ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն-ԽանջյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, դրամատուրգ
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Ես Գուրգեն Խանջյանն եմ, ես… Այո՛, ես Գուրգեն Խանջյանն եմ… Բայց ինչու եմ ես Գուրգեն Խանջյանը և ոչ, ասենք, Կիրակոս Սարգսյանը կամ ինչ-որ ուրիշ մեկը, ի՞նչն է կամ ո՞վ, որ ասում է` ես Գուրգեն Խանջյանն եմ, ես` ես եմ… Գենո՞մս է, անցա՞ծս, կաղապարվածքնե՞րս… Չէ՛, ինչ-որ Ուրիշ Բան կա, որ ցրվածքդ հավաքում է, ասում է` ես եմ: Շատ արտառոց, շատ խորհրդավոր բան է: Մի խոսքով, ես Գուրգեն Խանջյանն եմ,
ինչ-որ բանի համար իջեցված եմ այստեղ, և այդ ինչ-որ բանը պիտի անեմ իսպառ,
ուզեք թե չուզեք: Կամ էլ խռովություն կբարձրացնեմ ու էլ չեմ անի:
Սակայն, կարծում եմ, դա միամիտ ինքնախաբեություն կլինի, որովհետև եթե չանեմ` երևի հենց դա էի անելու… Այլ կերպ ո՞նց… Մեծ Ծածկույթից դուրս մնալ անհնարին է,
պահմտոցի չենք խաղում, փախուստի տեղ տիեզերքում չկա, և դա լավ է,
որովհետև եթե լինի` պատկերացնո՞ւմ եք այդ սոսկալի լքվածությունը…
Հատված «Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․ե ՄՇԱԿՈՒՅԹ VNEWS կայքի հարցազրույցից

Խանջյան ջանը
Գրականություն ուշ մտածի,- գուցե մերժել են հրատարակել, ուրիշությանը իր հակվածությունը ի սկզբանե եղել է ըստ ամենայնի,- 35 տարեկանում առաջին անգամ տպագրվելու հաճույքն ստացածի անմոռաց ու անանցողիկ տպավորությամբ է Գուրգեն Խանջյանն իր առաջին «Շարժասանդուղք» գրքից ու առաջին` «Հիվանդանոց» վեպից առ այսօր` «Տուր ձեռքդ, պստլո» և դեռ անտիպ «Ներսուդուրս» վեպերը, անցնում գրողական իր ճանապարհը: Ու այդ մշտական տպավորության բեռով ու թելադրանքով է, որ նրա յուրաքանչյուր նոր գիրք ուղղակի դատապարտված է չմերժվելու` բոլոր առումներով,- Խանջյանը ամեն ինչ արել է դրա համար, և յուրաքանչյուր նոր գիրք դատապարտված է ուրիշ լինելու` բոլոր առումներով,- Խանջյանն այլ կերպ չի էլ կարող:
Մեր գրականության համար թերևս ամենադժվար ժամանակների արտաքուստ մռայլ իր արձակով ամենալուսավոր դեմքերից է նա, մեր գրականության ու մեր ստեղծագործ ջղի համբավը պարզերես անողներից է նա, ու իր բազմաժանր – պատմվածք, վիպակ, վեպ, էսսե, կոլաժ, պիես – ստեղծագործությամբ անկախության շրջանի հայ գրականության յուրօրինակ բարոմետրն է նա: Գրականության պատմաբանները դեռ կվերլուծեն, գրաքննադատները, մատը ընթացքի զարկերակի վրա պահողներն արդեն ասել են, շատ անգամ ընդհանրացրել են` մեր գրականության ընդհանրական դիմագծի բազմաթիվ ու կարևորագույն մանրամասներ,- էլ չասած` բազում նրբագծեր,- Գուրգեն Խանջյանն իր գործերով է պայմանավորել:
Եվ առինքնող է` ստեղծածի արժեքի,- հաստա՛տ գիտակցված,- բարձունքից պատանեկան խանդավառությունը, երիտասարդական տքնանքն ու վարպետի պատասխանատվությունը յուրաքանչյուր գրվելիք իր բառին, տողին, պարբերությանը, վեպին ու պիեսին:
Եվ օրինակելի ու պարտավորեցնող է գրականություն ուշ մտածի, 35 տարեկանում առաջին անգամ տպագրվելու հաճույքն ստացածի իր` արդեն երկու տասնամյակի ջանքը, որ երիտասարդ գրողները, հատկապես օժտված` օր առաջ մտնեն գրականություն, օր առաջ վայելեն առաջին անգամ տպագրված լինելու հաճույքը: «Գրեթերթը» վկա, «Գրեթերթի» սենյակի պատերին փակցված արդեն անհամար լուսանկարները` փաստ, և արդեն
40-ն անց բազմաթիվ բանաստեղծների, արձակագիրների, թարգմանիչների, գրականագետների խոնարհումը Խանջյանին, ու սերն ու հարգանքը նրա հանդեպ` ապացույց…
Եվ հոբելյանի առիթով գրված այս մի քանի պարբերությունն էլ պարզապես երևացող մի թևն է,- գուցե,- գնահատումի, արժևորումի, շնորհակալության, երախտագիտության բառերի այն անհաշվելի երամից, որ կձևավորվի վստահաբար, եթե առնվազն իմ սերնդակիցները` որպես ընթերցող ու գրող, խոսք դարձնեն մի օր ու հղեն սիրելի, սիրելի, սիրելի Գուրգեն Խանջյանին:

Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Նամակ Գուրգեն Խանջյանին
Ծնունդդ շնորհավոր, բարեկա՛մս, հարազա՛տս, ինչ լավ է, որ ծնվել ես: Ծնվել ես ու ազնիվ գրականություն ես բերել քեզ հետ: Գրում ես ու հետաքրքիր ես գրում, ապրում ես քո ստեղծած կերպարներով՝ հոգուդ մասնիկը դարձնում նրանց: Վարակում ես քո պիեսներով, քո արձակով ու մտքի հզոր թռիչքով: Հպարտ եմ, որ առաջինը Թբիլիսիի հայկական թատրոնն է քո պիեսը բեմ բարձրացրել, հենց քո մանկության քաղաքում: Դու մեր այսօրվա գրականության առաջատարներից ես, ու քեզանից սպասում ենք նոր գործեր:
Հիմա Հավլաբարում մեղմ ձյուն է մաղում: Նստած ենք նոր կառուցվող շենքի դիմացի սրճարանում և դիտում ենք, թե ինչ գեղեցիկ են հառնել թատրոնի յոթ սյուները: Ես, Ռոման Մատիաշվիլին, Մելանյա Բարսեղյանը… Արդեն տարիք ենք առել (դա Մելանյային չի վերաբերում): Շնորհավորեցինք քո ծնունդը Կախեթիի կարմիր գինով, ընկանք հուշերի գիրկը, հիշեցինք, որ «Գերեզմանատան երգչախումբը» տպագրվել էր Կարինե Խոդիկյանի ստեղծած, փայփայած «Դրամատուրգիա» ամսագրում: Պիեսը առաջինը կարդացել էր ռեժիսոր Միրոն Չուլակյանը և ուզում էր բեմադրել: Պիեսը շատ էի հավանել, խնդրեցի այն, Միրոն չտվեց: Նա կարմիր գինի շատ էր սիրում: Առաջարկեցի մի արկղ, 10 շիշ գինի, պիեսը զիջեց ինձ: Ներիր, որ քո հիանալի գործը գնեցի ընդամենը 10 շիշ գինիով: Բայց Միրոն ամեն հերթական ներկայացումից հետո 10 շիշ գինի էր պահանջում: Տալիս էինք…
Անցել է 20 տարի: Որոշեցինք նորից բեմ հանել այդ հրաշալի գործը: Այս նոր բեմադրությունը քեզ նվեր լինի քո հարազատ Թիֆլիսի հայոց թատրոնից: Լավ է հնչում՝ «Թիֆլիսի հայոց թատրոն», Մեծ Սունդուկյանն էր ասում:
Համոզված եմ, որ Թիֆլիսին շատ ես կարոտել: Շատ կուզենայի, որ այստեղ լինեիր, կնստեինք յոթ սյուների դիմացի սրճարանում, կշնորհավորեինք ծնունդդ, հետո կվիճեինք հետդ, թե ուր թողեցիք գնացիք… Աղքատացրիք մեր քաղաքը մտավորականներով, որոնց կարիքը շատ ունենք… Քեզ նման ստեղծագործողները պիտի հզորացնեին թատրոնը, թերթը, դպրոցը: Թողեցիք մեր նիհար ուսերին ու թռաք: Թռաք, որ հայրենիքը ձեզ ավելի հզոր թևեր ու թռիչք տա: Փառք Աստծու, և՛ թռիչք ունեցաք, և՛ ամուր-ամուր թևեր: Երևի հայրենիքը այդ հզոր ուժը ունի:
Մի քանի բան էլ մեր մասին ասեմ: Մենք լավ ենք: 165-ամյա հայկական թատրոնի նորակառույց շենքը պատրաստ կլինի հաջորդ քո ծնունդին: Հարուստ խաղացանկ ունենք, շնորհաշատ երիտասարդներ, համերաշխ կոլեկտիվ: Երախտապարտ ենք բարերար Բիձինա Իվանիշվիլուն, որ կառուցեց այս հիանալի նոր շենքը:
Դու ամուր եղիր: Գրիր, զարմացրու մեզ՝ մեծամիտ ռեժիսորներիս: Ձյունը շարունակում է մաղել: Թատրոնի սպիտակ սյուները ամուր գրկել են ձյան փաթիլները… Իսկ մենք գնանք փորձի: Ծնունդդ շնորհավոր, հարազա՛տս:

Արմեն ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆ
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար

Սիրելի՛ Գուրգեն,
Դուք դարձաք մեր թատրոնի սեփական դրամատուրգը` «Գերեզմանատան երգչախումբը», «Ավերակների պահակները», «Անմեղսունակների պարը»… և այն շարունակելի է…
Շնորհակալ ենք վերաբերմունքի և ակնկալիքի համար, որ Ձեր ոսկե գրչից կյանք առած պիեսները` իրենց կերպարներով, վստահում եք մեզ, սիրելի՛ Վարպետ…
Դրանք արդեն մեր թատրոնի կողմից որդեգրած ու գուրգուրած հոգեզավակներն են, իրենց` ժամանակի, ասելիքի, ձևի, ոճի, տեսակի, իսկականի, տատանումների, տարակույսների, բախումների, թատրոնին հարիր յուրահատուկ սիմֆոնիայի միջով անցած:
Տարեդարձային բարեմաղթանքներով`

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ռոման ՄԱՏԻԱՇՎԻԼԻ
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոն

***
Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունը հիմնաքարային արժեք ունի արդի հայ գրականության համատեքստում: Նրա գրական մուտքը աղմկահարույց էր բոլոր առումներով: Յուրացնելով 60-80-ականների գրականության դրական ավանդները` Գ. Խանջյանը նոր հունի վրա դրեց հայ արձակի ընթացքը:
Գ. Խանջյանի գրական մուտքը բավականին բարդ ժամանակաշրջանում կայացավ: Հասարակական-քաղաքական անցումային իրադարձությունների բովում հայտնված գրողն իր գրիչը ծառայեցրեց անցման գործընթացի պատկերմանը: Այդ համատեքստում Խանջյանը դարձավ իսկական նորարար, բայց նորի որոնման ու հաստատման ճանապարհը բավականին բարդ էր:
Գ. Խանջյանին վիճակվեց ավանդույթի օգտագործման, բայց միաժամանակ քանդման, գրականությունը կեղծ բարոյականության կապանքներից ազատագրելու, պարտադրված սահմանները քանդելու և հաղթահարելու դժվարին առաքելությունը: Նա այն առաջամարտիկն էր, որ նորը հաստատելու ճանապարհին իր վրա ընդունեց պահպանողական քննադատության առաջին հարվածները, որոնք գրողին հետապնդեցին գրական գործունեության ողջ ընթացքում: Դրանք պարտված հնի հուսահատ ճիչերն էին, որոնք այդպես էլ չկարողացան բեկել գրականության զարգացման տրամաբանությունը:
Գ. Խանջյանի ստեղծագործական ուղին ընթանում էր այդ տրամաբանությանը համապատասխան: Կաֆկայական, դոստոևսկիական և հեսսեական ավանդների բարդ համաձուլվածքն անցկացնելով հայ հասարակական-քաղաքական կյանքի իրադարձությունների բովով` Գ. Խանջյանն արարեց բազմաշերտ ստեղծագործություններ, որոնք իրավամբ տեղակայված են արդի հայ գրականության ակունքներում և այսօր էլ տալիս են հետաքրքիր ճյուղավորումներ:
Այսօր էլ շատ երիտասարդների համար Խանջյանի ստեղծագործությունը հիմնաքարային արժեք ունի, և նրանք ստեղծագործական կյանքի վաղ փուլերում այս կամ այն կերպ անցնում են խանջյանական ազդեցությունների ճանապարհով:
Գուրգեն Խանջյանն ամեն կերպ նպաստում է երիտասարդական գրականության կայացմանը և զարգացմանը: Նրա, Արքմենիկ Նիկողոսյանի և Նառա Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Գրեթերթը» բավականին հարմար հարթակ է երիտասարդ ստեղծագործողների և հետազոտողների համար: Շատ երիտասարդների գրական երախայրիքը հենց «Գրեթերթում» է տպագրվում: Գուրգեն Խանջյան արձակագիրը նաև բավականին բարեխիղճ խմբագիր է:
Շնորհավորում եմ գրողին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և մաղթում ստեղծագործական ու անձնական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, երջանկություն, առողջություն, երկար տարիների կյանք: Թող նրա գրական ներկայությունը միշտ շողշողա հայ գրականության երկնակամարում` նորանոր արարումներով պայծառացնելով այն:

Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

7 thoughts on “ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։