ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
հրապարակախոս,
արձակագիր, մանկագիր
ՌՈԶԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՍՐՃԱՐԱՆՈՒՄ
Օդը տաք էր ու թանձր՝ բրնձով շիլայի պես, սակայն հոտը շիլայի չէր, ավելի շատ՝ խորովածախառն բենզինի: Տաք օդից, գազանանոցից դեպի քաղաք սլացող մեքենաների արագ հոսքից թեթև գլխապտույտ զգաց, դանդաղեցրեց քայլերը: Ճամփեզրի նեղլիկ մայթին միայն ինքն էր: Մենատան լռությունից հետո դրսի աղմուկն արբեցնում էր, պրկում նյարդերը: Վերջին տարիներին դեպի քաղաքի կենտրոն իջնող այս նեղլիկ մայթն իր միակ երթուղին էր, եթե եղանակը բարենպաստ էր լինում, քաղաք էր իջնում ոտքով, ինչպես այսօր, իսկ վերադարձին պարտադիր կանչում էր վարորդին:
………Սրճարանը, ինչպես միշտ, մարդաշատ էր, բայց ծայրի սեղանը, որ համր պայմանավորվածությամբ իրենն էր համարում, ինչպես միշտ, ազատ էր, և վստահ կարող էր ասել, որ նույնիսկ ցերեկային ժամերին ոչ ոք չէր համարձակվի զբաղեցնել այն: Երբ անցնում էր սեղանների լաբիրինթոսի միջով, ոչ այն է թվաց, ոչ այն է իսկապես ականջին հասավ իր անվան վերջավորությունը, որ ծխախոտի քուլաների հետ միատեղ արտաբերեցին տասնյակ խողովակաձև ձգված շուրթեր, սակայն տպավորությունը երևի թե թվացյալ էր, իր անձն արդեն չէր առաջացնում նախկին հետաքրքրությունը, անգամ ասեկոսեների տեղիք չէր տալիս, կարծես երբեք գոյություն չէր ունեցել: Ահա այն մարդաշատ սրճարանում նույնպես շատերը գիտեին նրա ով լինելը, շատերն էլ անձամբ ծանոթ էին, բայց հիմա նա ընդամենը ճանաչված ամերիկահայ գրող հիշեցնող մի օտարական էր՝ երկար ու հաստ բեղերով, շրջապատված ճաղատի եզրերից աճող նոսր ալեխառն մազերով: Ամեն անգամ հայելու մեջ տեսնելով իր նոր կերպարը` աղոտ սարսուռ էր զգում՝ ինքն էր, բայց անճանաչելիորեն փոխված, կար ու չկար, միայն հոգնած բուի աչքերն էին իրենը:
Բեմահարթակի դիմաց սեղանները միացրել էին իրար, տոնականորեն զարդարել, ըստ երևույթին պաշտոնական պատվիրակություն էր սպասվում: Իր օրոք ևս սեղանները միացնում էին, առատորեն ուտեստներ մատուցում: Չգիտես ինչու, ամեն անգամ առատ սեղանի առաջ հիշում էր այն խղճուկ ուտելիքը, որ հապճեպ դասավորում էին լրագրերի վրա (որպեսզի հետո այդպես լրագրերով էլ դեն նետեն, ավելորդ ափսե չլվանան) այն խենթ գաղափարներով, երիտասարդներով, քաղաքական և ոչ այդքան վերամբարձ կրքերով ներշնչված աղջիկները, որոնք տնից կարտոֆիլ, սոխ ու տնական թթու էին բերում, ինքն էլ ուղարկում էր օղու, էժան ապխտած ձկան հետևից, հապճեպ սեղան էին գցում, հապճեպ ուտում, հետո մինչև լույս աշխատում, հետո ով տուն ուներ, տուն էր գնում, իսկ ինքը մնում էր իր առաջին ոչ պաշտոնական առանձնասենյակում, հաճախ այդ աղջիկներից մեկի հետ:
