ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծուհի
ԽԱՆԴՈՒԹ ԶՈՒՌՆԱՋՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Ի՛Մ ԵՐԵՎԱՆ
Չե՛մ թողնելու երբեք, ի՛մ Երևան,
Զորությունը քո մասնատեն
Ու թևերդ փռեն իրենց ճանապարհին
Եվ հրճվեն քո հայտնությամբ
Ոճրագործներն՝ իբրև հաղթած:
Դո՛ւ, որ կամքն ես մեր ինքնության,
Թագավորը լուսաբացի,
Չե՛մ թողնելու, քո հանգիստը
Որ խանգարեն բարբարոսներն:
Քեզ այնքան եմ ես միշտ սիրել.
Հոգուս նման թանկ, հարազատ,
Պիտ հիանամ քո գոյությամբ:
Դո՛ւ այնպես ես միահյուսվել
Իմ գոյության արյան հոսքին,
Որ դարերի փոշին մինչև հիմա
Ծանրացել է խոնավ քունքիս:
Քո պաշտպանն է միտքս ու հոգիս
Ու զինվորը ժամանակի:
Կատարելով հրամանը
Ուրարտական թագավորի՝
Հոգուս պարտքն է քեզ զորացնել,
Հարատևող ի՛մ Երևան:
ՀԱՂԹԱՆԱԿ
Ես հաղթել եմ թուրքին, մա՛յր իմ,
Տուն եմ գալիս փառքով,
Դժոխային պատերազմում
Սիրտս քեզ եմ պահել:
Ես հզոր եմ կամքով
Եվ հաղթել եմ անգամ
Ոհմակներին հերթով:
Ե՛վ տղաներն հզոր,
Իրար սիրով լցված,
Ընկե՛ր, եղբա՛յր ու հա՛յր,
Թուրքի վերջն են տալիս
Սահմաններին Հայոց:
Ես հաղթել եմ մահին
Ու շարել եմ հերթով
Գլուխները թուրքի
Արաքս գետից այն կողմ:
Եվ ջախջախել այնպես,
Որ չփորձեն ելնել
Անգամ գերեզմանից:
Ափսո՜ս, շատ տղաներ ընկան,
Մա՛յր իմ, տուն եմ գալիս փառքով,
Ընկերներիս համար հացի սեղան գցիր.
Աստծո լույսն է բացվել,
Մեր տան դուռը բաց է…
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Փրկության ձայնը դուռդ է բախում,
Քո ցանած սերմը պտուղ է տվել,
Եվ որդիներդ աշխարհեաշխարհ
Պայքար են մղում քո կյանքի համար:
Կամքդ զորեղ է, իմ Հայոց լեռներ,
Դու կապրես նորեն հազարամյակներ,
Թանկ է քո սիրտը որդոցդ համար,
Քո փրկագինը արյամբ են տվել:
Քո սերը հավետ երակիդ գույնն է,
Սուրբ արևիդ տակ
տոհմն է Մեծ հայկյան,
Միավորվել նոր պատերազմի,
Որ մանուկներդ հայերեն խոսեն:
ՇՈՒՇԻ
Մայիսյան լուսե մի առավոտ էր,
Հայոց հարսանիքն էր լեռների վրա,
Շուշին ծածանվեց մեր եռագույնով,
Ու պարում էին տղաներն հուժկու
Հայոց քոչարին իրարու գրկած:
Հաղթել էին նրանք ոխակալ թուրքին.
Լռեցին թշնամու թնդանոթները:
Ու Շուշին նորից խոսեց հայերեն,
Սասնա արյունն էր նրանց երակում,
Եվ հին վրեժով ուխտեցին նրանք
Ազատել թուրքից լեռները հայոց:
Ձյունոտ սարերից մեր հաղթանակի
Եվ եռագույնը իրենց թևերին
Նրանք տուն կգան կամքով արիացու,
Հայոց Արցախից մինչև Սասնա սար,
Լեռների վրա նորից կլինի
Հայոց հարսանիք հավերժ ապրելու:
ԿԱՊՐԵՍ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Դո՛ւ պիտի ապրես, Հայաստա՛ն…
Որքան դավաճան լինի քո ներսում,
Մոլախոտ են նրանք քո ճանապարհին,
Թշնամիներդ` պարսատիկի քար,
Որքան շատ են նրանք քեզ մոտիկ
Դո՛ւ այնքան հզոր և անպարտելի:
Քեզնից եմ սովորել ապրելու կերպը,
Որ քեզ պաշտպանեմ իմ ներկայությամբ:
Դո՛ւ պիտի ապրես քո ոգու ուժով,
Բարձր լեռներով, հարուստ ընդերքով,
Քո որդիների ռազմի զորությամբ
Ու քո բզկտված ճանապարհներով,
Որ քեզ կդառնան կարճ ժամանակում:
Դո՛ւ կապրես, Հայաստա՛ն, քո Իշխանասարով,
Որ հիմա կյանքիդ երակն է դարձել:
Դո՛ւ կապրես թշնամիներիդ ստրկացնելով
Ու քեզ միացող Մհերի դռնով
Եվ ծովերն իրար կապող Մեծ Հայաստանով:
Դո՛ւ կապրես, Հայաստա՛ն, ինձ ու քեզ համար,
Որ կրկնապատկենք զորությունն Հայոց,
Եվ քո բարձրադիր լեռներից կլսվի
Հայոց բարբառը դարեր գնացող…
Հայաստա՛ն, կապրես ինձ ու քեզ համար:
ՍԻՐՏՍ ԱՍՈՒՄ Է…
Սիրտս ասում է՝ կապրես, Հայաստա՛ն,
Քո կյանքի համար ծանր պայքար է,
Հոգիս դողում է գալիքիդ համար,
Նորոգվող հայի սիրտն ես, Հայաստա՛ն:
Քեզ զգալով է Վարդանը կռվել,
Ու դեռ չի մարել պայքարը մեր հին,
Որքան մրոտված ձեռքեր քեզ դիպչեն,
Նրանց մարմաջը մեկ է կմարի:
Սիրտս ասում է՝ կապրես, Հայաստա՛ն,
Քե՛զ անմահներդ են հսկում երկնքից,
Նրանք հուշում են մեզ արթուն մնալ,
Դու բեղուն գետ ես աշխարհի համար,
Հայի երակը քո սիրտն է հոսում.
Ներսիդ թշնամին չգիտի անգամ,
Վահագնի աստվածն է ուժը կյանքիդ,
Սիրտս ասում է՝ կապրես, Հայաստա՛ն…
…………………………………………..
Նորովի ծաղկող հզոր Հայաստան: