«ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» ԿՆՔԱՀԱՅՐԸ Գուրգեն Բորյան – 100 / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Լրացավ նշանավոր թատերագիր, մանկագիր, պետական գործիչ Գուրգեն Բորյանի ծննդյան 100-ամյակը: Աննկատ անցավ հոբելյանը մի անհատականության, ում մանկական բանաստեղծությունները սերունդների հիշողության մեջ են մտել, հիշվել, արտասանվել ամենատարբեր մանկական հանդեսների ժամանակ: «Ձի, ձի, փայտե ձի, //Մեր դռանը կապեցի,//Սիրուն, սիրուն ներկեցի,//Հետո նրան թամբեցի…//Ով որ ունի այսպես ձի,//Թող գա ինձ հետ նա մրցի»: Կա՞ մեկը, որ չհիշի այս ոտանավորը, որը մեծերի մոտ մանկության հուշն է արթնացնում: Շատերը հիշում են նաև Գուրգեն Բորյանի «մեծական» բանաստեղծությունները՝ նվիրված հայրենիքին, պատերազմին, որոնց միջոցով նա իր անսահման սերն էր պարզում առ երկիր հայրենի, որի բախտի ու ազատագրության համար մասնակցել էր Երկրորդ աշխարհամարտին: Սակայն Գ. Բորյանը մեր գրականության մեջ մնաց որպես թատերագիր ու սցենարիստ, ում սցենարով է ստեղծվել «Հայֆիլմի» գլուխգործոցներից մեկը՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմը, հայկական նեոռեալիզմի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը, որը պատմական մի ողջ ժամանակաշրջանի դրամատիկական ընթացքի յուրովի մատուցումն է՝ տվյալ ժամանակաշրջանի գաղափարական որոշակի կաղապարներով և ընդգծումներով, սակայն շատ ավելի ճշմարիտ ու սկզբունքային է, քան ստեղծված այլևայլ կինեմատոգրաֆիական երկեր, քան բակունցյան սցենարի աղավաղված-աղճատված տարբերակով ստեղծված «Զանգեզուր» ֆիլմը…
Տոհմիկ շուշեցի էր 1915 թ. հունիսի 15-ին ծնված Գուրգեն Բորյանը: Շուշին հեռու էր Արևմտյան Հայաստանից, հեռու էր եղեռնական իրադարձություններից, սակայն այս քաղաքն էլ քիչ ավերներ ու կոտորածներ չէր տեսել. այս քաղաքի վրայով էլ թուրքական խորշակն էր անցել՝ մե՛րթ կոտորածների ու մե՛րթ էլ հրդեհների տեսքով: Այդ ամենի անդրադարձները դժվար է գտնել Գ. Բորյանի ստեղծագործության մեջ, որովհետև ժամանակի գաղափարախոսական ընկալումներն այլ էին, անթույլատրելի էին որոշ թեմաներ, մասնավորաբար «եղբայրական» Ադրբեջանի իրականացրած հայաջինջ քաղաքականությունը դուրս էր պատմաբանների ու գրողների համար «թույլատրելի» թեմաների սահմաններից: Գ. Բորյանն առաջին հայ գրողներից էր, որն ավարտեց Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ աշակերտելով ժամանակի շատ նշանավոր ռուս գրողների և գրականագետների: 23 տարեկան հասակում՝ 1938 թվականին, նշանակվեց «Գրական թերթի» խմբագիր, և այս պաշտոնը վարեց մինչև 1941 թվականը: Որքան մեծ պիտի լիներ Գ. Բորյանի հեղինակությունն ու նրա հանդեպ վստահությունը, որ այս տարիքում նրան հանձնարարվեր խմբագրել երկրի գլխավոր գրական թերթը, միաժամանակ լինել ՀԳՄ քարտուղար: 1950-1954 թթ. Գ. Բորյանը Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղարն էր, 1958-1968 թթ.՝ «Լիտերատուրնայա Արմենիա»-ի, ապա «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր, 1968-1971 թթ.՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրի առաջին տեղեկալը: Գ. Բորյանի նկատմամբ առանձնակի վերաբերմունք կար, նա աչքի էր ընկնում համակողմանի գիտելիքներով, պատասխանատվությամբ, գրական նուրբ ճաշակով: Սերնդակից բանաստեղծներից շատերը նրան էին հանձնում իրենց ստեղծագործությունները՝ ճշմարիտ ու անկողմնակալ կարծիք լսելու համար: Առաջիններից մեկը Գ. Բորյանն ինքնակամ մեկնեց ռազմաճակատ և դարձավ զինվորական թերթի թղթակից: Ռազմադաշտում ծնվեցին մի շարք բանաստեղծություններ, որոնք տպագրվում էին մարտական թերթերում, ոգեշնչում շատերին: Մինչև պատերազմ մեկնելը, նա արդեն հրատարակել էր «Բանաստեղծություններ», «Արևի համբույրը», «Ճանապարհ դեպի ծովը» բանաստեղծական ոչ ստվարածավալ ժողովածուները, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրատարակեց «Մարտիկի երդումը», «Կրակե լեզվով», «Մանկական բանաստեղծություններ», «Հրացոլք» ժողովածուները: Բանաստեղծության ու մասնավորաբար մանուկների համար ստեղծվող գրականությանը հրաժեշտ չտվեց Գ. Բորյանը՝ հետագայում հրատարակելով մի քանի գիրք ևս, սակայն գրողի իսկական ճանաչումը եկավ 1949 թվականին, երբ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց «Բարձունքներում» դրաման: Այսպես կոչված պատերազմական թատերգությունը մեզանում որոշակի ավանդույթներ էր հիմնավորել, հրապարակ էին եկել Նաիրի Զարյանի, Արամաշոտ Պապայանի, Ալեքսանդր Արաքսմանյանի, Արարատ Բարսեղյանի և այլոց պիեսները, մե՛րթ կեղծ պաթոսով ու փքուն լեզվով, կաղապարված սյուժեով, մե՛րթ էլ պատերազմի «կերպարի» ճշմարիտ մատուցումներով պիեսներ, որոնցից առանձնացավ «Բարձունքներում» դրաման, ստեղծված պատերազմական դրվագներից քաղված ռեպորտաժի սկզբունքով՝ իր առանցքում ունենալով մարդկային ճշմարիտ ու հոգեբանորեն կառուցիկ կերպարներ, ջերմ հարաբերություններ: Դրամայի կարևոր ձեռքբերումը Սեմյոն պապի կերպարն էր՝ ժողովրդական իմաստությամբ առլեցուն, կեղծ հայրենասիրությունից զերծ, իբրև հավաքականություն այն ուժի, որը ժայթքում էր հողից… Գ. Բորյանը հեռու չէր մնացել ժամանակի ամրատիպերից, պարտադրանքներից, սակայն այս ստեղծագործությունն արդեն առաջաքայլ էր, ավարտուն գեղարվեստական երկ, որը հակադրվում էր խորհրդային թատերգության մի շարք հոռի ընկալումներին: 1951 թ. Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվեց «Հրաշալի գանձ» պիեսը, որը Գ. Բորյանը գրել էր Հրաչյա Ղափլանյանի համահեղինակությամբ: Իսկ 1957 թ. Գ. Սունդուկյանի և հանրապետության այլ թատրոններում բեմադրվեց «Նույն հարկի տակ» պիեսը՝ բուլգակովյան ինքնատիպ «շղարշով» ստեղծագործություն, որն ավետում է պատմահեղափոխական թեմայի մի շարք դրսևորումներ, հեղափոխական իրադարձությունները, նրանց գաղափարական և բարոյական ըմբռնումները, հաղթանակներն ու յուրովի պարտությունները քննարկում մեկ ընտանիքի շրջագծերում, բախման մեջ դնում Արտաշես և Գևորգ Սարոյան եղբայրներին, «կամերային» շրջանակի մեջ դիտարկում և քննարկում դիրքային պայքարը: Ոչ պատահաբար հիշատակեցինք բուլգակովյան «շղարշի» մասին: Ոչ թե ազդեցությունը նշանավոր «Տուրբինների օրերը» պիեսից, այլ արդեն իսկ մեթոդի ու սյուժեի կառուցման բուլգակովյան միտումն էր այստեղ առաջնայինը, որն էլ հնարավորություն էր տալիս հեղափոխությունը դիտարկել որպես մարդկային հոգեբանության մեջ տեղի ունեցող շրջափոխումների իրադարձություն:
Մարդկային տարբեր տիպերի էր շարժման մեջ դրել Գ. Բորյանն իր դրամատիկական կոմպոզիցիայի շրջագծերում, զինվորականներ Արտաշեսի և Գևորգի կողքին հանդես էին գալիս Արուսյակը, ուսուցիչ Ռուբենը, Արթին պապը, Պարույրը, Շողերը, որոնցից ամեն մեկի համար հեղափոխությունը բացահայտվում էր յուրովի, վերածվում ներքին համոզմունքի և ըմբռնումի: Նրա հաստատած գեղարվեստական նորույթը ոչ միայն երկու եղբոր հակադրություն-պայքարն էր, այլև այն արտահայտչաձևը, որն ընտրել էր թատերագիրը: Գրեթե չեխովյան ընդգծումներով, դադարներով, նկատելի էլեգիականությամբ ու հանդարտ էպիկականությամբ էին ծավալվում գործողությունները, չկար ցայտուն առերևույթ իրադարձություն, որն էլ դառնար դրամատիկական հանգույցի հիմքը: Այստեղ հեղափոխության գաղափարն էր ծնում հոգեբանական կոնֆլիկտը, որը զարգանում էր ոչ թե ուղղագծորեն, այլ՝ ներքնաշերտերով, ուշագրավ հուզական-հոգեբանական շրջադարձերով: Գ. Բորյանի պիեսը հաստատում էր դրամատուրգիական նորույթը, ինքնատիպ բանավեճ ծավալում մտահղացման և կոմպոզիցիայի շուրջ, առաջադրում ներժանրային ուշագրավ փորձարարություն:
Հոգեբանական դրամայի ու «կամերային իրավիճակների» մի նոր արտացոլում էր «Կամուրջի վրա» պիեսը, որի գործողությունները կատարվում էին գրողի ապրած օրերում, գործող անձերը ժամանակակից մարդիկ էին:՝ Պետական պաշտոնյա Բագրատ Տոնյանն էր այս պիեսի հերոսը, ում անսահման եսասիրությունը, ինքնամոլությունը հասցնում է նրան խոր ճգնաժամի ու անկման: Համարձակություն էր թատերագրի կողմից՝ պատկերել անկում ապրող խորհրդային պաշտոնյային, ցույց տալ նրա սխալները, սակայն Գ. Բորյանին ոչ այնքան պաշտոնը, որքան մարդու հայեցակարգն էր հետաքրքրում: Այս պիեսում էլ, հավատարիմ իր ընտրած արտահայտչականությանը, Բորյանը մղվում էր դեպի գործողությունների հանդարտ ընթացքը՝ առավելապես կարևորելով «երկրորդ պլանը», հոգեբանական զարգացումները, որոնք դարձյալ մերձենում էին «չեխովյան հնչերանգին», մեր դրամատուրգիա բերում գեղարվեստաարտահայտչական նոր համակարգ: Գեղարվեստական ու գեղագիտական խնդիրների լուծման սկզբունքներով հետընթաց էր թատերագրի «Ազարիա» պիեսը, որը ստեղծվել էր Սերո Խանզադյանի «Այրված տունը» պատմվածքի հիման վրա, սակայն այստեղ էլ ինքն իրեն հավատարիմ էր Գ. Բորյանը, հավատարիմ էր դրամատիկական կոմպոզիցիայի կառուցման և կերպարաստեղծման իր մեթոդաբանությանը:
Գ. Բորյանի կարևորագույն ներդրումներից մեկը մեր գեղարվեստական իրականության մեջ «Դեմ առ դեմ» կինոսցենարն էր, որն էկրան բարձրացավ «Սարոյան եղբայրներ» խորագրով՝ Խորեն Աբրահամյանի և Արկադի Հայրապետյանի բեմադրությամբ, Ֆրունզե Դովլաթյանի գեղարվեստական ղեկավարությամբ: Սցենարի և արդեն էկրան բարձրացած ֆիլմի միջև էական տարբերությունները շատ չէին, ավելացված էին մի քանի դրվագներ, մասնավորաբար Հայկի և Գևորգի երկխոսությունը գերեզմանատանը: Գուրգեն Բորյանը սցենարը գրելիս հեռացել էր թատերական մտածողությունից և եկել կինո՝ այժմ արդեն «կինոյի լեզվով» ներկայացնելով իր «Նույն հարկի տակ» պիեսը, որտեղ մի շարք կերպարներ՝ Սյուրմելյան, Սևաչերյան և այլք, ստացել էին միանգամայն նոր հնչողություն և դրամատուրգիական վերաբերմունք: Պատերազմի թեման շեշտվել էր այստեղ, կարևորվել էր պետության ու ժողովրդի փրկության գաղափարը, լայնակի էին ներկայացվել զանգվածային տեսարանները, որոնք «կամերային դրաման» տեղափոխել էին միանգամայն այլ միջավայր, նպաստել գործողությունների և սյուժեի դինամիկ ընթացքին: Այստեղ արդեն առավել ցայտուն էին դարձել Հայկ և Գևորգ փոխհարաբերությունները, ընդգծվել ու շեշտվել էր Գևորգի ողբերգական ճակատագիրը… Այս ֆիլմը հայ կինոյի շրջադարձային իրողություններից մեկն էր, որը հաստատում էր միանգամայն նոր գեղարվեստական մտածողություն, կերպարների ինքնատիպ դիրքավորումներ, ռեժիսորական նուրբ ու խորքային ընդգծումներ: Ֆիլմի գեղարվեստական ղեկավար Ֆրունզե Դովլաթյանը, բեմադրող-ռեժիսորներ Խորեն Աբրահամյանն ու Արկադի Հայրապետյանը, երկրորդ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հրաշալիորեն էին զգացել սցենարական ոճի առանձնահատկությունը, դրամատուրգիական կոմպոզիցիայի յուրաձևությունը:
Գուրգեն Բորյանը կյանքից հեռացավ 1971թվականին՝ մեկ տարի առաջ արժանանալով ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման և ՀԽՍՀ պետական մրցանակի՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի սցենարական աշխատանքի համար: Գրողը ժառանգեց երկու տասնյակից ավելի գիրք, հրաշալի հիշողություններ իր մասին…

One thought on “«ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» ԿՆՔԱՀԱՅՐԸ Գուրգեն Բորյան – 100 / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

  1. Արժանավոր վաստակի հիշեցում, որի համար շնորհակալ ենք հոդվածի հեղինակին: Բայց չմոռանանք, որ այդ ֆիլմի գրական – գեղարվեստական կերպարը ձևավորվել է նաև Հրանտ Մաթևոսյանի գրչով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։