ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ Արտավազդ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Թանկագի՛ն հայրենակից.
Իմ սեղանին քո երեք գրքերն են՝ իրար ետևից հրատարակված վերջին յոթ տարիներին: Զարմանալի է, որ քո առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Մասնատուփը», լույս է տեսել ստեղծագործական ակունքներից… շուրջ կես դար անց: Հազվադեպ երևույթ ժամանակակից հայ պոեզիայի ոլորտում: Գուշակություններ չեմ անում, թեև դա կա՛մ աշխարհ եկած խոսք ու խոհի հանդեպ քո բարձր պատասխանատվության վկայագիր է, կա՛մ, թեև ուշացումով, պիտի այդպե՛ս ընթերցողին ներկայանար Արտավազդ ՆԱԶԱՐՅԱՆ բանաստեղծը: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Թեև այդ գրքերի ծննդից էլ առաջ մամուլում բանաստեղծական հրապարակումներով արդեն իսկ ինքնատիպ ստեղծագործողի համբավ ունեիր: Քո՝ ինձ տրամադրած գրքերին ուղեկից խնդրանք կա՝ գնահատանքի խոսք ասել քո անցած ստեղծագործական ճանապարհի մասին:
Այս բաց նամակին նախորդել են հանդիպումներ մեր անվանի հայրենակից, բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի հիմնադրած օշականյան «Յոթ մուսաների այգի» գրական-մշակութային կենտրոնի մրգատոներին՝ ճանաչված շատ գրողների, արվեստի գործիչների մասնակցությամբ: Բայց ինձ համար տպավորիչ էր Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում գրողների հետ հանդիպումը, երբ դու ոգևորությամբ ասմունքեցիր հայրենի Աշտարակին նվիրված քո ձոներգը.
Ես հոսեցի, եկա ակնկիթ լճից՝//Ուրարտական ջրանցքի հունով://Անցա քարափների ամուր խոռոչներով,//Կանգնեցի Կարմրավորի կարմիր բարձունքին//Եվ որոշեցի, որ ես ու դու մեկ ենք…
Եվ ահա միանգամից երեք գիրք՝ մի փոքր «տարօրինակ» խորագրերով, որ էության մեջ քո ստեղծագործական ինքնատիպ աշխարհի խորքերն են մեզ տանում: Տաղանդավոր, ինչ-որ տեղ «անհայտ» բանաստեղծ Արտավազդ Նազարյան, որ մեր պոեզիայում իր խոսքն ու խոհն է ասում՝ ոչ մի այլ ժամանակակից հայ բանաստեղծի երգաշխարհին չնմանվող նվագներով: Չգիտեմ, սխալվում եմ, թե իրոք հենց դա քո ինքնատիպության խորհրդանիշն է, որ «Արվարձան» գրքի «Այրվող ներկապնակ» պոեմում ներկայանում ես տոլստոյական խոհափիլիսոփայությամբ: Մեր «կյանքի բոլոր բազմազանությունները, ողջ հմայքը և գեղեցկությունները բաղկացած են ստվերից ու լույսից: Հարափոփոխ ժամանակների և մարդկային տագնապների, հոգեկան խռովքների, որոնումների, մտորումների, մի խոսքով՝ ամեն ինչ և ամենուր ամփոփվում են ստվերի և լույսի, գույնի և ձայնի, ցերեկվա ու գիշերվա, արևամուտի և այգաբացի, տիեզերական-երկրային այլ համաչափությունների ու հակադրությունների «որոգայթներում»: Եվ ինքնատիպ խոհերի ու փիլիսոփայական մտածումների այս հակադրապատկերներում երևակվում է, իմ կարծիքով, քո պոեզիային յուրահատուկ մեկ ուրիշ հատկանիշ: Թվում է, թե քո «Մասնատուփի» աշխարհը ներփակված է, քո «Արվարձանի» տարածքը տարանջատված է քաղաքից ու աշխարհից, քո «Ուղեփակոցը» «յոթ կողպեքով» փակված է աշխարհի ու մարդու առաջ: Բայց, չէ՛, միանգամից բացվում են դռները մարդու և աշխարհի առաջ, և հնչո՜ւմ, հնչում են նազարյանական ներհուն պատկերներով երգերը՝ խոսքի ու խոհի, «ստվերի ու լույսի» հարափոփոխ ելևէջներով:
Իհարկե, սա իմ դիտարկումն է, որ կարող է և ամբողջովին կամ մասնակիորեն «տեղավորվել» քո մտորումների տեսլականի մեջ: Բայց քո պոեզիայում քիչ չեն այն երգերը, որոնք սրտի և հոգու զանգակատնից հնչում են թափանցիկ ղողանջներով, ու քեզ հուզող մտորումների խաչմերուկում «լուսացույցն է վառվում», ճանապարհին «գլաքարեր» են, «անշունչ և շնչավոր տեսիլքներ», «երկիրը դեղին-դեղին մեղրահաց է», քառյակների «Հայրենագրեր» հրաշալի շարքում «Արարատի ու Արագածի միջև» քո կիսված սիրտն է տառապում՝ ահա այսպես.
Մի կեսդ երկիր է,//Մյուս կեսդ՝ երազ,//Մի կեսով ճախրում ես,//Մյուս կեսով՝ ճգնում://Չգիտեմ, դու ջո՞ւր ես,//Թե՞ մնայուն ավազ՝//Մնում ես գնալով//ու գնալով մնում:// Լույսի լեռն ես ելնում//Քար–կապանի միջով,//Ընկնում ես, ելնում՝//Բախտդ մազից կախած,//Դավերի դեմ սրով,//Ցավերի դեմ խաչով,//Դարերի ների՞ն ես,//Թե՞ քավության նոխազ:
Չթաքցնեմ՝ մարդու, ժամանակի, շրջապատող աշխարհի մասին քո տարաժանր ու տարաթեմա խոհերն ու մտորումներն այնքա՜ն ներհուն ասելիքով են մեզ ներկայանում, որ ինքս էլ «խճճվեցի» քո «լարած» որոգայթներում՝ բանաստեղծության ներքին շերտերից պեղել-հանել այն «ոսկե միջուկը», որ քո պոեզիայի էությունն է, փիլիսոփա բանաստեղծի, հայրենախոս բանաստեղծի ոգեղեն տարերքն է:
Պատկերների, անսովոր համեմատությունների շքեղ բուրվառով, «Պատուհաններ», «Հողե անոթ», «Թափառումներ պոետի հետ», «Նամակներ առանց ծրարի», «Հրճվալից ցավ» և այլ ներքնախորհուրդ բանաստեղծական շարքերի ոգեղեն տարերքի մեջ «մխրճվելով» (եթե կարելի է այդպես ասել)՝ մենք վայելում ենք քո պոեզիայի գույներն ու ձայները մի ուրիշ գունագեղ համանվագում: Եվ ի՜նչ հրաշալի է, որ Արևշատ Ավագյանին ձոնված «Յոթ մուսաների այգում» շարքն էլ մեզ ներկայանում է «Ուղեփակոց»-ից նույն խոհափիլիսոփայական «բաց» նվագներով՝ Օշական տանող ճանապարհին կանգ առած «թռչող կառքերի», «յոթ հայրենի», «յոթ քառյակի», «յոթ ութնյակի», «յոթ տրիոլետի», ի վերջո՝ յոթնածառ մուսաների (կեռասենի, թթենի, ծիրանենի, դեղձենի, խաղողաորթ, խնձորենի, ընկուզենի) խորհրդանշական կերպարներով «հողից ծլարձակող գալիքի հունդերի», «նվագարանի նման փոքրիկ շիվի», «նռնաքարե շարք ժպիտով բացվող արշալույսի», և այսպես՝ յոթ պատում՝ կյանքի հարատևության խորհրդով:
Քո գրքի նախաբան խոսքում մեր համերկրացի անվանի բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը «պոեզիայի թռիչքուղում» ազդարարելով քո՝ Արտավազդ Նազարյան բանաստեղծի երկար սպասված վայրէջքի, «իջնել-հայտնվելու» փաստը՝ «Մասնատուփի» կեսդարյա երկունքը բացատրում է «երկար հասունանալու», իր խոսքի հանդեպ բարձր պահանջկոտության, «ճաշակի թանձրացման» և այլ նկատառումներով: Իհարկե, Արտավա՛զդ, երևի դու էլ քո պատճառներն ունես այս «ուշացած ներկայության» համար, բայց ես, այնուամենայնիվ, չեմ կարողանում բացատրություն տալ քո կեսդարա «լռությանը», երբ մի քանի գիրք անտիպ մնացել էին գրադարակներում: Բայց ահա վերջապես լույս աշխարհ է եկել մի ամբողջական, հրաշալի երգերի «Մասնատուփ», որ թե բացես, անցնես «բանաստեղծական շարքերի» և «Շարքերից դուրս բանաստեղծությունների» էջերով, իմաստավորելով քո խոհափիլիսոփայական ոգեղեն տարերքի էությունը, կարող ենք նաև հաստատագրել, որ տարիները, իրենց հարափոփոխ երթի մեջ, միշտ բարձր նշաձող են պարգևել քո պոեզիային՝ լինի 1978 թե 2015 թվագրում: Եվ ինքդ էլ ազդարարում ես.
Ի՞նչ է մնում կյանքից որպես մասունք,//Երբ իր մոմը վառած մոտենում է վերջը,//Մի քանի թև թրթիռ, մի քանի թել արցունք,//Որ խորանում խամրող մասնատուփի մեջ է:
Ի՜նչ «մի քանի թև թրթիռ», ի՜նչ «մի քանի թել արցունք», և առավելապես ի՜նչ «խորանում խամրող մասնատուփ», երբ այդ «մասնատուփի» պատուհանները բացելով՝ զգում ենք, որ «մեր շուրջը, ասես, աստղերով լեցուն օվկիան է ծփում, որ ափեր չունի», տեսնում ենք, որ «երկնապտույտի ուղիղ առանցքում սիրո աստղը կախված է մնացել», «Եվ կաթիլ-կաթիլ կրակ է թափվում երեկոների մեռնող հույսի մեջ», և այսպես՝ հարափոփոխ ապրումների, զգացումների մի ամբողջ «հեղեղ», որ բնորոշ է միայն քո պոեզիայի ներքնահոս շերտերին: Եվ պատահական չէ, որ և՛ «Արվարձան», և՛ «Ուղեփակոց» ժողովածուները արժանացել են «Թեքեյան» մշակութային միության մրցանակին: Վերջապես նաև՝ արժանի գնահատանք քո պոեզիային: Շնորհավորում եմ: Շնորհավորում եմ նաև ծննդյանդ հոբելյանի՝ 75- ամյակի առթիվ, տարիք, երբ արդեն շտապում ես, թեկուզ մեծ ուշացումով, շտապում ես բացել «Մասնատուփը» և այնտեղից լույս աշխարհ հանել «լույսի ու մթան» այն խոհաձուլվածքը, որ սփռվել է նաև մյուս գրքերիդ խորաններում:
Ի դեպ, երբ ծնվում էր այս գնահատանքի խոսքը, հաճելի էր տեղեկանալ, որ վերջերս հրատարակել ես ևս երկու ժողովածու՝ «Յոթ մուսաների թևերի ներքո»՝ ծանոթ շարքի լրացված տարբերակով, և «Դեգերումներ լույսի ու մթան միջով» էսսեն՝ նվիրված 60-ականների «սկանդալային» տաղանդավոր բանաստեղծ Սլավիկ Չիլոյանին…
Սիրելի՛ Արտավազդ, ցավոք, լրագրի համար նախատեսված հոդվածի շրջանակները նեղ են և հնարավորություն չեն ընձեռնում առավել հանգամանալի անդրադարձ կատարել գրական այս կամ այն երևույթին, այս կամ այն գրողի ստեղծագործական համապատկերը ներկայացնել իր ամբողջության մեջ: Իմ այս բաց նամակի նպատակն ավելի համեստ է. գնահատանքի խոսք ասել հայրենի եզերքում ապրող և ստեղծագործող տաղանդավոր բանաստեղծի մասին, ով առանց թմբկահարելու, անաղմուկ «իր կյանքի գործն է անում»՝ մայրաքաղաքի աչքից հեռու: Բայց, ա՛խր, մեր պարտքն է չմոռանալ, որ քո և մարզերում ապրող շատ այլ երևելի գրողների ստեղծագործությունը ժամանակակից մեր գրականության՝ պոեզիայի և արձակի անբաժանելի մասն է: Եվ, ուրեմն, քո «Մասնատուփն» ու «Արգելափակոցը» պիտի իրենց դռները լայնորեն բացեն ընթերցողների առաջ, և «Արվարձանն» էլ պիտի համահունչ «խոսի» մայրաքաղաքում ծնված գրքերի հետ…
Ձեր նոր գրքերին հանդիպելու ակնկալիքով՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր,
«Արագած աշխարհ» թերթի խմբագրական խորհրդի անդամ
Հ.Գ.- Հավելենք, որ Արտավազդ Նազարյանի այս «մեծական» գրքերը «գրկել» է մի մանկական գողտրիկ ժողովածու՝ «Արևի օրը»՝ պարզ ու զուլալ բանաստեղծությունների մի ծաղկաբույլ, մի յուրովի «մասնատուփ», որ բացելիս միայն արև ու լույս է ճառագում: Դե՛, ուրեմն՝ նրան նաև մանկագիր ենք կնքելու, և «Արևի օրը» շարունակություն է ունենալու…