– Հայաստանյան տիպի փոքր հնարավորություններով երկրներում արդյոք մշակութային շուկայի դոնորը պետությո՞ւնն է, եթե ոչ, ի՞նչ միջոցներով է հնարավոր կարգավորել ոլորտը:
Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ – Այս հարցին պատասխանելուց առաջ հարկավոր է պատասխանել մի քանի ուրիշ հարցերի. ի՞նչ է նշանակում լինել «փոքր հնարավորություններով» երկիր, ինչպե՞ս է կարգավորվում «մեծ հնարավորություններով» երկրների մշակութային ոլորտը, ի՞նչ է կամ ո՞վ է «մշակույթի դոնորը», և ովքե՞ր կարող են հավակնել այդ պատվավոր կոչմանը Հայաստանում:
Եթե վստահենք ամերիկյան «Ստրաթֆոր» վերլուծական պարբերականի 2019-ի ապրիլին հրապարակած «Քանի՞ երկիր կա աշխարհում 2019-ին» հոդվածում ներկայացված տվյալներին, ապա կիմանանք, որ աշխարհում կա 195 երկիր-պետություն, եթե ավելացնենք մասնակի ճանաչում ունեցող և ինքնիշխան, դե ֆակտո անկախ (այդ թվում` Արցախի Հանրապետությունը) պետությունների թիվը, այն կհասնի 204-207-ի, իսկ եթե հիշենք, որ Հայաստանն այսօր իր զբաղեցրած տարածքով աշխարհում 138-րդն է, բնակչությամբ` 136-րդը, ապա հասկանալի է դառնում, որ «փոքր հնարավորություններն» այնքան էլ չեն բխում «փոքր երկիր» կամ, ինչպես սիրում ենք հաճախ կրկնել, «փոքր ածու» լինելու հանգամանքից, մանավանդ, եթե հիշենք, թե որքան փոքր են աշխարհի ամենազարգացած երկրներից մի քանիսը` Հայաստանից փոքր-ինչ մեծ Շվեյցարիան և Նիդեռլանդները, Հայաստանից փոքր Իսրայելը և շատ փոքր Սինգապուրն ու Լյուքսեմբուրգը:
Ուրեմն, երկրի փոքր հնարավորությունները մեծ հնարավորությունների վերածելու նպատակով, նախ և առաջ, անհրաժեշտ է հաշվի առնել երկրի զարգացման մակարդակը, զարգացման հեռանկարը (այդ թվում` մշակույթի) և զարգացման ուղիները: Պարզ է, որ Հայաստանը տնտեսության զարգացման մակարդակով հազիվհազ տեղավորվում է միջին զարգացածություն ունեցող երկրների ամենացածր սանդղակում` վերջից 75-րդը, այն դեպքում, երբ Ռուսաստանը 132-րդն է, իսկ քաղաքացու տարեկան ամենաբարձր միջին եկամուտն ապահովում են Լյուքսեմբուրգը, Նորվեգիան և Միացյալ Նահանգները: Այս իմաստով, Հայաստանը, իրոք, փոքր ֆինանսական ու տնտեսական հնարավորություններով երկիր է, բայց մշակութային ժառանգության և մշակութային զարգացման ներուժի իմաստով կարող է համաչափ քայլել առաջատար, զարգացած երկրների հետ: Կարող է, բայց չի անում: Ինչո՞ւ:
Ընդհանուր առմամբ, աշխարհում ամենազարգացած երկրներ են համարվում Նորվեգիան, Ավստրալիան և Շվեյցարիան, ապա` Նիդեռլանդները, ԱՄՆ-ն և Գերմանիան: Սա այսպես է` ըստ աշխարհում հայտնի մի չափանիշի, որը կոչվում է «Մարդկային զարգացման ցուցիչ»: Այս «ցուցիչը» վստահեցնում է, որ զարգացած երկրում ապրելիս մարդն ապահովված է այն ամենով, ինչն անհրաժեշտ է այսպես կոչված «շքեղ կյանք» վարելու համար. գերազանց կրթություն, կատարյալ առողջապահություն, կյանքի բարձր միջին տևողություն, տնտեսական բարեկեցություն, խաղաղ կյանք, բարձր կենսամակարդակ, մեծաթիվ աշխատանքային հնարավորություններ, զվարճանքի վայրեր, հանգստի գոտիներ և շատ մեծ երջանկություն:
Ինչպես երևում է` ամենակարևորը մարդու միտքն է, որ հղկվում է, լայն առումով, կրթությամբ, և մարմինը, որ պահպանվում է լավագույն առողջապահական ծառայություններով: Անվիճելի է, որ այդպես է: Ցավոք, ո՛չ Հայաստանում:
Իսկ ամենավերջում թվարկվող «զվարճանքի վայրերը, հանգստի գոտիները և շատ մեծ երջանկությունը» կարող են ապահովել մշակութային ամենատարբեր իրադարձությունները, սկսած օպերայից ու բալետից, կինոյից ու թատրոնից, կրկեսից ու համերգից, մինչև գրքի հանրային ընթերցում, այցեր թանգարան, պատկերասրահ ու ընթերցասրահ, զբոսաշրջություն, սպորտային միջոցառումներ, սրճարան, ռեստորան, որոնց մատուցած ամենաբարձր արվեստն ու բարձրաճաշակ ծառայությունները նաև երջանկության գրավական են:
Հիմա դառնանք այն հարցին, թե ինչպես է կարգավորվում այս ամենը «ամենամեծ հնարավորություններ» ունեցող երկրում` Նորվեգիայում, որը, ինչպես և Հայաստանը, աշխարհի փոքր լեզվական համայնքներից մեկն է: Բայց արի ու տես, որ այս երկիրը մեկ շնչի հաշվով հրատարակված գրքերի քանակով առաջատար երկրներից է: Տարեկան լույս են տեսնում մի քանի հազար անուն նոր գրքեր, որոնց մոտ երեք հինգերորդը նորվեգական գրականություն է: Գրականությունն այս երկրում սուբսիդավորվում է տարբեր միջոցներով, ներառյալ` հարկերից ազատելը, գրողներին դրամաշնորհներ տրամադրելը և գրադարանների համար պետական գնումներ կատարելը: Նորվեգիայում կա մոտ 5000 հանրային և դպրոցական գրադարան: Ուրեմն, հասկանալի է, որ Նորվեգիայում գրականության և մշակույթի հիմնական դոնորը` արյունատուն, պետությունն է:
Բայց սա այսպես է աշխարհի ամենազարգացած երկրում, իսկ ինչպե՞ս կարող է լինել Հայաստանում: Նո՛ւյն կերպ, միայն թե պետության բեռը կարող են «թեթևացնել» զանազան մեծահարուստներ, որոնք զարմանալիորեն շատ են մեզանում` տնտեսական զարգացման ցածր տեմպեր ունեցող երկրի պարագային, մինչդեռ նրանք իրենց գոյությունը փոքրիշատե կարող են «արդարացնել»` լծվելով ազնիվ գործի. մշակույթն ու արվեստը հովանավորելով «անանուն» դրամաշնորհների տեսքով, առանց գովազդային աղմուկ բարձրացնելու և առանց հավակնելու «տեր կանգնել» իրենց նախընտրած մշակույթի գործիչներին` այդ գործը «մեծահոգաբար» թողնելով արդարամիտ մասնագետների հանձնախմբերին: