Հայրենի գյուղի դպրոցն ու գրադարանը՝ շրջանավարտ գրողների անուններով

Չորս տարի առաջ Արագածոտնի մարզի իմ հայրենական Հնաբերդ գյուղում մեծ իրադարձություն էր: Գյուղի դպրոցը հետմահու կոչվեց անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի անունով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արագածոտնի՝ այն ժամանակվա մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀԳՄ անդամ, Երվանդ Պետրոսյանի գրչակից ընկերներ Արևշատ Ավագյանը, Լևոն Բլբուլյանը, Ֆելիքս Բախչինյանը, Հովիկ Վարդումյանը, Սամվել Կոսյանը, Տիգրան Նիկողոսյանը, էլի շատերը, Երվանդի դպրոցական և ուսանողական տարիների ընկերներ, համայնքի ներկայացուցիչներ, բանաստեղծի ընտանիքը: Հնչեցին մեծարումի խոսքեր դպրոցի երևելի շրջանավարտի, նրա ստեղծագործական բեղմնավոր ճանապարհի, մեծերին ու փոքրերին հասցեագրված գրքերի մասին: Այդ իրադարձության մասին ժամանակին պատշաճ լրատվություն չեղավ հանրապետական մամուլում:
Ահավասիկ, այս տարվա փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Հնաբերդի կրթօջախում կրկին նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Այս անգամ ևս անվանակոչության հանդես էր. մանկավարժական խորհրդի որոշմամբ դպրոցի գրադարանը կոչվեց մեկ այլ երևելի շրջանավարտի՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանի անունով: Դպրոցի տնօրեն Նելսիդա Նիկողոսյանը, գրադարանավար Արմինե Ադամյանը, գրադարանի ակտիվ ընթերցող աշակերտները ներկայացրին գրող-գրականագետի ներդրումը ժամանակակից հայ գրականության ոլորտում, ընդգծեցին հատկապես մանկագրության պատմության և տեսության վերաբերյալ նրա բազմաթիվ գրքերի ջերմ ընդունելությունը ընթերցողական սերունդների կողմից: Խոսվեց նաև Լյուդվիգ Կարապետյանի խմբագրական, հրապարակախոսական, լրագրողական գործունեության, Երևանի պետական և այլ համալսարաններում տասնամյակների դասախոսական աշխատանքի մասին:
Այդ օրը դպրոցի գրադարանը հարստացավ անվանակիր գրողի նվիրաբերած հեղինակային գեղարվեստական, ուսումնամեթոդական, հանրագիտական և այլաբնույթ շուրջ 100 գրքերով: Վատառողջության պատճառով Լյուդվիգ Կարապետյանը հնարավորություն չունեցավ մասնակցելու արարողությանը, բայց հեռաձայնով ու գրավոր խոսքով դահլիճում հնչեց նրա ուղերձը՝ խոստումով, որ առաջիկայում կայցելի հարազատ դպրոց՝ հայտնելու իր երախտագիտությունը գրադարանի անվանակոչության առթիվ:

Վարդևան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։