Ծանրատար բան է առաջ գնացած տարիքը, բայց այն աւելի ծանրատար կը լինէր, եթէ չլինէին Սուրէն Դանիէլեանի նման յաւերժ երիտասարդ անձինք: Առաջին հարցը, որ անցնում է մարդու մտքով նրան հանդիպելիս, այն է, թէ ինչպէ՞ս է պատահել, որ տարիները անցել են նրա կողքով… ո՞ւր են գնացել նրա տարիները… Այնշտայնի յայտնի տեսութեան մէջ տարիքը պէտք է որ դասակարգուած լինի որպէս ամենայարաբերական կատեգորիաներից մէկը: Իր ամբողջ արտաքին եւ ինտելեկտուալ հմայքով Սուրէն Դանիէլեանը ասուածի վառ վկայութիւնն է:
Այս իրողութիւնը հաստատեց նաեւ նրա վաղեմի ուսանողուհիներից մէկը՝ արդէն 5-6 թոռնիկների տատիկ, երբ 40 տարիների ընդմիջումից յետոյ հանդիպեց իր սիրելի դասախօսին: 2021 թուականի Օգոստոսին Մայր Աթոռին կից նորակառոյց Մատենադարանի սրահներից մէկում նշուեց երջանկայիշատակ բանաստեղծ Վաչագան Յովհաննիսեանի 90-ամեակը, որին ներկայ էինք նաեւ մենք՝ Սուրէն Դանիէլեանը եւ տողերիս հեղինակը: Ասենք, որ նրա գնահատանքի խօսքը՝ նուիրուած Վաչագան Յովհաննիսեանի յոբելեանին եւ համեմուած պօէտի բանաստեղծական տողերով, ինչպէս միշտ, իր ինքնատիպութեամբ տարբերւում էր բոլոր միւս բանախօսների ելոյթներից: Սուրէն Դանիէլեանի ուսանողուհին, նայելով ամբիոնին մօտեցող իր դասախօսին, բացականչեց. «Աստուա՜ծ իմ, աչքերիս չեմ հաւատում: Անցել է քառասուն տարի, եւ Պարոն Դանիէլեանը նոյնն է մնացել, ընդհանրապէս չի փոխուել»:
Գուցէ այս հանգամանքը շարժի շատերի նախանձը, շատերի հիացմունքը, բայց փաստը մնում է փաստ, որ տարիները իսկապէս անցել են Սուրէն Դանիէլեանի կողքով: Հիմա էլ նա նոյն երիտասարդ, արագաշարժ, աւիւնով եւ հարուստ իմացականութեամբ օժտուած մտաւորականն է, գիտնականը, որին ճանաչում են գրականութեանը, գրականագիտութեանը, կրթութեանը եւ Սփիւռքի հայապահպանմանը քիչ թէ շատ մօտ կանգնած մարդիկ: Նա, ի հա՛րկէ, մեզ չի բացի իր երիտասարդ մնալու գաղտնիքը, բայց մենք, բացելով նրա գրականագիտութեան բացառապէս դանիէլեանական էջերը եւ թափանցելով դրանց ծալքերի խորին խորքերը՝ կը փորձենք հասկանալ նրա աշխարհընկալման կերպը, որը, անշուշտ, չի կարող իր հետագիծը չունենալ տարիքին յաղթած մարդու կենսունակութեան վրայ: Ամէն ինչ պիտի որ սկսուի յոռետեսութեան հանդէպ լաւատեսութեան փառահեղ յաղթանակից. լաւատես մարդիկ, որպէս կանոն, բարի են, կենսախինդ, հետեւաբար նաեւ՝ երիտասարդ ու գեղեցիկ: Կայ երիտասարդութեան եւս երկու գաղտնարան՝ մաքուր սիրտը ու մաքուր միտքը: Կարծես թէ գտանք Դաւիթորդու երիտասարդ մնալու գաղտնիքը՝ դեռ չմտած նրա մարդկային տեսակի, ստեղծագործութեան ու գրականագիտութեան անսահման ու բազմահուն աշխարհը: Իսկապէս, թաքցնելու ոչինչ չկայ. թաքցնել կարելի է սննդակարգը, օրակարգը, ապրելակերպը, բայց այն, ինչ գալիս է մարդու մտքից եւ սրտից, գրուած է նաեւ հայեացքի մէջ եւ ո՛չ թաքցնելու բան է, ո՛չ էլ սովորելու: Երջանիկ են ու յաւերժ երիտասարդ լաւատես, մաքուր սրտի, մտքի ու խղճի տէր մարդիկ: Սա է Սուրէն Դանիէլեանի երիտասարդ մնալու գաղտնիքը, դեղատոմսը եւ վարպետութեան դասը բոլորիս:
Սուրէն Դանիէլեանը գրականագիտութիւնը գեղարուեստի բարձրութեան հասցրած, գիտութեան եւ արուեստի սահմանները առաւելագոյնս մերձեցրած գիտնական է՝ ինքնատիպ լեզուով, ոճով, մանրաքանդակ ու խորաքանդակ բառաշխարհով, ինքնայատուկ ու անպարագիր մտահորիզոնով: Դէմքով շրջուելով դէպի հայոց լեզուի աւանդական, դասական գիրը՝ Սուրէն Դանիէլեանը հրաշալի օրինակ է ծառայում ոչ միայն իր ուսանողներին, այլ նաեւ առհասարակ գրչի բոլոր մարդկանց՝ հասկանալի ու հոգեհարազատ դառնալով նաեւ մեր սփիւռքահայ բազմամիլիոն ընթերցողների բանակի համար:
Գաղտնիք չէ, որ գրաւոր խօսքի մէջ աւելի դիւրին է հասնել կատարելութեան, ինչին վաղուց հասել է Սուրէն Դանիէլեանը, բայց նա ամէն անգամ զարմանք եւ հիացմունք է պատճառում իր բանաւոր, յանպատրաստից խօսքի բարձր մշակոյթով՝ սկսած ամենապարզ ու անկեղծ ողջոյնից, բարեմաղթանքից մինչեւ ամենաբարդ գրական կամ գրականագիտական վերլուծութիւն, բացայայտում: Մտաւորական, որը երբեք բառեր չի փնտռում, կարծես բառերն իրենք են գալիս, մարգարտի պէս համաչափ շարւում նրա շուրթերին ու յորդում դուրս: Խօսքի կշիռը ի վերուստ կշռած ու չափը չափուձեւ արած խօսքագէտ, որը, սակայն, միշտ նաեւ սանձել գիտի բառերի անկասելի հեղեղը: Երբեք բառեր չփնտռող գեղագէտը միշտ գտնում է ամենագեղեցիկ ու ամենատեղին բառը, գտնում է առանց ճիգերի, առանց խօսքի աղը պակաս թողնելու կամ չափը անցնելու: Տեսականօրէն խօսքի արուեստը կարելի է սովորել ցանկացած համալսարանում, անգամ դոկտորական ատենախօսութիւն գրել, թէ այ, այսպէս պիտի խօսել, այնպէս պիտի արտայայտուել, որ տպաւորիչ լինի… Բայց խոստովանենք, որ տեսութիւնից ամենահեռու գտնուող արուեստը թերեւս հենց խօսքարուեստն է: Այն ինքնաբուխ է, բնական, օրինաչափութիւնների կաղապարից դուրս եւ տրւում է շատ քչերին՝ անգամ առանց համալսարան աւարտելու: Մեր ասացողներից ո՞վ էր աւարտել այսինչ համալսարանի կամ ակադեմիայի խօսքարուեստի կամ ճարտասանութեան բաժինը: Իսկ ինչպէ՜ս էին խօսում ու պատմում նրանք, ի՜նչ բանահիւսական գոհարներ են պահ տուել սերունդներին իրենց անուսում ու անդասագիրք պատումներով:
Սուրէն Դանիէլեանի դէպքում տեղի է ունեցել երջանիկ հանդիպադրում. ի վերուստ խօսքարուեստի բնածին տաղանդով օժտուած երիտասարդը ստացել է բանասիրական փայլուն կրթութիւն՝ աշակերտելով մայրենի լեզուի եւ գրականութեան հսկաներին՝ Աշոտ Աբրահամեան, Վաչէ Պարտիզունի, Արարատ Ղարիբեան… Եւ յղկուելով ու մաքրագործուելով՝ նրա բանաւոր եւ գրաւոր խօսքը հասել է այնպիսի կատարելութեան, որ նա, իր առջեւ դնելով հայ մարդու ամենանուիրական նպատակներից մէկը՝ հայապահպանութիւնը, ճկուն կերպով կամրջել է արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի ուսուցման, դասաւանդման ու հաղորդակցման մեթոդական նուրբ հնարները:
Սուրէն Դանիէլեանի խօսքը լսելիս միշտ ականջդ սպասում է լեզուաոճական որեւէ մեծ ու փոքրիկ գիւտի. ահա ուր որ է նրա խօսաքաշարից դուրս կը պոկուի մի բացառիկ բառապատկեր, բառաքանդակ, մի գտնուած միտք, որը միայն նրանն է, եւ որը պիտի ջանաս յիշել, իսկ մոռանալու դէպքում մեղադրել քեզ բառագանձ կորցնելու համար: Ասես բառերը նրա զինուորներն են, որոնք, հնազանդ հրամանատարի մտքի թռիչքներին, գեղեցիկ շարք են կանգնում ու առաջ տանում մայրենիի յարատեւ շքերթը:
Սուրէն Դանիէլեանը, հետեւելով իր հանճարեղ աւագի՝ Պարոյր Սեւակի խորհրդին, «չի անցել ասֆալտ ճամբով, այլ գերադասել է ճամբայ շինել»: Այդ պատճառով նա ընտրել է դժուարանցանելի, բայց չտրորուած, եղերական, անսկիզբ ու անվախճան մի ճանապարհ՝ Սփիւռքը եւ սփիւռքահայ գրականութիւնը: Մօտ եօթանասուն տարի մեզնից մերժուած ու օտարուած այդ յարափոփոխ ովկիանոսը, այդ յորդահոս գետը, որտեղ մտնելը հեշտ չի տրւում, քանի որ ամէն յաջորդ վայրկեան այն արդէն ուրիշ է, Սուրէն Դանիէլեանը իր ամէն մի նոր գրքով ու նոր գործով նուաճում է նորից ու նորից («Սփիւռքահայ վէպը», «Միջուկի տրոհումը», «Արեւմտահայ գրականութիւն. Տիտանիկ թէ՞ շարունակականութիւն» եւ ուրիշներ): Նուաճում է ու անթթխմոր սրբազան նշխարքի պէս փոքրիկ կտորներով դնում մեր ափի մէջ՝ ասելով՝ նայէք, ճանաչէք ու սիրէք, սա էլ մենք ենք: Ու եթէ Սփիւռքի գերագոյն նպատակների, մեծ ու փոքր խնդիրների մէջ կայ միակը եւ աներկրորդը՝ հայապահպանութիւնը, ապա Սուրէն Դանիէլեանը դարձել է այդ սուրբ առաքելութեան նեցուկը ներսից՝ «դուրսեցիների» մաքառման շարժիչին հաղորդելով «ներսեցու» ոգեղէն լիցքեր:
Բաւական է նրա հետ հպանցիկ զրոյցն անգամ՝ հասկանալու համար, թէ ինչ խորքային է նրա իմացութիւնը, ինչ ազատ ու վարժ է նա լողում սփիւռքահայ գրականութեան ովկիանոսում՝ իր մէջ կրելով նաեւ այն անփարատելի ցաւը, որը իր հետ տանում է Սփիւռքը եղերական 1915-ից ի վեր:
Գրականագէտը ոչ միայն իր մասնագիտական, այլ նաեւ կեանքի գործն է դարձրել Սփիւռքի հայապահպանման խնդիրը, որը նրա ճշմարիտ համոզմամբ՝ անպայման անցնում է գրականութեան միջով: Հիացմունքի ու բարձր գնահատանքի են արժանի նրա մէկը միւսին յաջորդող գրքերը, մենագրութիւնները, ուսումնասիրութիւնները՝ նուիրուած սփիւռքահայ գրականութեանը, գրողների ճակատագրին, գրական առընչութիւններին: Պանծացնելով Յակոբ Օշականին որպէս գրող եւ գրականագէտ՝ Սուրէն Դանիէլեանը կարծես պարզ հայելու մէջ մեր առջեւ բացում է իր գրական բարձր չափանիշները, նախասիրութիւնները, պահանջները եւ սպասելիքները ապագայի հայ գրականութիւնից:
Գրականագէտը միեւնոյն մայր գրականութեան արմատից սերուած երկու ճիւղերի՝ արեւելահայ եւ արեւմտահայ գրականութիւնների՝ իրարից օտարուելու պատճառների քննութիւնից է սկսում նրանց մերձեցման փորձը: Իր գիրքը վերնագրելով «Միջուկի տրոհումը»՝ նա, կարծես, դիմում է բնական ու ճշգրիտ գիտութիւնների օգնութեանը՝ հասկանալու համար, թէ ինչպէս եւ ինչու է տեղի ունեցել այդ օտարացումը: Գրականագէտի կարծիքով՝ սփիւռքահայ գրականութեան նկատմամբ մեզ մօտ ձեւաւորուել է մի տեսակ վերից, արհամարհական հայեացք: Միջուկի տրոհումը, որ քիմիական ռէակցիա է, շատ դիպուկ ու պատկերաւոր է ներկայացնում մեր գրականութեան վիճակը: Տրոհման ընթացքում միջուկը ռմբակոծւում է նեյրտրոններով… ի՜նչ գտնուած այլաբանութիւն… Հայոց Մեծ եղեռնը, գաղթը, ուծացման վտանգը… ահա նեյտրոնները, որոնք ռմբակոծել են միջուկը: Ռէակցիայի գիտական նկարագրութիւնը ճշգրիտ արտացոլումն է արեւելահայ եւ արեւմտահայ գրականութիւնների օտարացման. «Նեյտրոնների ռմբակոծութեան դէպքում միջուկը դառնում է անկայուն եւ քայքայւում է երկու միջուկների, որոնց չափսերը նման են նոյն կարգի մեծութեան»: Ու թէեւ այս գործընթացում մեծ էներգիա է արձակւում, բայց դա արդէն անուժ է, որովհետեւ միջուկն արդէն տրոհուած է: Գրականագէտը բացայայտում է եւս մի աղէտ. արեւմտահայ գրականութեան միջուկի եւս մի տրոհում՝ հայագիր եւ օտարագիր գրականութեան:
Ու հենց այստեղ է, որ գիտնականն իր տաղանդը եւ կեանքի ժամանակը նուիրում է մի անհաւասար մաքառումի: Ազնիւ ու սրտացաւ հային, մարդուն մեծ ցաւ է պատճառում պոլսահայ գրող Ռոպէր Հատտէճեանի կանխատեսումը, թէ սփիւռքահայ գրականութեան մասին խօսելիս գտնւում ենք մահամերձի անկողնու մօտ: Սուրէն Դանիէլեանը բժշկութեան աստուածային հրաշքին հաւատացողի երկիւղածութեամբ ու նաեւ յոյսով է նայում մեր գրականութեան վաղուայ օրուան: Եւ նա դա անում է ոչ թէ ձեռքերը ծալած դիտողի դերում, այլ՝ մտաւորականի, գիտնականի ամենօրեայ անդուլ աշխատանքով, տքնանքով ու ջանքով: Ու որքան էլ որ նա հասկանում է, որ գրական քաղաքականութեան մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները նպաստաւոր չեն գրական զարգացման, արեւելահայ եւ սփիւռքահայ գրականութիւնների մերձեցման տեսակէտից, այնուամենայնիւ, նա իր ուժերի ներածից աւելին է անում արմատից կտրուած սփիւռքահայ գրականութեան ծառի առողջութիւնը, առհասարակ սփիւռքահայ մշակոյթը եւ սփիւռքահայ մարդու գրամշակութային իրաւունքները նախանձախնդրօրէն պաշտպանելու համար: Վկան` նրա սփիւռքահայ ուսուցիչների հայաստանեան վերապատրաստմանն ուղղուած տասնամեակների անդուլ ջանքերն ու Սփիւռքի գաղթօջախներին տրամադրուած մասնագիտական ու հայեցի օժանդակութիւնը:
