ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

Լևոն ԲլբուլյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ
ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ՏԱՍԸ ՔԱՌՅԱԿ
* * *
Այս աշխարհում ո՛չ մեծ համբավ, ո՛չ գանձ է քեզ հարկավոր.
Տես` քանի՜սը հասան դրան, սակայն ո՞վ է բախտավոր…
Չի՛ խանգարի փառքը գուցե, ու փողը չի՛ վնասի,
Բայց քեզ նախ սե՛ր, սիրով լի ե՛րգ, տա՜ք մի սի՛րտ է հարկավոր:

* * *
Բոլորն են, կարծես, կյանքից, աշխարհից խռով քեզ նման.
Շուրջդ մթամած դեմքեր են, հոգնած հայացքներ միայն…
Բայց, չէ՛, տես` ո՜նց է ժպտում այն տղան անցնող աղջկան,
Ականջ դիր` ո՜նց է բակում կարկաչում ծիծաղը մանկան:

* * *
Քանի դեռ կամ, էլի մի բան կհասցնեմ երևի.
Իմ երգերից մի նոր երամ ձեր սրտերում կթևի,
Վերջին մի սեր գուցե վառվի, ցոլանք առնի իմ խորքում,
Ու… նո՛ր` հոգիս գտնի ճամփան, հանգրվանի երկնքում:

* * *
Ոնց էլ ապրես, քեզնից նաև խռով օրեր կլինեն,
Քեզ անհաղորդ, երգերիդ խորթ, փակ հոգիներ կլինեն…
Ու թե կյանքը քեզ անծանոթ հարցեր ունի դեռ տալու,
Ուզես-չուզես` ճիշտ ու սխալ պատասխաններ կլինեն:

* * *
Երևի, իրոք, հսկում ես մեզ, Տե՛ր, դու քո բարձունքից,
Ու չի թաքնվել աշխարհում ոչ ոք դեռ քո հայացքից,
Ո՞ւմ է հարկավոր, սակայն, ամենն այդ և ինչի՞ համար,
Թե չի մաքրվում այդպես էլ կյանքն այս մեղք ու չարիքից:

* * *
Ի՞նչ ես ուզում, ո՞ւր ես գնում, մա՛րդ, այդպես,
Կգտնե՞ս քո որոնածը վերջապես,
Քանի՜-քանի առեղծված ես դու բացել,
Բայց… ինքդ նույն առեղծվածը մնացել:

* * *
Ինքդ քեզնից մի՛ թաքնվիր, հոգիդ այդպես մի՛ կողպիր,
Վա՛ղ է դեռ շատ. այս կյանքի հետ հաշիվներդ մի՛ փակիր,
«Ինչո՞ւ դրի սրտիս կապանք»,- հիշի՛ր խոսքը պոետի
Ու քանի կաս, տրվի՛ր սիրո, գինի՛ խմիր ու երգի՛ր:

* * *
Տե՛ր, քո կանչով ե՛ս էլ եկա երգելու,
Իմ կարոտի, ցավի դաշտը հերկելու,
Չարության հետ սո՛ւտն ու բի՛րտը հերքելու
Եվ իմ չափով սերն աշխարհում փրկելու:

***
Մի՛ տանջիր քեզ, մեկ է, կյանքը էլի նույնը կմնա,
Դու էլ կանցնես, բան չի փոխվի, նույն իր հունով կգնա.
Քանի՜ քանիսն են քեզ նման փորձել աշխարհը շտկել,
Բայց ո՛չ զենքով, ո՛չ էլ երգով գործը գլուխ չի եկել:

***
Շատ սերեր են աշխարհում սուտ դուրս եկել,
Անթիվ երգեր ամուլ ու փուտ դուրս եկել,
Բայց, մե՛կ է, ինձ թվում է, թե այս աշխարհ
Ես հենց սիրո՛, երգի՛ համար եմ եկել:
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒՂԻՈՎ
Արագ փոփոխվող մեր ժամանակներում, օրերի թոհուբոհի մեջ, չափազանց կարևոր է աչքաթող չանել հոգևորը` միշտ հիշելով, որ սրտի, մտքի, հոգու պահանջներ կան, գեղեցիկի, բարու, ազնիվի կարոտ ու ծարավ, որոնք ավելի մնայուն ու հավերժական արժեքներ են, քան առաջին հայացքից նույնիսկ կարևորագույն թվացող շատ հարցեր ու խնդիրներ: Բարեբախտաբար, մեր կողքին ապրում, ստեղծագործում են մարդիկ, ովքեր իրենց կյանքի նպատակը տեսնում են հենց այդ հոգևորի մեջ` մարդկանց սփոփանք, հույս ու ջերմություն բերող խոսքի, հնչյունի, պատկերի մեջ: Այդպիսիներից է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր Լևոն Բլբուլյանը: Ապրել է լավ ու վատ օրերի մեջ ու գրել իր տողերը, որոնցից շատերը նաև վերածվել են երգերի, մտել մարդկանց տներն ու հոգիները: Ահա թե ինչու «օրեր» բառը Լ. Բլբուլյանի ժողովածուների վերնագրերում («Աներգ օրեր») ու շատ բանաստեղծություններում պատահական չէ: Օրերը խորհրդանշական բնույթ ունեն բանաստեղծի համար: Օրը կյանքի խտացումն է` իր բոլոր ծայրահեղություններով ու նրբերանգներով, ցավով ու խինդով, ներքին խտացումներով, ինչպես, օրինակ, «Օրն անցավ» քերթվածում` «Այս օրն էլ անցավ, եվ հոգուս վրա//Արևափոշու մի նոր շերտ թողեց,//Հայացքիս մեջ նոր//Լույսի արահետ բացեց աննկատ//Եվ ունկերիս մեջ//Պահ տվեց ձայներ անվերծանելի…»: Այդպես են ստեղծվել ավելի քան երկու տասնյակ բանաստեղծական, թարգմանական, երգիծական ժողովածուները, Վլ. Խոդասևիչից, Վլ. Վիսոցկուց, Ա. Ախմատովայից, Վլ. Սիլկինից և ուրիշներից կատարած թարգմանությունները, որոնց բոլորովին վերջերս ավելացավ նաև Օմար Խայամի քառյակների թարգմանական ծավալուն հատորը:
Այդ ամենը, ահա, տարիների հետ դարձել է ավելի քան կեսդարյա ստեղծագործական կյանքի կենսագրություն, և ոչ միայն իր, այլ նաև մեր բոլորի ապրած դառն ու լուսավոր, տգեղ ու գեղեցիկ, գետնաքարշ ու վերասլաց օրերի, ժամանակի գեղարվեստական դիմապատկերը, տարեգրությունը: Այսօր` շնորհավորելով գրողին 70-ամյակի առթիվ, կարող ենք ասել, որ գրքից գիրք ինքնաճանաչման ու ինքնահաստատման տեսանելի-անտես ուղի է անցել Լևոն Բլբուլյանը, և մտերմիկ շնչով բանաստեղծություններ են ծնվել այդ ճանապարհին, իր խոսքերով` երգեր ապրելու մասին:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ՑԱՆԿԱԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Սիրով ու հաճույքով եմ այս «երկու խոսքը» գրում իմ կրտսեր գրչեղբոր ու բարեկամի` թե՛ ստեղծագործական շնորհներով, թե՛ մարդկային ազնիվ, համակրելի նկարագրով գրական մեր ընտանիքում վաղուց իր ներկայությունն ապահոված Լևոն Բլբուլյանի մասին: Բազմակողմանի ու արդյունավետ գործունեությամբ է նա կարողացել կարևոր, կայուն այդ ներկայությունն ապահովել ընդհանրապես մեր մշակութային դաշտում. բանաստեղծական իր ժողովածուների շնորհիվ, որ աչքի են ընկնում քնարականությամբ, պարզության մեջ խորն են ու խոհական, ռուս դասական ու ժամանակակից պոեզիայից կատարած հմուտ թարգմանություններով, որ թարգմանական հեղինակավոր «Կանթեղ» մրցանակ են ապահովել նրա համար, և, անշուշտ, իր խոսքերով հայ անվանի ու երիտասարդ երգահանների ստեղծած բազմաթիվ գեղեցիկ երգերով, որ մեր շատ երգիչ-երգչուհիների կատարմամբ հաճախ են հնչում ռադիոյով ու հեռուստատեսությամբ, տարբեր բեմահարթակներից: Չեմ կարող չհավելել նաև Լևոնի լրագրողական, հրապարակախոսական բազմամյա գործունեությունը, հումորի սիրահարներին նվիրած նրա ուրախ գրքերը` ուտող-խմող քյավառցիների մասին զվարճալի «արաղապատումներով»: Այստեղ հիշեցնեմ, որ Լևոնը «Ոզնի» երգիծաթերթի կրկնակի դափնեկիր է նաև…
Ասել է թե` ծննդյան յոթերորդ տասնամյակը բոլորող Լևոն Բլբուլյանը գրեթե ստեղծագործական պարապուրդներ չի ունեցել, միշտ կարևոր որևէ անելիք է գտել իր համար ու ինչ ոլորտի էլ ձեռք է զարկել` հաջողել է կարծես: Եվ դիպուկ էր երջանկահիշատակ Լևոն Անանյանի կատակը, երբ մի առիթով ասաց` «Միակ ոլորտը, որտեղ Լևոն Բլբուլյանը հաջողություն չի արձանագրել, իր բուն մասնագիտությունն է` գյուղատնտեսությունը…»:
Ես լավ եմ հիշում Գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը նոր ավարտած, բայց արդեն պոեզիայով «հիվանդացած» երիտասարդ Լևոնին, քանզի ինքս եմ հանրապետական մամուլում, կարելի է ասել, ժամանակի ամենասիրված ու մասսայական թերթում` «Ավանգարդում», առաջին անգամ տպագրել նրա բանաստեղծությունները:
Դա ավելի քան հիսուն տարի առաջ էր: Իսկ այսօր, երբ նշվում է Լևոն Բլբուլյանի հոբելյանը` որպես մեր սիրված ու ճանաչված բանաստեղծներից, վարպետ թարգմանիչներից մեկի, ես, բնականաբար, լավ եմ զգում, որ ի սկզբանե նրա վերաբերյալ չեմ սխալվել: Ասեմ ավելին. նա աստիճանաբար շատ կապվեց մեր թերթի հետ ու որպես լրագրող ևս կայացավ առավելապես «Ավանգարդում», թեև Հանրային ռադիոյում էր աշխատում: Ի դեպ, ես բարձր եմ գնահատում այդ գործունեության ընթացքում ծնված նրա «Ժամանակ և դեմքեր» գիրքը, որտեղ ամփոփված են Լևոնի ուշագրավ հարցազրույցները մեր երևելի տասնյակ գրողների ու արվեստագետների հետ: Մեր իրականության, երկրի ու հենց իրենց մասին նրանց շատ հետաքրքիր խոհ ու մտորումները, նուրբ դիտարկումները ստեղծել են մեր բարդ ժամանակի յուրահատուկ դիմանկարը կարծես, ու վստահ եմ, դրանք ապագայում պիտի որ շատ ավելի կարևորվեն:
Այսպես, կամա-ակամա, ինչ-որ տեղ վկա ու նաև մասնակից եմ եղել Լևոն Բլբուլյան գրողի ստեղծագործական աճին ու կայացմանը, հաճույքով հետևել նրա առաջընթացին և, իհարկե, ուրախ եմ մեր գրականության մեջ այսօր նրա ցանկալի ներկայության համար: Նույնքան ու ավելի արգասավոր ուղի եմ մաղթում հոբելյարին գալիք տարիների մեջ:
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

ԳՐԻ ԱՆԺԱՄԿԵՏԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեր սերունդը դժվար մուտք գործեց գրականություն: Չափազանց շատ էին դասականներն ու դասականացվածները, որոնց անունները վաղուց արդեն չեն շրջանառվում: Մեր սերունդը դժվար ինքնահաստատվեց: Հազիվ վայելած խորհրդային տարիների` այն ժամանակ մեզ ահռելի թվացող հոնորարները, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ինքներս ենք հայթայթում մեր գրքերի հրատարակության գումարները, համակերպվում ենք հոնորար բառի մոռացության հետ: Այսքանից հետո դուք ինձ հարցնում եք, թե ինչու է Լևոն Բլբուլյանը` իմ գրչակիցն ու մարդկայնորեն, մարդկայնությամբ մտերիմը, անխոնջ օրեր ու անքուն գիշերներ անցկացնում համակարգչի առաջ, գրում, հղկում իր բանաստեղծությունները, թարգմանությունները, երգերի տեքստերը` հանիրավի անտեսված դժվարագույն, բացառիկ արհեստավարժներին հասու գրական սեռ: Իհարկե` ո՛չ մոռացված հոնորարի, ո՛չ էլ «թղթի փառքի» ունայնության համար: Շատ ուշ չէ` հիսուն, հարյուր, հարյուր հիսուն տարի հետո մի դեռատի, վարսահյուս հայուհի Երևանի, Ցղնայի, Վանի, Ակնի գրախանութում գնելու է Լևոն Բլբուլյանի միհատորյակը, ամբողջ գիշեր կարդալու ու իրեն երջանիկ է զգալու: Այդ երջանկությամբ է այսօր երջանիկ իմ բանաստեղծ բարեկամը:
Բարի հոբելյանական տարեդարձ:
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Զարմանալի բազմակողմանի է Լևոն Բլբուլյանը. նա և՛ բանաստեղծ է, և՛ ակնարկագիր, և՛ հումորիստ, և՛ թարգմանիչ: Նաև` երգերի լավագույն տեքստերի հեղինակ, մի բան, որ շատ կարևոր է մեր ժամանակներում, երբ շատ երգեր գրվում են չգիտես ինչ լեզվով ու ինչ մակարդակով: Լևոնը այդ իմաստով, իսկապես որ, դասական է: Առհասարակ, բանաստեղծի, գրական գործչի նրա կերպարը դասականն է. իր բանաստեղծության ձևով, բովանդակությամբ, իր կեցվածքով նա շարունակում է հայոց բանաստեղծների վարքն ու բարքը, նրանց նվիրվածությունը գործին, ժողովրդին: Եվ հետո, իր ստեղծագործությամբ նա զարմանալիորեն բարի է. Բլբուլյան ազգանունը շատ համապատասխանում է նրա էությանը, ողջ գործունեությանը:
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Մեծ է Լևոն Բլբուլյանի վաստակը մեր երգարվեստում: Տարիներ շարունակ նա համագործակցել է մեր գրեթե բոլոր երևելի երգահանների հետ, և շատ երգեր մեծապես նաև նրա շնորհիվ են խոսել ունկնդրի հոգու հետ, բռնել ժամանակի քննությունը: Մենք` կոմպոզիտորներս, դրա համար երախտապարտ ենք բանաստեղծին: Վստահ եմ` երգարվեստի բազմահազար սիրահարները ևս: Ինձ դուր է գալիս բառի, տողի նկատմամբ նրա բծախնդրությունը, երգի ժանրի առանձնահատկությունների ու գաղտնիքների իմացությունը, աշխատասիրությունը: Առանց այդ ամենի, բայց առաջին հերթին, իհարկե, քնարական խորունկ բանաստեղծի ակնառու շնորհի, նրա խոսքերով ծնված երգերը այնպես շահեկանորեն չէին առանձնանա երգի այսօրվա խայտաբղետ շուկայում:
Կոնստանտին ՕՐԲԵԼՅԱՆ

Վաղուց եմ ճանաչում Լևոնի թե՛ ազնիվ, աշխատասեր ու նվիրալ մարդկային նկարագիրը ու թե՛ հուզառատ-մտածական պոեզիան, որտեղ ամեն ընթերցող, կարծում եմ, գտնում է նաև իր միտքն ու հույզը: Նա այդ գաղտնիքին տիրապետում է` իր աշխարհի հարցերն ու պատասխանները դարձնել շատերինը, խոսել կյանքի ու ժամանակի անունից, իր միջոցով ներկայացնել մեզ, մեզանով` իրեն: Նրան բնորոշ է և՛ անձնականությունը (էլ ի՞նչ բանաստեղծ, հատկապես բանաստե՛ղծ, որ այդպիսին չլինի), և՛ հասարակական ջիղը, որը նույնպես ամեն իսկական բանաստեղծի հատկանիշ է: Այս երկու մոտեցմամբ Լևոն Բլբուլյանը բազմաթիվ ընտիր բանաստեղծություններ է գրել, որոնք ցրված են նրա գրքերում…
Կուզենայի նշել նրա պոեզիայի հասցեատիրոջը: Նա մի տարիքի ընթերցող չի, ամեն մեկն այդ «փոստում» ունի իր ծրարը, որը նրա պոեզիայի բազմազանության ու տարողականության վկայությունն է: Այդ նվագախմբում առանձնահատուկ մեղմությամբ ու թափանցիկորեն է հնչում սիրո քնարը` մաքուր, դրամատիկ, բազմաթիվ անհայտներով լի…
Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Լևոնը այսօր մեր հայտնի բանաստեղծներից է: Նա բանաստեղծական իր ճանապարհն ունի և գնում է համառ ու անշեղ այդ ճանապարհով: Բայց իր հայրենի Գավառում և նրա սահմաններից դուրս, չեմ սխալվի, եթե ասեմ` ողջ Հայաստանում, Լևոն Բլբուլյանին սիրում են նաև ստեղծագործական մի այլ տեսակի համար: Քյավառի անեկդոտները վաղուց բանավոր շրջում էին Հայաստանում, մարդիկ պատմում էին հաճույքով ու ծիծաղում: Բայց Լևոնը հասկացավ, որ դրանք պետք է հավաքել, հարդարել ու տպագրել: Դրանով իսկ նա կրկնակի ծառայություն մատուցեց` մոռացությունից փրկելով իր հայրենակիցների բանավոր ստեղծագործության այդ հիանալի նմուշները:
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀԻՍՈՒՆ ՏԱՐՎԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Մեր սերնդի գրողների համար ժամանակն արդեն արագացել է: Հերթով մտնում ենք 70-ի մեջ և առաջանում: Բնական ճանապարհ է դեպի անմահություն կամ մոռացում: Եվ, ահա, իմ լավագույն ընկեր, իմ սիրելի արվեստագետ Լևոն Բլբուլյանը նույնպես հատում է 70-ի սահմանը: Մեր ընկերությունը մոտ 50 տարվա պատմություն ունի: Միասին ենք գրական դաշտ մտել, միասին քայլել, «պայքարել» մեր տեղի համար: Եվ ուրախ եմ ու հպարտ, որ երկար այդ ճանապարհին միշտ մնացել ենք հավատարիմ, անդավաճան ընկերներ: Երկուսս էլ, համապատասխան կրթություն չունենալով, մտել ենք բանասիրության բնագավառ ու կարողացել ենք արմատներ գցել: Ե՛վ «Ավանգարդ» թերթում, և՛ Հանրային ռադիոյում աշխատելու տարիներին Լևոնն ինձ հաճախ է օգնել տպագրվել, եթեր դուրս գալ: Նա միշտ կամեցող է եղել ու սրտացավ: Եվ քայլել ենք միասին, միմյանց օգնել առաջանալու, գրական դաշտում հաստատվելու… Բայց ավելի շատ ինքը` ինձ:
Ես ուրախ եմ, որ շատ սկսնակների շրջանակից Լևոնը այն քչերից էր, որ կայացավ, հաստատվեց որպես իր ոճ ու ձեռագիրն ունեցող, հայ պոեզիայի ավանդույթներին հավատարիմ պոետ: Ուրախ եմ նաև, որ հայ ժամանակակից գրողների շարքում իր հաստատուն տեղն ունենալով, ավելի հասուն տարիքում ձեռք զարկեց նաև թարգմանչական արվեստին ու այստեղ ևս հաջողեց: Լեգենդար երգիչ-բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկու երգերի` նրա հմուտ թարգմանությունն այնպիսի համբավ բերեց թարգմանչին, որ, ժամանակ անց, ռուս մի շարք գրողներ հենց նրան դիմեցին իրենց գործերն հայերեն թարգմանելու համար: Իսկ, ահա, պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի քառյակների թարգմանությունները, որ անցյալ տարի հրատարակվեցին ստվար մի հատորով, թարգմանչի վարպետության առավել ցայտուն մի դրսևորում են և աչքի են ընկնում թե՛ բանաստեղծականությամբ, մեղեդայնութամբ, թե՛, որ շատ կարևոր է, նախորդներից առավել մոտ ու հարազատ են բնագրին: Պատահական չէր, որ ժողովածուն 2018-ի լավագույն թարգմանական գիրք ճանաչվեց` արժանանալով Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակի, որն, իհարկե, գեղեցիկ ու արժանի նվեր էր նրան` տարեդարձի շեմին: Ի դեպ, հոբելյարն ստեղծագործական ոչ պակաս արժեքավոր ևս մի նվեր ունի. Գրողների միությունների միջազգային ընկերակցության կողմից հենց վերջերս Մոսկվայում տպագրվել է նրա բանաստեղծությունների ռուսերեն ընտրանին: Հրաշալի՜ է, իհարկե, բարձր պատիվ յուրաքանչյուր գրողի հանար: Բայց ես գիտեմ, որ ի՛ր համար ամենից կարևորն ու ուրախալին երրո՛րդ նվերն է` հայրենի քաղաքի ավագանու դարձյալ վերջերս ընդունած որոշումն ու համապատասխան հավաստագիրը, ըստ որի` Լևոնն իր ծննդավայր Գավառի պատվա վոր քաղաքացու կոչմանն է արժանացել… Ասենք շնորհավո՛ր:
Ակնհայտ է, որ 70 տարեկանում էլ մեր գրչեղբայրը լեցուն է երիտասարդական ավյունով ու երազանքներով: Ջերմորեն շնորհավորելով կեսդարյա ընկերոջս հոբելյանը` ցանկանում եմ նորանոր ծնունդներ, վերելքներ` դեպի գրականության բարձունքները:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։