ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ

Բագրատ ԱԼԵՔՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Թող գա հայացքդ՝
Դառնա սրերին մեր երկարություն,
Եվ հարստություն մնա թշնամյաց
Խավարն անհատակ:

Քայլ արա, զինվո՛ր, արյունն աչքդ առ,
Լցրու դատարկը քո համրացրիվ,
Քո սուրն անշեղ է ու մրրկասլաց,
Որ սկսվում է հենց Լեռան սրտից:

Ելիր, թե որ ճիշտ զարմից ես Հայկի՝
Երկինք ու գետին դրսեդուրս հագած,
Դիր ամենախենթ քո եղբոր գլխին
Հավերժաթագը դեռ գետնին չհասած:

Քո միջով ելիր Լեռը ցավաբեռ,
Թող ձյունն հավիտյան
գլխիվայր ճախրի.
Դու հավատ ու գիր քո հոգում ծաղկես,
Աստված վերևից երկինք ծածանի:

ԿՅԱՆՔԻՑ ԷԼ ԹԱՆԿ
Կյանքի շքերթից
Մի շյուղ ինձ մնաց.
Բախտի անտառից
Վտարված մի ծառ:

Որ հեռու, անէ
Շիրմիս բողբոջում,
Հարալեզներն են
Ինձ կենդանացնում:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Ողջույն չեմ տալիս,
Ողջույն չեմ առնում՝
Աստծո հետ լազվում:

Ո՛չ կյանքն է այստեղ,
Ո՛չ մահն է չքվել՝
Հանց մազերս սև:

Ես հաշվում, հաշվում,
Խաչքամիներից
Մատներս եմ ջարդում,

Իսկ լուսինն անաչք՝
Ահավոր լռում
Ու բուրդ է գզում:

ՑՈՒՐՏ ՄԵՆԱԲԱՆՏՈՒՄ
Երկիրն երկնքով
Լցրի ոտքի տակ.
Նա չհագեցավ,
Անմեգ չշողաց:

Ցուրտ մենաբանտում
Քաջքերն ահարկու
Դեռ գիշատում են
Արևն իմ հոգու:

ՀՈԳՈՒ ՀԵՏ
Հոգին՝ սրբամոլ, անկշիռ անթեղ,
Մահը խափանող ոգեղեն կանթեղ:

Նա քեզ սիրում է է՜ն չուզածիդ չափ,
Ու քեզ հետևում՝ մինչ ջրերն անտակ:

Տարին տարվա հետ գլորում դեմքիդ՝
Վերաձևում է արմատներդ պինդ:
Հետո կռում է իր վաղեկ այցը,
Ձեռամբ է տալիս Հոր հոգեհացը:

Սակայն ոչ մի բան քեզանից չաճեց,
Քո բաց բերանը հենց Մուսան փակեց:

Հիմա, երբ ժամը փարվել է ժամին՝
Անդավ անվանը՝ քեզ հետ է նորից:

Նա անչափության ռիթմով տարուբեր
Բերել է քո դեմ քեզ՝ մորից ավեր…

Զի քեզ սիրում է՝ է՜ն չուզածիդ չափ՝
Նա վերից անտես,
դու՝ միշտ ոտքի տակ:

ԱՆՏՈՒՆԻ
Դեռ ամենատես
Աչքս չթարթած,
Կյանքս էրանեց
Քամին համրացավ:

Իմ տան սև պատից
Աչքս կախեցին,
Ինձ աչքալույսով
Ճանապարհեցին:

Անձեն, անեղել
Թափորը գնաց.
Դրախտը նորեն
Դատարկուն մնաց:

ԱՀԱՎՈՐ ԵՐԱԶ
Մի օր խինդով Մարաստանի
Էշերն համերաշխ զռացին.
Փակեցին դուռը դրախտի,
Չորացավ գիրը իմ բախտի:

Խենթ ու խելքահան ես եղա,
Խաչով ապրելը ուրացա,
Թարգեցի երկնել տքնանքով,
Դարձա ցավի հեռանկար:

Խոլ, քնագող օձն երկարեց,
Գալարվող ձյունն ինձ բարուրեց.
Մայրս երկնեերկինք անցավ,
Ինձ այս աշխարհ էլ չբերեց:

ԾՈՎԻ ՀԵՏ
Կելնի՜ անշարժ, ջուրը կելնի՜,
Իր մերկ մարմնից կփախչի,
Թե նույն տեղում իր ամբարված՝
Դատարկի խենթ իր հոգին:

Իսկ ես՝ ողբաջրից շվար,
Դեռ կհառնեմ ոչնչից,
Թեկուզ դեմքիս հավերժ շողա
Հաղթ շաչյունը ողջ ծովի:

ՊԱՐԱՊ ՀՈԳԻՍ
Գրիչս ուր շարժում՝
Քարերի եմ զարկվում:

Էլ չեմ կարող մատով
Հիացնել ցավ ու շող:

Ծամել հանց օրվա հաց
Լեղին՝ զույգ թշնամյաց:
Ժամն է հրաժեշտի՝
Ծովն է մրրկում վշտի…

Մերձավորաց երթին
Մահն է կանգնել հերթի:

Խեղճ, քարածուփ շիրմիս
Պարապ մնաց հոգիս:

ԼՌՈՒՄ Է ԱՍՏՎԱԾ
Այստեղ՝ հար դրսում,
Անանուն, անանձ,
Տերև եմ անծառ:

Այնտեղ՝ իմ տանն եմ.
Էլ ինչի՞ց պիտի
Ինձ փրկի Աստված:

ՔԵԶ՝ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ
Հուր ու հրեղեն կյանքս հեղեցի՝
Քեզ որոնելով, քեզ հորինելով,
Քարագետն անցա, ջրերն այրեցի՝
Անշեջ ջրվեժով, անհունչ շառաչով:

Գտածներս՝ մեղք, մեղքի մեջ անեղծ.
Կուրացավ աշխարհն ու
հանձն չառավ.
Երկրագունդն ահեղ ընկավ աչքիս մեջ՝
Ծեգով հանեցին-սգաձայն տարան:

Թռչող քարերից պիտի մեգն ընտրեմ,
Ետ գամ քարախոս շշուկով շիրմի,
Պիտի իմ թափուր տեղում շառաչի,
Որ ամբողջովին քեզ տրվեմ նորից:

ՄԻ ԱՆՀՈՒՅՍ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԻ
Երերալով իմ դեմ ելար՝
Մշուշն հագած տեսա,
Անցյալն ուսերիդ՝ կարկատան,
Պարտված դրոշ տեսա:

Պարապ աշունդ՝ ծնկածալ,
Թախծաթառամ տեսա.
Աչքիդ խորքում՝ քեզ դիտարկող
Սովամահիդ տեսա:

ՄԵԾԱՐԵՆՑՅԱՆ ԳԻՇԵՐ
Ի՜նչ քաղցր է ճախրը հոգու հետ՝
Գիշերվա մթնում վերջնապահ,
Երբ ցավն է հանգչում առհավետ՝
Ծաղկում ես լեզվիդ հակառակ:

Դեմ դեմի անհունչ հառաչում,
Քողեքող սողոսկում ես ամա…
Գիշերը անբերան շառաչում,
Չորս կողմից ձայնակցում են նրան:

Գիշերը գլխիդ չափ է արդեն՝
Գլորվում, թռչում է անմարմին.
Քո միջով դու երկինք շտապիր,
Ներքևում թող հավերժ սպասեն:

ՀԱՎԵՐԺԱՎԵՃ
Բաժանումի՝
Միտք ու բվեճ-
Վերջ ու անվերջի
Մշտավեճ:

Հավերժը միշտ՝
Վերջնագահին,
Ճամփին անվերջ՝
Ձգվող մի վերջ:

ՍԱՌՑԵ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ
Ցուրտը ծոցից ելնում,
Ծոցն է մտնում ցրտի.
Անանցից թափանցում,
Գիրկս է նետվում նորից:

Քամու պոչից բռնած՝
Անդարձ կհեռանամ,
Մատներիս մեջ սեղմած
Փշուրը հայրենյաց:
Անդավության դավից
Քամին է սարսռում.
Կյանքիս դատարկ տեղից
Իմ կառքն է ցոլանում…

ԱՍՏՂԱԹԱՂՈՒՄ
Սառն ու անհուզում
Երկնի քաոսում
Աստղերն անանուն
Աստղ էին թաղում:

Իմ սիրտն էր ցավում:

Գետնաքարշ քամին,
Գլխակեր քամին
Ցավամրուր էր
Շփում աչքերիս…

Գիշերն էր ցնծում:

ՔԱՐԱՑԱԾ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Գնացած ընկերներիս

Բառի սկզբից լույսը թալանվեց,
Ցավի տակ ոռնաց ուսերի ոսկին,
Այրվող մատներին հացը ցամաքեց,
Արևներ չընկան սառցե վերևից:

Ցնդեցին նրանք, ցավագարվեցին,
Դիվահարվեցին, դռնեդուռ ընկան.
Ողջ կյանքը անել գամված ճամփեքին՝
Վանդակների մեջ իրենց վառ արյան:

Նրանց ետևից թափորն երկարեց.
Եկան հայհավար մացառ ու մահիկ,
Սարսեցին, լացին ձյուն ու ձնծաղիկ,
Քարացավ շունը… չշարժվեց տեղից:

ՔԱՌԱՏՈՂԵՐ

***
Ես՝ անհունորեն մերկ ու մեկուսի,
Խորին հեծությամբ կյանքս մաշեցի.
Նա ինձ ինչո՞վ էր լրացնում այնքան,
Որ դատարկ ծովս լիքը պահանջի:

***
Ես չէի տեսնում, ես չէի լսում՝
Խնդագին ճիչով քաջք էին ցնծում.
Լացը չէր կտրում օրոցքս դատարկ՝
Քար օվկիանոսում ճիչն ո՞վ է լսում:

***
Ծանր քարերը հավաքում անտի,
Միտք էի անում սրտիս մեջ խոնարհ.
«Երնեկ մեղքերից Տերն ինձ ազատի,
Թեկուզ անդունդը նետի խորաբաց»:

***
Ով դու խոսքի անծայր գերան,
Փականք չունես՝ կապ ի բերան.
Բամբասանքի մեղր ես՝ քաշած,
Հազար-հազար դավի բերան:

***
Ես՝ պարտավոր, ես՝ պարտական,
Նա միշտ անբավ, չար ու անկամ.
Գիտե՞ք, թե ինչ էի արել…
Գերեզմանը չէի փորել:

***
Ստվերում ապրեցի,
Ինձ հավետ կորցրեցի.
Մութն իր գլխին շրջես՝
Չկան էլ չես գտնի:

***
Անմուրհակ, անհաշտ,
հավերժ պարտապան,
Մեղքը նոր մեղք է ծնում անպայման.
Թե գերեզմանն էլ գլխիվայր շրջես՝
Նա կդժգոհի ռիթմից պատմական:

One thought on “ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ

  1. Ջերմորեն շնորհավորում եմ Բագրատ Ալեքյանի հոբելյանը: Ծանոթ եմ անձամբ 2012 թվականից՝ իմ մի քանի գրքերիս տպագրության առիթով: Ազնիվ մարդ, նուրբ բանաստեղծ: Լավագույն մաղթանքներս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։