ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆ / ԳՆԱՑՈՂ ԱՄԵՆ ԳՐՈՂԻ ՀԵՏ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է ԳՆՈՒՄ

ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրաքննադատ
ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ԳՆԱՑՈՂ ԱՄԵՆ ԳՐՈՂԻ ՀԵՏ ՄԻ
ԱՇԽԱՐՀ Է ԳՆՈՒՄ

«Գրական թերթ» – Դուք արդեն երկար տարիներ աշխատում եք գրական մամուլում, շփվել եք տարբեր սերունդների շատ գրողների հետ, հարյուրավոր ձեռագրեր եք կարդացել, հազարավոր էջեր խմբագրել: Չե՞ք հոգնել նմանօրինակ գործի միապաղաղությունից:
Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ – Հոգնածությունը անխուսափելի է, բայց այդ ամբողջ ընթացքում իմ մեջ եղել և շարունակվում է կատարածս աշխատանքի անհրաժեշտ և օգտակար լինելու զգացողությունը, մտածելով, որ գուցե դա իմ առաքելությունն է: Ինչքան էլ տարօրինակ թվա, այդ զգացողությունն առավել արտահայտվում էր խորհրդային տարիներին: Բացարձակապես չընդունելով այդ ժամանակի գաղափարախոսությունը, գրաքննչական սահմանափակումները` համոզված էի, որ անհրաժեշտ ու կարևոր է հայ գրականությունը ռուսերեն ներկայացնելը: Ոգևորում էր հետադարձ կապը, երբ հարյուրավոր նամակներ էինք ստանում, որոնցում ընթերցողները շնորհակալություն էին հայտնում` հայկական աշխարհին, դարավոր պատմություն ունեցող հայ ժողովրդի մշակույթին, հոգեբանությանը, կենցաղին հաղորդակցվելու հնարավորության համար: Մյուս կողմից էլ, մասնագետները կարող էին ծանոթանալ մեր գրողների աշխարհընկալման, նոր արտահայտչամիջոցների, թեմատիկ, ոճական նոր փնտրտուքների հետ և ներգրավվել հայ գրականության հանրահռչակման գործընթացին:
Ճանաչել եմ տասնյակ գրողների, ոմանց հետ ընկերություն եմ արել, նրանց ստեղծագործությունները կարդալով պատահել է` վիճել եմ, քննադատել եմ, հիացել եմ: Չէի ուզի խոսքս տխուր նոտայով շարունակել, սակայն… Տարիների հետ համակերպվում ես, որ ամեն ինչ անցողիկ է, որ շատ գրողներ այլևս կենդանի չեն, փոշու տակ են մնում և մոռացվում հարյուրավոր անուններ, ստեղծագործություններ: Թեև հասկանում եմ, որ այդ երևույթը բնորոշ է աշխարհի յուրաքանչյուր երկրի գրականությանը, այդուհանդերձ, ափսոսանքի խոր զգացողությունը չի մեղմվում, քանզի գնացող ամեն գրողի հետ մի աշխարհ է գնում…
Մասնակիորեն շահում են այն գրողները, որոնց ստեղծագործությունները հայտնվում են դպրոցական և բուհական դասագրքերում, ինչը երկարացնում է նրանց մասին հիշողությունը: Սակայն պետք չէ մոռանալ, որ դասագրքերը նույնպես ենթակա են վերանայման…
Իմիջիայլոց, մի քանի խոսք հայ գրականության դասագրքերի մասին: Իհարկե, սա առանձին խոսակցության թեմա է, բայց անգամ հպանցիկ դիտարկումներով այն տպավորությունն է, որ դրանցում դասական գրականությունը գերակշռում է ժամանակակից գրականությանը: Հասկանալի է, որ դեմ չեմ դասականին, սակայն պիտի հաշվի առնել, որ շատ դասականներ (հատկապես քննադատական ռեալիզմի ներկայացուցիչները), որոնք արտահայտում են իրենց ժամանակի բարոյականությունը, արժեքները, հոգեբանությունը, նրանց գործերն այլևս համահունչ չեն ժամանակակից երիտասարդության աշխարհընկալմանը, ներկայիս տեղեկատվական խելագարությանն ու կյանքի ռիթմին: Աշխարհի կառուցվածքի ներկա մարտահրավերները չեն համընկնում այն ժամանակվա գրական հերոսների բնութագրումներին, չեն նպաստում արդի երիտասարդության հոգևոր զարգացմանը: Կարծում եմ` ժամանակն է թարմացնելու դպրոցական ծրագրերը և ավելի շատ տեղ տալու ժամանակակից գրականությանը:

Գ.Թ. – Քանի որ խոսեցիք ժամանակակից գրականության մասին, ի՞նչն է Ձեզ հուզում կամ մտահոգում ժամանակակից հայ գրականության մեջ:
Ս. Մ. – Վերջին տարիներին հաճախ եմ հանգում այն մտքին, որ դժվարանում եմ ընկալել հայ ժամանակակից բանաստեղծական տենդենցները: Ցավոք, մենք դեռ չենք հաղթահարել կեղծ նորաձևության հիվանդությունը, քիչ չեն արհեստականությունը, կառուցվածքի դիտավորյալ բարդացումները (առավելապես նախապատվությունը տալով կառուցվածքին, այլ ոչ բուն բովանդակությանը): Ակնհայտ է բանաստեղծական մտածողության սնանկությունը, լեզվական աղքատությունը, ինչն էլ լավատեսություն չի ներշնչում: Մյուս կողմից էլ, այսպես կոչված, քաղաքացիական պոեզիան (ինչն այդքան տարածված էր սովետական շրջանում) թեև արձագանքում է օրվա խնդիրներին, սակայն խորքային չէ, բացակայում է մետաֆիզիկան, որը հատուկ է իրական տաղանդին:
Հիշում եմ 60-ականների վերջն ու 70-ականների սկիզբը: Երիտասարդ, մարտականորեն տրամադրված բանաստեղծների մի խումբ, ի դեմս Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Սլավիկ Չիլոյանի, Արմեն Մարտիրոսյանի, հակառակվում էին ավագ սերնդի բանաստեղծներին, ապացուցելով իրենց նման չլինելու իրավունքը, կոտրելով քարացած կարծրատիպերը և ի հայտ բերելով բանաստեղծական լեզվի նոր հնարավորություններ: Եվ դա հիանալի էր: Որտե՞ղ են հիմա այդ մենամարտերը, որոնցով հղկվում էին բանաստեղծների ճակատագրերը…
Արձակում վիճակը համեմատաբար ավելի բարվոք է: Նվազել է առաջին տարիների գրաքննության բացակայության էյֆորիան` թույլ տալով յուրաքանչյուրին ազատորեն իր զգացողությունները շաղ տալ սպիտակ թղթին և հնարավորինս բացառել ինքնանպատակ նատուրալիզմն ու էրոտիկան: Նկատելի են հասարակական կյանքում աշխարհայացքային տեղաշարժերը հասկանալու, վերլուծելու փորձերը, ինչը ուրախացնում և հույս է ներշնչում: Ես գիտակցորեն պոետների և արձակագիրների անունները չեմ թվարկում, քանի որ ինձ համար կարևորը տենդենցն է, այլ ոչ կոնկրետ ստեղծագործությունների վերլուծությունը, ինչը գրաքննադատության գործն է: Սակայն անհանգստացնող է, որ համարյա բացակայում են վերլուծական, խորքային, համեմատական հոդվածները: Գերակշռում են շնորհանդեսները, որի ընթացքում ի սկզբանե բացառվում է քննադատությունը: Միաժամանակ համարյա չքացել է «գրական դիմանկար» ժանրը, որը թույլ է տալիս համակողմանիորեն ներկայացնել այս կամ այն գրողի անցած ճանապարհը` ինչից սկսել և ուր է հասել:
Ուրախալի է հրապարակագրության ժանրի աշխուժացումը: Շատ հոդվածներ անդրադառնում են հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, ուշադրություն են հրավիրում հասարակությանը մտահոգող խնդիրների վրա` միաժամանակ փորձելով լուծումների իրենց տարբերակներն առաջարկել:

Գ.Թ. – Ի՞նչ եք մտածում Հանրապետությունում թարգմանական արվեստի, մասնավորապես «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի ճակատագրի մասին:
Ս. Մ. – Ցավալի թեմա է: Հեռանում կամ ծերանում են ավագ և միջին սերնդի թարգմանիչները, ովքեր երկար տարիներ իրենցով են պայամանավորել թարգմանական գործի էությունը: Մինչդեռ ճանաչված անուններին փոխարինող սերունդ, ցավոք, չի ձևավորվել: Բացառությունները չեն կարող եղանակ ստեղծել: Խոսքս մասնավորապես վերաբերում է հայերենից ռուսերեն թարգմանություններին: Խնդիրն ավելի բարդ է, քան թվում է: Թարգմանական խմբեր կան Երևանի պետական և Սլավոնական համալսարաններում, որոնց ուսանողները երբեմն պրակտիկայի են գալիս խմբագրություն: Համարյա բոլորի մոտ թերի է երկու լեզուների իմացությունը, ցածր է գրագիտությունը, բացակայում է շահագրգռությունը, բոլորն էլ հասկանում են, որ թարգմանչի մասնագիտությունն իրեն և իր ընտանիքին չի «կերակրելու», և դրանով էլ պայմանավորված, համապատասխան վերաբերմունք ունեն ուսման և պրակտիկայի նկատմամբ:
Ես չգիտեմ` ինչպես են այլ լեզուների գծով թարգմանիչներ պատրաստում, բայց մեր պարագայում իրավիճակը ճգնաժամային է: Երբեմն այնպես է թվում, որ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսը կդադարի իր գոյությունը ոչ թե ֆինանսական դժվարությունների պատճառով, այլ, որ չեն լինի մարդիկ, ովքեր ընդունակ կլինեն հայ գրականությունը լիարժեք ռուսերեն թարգմանել, քանի որ թարգմանությունը նույնքան ստեղծագործական արվեստ է:
Գ.Թ. – Մենք ապրում ենք բուռն փոփոխական աշխարհում, երբ ամեն վայրկյան ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, կյանքը մշտապես նոր խնդիրներ է առաջադրում: Հասարակական ի՞նչ հարցեր են, որ ամենաշատն են մտահոգում ու անհանգստացնում Ձեզ:
Ս. Մ. – Տարիների հետ հասկանում ես, որ ամեն ինչ ունայն է: Այն խնդիրները, որոնք այսօր հրատապ և ճակատագրական են թվում, ժամանակի հետ կա՛մ լուծվում, կա՛մ իրենց տեղը զիջում են ուրիշների: Այսօր միակ խնդիրը, որ ինձ չի թողնում հանգիստ ապրել և քնել, մեր բանակում ոչ թշնամական գնդակից զոհվող զինվորներն են: Բանակն իր հրամանատարներով, դաստիարակության գծով հրամանատարի տեղակալներով, քահանաներով և… դժվար է հասկանալ ո՞նց է ստացվում, ինչպե՞ս են երիտասարդին հոգեկան անկման այն աստիճանի հասցնում, որ ուժերի ծաղկման շրջանում երիտասարդը ինքնասպանության է դիմում: Չեմ կարող համաձայնել տրաֆարետային պատճառների թվարկման հետ, իբր, բոլոր բանակներում էլ առկա են ոչ կանոնադրական հարաբերություններն ու քրեական ենթամշակույթ կրողները: Միայն այս տարի` 13 զոհ, ֆանտաստիկ թիվ է… Չեմ ուզում մեղավորներ փնտրել, մեղավորներով կզբաղվեն իրավական մարմինները:
Կոնկրետ առաջարկություններ էլ չեմ կարող առաջարկել, գիտեմ միայն, որ դա մեր ընդհանուր դժբախտությունն է, և ընհանուր ուժերով պետք է դիմագրավենք այդ չարիքին:

2 thoughts on “ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆ / ԳՆԱՑՈՂ ԱՄԵՆ ԳՐՈՂԻ ՀԵՏ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է ԳՆՈՒՄ

  1. Սրտանց շնորհավորում եմ Սերգեյ Մուրադյանի 75-ամյակը: Այս համեստ անձնավորությանը անձամբ ճանաչում եմ դեռ 1978 թվականից՝ որպես ՞Լիտերատուրնայա Արմենիա՞ ամսագրի պատասխանտու քարտուղար: Արտակարգ դրական և պայծառ կերպար է մեր միակ ռուսալեզու պարբերական հանդեսի խմբագրությունում, Գրողների միությունում: Մաղթում եմ Մուրադյանին երկար տարիների կյանք, քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական հաջողություններ:

  2. Заурядная, посредственная личность, мнящая себя армянским интеллектуалом… 40 лет протирал штаны в “Литературной Армении”, читая и корректируя чужие статьи… Дожил “без инфаркта и паралича” до своего 75-летия… Пусть живет дальше – от него ни жарко ни холодно – и писателям, и читателям…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։