Դահլիճն աշխուժացավ, իսկապես պաշտոնյաներ երևացին՝ սև կոստյումներով քառակուսի տղաների ուղեկցությամբ: Երկուսն իր նախկին թիմից էին, ձևացրին, թե չեն ճանաչում, այսինքն՝ այլ կերպ ինչպե՞ս կարող էին վարվել… չէ՞ որ ինքն անհետացել էր, չկար, գոյություն չուներ: Երաժիշտները բեմահարթակ բարձրացան, խոսակցությունների աղմուկը տարրալուծվեց երաժշտության ալիքների մեջ: Դաշնակահարն ինքնամոռաց շոյում-ապտակում էր հնազանդ ստեղները, ներս ու դուրս էին անում երիտասարդ աղջիկներին ուղեկցող տարեց տղամարդիկ, հազվադեպ ընտանեկան զույգերն անտարբեր կլանում էին անհրապույր ուտելիքներ, մեծահասակ կիրթ դեմքով կինը, ծղոտե փոքր զամբյուղը ձեռքին, մանր վարդերից բաղկացած գույնզգույն ծաղկեփնջեր էր առաջարկում այցելուներին, տարեց լուսանկարիչն առաջարկում էր իր ծառայությունները, հոգնած մատուցողները՝ կեղծ ժպիտները դժգոհ դեմքերին, ելևէջում էին սեղանների միջև: Հանկարծ հաճախորդներից մեկը վեր թռավ տեղից և լայն տարածելով ձեռքերը՝ ասես բարևելիս լիներ, բարձրաձայն մռնչաց՝ «Վա՜-ու»: Բոլորը շրջվեցին դեպի նա, միայն երաժիշտներն էին շարունակում իրենց գործը: Ինքն էլ անակնկալի եկավ, նայեց, ճանաչեց, կարծես իրեն է ողջունում, փախցրեց հայացքը, բայց իսկույն հասկացավ, որ տղամարդը ոչ թե իր անունն էր տալիս, այլ ոգեշնչվել էր կատարումով:
Երբ երաժշտությունը դադարեց, տղամարդը փոխանակ հանդարտվի, լիքը բաժակը ձեռքին մոտեցավ պաշտոնյաներին, ինչ-որ բան ասաց, նրանք գլխով արեցին, հետո շրջվեցին, անվրդով շարունակեցին իրենց զրույցը: Տղամարդը վերադարձավ դեպի իր սեղանը: Նրա ուղեկցուհին ինչ-որ բան շշնջաց ականջին, տղամարդն արհամարհանքով թոթվեց ուսը, արմունկով թեթևակի հրեց կնոջը: Կինը խոցված ետ քաշվեց և հանդիպեց ծայրի սեղանին նստածի հայացքին, դեմքը գունատվեց, գրեթե հագի գորշ զգեստի գույնը ընդունեց: Երկուսն էլ ճանաչեցին միմյանց, բայց կինն իրական էր, իսկ ինքը գոյություն չուներ:
Տղամարդը նորից վեր թռավ տեղից, նորից տարածեց ձեռքերը, մռնչալով իր անհեթեթ «Վա-ու»-ն, այս անգամ ուղղված թմբկահարին: Կինը քաշեց շապիկից, որ նստի, բայց տղամարդը տարերքի մեջ էր երաժշտությունից, խմիչքից, պաշտոնյաների ներկայությունից: Երաժիշտները գնացին ընդմիջման, բայց երաժշտությունը չդադարեց, հոսեց բարձրախոսներից: Տղամարդը բաժակը լցրեց մինչև պռունկը, բռնեց սեղանից՝ փորձելով բարձրանալ տեղից: Կինն ափով ծածկեց նրա ձեռքը, ինչ-որ բան ասաց՝ աչքերով ցույց տալով զուգարանի կողմը, տղամարդը զայրացած ազատեց ձեռքը և պինդ սեղմելով բաժակը, որ պարունակությունը չթափվի, ուղղվեց դեպի պաշտոնյաները: Հեղուկը թափվում էր տղամարդու ձեռքին, բայց նա չէր նկատում: Կինը պոկվեց իր տեղից, դուրս վազեց:
Սև կոստյումով քառակուսի երիտասարդը մոտեցավ տղամարդուն, ինչ-որ բան ասաց, և նա խոնարհ վերադարձավ իր տեղը, դրեց բաժակը սեղանին ու անհեթեթ հայացքը մխրճեց դատարկ բեմահարթակին: Տարեց տղամարդիկ երիտասարդ աղջիկների ուղեկցությամբ ներս ու դուրս էին անում, մատուցողների դեմքերը թոշնել էին, ուսերը՝ թուլացած իջել, պաշտոնյաները, լուսանկարիչը և ծաղկավաճառ կինը վաղուց գնացել էին, խողովակաձև շուրթերից դարձյալ ծխի քուլաներ էին բարձրանում, բայց դրանք այլևս չէին արտաբերում իր անվան վերջավորությունը. անունը, ինչպես և ինքը գոյություն չուներ: