Տեղապտույտ` ելքի հեռանկարով Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպի մասին / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

76747493_2459973027385680_7438653069115523072_oՎահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը մեր պատմության վերջին 200-ամյակի քննական վերլուծությունն է, որում միախառնված-ներհյուսված են գեղարվեստական սյուժեն և պատմական-քաղաքական անցքերի փաստագրված հաջորդականությունը:
Հաճախ ընթերցողի համար դժվար է լինում կողմնորոշվել, թե վեպում ծավալվող պատումի ո՞ր գիծն է գերակայորեն իրեն առաջ մղողը` պատմական դեմքերին և պատմաքաղաքական անցքերի՞ն, թե՞ վիպական հերոսներին ու նրանց հանգրվան 5-րդ փողոցին առնչվողը: (5-րդ փողոցը մետաֆորիկ նշանակություն ունի Վահագն Գրիգորյանի ստեղծագործության մեջ, և «Պողոս-Պետրոս» վեպը բացառություն չէ: Աշխարհի որ ծագերում, որ ժամանակաշրջանում էլ կատարվեն գրողի շարադրած պատմությունները, միևնույն է, գալիս-հանգում են 5-րդ փողոցի մատույցներին և այստեղ ստանում միս ու արյուն):
Այս վեպում հավասարազոր կարևորությամբ կողք կողքի են շարքային մահկանացուների մի ողջ բազմություն-բազմազանություն և հայոց պատմիչներ Եղիշեն, Կորյունը, Կողբացին, Ուռհայեցին, կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, ռուս ցար Նիկոլայը, զորավար Պասկևիչը, նախախորհրդային, խորհրդային, հետխորհրդային հայ, վրացի, ադրբեջանցի քաղաքական գործիչներ` իրենց առնչվող դերակատարություններով: Պատմության փաստագրած 200 տարվա արձանագրություններին հառվող «Հետադարձ հայացքի» համապատկերում երևան է ելնում Մեսրոպյանների և Տիրատուրյանների սովորական հայկական գերդաստանների չարչրկված ոդիսականը, որ հիմնականում սկիզբ է առնում Աբգարդպիր վարդապետից ու շարունակվում Մեսրոպ վարդապետ Մեսրոպյան, Մովսես, Պողոս, Պետրոս, Պարգև, Նվեր, Լուսինե, Արեգ Տիրատուրյաններ ժառանգորդությամբ:
Վիպագիրը իր հերոսներին անցկացնում է պատմական թոհուբոհի ամենաթեժ ոլորաններով, և նրա հայացքը` սառնասրտորեն անաչառ, տեսնում ու տեսցնում է մերկապարանոց իրականությունը` սթափվելու կոչ հնչեցնելով իր հայրենակիցների ականջին: «Մեր ազգը … վաղուց ի վեր երկու հիմնական զբաղմունք ունի. նախ` թևերը քշտած քանդում է իր տունը, հետո` ավերակները ողբում, քանզի մենք մոռացել ենք, թե տունը ինչպես են շեն պահում» (էջ 9-10),- գրում է հեղինակն իր վեպի առաջին` «Կանգառ առաջին. Վարք Աբգարդպիր վարդապետի» բաժնում: Կանգառները վեպում հինգն են. վերը նշվածին հաջորդում են «Կանգառ երկրորդ. Հանուն բոլոր ճնշվածների ու հալածվածների», «Կանգառ երրորդ. Խորհրդավոր ընթրիք», «Կանգառ չորրորդ. Լույսը բացվի, բարին հետը», «Կանգառ հինգերորդ. Տե՛ր, դու մեզ փրկիր բարեկամից» բաժինները: Վեպն ունի նաև առաջաբան` «Նախաբան. Ցավոք, ոչ լավատեսական» վերնագրով, և եզրափակող բաժին` «Վերջաբան. Ինչպես մեզ փրկենք մեզնից» վերնագրով:
Մեր արյունոտ պատմության ընթացքը` մեզ ավանդված դասագրքային և ոչ դասագրքային իրողություններով, լի է հակասական, անընկալելի փաստերով: Եվ Վահագն Գրիգորյանը ճիգ է անում տարորոշել պատմական կոչվող ճշմարտության ու պատվիրված ճշմարտության սուրսայր եզրագծերը` չխնայելով ո՛չ այդ եզրագծերին հայտնված իր հերոսներին, ո՛չ իր տարորոշումներին հետամուտ ընթերցողին: Մեր արտաքին թշնամիները` թուրքը, ադրբեջանցին, վրացին, ռուսը, այլք, այնքան սարսափելի չեն ներկայանում հաճախ, որքան ներքին տականքը` հայությանն ու Հայաստանը սկուտեղի վրա արտաքին թշնամիներին մատուցող ստրկամիտ, անձնապաշտ, մանկուրտացած իբրև թե հայերը:
Ողջ պատումաշարը երևան է հանում սարսռեցնող դիպվածներ և դրանց մասնակից գրական հերոսների, որոնք դատապարտված են դառնալու մեծ աշխարհաքաղաքական ցնցումների աննշան թվացող մահկանացու-զոհերը` անկախ այն հանգամանքից` այդ հերոսները կարևոր դերակատարություն և առաքելություն ստանձնած, իրենց կյանքի գիծը ըստ ժամանակի բարձր նպատակներին համահունչ կառուցած մարդի՞կ են, ինչպես հանրապետական բանակի սպա Կարապետը, որ սպանվում է իր զինվոր հայի գնդակից, Սերգո Սնխչյա՞նը, որ բոլշևիկյան գաղափարախոսության առաջամարտիկն է, բայց ստիպված է գիտակցել 30-ականների ուռճացող գեհենի ահավորությունն ու կուսակիցներից, պաշտոնակիցներից գաղտնի Ներքգործժողկոմատի իր աշխատասենյակում խմել հերթական անմեղ զոհի ողորմաթասը, թե՞ պատմական-քաղաքական անցուդարձերին անմասն, սիրո և երջանկության սպասմանն ապավինած դեռատի Թամարը` դուրս նետված սեփական տան պատուհանից` թուրք գազաններից փրկվելու համար, կամ իրեն ընդամենը մեկ օր կին զգալու շռայլությունը թույլ տված, ցեղասպանների ձեռքից հրաշքով փրկված Սիրունը, որ պիտի այդ մեկօրյա կանացի սեթևեթանքի համար վճարեր շատ թանկ գին` բռնաբարվեր իր փրկարար-ասպետի կողմից և երեխա ծնելուց հետո մեռներ հայ չեկիստների խոշտանգումներից` չհասցնելով վայելել մայրության բերկրանքը:
Հիվանդ ժամանակներում բոլորն էին դատապարտված, բոլորն էին զոհ: Եվ եթե բախտի միջանկյալ շողարձակումներ, այնուամենայնիվ, նկատվում են վեպի հերոսների կյանքում (ինչպես, օրինակ` ծերացած Արշալույսի կյանքի վերջին տարիները նկարագրող հատվածում), ապա վիպասանը մեզ իսկույն մատուցում է գեղարվեստական սյուժեին զուգընթաց զարգացող քաղաքական դիպվածաշարը, որը չի թողնում լավատես լինելու որևէ հիմք:
Ի՞նչ ենք կարդում մենք` իբրև մեր ազգին պատուհասած արհավիրքների «քննական» վերլուծություն, որի մեկնարկը տրված է Աբգարդպիր վարդապետի գրառումներում և շարունակվում է Աբգարդպիրի եղբորորդի Մեսրոպ վարդապետ Մեսրոպյանի` մեկ դար անց շարադրած «Քննական պատմություն հայոց» աշխատությունում, աշխատություն, որին վիճակված է նույն ճակատագիրը, ինչ դրա հեղինակին և հայ ժողովրդին: Քննական հայացքն ուղղելով նախորդ դարասկզբի իրադարձություններին` Վարդապետը գրում է. «… դժվար է, եթե ոչ անհնարին գտնել ուրիշ երկու, ասես իրար քթից ընկած երկվորյակ պետություն, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան»: (էջ 517)
Տասնամյակներ անց, սեփական փորձառությամբ, այս միտքը պետք է ձևակերպի Վարդապետի շառավիղ, դրամատուրգ Պողոս Տիրատուրյանը` ռուս «եղբայր» գործընկերների հետ ունեցած անմիջական շփումների վերջնարդյունքում. «Բոլորին ռուսները նվաճել են արյունով ու սրով, մեզ` մեր օգնությամբ, բայց դրանից մենք շահե՞լ ենք: Ամենևին: Ռուսը մեզ խփում է թիկունքից: Մեր համակրանքը շահում` մեզ դավելով: Մեզ համար զանազան որոգայթներ լարում, ապա իբրև թե օգնության ձեռք մեկնում: Հայաստանը ռուսներին պետք է` թուրքերի հետ քաղաքական առևտուր անելու համար: Դա լավագույնս ապացուցեցին բոլշևիկները, հիմա էլ ապացուցում են ռուս կայսերամոլներն ու հայ ազգադավները»: (էջ 501)
