիայի դեմ, մեկընդմիշտ վերջ տալ Հայաստանում մահմեդականների հալածանքին, շահել մահմեդական զանգվածների վստահությունը: Մեկնաբանությունը դեռ Վարդան Այգեկցունն է («Այծեր և գայլեր»): Միկոյանի անթաքույց հակազգային դիրքորոշումը նրա երկար ճանապարհի սկիզբն է միայն: «Ապագան ցույց կտա, որ կուսակցական-պետական գործչի նրա փառապանծ կարիերան ծայրեծայր խարսխվել է այս հենքին»: Հենց նա էր շրջանառության մեջ դրել «Ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի» «հանցագործ ու իմպերիալիստական գաղափար» որակումը: Լրացնենք հետադարձ հայացքով. 2014-ին Երևանի քաղաքապետարանը դեռ վիճում էր՝ դնե՞լ, թե ոչ Միկոյանի կիսանդրին:

Ինչո՞ւ այդպիսի դյուրությամբ բոլշևիզմը արձագանք գտավ հայ ժողովրդական խավերի միջավայրում: Ձայնը Կարապետինն է, որ փորձում է հասկանալ անտրամաբանական առեղծվածը: «Աչքաբաց» մեկը ասում է. «Ով ինչ ուզենա, էն կանի, ու վրեն խոսող չի լինի, ուտելիք-խմելիքն էլ լիք ու բոլ»: Մյուս կողմից էլ՝ Բաքվում բնակալած հայ բոլշևիկները՝ Միկոյան, Կոստանյան, Նուրիջանյան, լուրեր են տարածում մաուզերիստների վայրագությունների մասին: Բոլշևիկյան քարոզչությունը խոստանում էր «երկրային արքայություն չքավորին, կանաչ ճանապարհ բախտախնդիրներին»: Բանն այն էր, որ ոչ մի ազգության բոլշևիկ չէր կորցնում իրականության զգացումը, ջանում էր ծառայել իր ազգի շահերին, որքան թույլ էին տալիս պայմանները՝ ի տարբերություն հայ բոլշևիկների, որոնք վերածվել էին անհայրենիք ապազգային խամաճիկների՝ «միայն թե դուր գան, միայն թե մարդահաշիվ լինեն՝ Կարսի անկմանը: Պատճառը այն անակնկալ շրջադարձի մեջ էր, որ կատարել էր բոլշևիկյան քարոզչությունը՝ «թուրքը ռուսի բարեկամն է»:

Բոլշևիկյան ողջ հասարակությունը դարձավ պատվիրատու և պատվիրառու: Այս շրջանակից շեղված – խոտորված մարգինալը չէր ներվում: Այսպես է սկսվում լրագրող Մովսեսի ուղին: Դրսեկին հրեշավոր էր թվում պաշտոնական խոսքի ու գործի անմերձենալի հակասությունը, որ նոր սերնդին օրինաչափ ու սովորական էր արդեն: Պատանին օր օրի հարմարվում էր «վառվռուն պաստառներով ու անվերապահ կարգախոսներով ներկայացվող իրականությանը»: «Եվ լրագրող լինելը ոչինչ չէր փոխում», ընդհակառակը, պարտադրում ու պարտավորեցնում էր հրաժարվել լավագույնից… Ամենազոր ժամանակն է մարդկային գործերի լավագույն դատավորը, ահա թե ինչու հաճախադեպ են դառնում հետահայաց գնահատականները: Հասարակությանն ստիպում էին կրել Յանուսի դիմակներ, սակայն այդ դիմակները հանկարծ անպատեհ ի չիք էին դառնում, ինչպես պատահեց Մովսեսի հետ: Համլետյան ողբերգությունը մանկական ապրում է թվում լայնամասշտաբ մարդամթերումների համեմատությամբ. Մոսկվան դարակազմիկ որոշում է ընդունել՝ Հայաստանի համար սահմանել 500 մարդու գնդակահարության խմբաքանակ: Քաղբյուրոյի անդամ Միկոյանի և նրա շքախմբի ժամանումով գործի է անցնում դժոխային մեքենան: «Известия»-ն հայտնում էր. «Հայաստանի դավաճանները հայտնաբերվել են ընկեր Միկոյանի անմիջական մասնակցությամբ», «Հայաստանի ժողովուրդը երբեք չպիտի մոռանա Միկոյանի՝ իրեն ցույց տրված մեծ օգնությունը»: Տարիներ անց Պողոսը կարդում է սարսափելի իրողությունը. Միկոյանը դիմում է Մոսկվա՝ խնդրելով ևս 700 մարդու գնդակահարության թույլտվություն: Մոսկվան էլ «սիրահոժար» այդ թիվը հասցնում է… 1000-ի. այս կերպ էր Միկոյանն իր տեղն ամրագրելու իշխանության վերին էշելոններում: Մի խոսքով՝ մարդաորս, որը կարող էր հաճույք պատճառել միայն մոլագարին: Ի դեպ, զարմանալին այդ զանգվածային հոգեխախտության ալիքն է, որ այսօր էլ շարունակում է իր հաղթական երթը՝ մարդ էակին զրկելով դատելու ունակությունից: Վեպի ոճը հիմնականում աֆորիզմային է, ընդհանրացումներ անող: Պակաս ուշագրավ ու դրամատիկ չեն վեպի նաև վերջին հատվածները, սակայն արդեն մերօրյա կանգառներով, խեղված հասարակության նորանոր պատկերներով, սատիրական մեկնություններով: «Մի՛ աստվածացրեք Ռուսաստանը,- մեզ է դիմում գրողը,- քանզի այն, ինչը այսօր ձեզ բարիք է թվում, վաղը չարիք է դառնալու»: Տասնամյակներ անց նույն խոցերը՝ արդեն սովորական դարձած. Վերակառուցում, Սումգայիթ՝ «Ցուցադրական սպիտակ ձեռնոցներով՝ սև գործը հանձնելով բնածին մարդասպաններին»… Իսկ Մոսկվան, հավատարիմ իր ոգուն, հայտարարում է, որ Հայաստանին օգնելու պատրաստակամություն առաջինը հայտնել է… Ադրբեջանը («Շնորհավորում ենք երկրաշարժի առթիվ…»): Ասենք, որ ԽՍՀՄ կազմում մնալու ձևական ընտրությունները բոյկոտել են միայն Մերձբալթյան հանրապետությունները և Հայաստանը, իսկ կողմ են քվեարկել Ռուսաստանն ու Ադրբեջանը (99 տոկոսով): Սագայի հերոսներից շատերը այդպես էլ չեն իմանա, որ կգան կեղծ ընտրությունների ժամանակներ, «հարուստների խավ» ծրագրով օրինականություն կստանա հայաստանյան մեկ ուրիշ չարիք, անբնական չափեր կընդունի սոցիալական անհավասարությունը, կկորչի հավատն ամեն տեսակի սեփական իշխանությունների հանդեպ, երկիրն աղետավոր արագությամբ հայաթափ կլինի: Եվ դեռ չեն պակասում մոսկվացի «կիռակասյանները» (ի դեպ, Մոսկվայից գործուղված պաշտոնյայի ապազգային որդին), որը երազում է ստեղծել «Իսրայել Օրի» շարժում՝ «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսով: Բոլոր ժամանակներում Մոսկվան է որոշում, թե ինչը թույլատրել, ինչը՝ ոչ: Թեկուզև այս մի օրինակը՝ Քամյուի «Ժանտախտը» վեպի հայերեն հրատարակության կասեցումը, ապա նաև, ինչպես երևում է ժամանակակից աղբյուրներից, մեծ գրողի ավտովթարի կազմակերպումը… «Գրական թերթ», 39, 2011): Ահա և Լենինի բառերը՝ վերցված Քամյուի «Ընդվզող մարդը» գրքից. «Մենք հեղափոխության երիտասարդ թուրքերն ենք, մի պտղունց ճիզվիտականությունն էլ վերադիր» (Լենին, «Պետություն և հեղափոխություն» աշխատությունից):

Այսպիսով՝ անսովոր ընդգրկուն այս վեպը մեր ամբողջ կյանքն է՝ որոշակի եզրահանգումներով, անցած ճանապարհներին նետված սրաթափանց մի հայացք՝ հայրենասեր անհատի տեսողությամբ:

Վերջին խոսքը ընթերցողինն է՝ ե՞րբ է վերջապես անվանականչը փոխկանչ դառնալու…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.