Վերջիններիս` ազգադավների վրա բավական հանգամանորեն է կանգ առնում հեղինակի հայացքը, և, թերևս, նրա գաղափարաբանության շեշտը այդ տեսակի զազրելիության բացահայտմանն ու նզովումին է միտված:
Ներսես Աշտարակեցուց ծայր առած, միկոյաններով ու «միկոյանական լիմիտներով», մուղդուսիներով, անկախհայաստանյան «գերակաշահականներով» շարունակվող, մոսկվաբնակ կիռակասյաններով ամբողջացող ազգուրացների մի ողջ պատկերասրահ է ներկայացնում Վահագն Գրիգորյանը: Ի դեպ, այս տեսակի մեզ շատ ծանոթ ու արդիական օրինակ է Գեորգի Կիռակասյան կոչված հերոսը. հենց այսօր դրա նմաններին մենք ճանաչում ենք հականե-հանվանե: Եվ այս տեսակը իրեն համարում է Իսրայել Օրու սրբազան գործի հետևորդն ու նվիրյալը` այդպիսով արդարացնելով սեփական ինքնությանը դավաճանելու, ազգն ու հայրենիքն ուրանալու իր «սխրանքը»: Ազգադավների այս շղթան շնչահեղձ է անում ընթերցողին: Հետո՞ ինչ, որ վիպական գործողությունների բոլոր դրվագներում էլ հեղինակն ինչ-որ հնար գտնում է` մեզ մխիթարելու կամ հուսադրելու համար:
Կարդում ես ազգիդ հեռու և ոչ այնքան հեռու անցյալի տարեգրությունն ու սարսափած բախվում այն անհերքելի փաստին, որ հենց հիմա էլ` երեկ, այսօր, անվիճելիորեն ու ցավոք` նաև վաղը նույն իրականությունն է: Ո՞րն է այս դաժան տեղապտույտից ազատագրվելու հնարը, երբ վեպի դիպվածաշարը եզրափակվում է ոչ հուսադրող հեռանկարով, երբ երկու հայորդի` Պարգև ու Նվեր Տիրատուրյանները, դատապարտված են դաժան ճակատագրի (հեղինակը խնայում է մեզ ու չի որոշակիացնում նրանց ճակատագրի վերջին արարը), ազատատենչ ու ազնիվ Տիրատուրյան ցեղի մեկ այլ շատավիղ` Արեգը, բանտում է` իր պետության և ժողովրդի ազնիվ նպատակների շեփորահարը լինելու «մեղքի» համար: Անօգնական երկու ծերունի` իրենց կանանց հետ, դատապարտված են անիմանալին-առեղծվածայինը որոնելու և իրար դիմելու մեր բանահյուսությունից հայտնի-փակուղային հարցով.
«- Պողո՛ս, գտա՞ր:
– Չէ՜:
– Պետրո՛ս, գտա՞ր:
– Չէ՜»: (էջ 530)
Սյուժետային գծի խաչաձևվող բազմատարր հանգույցները լուծելու յուրակերպ հնար է բանեցրել հեղինակը` պատմաքաղաքական իրողությունները վեր հանող «Քննական պատմություն հայոց»-ին հառվող «Հետադարձ հայացքը» տեղայնացնելով է նաև իր հերոսների նեղ անձնական ճակատագրերի տիրույթում: Այսինքն` «Հետադարձ հայացքը» տեղ-տեղ դադարել է Գրիգորյանի հերոսների «մենաշնորհը» լինելուց, հեղինակն ասես «ընդօրինակել է» իր հերոսների վարքը` ընթերցողին մատուցելով ևս մեկ` հեղինակային «Հետադարձ հայացք»: Այդ հայացքի հետքով վիպասանը լույս է սփռում այն անցքերի և դրանց մասնակից կերպարների ճակատագրերի վրա, որոնց մասին կա՛մ ընթերցողը, կա՛մ մյուս գրական հերոսները չունեն որոշակի տեղեկություն: Այսպես, հետին թվով, ասես պատահական դիպվածների հանդիպադրմամբ պարզ է դառնում, որ իր զինվորի գնդակից զովել է Մեսրոպ վարդապետի եղբորորդի Կարապետը, որ Մովսես Տիրատուրյանի Պողոս, Պետրոս որդիներից մեկը որդեգիր է, որ Սիրունի տանը եղած հյուրերն են Մովսեսի, Սերգոյի, Սիրանի մահվան հանգամանքների ակամա մեղավորները և այլն, և այլն:
Վահագն Գրիգորյանը լեզվաոճական բազմաշերտ բաղադրիչներով է կառուցում իր գիրը: Նրա բառամթերքը ներառում է վերամբարձից մինչև կենցաղային-առօրեական, բանահյուսականից մինչև գերարդիական, պաշտոնականից մինչև ժարգոն ձգվող եզրույթներ: Նույնքան բազմաշերտ է պատումի տրամադրությունը, մատուցման դիտակետը: «Պողոս-Պետրոսը», ինչպես և Գրիգորյանի գրականությունն առհասարակ, շատ սահուն ելևէջումների մեջ է ողբերգականի, դրամատիկականի, կատակերգականի տիրույթներում:
1921 թվականի ռուս-թուրքական բանակցությունների շրջանը ներկայացնող հատվածում, մոսկովյան «Ժիզն նացիոնալնոստեյ» պարբերականում արված հրապարակման համատեքստում, փայլում է Վահագն Գրիգորյանի հումորը, որն այնքա՜ն հիշեցնում է ողբերգությունից զավեշտ հորինող Գուրգեն Մահարու գրիչը. «Ուրեմն, Հայաստանը` որպես «սովետական-սոցիալիստական պետություն, պետք է գնա իր տարածքների և նույնիսկ իր ազգակիցների որոշ խմբերի զոհաբերության»: Հանուն ինչի՞: «Հանուն համաշխարհային հեղափոխության»: Քանի որ հատկապես բութ ծնված հայերը կարող է ասեն` լա՜վ, տարածքները հասկացանք, զիջենք, բայց նոր կոտորածները շատ չեղա՞վ, դարձյալ վերին աստիճանի համոզիչ բացատրություն. «Եթե մենք հավատում ենք համաշխարհային հեղափոխության հաջողությանը (իհարկե հավատում ենք, ամոթ չի՞ չհավատանք), ապա պետք է հասկանանք, որ բոլոր այդ զոհաբերությունները ժամանակավոր բան են, որ համաշխարհային հեղափոխության հաղթանակով չեղյալ են դառնում»: Ի՞նչ է ասել` «չեղյալ»: Այսինքն` նույնն է, թե չեն եղել: Հայկական կոտորածները չե՞ն եղել: Այո՛: Ինչպե՞ս: Շատ պարզ, «համաշխարհային հեղափոխությունը հաղթանակից հետո կքննի և կգտնի հողի յուրաքանչյուր կտորի իսկական տիրոջը` հանձին նրա վրա աշխատող աշխատավորի»: Կգտնի՞, ո՞նց, չէ՞ որ հայերը արդեն կոտորվել են: Է՜, դժվար եք հասկանում, հայերը, այո՛, կոտորվել են, բայց թուրքերը հո կան, ի՞նչ տարբերություն` հա՞յ աշխատավորը կլինի հողի տերը, թե՞ թուրք: Իրոք, իրոք, ոչ մի տարբերություն, մենք` հայերս, կարող ենք ընդհանրապես չլինել, վերանալ աշխարհիս երեսից, եթե սա կնպաստի համաշխարհային հեղափոխությանը: Կեցցե՛ք, վերջապես հասկացաք, բայց ձեզ լրիվ զոհաբերելը դեռ շուտ է. մի բան էլ չմնա՞ ապագային»: (էջ 204-205)
Իսկ Պողոս, Պետրոս Տիրատուրյանների` Պավլիկ Մորոզովի վեհ օրինակին հետևելու, ավագ ջոկատավարի ղեկավարությամբ կենդանաբանական այգի այցելելու, Պողոս-Պետրոս սրբերի` Սիրանի տանը հյուրընկալվելու հատվածները պարզապես գեղարվեստական գոհարներ են, որ իրավամբ կարող են դիտվել իբրև վիպական պատումից առանձնացող, բայց ոչ` դրան չներդաշնակող ավարտուն ստեղծագործություններ:
Վիպասանը գրեթե ո՛չ մի պատում, ո՛չ մի դիպված չի հյուսում` առանց ենթատողերի, առանց պատճառահետևանքային կապի շարակցության: Վեպում առանցքային տեղ ունի Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելու հատվածը: Սա ինքնին, իբրև իրողություն, այնքան ընդգրկուն նյութ է պարունակում, այնքան հավաստի տեղեկագիր է խորհրդային սրբապիղծ բարքերի վերաբերյալ, որ, թվում է, այլևս կարիք չկա խտացնելու գույները, շեշտադրելու կատարված բարբարոսության` առանց այն էլ ցցուն փաստը: Բայց բանահյուսական, ավանդապատումային ոճով շարադրված այս պատմությունը գրողն ավարտում է բիրտ իրապաշտական լուծումով. քանդված եկեղեցու ավերակների միակ հավատավորը` Գրիգորյանի վեպի ամենաանմեղ (եթե չասենք` անմեղսունակ) հերոսը` Սիրունն է դառնում աստվածուրացության զոհը. անմեղությունը թաղվում է բիբլիական ոճիրի փլատակներում:
Եվ ի՞նչ է մնում անել հեղինակին` ի սեր ընթերցողի կամ գուցե ի սեր ինքն իրեն` շնչահեղձության հաղթականորեն աճող չափաբաժնից վերջնականապես չխեղդվելու համար. նա պատմության դառնահամ դեղահաբերին հակադրում է հեքիաթի անուշաբույր նեկտարը: Երկնքից երեք խնձոր վայր բերելու հանգույն` Վահագն Գրիգորյանը երազ է տեսնում` իրապատում վերջաբանով. փրկված է Տիրատուրյանների առևանգված «թալիսմանը, տոհմական մասունքը»` Վարդապետի «Քննական պատմություն հայոց»-ը, որ տուն է վերադառնում թվացյալ կորսված, արմատից հատված ընձյուղի` Լուսինե Տիրատուրյանի ձեռամբ: Եվ որպեսզի կասկած չմնա ընթերցողի ու հենց իր` Վահագն Գրիգորյանի մեջ, թե սա իրողություն է` մեր բազմադարյա պատմության բոլոր քառուղիներում հաստատագրված, հեղինակը պատկերագրում է աշխարհակործան ջրհեղեղին հաջորդած վերածնության խորհուրդը` կտուցին կանաչ շիվ բերող աղավնու տեսքով: «Քիչ հեռվում` մարգախոտի մեջ, կանգնած է աղավնին` կտուցին դալար շիվ: Վիզը թեքած` փոքր-ինչ կասկածանքով նայում է վաղաժամ անցորդին, ապա համոզվելով, որ վտանգ չկա, շիվը առած թևածում: Լուսինեն, իհարկե, տեղյակ է, թե ինչն ինչոց է… իսկ մենք, որ նախանձելի համբերությամբ անցել ենք այս ճամփորդության ոչ քիչ էջերով, հիշողությունից էլ չենք դժգոհում, սա ընկալենք որպես նախերգանքը մեր երազի արթմնի շարունակության» (էջ 531),- ավարտում է վեպը Վահագն Գրիգորյանը:
Այս լավատեսությունը, հայի ապագայի հանդեպ հավատը Վահագն Գրիգորյանի գոնե գրական հավատամքն է: Անգամ սեփական մահվան փաստը նա մեկնում է ոչ թե իբրև ողբերգական ավարտ, այլ նոր կյանքի սկիզբ: Այս դիտարկումն առկա է նրա ստեղծագործական հղացումների բազմաթիվ օրինակներում: Դեռ 2001-ին գրված «Անմահը» պատմվածքում կարդում ենք. «… ես երրորդ հազարամյակի առաջին տարում լերդացող արյանս մեջ պառկած մտածում եմ` հաջորդ անգամ ե՞րբ, որտե՞ղ, որպես ի՞նչ ու հանուն ինչի՞ եմ լույս աշխարհ գալու: Տրամադրությունս այնքան վատ է, որ էլ չասած, բայց հիշում եմ նախորդ մահերս և, պատկերացրեք, համարյա մխիթարվում եմ»: (էջ 9-10)
Այս մխիթարությանն ապավինելու երերումի մեջ էլ փորձենք մտածել, որ մեզ վիճակված է բազմադարյա տեղապտույտ` ելքի հեռանկարով:

One thought on “Տեղապտույտ` ելքի հեռանկարով Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպի մասին / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

  1. <Տեղապտույտ՝ ելքի հեռանկարով Վահագն Գրիգորյանի վեպի մասին Կարինե Ռաֆայելյան
    Ինձ անծանոթ երկու հեղինակների հետ ծանոտացա այս վերլուծական գրությամբ։ Հարգանք և պատիվ Ձեզ, որ մեր անցյալի որոշ ժամանակաշրջանի իրական պատմությունները երևան եք բերում մասային հասկացնելու, որ մեր-ը մեր միամտությունից օգտվելով մեզ ծառայեցրել է միակ ու միակ իր շահերի համար մեր երկիրը մասնատելով և օտարներին նվիրելով, հարկ է սթափվենք և թույլ չտանք մեզ որպես խաղակարտ օգտագործեն։ Շատ կցանկայի այդ գիրքն ունենալ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։