ՀՐԱՉԻԿ ԲԱՅՐԱՄՅԱՆ

hrachik bayramyan

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, թարգմանիչ
ՀՐԱՉԻԿ ԲԱՅՐԱՄՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Հրաչիկ ԲԱՅՐԱՄՅԱՆ

ԱԿԱՆԱՎՈՐ ԱՐԵՎԵԼԱԳԵՏԸ

Ալեքսանդր Խախանովը (Խախանաշվիլի) հումանիտար գիտությունների անվանի գործիչներից է տվյալ բնագավառի բազմաթիվ ոլորտներում՝ փիլիսոփայություն, պատմություն, հնագիտություն, բանասիրություն, բանահյուսություն, ազգագրություն, լեզուներ (հիմնականում՝ հնդեվրոպական և կովկասյան), կրոն և այլն: Նյութական ու հոգևոր մշակույթի բազում նշանակալից հարցերի վերաբերյալ աշխատանքները Խախանովը գրել է վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն՝ քաղաքական ու մշակութային հարաբերությունների բանիմաց քննությամբ: Նա ակտիվորեն թղթակցել է եվրոպական, ռուսական («Русские ведомостиե, «Этнографическое обозрениеե, «Вестник Европыե, «Журнал для всехե, «Вестник всемирной историиե, «Кавказский вестникե) և կովկասյան գիտական հեղինակավոր բազմաթիվ հանդեսներին:
Ծնվել է Վրաստանի Գորի քաղաքում (3 հունվարի 1864 թ.), քահանայի ընտանիքում, ուսման առաջին տարիներն անցկացրել է ծննդավայրի գավառական դպրոցում, որտեղ դասավանդել է նաև իր հայրը, 1884 թ. ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, այնուհետև ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ վերստին ցուցաբերելով արտասովոր բարձր առաջադիմություն: Բուհն ավարտելուց հետո՝ 1888 թ., հրավիրվել է Լազարյան ճեմարան (աշխատել է մինչև կյանքի վերջը՝ 25 հուլիսի 1912 թ., մահացել է թոքախտից): Վրացագիտական առարկաներ է դասավանդել նաև Մոսկվայի համալսարանում և մայրաքաղաքի կանանց գիմնազիաներում:
Որքան հայտնի է, Խախանովը հայագիտական աշխատություն չի թողել (ռուսերեն և վրացերեն նրա երկերի ցանկերում խոսք չկա այդ մասին), բայց Վրաստանի պատմությանը, վրաց գրականությանն ու լեզվին, վրաց ազգագրությանը, բանահյուսությանը և հարակից այլ գիտաճյուղերին նվիրված աշխատությունների լուսանցքներում, տողատակերում, ծանոթագրություններում անդրադարձել է նույն գիտակարգերի հայկականությանը, երբեմն՝ հայերեն, երբեմն՝ գրադարձ, երբեմն էլ՝ թարգմանաբար՝ վրացերեն կամ ռուսերեն և փաստերի ու տեղեկությունների հերթականությամբ, ըստ զուգադրական կանոնների, հանգել է գործիմաց եզրակացությունների: Այդ մեկնությունների հավաքումն ու ամփոփումը կարող են ամփոփ հոդվածներ գրելու նյութ դառնալ, ինչին վերապահված է սույն հակիրճ տեղեկատվությունը:
Ճեմարանում աշխատելու տարիներին Խախանովը, բնականաբար, մտերմացել է հայ գործընկերների հետ և ձեռքի տակ ունենալով հարուստ սկզբնաղբյուրներ՝ հետաքրքրվել է հայոց պատմության, հայ մշակույթի, առհասարակ հայ իրականությանն առնչվող բազմաբյուր հարցերով: Որոշ ծանուցումներ նա լրացրել է հայ բանահյուսության նմուշներով, վանքերի, ամրոցների, հուշարձանների, ձեռագիր մատյանների և այլ հնությունների նկարագրությամբ: Առհասարակ հայկական սկզբնաղբյուրների մեջ խորամուխ է եղել ոչ թե դեպքից դեպք, այլ՝ պարբերաբար, երբ հետազոտությունների ժամանակ ցանկացել է համադրել և խոսել նաև հարևան երկրի նույնաբնույթ երևույթների մասին:
Հեղինակային որոշ դիտողություններ հիշեցնում են, որ անձամբ կամ գործընկերների ուղեկցությամբ շրջագայել է Երևանի նահանգում, Նոր Բայազետի գավառում, Նախիջևանի ամբողջ տարածքում, ինչպես նաև Վրաստանի հայաշատ վայրերում և անհրաժեշտ տեղեկություններ ամբարել այդ վայրերում կողք կողքի բնակվող հայ և տարածաշրջանի այլ ժողովուրդների մենթալիտետի մասին:
Մասնավորապես Նոր Բայազետի գավառի Երանոս գյուղում կատարած ազգագրական գրառումների հիման վրա հրատարակել է բավականին հետաքրքիր ուսումնասիրություն (Из жизни армян Новобаязетского уезда, Эриванской губернии // “Этнографическое обозрение”, M., 1893, № 2): Ինչո՞ւ Նոր Բայազետ: Ի պատասխան ակնկալվող հարցի՝ նա նախ շարադրել է գավառի անվան հակիրճ պատմությունը, ապա վերլուծել տեղացիների հարսանեկան ծեսերը, երգերն ու պարերը, կրոնական արարողությունները, հավատալիքները, ընտանիք ստեղծելու ավանդույթը և այլն: Որոշ անդրադարձներ հետաքրքիր են նաև այսօր: Ըստ հեղինակի՝ կայացած գերդաստանի գլխավորը տղամարդն է, նրա բնորոշումով՝ Տանուտերը, որի իրավունքների մասին շատ չի խոսում: Փոխարենը հավուր պատշաճի բացատրում է ընտանիքի իգական սեռի՝ չափահաս թե անչափահաս, ներկայացուցիչների «մեծավորի»՝ Տանտիկինի իրավունքները: Բայց և այնպես նրա «իշխանությունը» հիմնականում տարածվում է հասուն տարիքի անձանց վրա, նրանց է կարգադրություններ անում՝ հարսներ թե աղջիկներ, ո՛վ պետք է կերակուր պատրաստի, ո՛վ սեղան գցի, ո՛վ կով կթի, ո՛վ գուլպա գործի, ո՛վ սենյակ հավաքի և այլն: Մեղանչողին կարող է պատժել՝ զրկելով ճաշից: Տանուտերը ցանկության դեպքում կարող է առարկել կամ ուղղորդել Տանտիկինին, բայց «առհասարակ նա չի խառնվում կնիկների գործերին»:
«Վրաց գրականության պատմության» իր հեղինակած ակնարկների երրորդ գրքում Խախանովը, քննելով վրացական էպոսը և պարականոն գրվածքները (ապոկրիֆ), պատմական ազդեցության շերտավորումով համեմատական մեթոդ է կիրառում, համադրում հայկական, հունական, սլավոնական ապոկրիֆների հետ և դրանց շուրջ դատողություններ անում: Շարունակության մեջ ընթերցողի ուշադրությունը հրավիրում է Սայաթ-Նովայի կյանքի ու գրական գործունեության վրա: Նա գրում է. «Աղա-Մահմեդ խանի կողմից Թիֆլիսը գրավելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ, սազանդար Սայաթ-Նովան: Նա վրաց Հերակլ II թագավորի պալատական տրուբադուրն էր: Հարյուր տարի առաջ Սայաթ-Նովայի անունը Թիֆլիսում փառավոր հնչում էր ամենուր՝ արքունի պալատից մինչև «խալխի» խրճիթները: Նա աղքատ հայորդի էր, արհեստով՝ ջուլհակ, կոչումով՝ երգիչ, երգահան: Երիտասարդական տարիներին խնջույքասեր երգիչ էր, կնոջ մահից հետո՝ ճգնավոր Հաղպատի վանքում, բայց կյանքը վերջացրեց որպես նահատակ, խաչը ձեռքին՝ թշնամու մուտքը եկեղեցի արգելելու համար: …Նրա երգերը նվիրված են սիրո վայելքին, սիրած էակի հմայքին ու գեղեցկությանը: Գրել է ոչ միայն հայերեն, այլև վրացերեն ու թուրքերեն, որոնք դեռևս անտիպ են»:
«Հայերի կացությունը վրացական թագավորությունում» ծավալուն հոդվածում Ալ.Խախանովը, հետևելով դեպքերի ընթացքին, մասնավորապես դիտում է. «…Հաճախ դժբախտությունը միակ շաղախն է, որի վրա նոր շենք է բարձրանում… և Վրաստանի ու Հայաստանի պատմության էջերը մեզ պատմում են նրանց տանջանք-տառապանքների, ավերված շեների ու պղծված սրբավայրերի մասին»:
Նույն հոդվածում նշում է, որ 451 թ. Քաղկեդոնի ժողովից հետո հայերն առանձնացան, սակայն բաժանվելը հայերի և վրացիների հարաբերություններում սրացման պատճառ չդարձավ: «Հետագայում,- շարունակում է հեղինակը,- ճիշտ է՝ վրաց թագավորներ Բագրատ IV-ը, Դավիթ Շինարարը և Թամար թագուհին ապարդյուն փորձեցին միավորել հայկական և վրացական եկեղեցիները, բայց բարեկամական կապերը չխաթարվեցին, ավելին՝ Դավիթն ազատագրեց Հայաստանի մայրաքաղաք Անին և ավեր դարձած պետության շահերից ելնելով՝ հայերին վերաբնակեցրեց Վրաստանում՝ նրանց համար կառուցված քաղաքներում: Հայերի հանդեպ ցուցաբերելով սեր ու բարյացակամություն՝ նա այցելում էր հայոց եկեղեցիներ և օրհնություն ստանում հայ քահանաներից»:
Արծարծված հարցերից բացի, Խախանովը յուրովի բանաձևում է նաև Հայոսի և Քարթլոսի «հարազատ եղբայրներ լինելու» պատումի ծագման պատճառները. «Լեգենդը առաջանում է… ամրապնդելու համար այն բարդ հասարակական կարգը, ավանդույթները և աշխարհայացքը, որը ձևավորվել է դարերի ընթացքում», այնուհետև՝ «եղբայրության գաղափարը առաջադիմական գաղափար է, և հենց ժողովուրդների անցած ուղին է նպաստել զրույցի առաջացմանը, որովհետև նվաճողների դեմ այդպիսի մտքեր սերմանելը, որպես կարևոր գործոն, դարերի ընթացքում եղել է հայ, վրաց ժողովուրդների և նրանց առաջադեմ գործիչների ուշադրության կենտրոնում»: Նման բանաձևումը, իր հերթին, նույնպես արժանի է գովեստի:
Խախանովը համոզված է, որ «Վրացի արքաները երբեք տարբերություն չեն դրել մեր երկու ժողովուրդների միջև, նրանք ընձեռել են հավատքի ազատություն, քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ: Հետաքրքիր է,- հիմնավորում է գիտնականը,- որ վրացիները, լինելով ուղղափառ քրիստոնյաներ, հակադրվում էին միայն մահմեդականներին, բայց ո՛չ առանձնացած հայոց եկեղեցուն կամ նրա հավատարմատարներին: Տարբեր եկեղեցիների պատկանելու փաստը չէր խանգարում, որ հայերն ու վրացիները կազմեին ընտանիքներ, ստեղծեին ազգակցական կապեր: Ավելին՝ նրանք ունեին ընդհանուր սրբեր»:
Հեղինակը հավաստում է, որ դարերի ընթացքում վերելք են ապրել նաև գրական-մշակութային կապերը: Վրացի գործիչները թարգմանել կամ, ըստ հայկական նմուշների, ընդօրինակել են օրենսդրական, պատմագրական կարևորություն ունեցող մի շարք երկեր, հատկանշական է Մխիթար Գոշի «Դատաստանագիրք հայոցը»:
Հեղինակի հերթական գրառումը հեռու չէ իրականությունից. «Հայերը, մեծ եռանդ ու նպատակասլացություն դրսևորելով, ժամանակի ընթացքում կարողացան հարստություն կուտակել և ղեկավար դիրքերի հասնել պետական ապարատում»: Այդ գործիչներից նա հիշատակում է Թամար թագուհու արքունիքի անվանի խորհրդական Զաքարիա Մխարգրձելիին (Երկայնաբազուկ), հետագա ժամանակաշրջանից՝ գեներալ-մայոր Երեմիա Արծրունուն և ուրիշներին, որոնք ստանալով ազնվական և իշխանական կոչումներ՝ ամրապնդում էին իրենց դիրքերը և հասնում վերընթաց պաշտոնների: Օրինակ, Թումանովների (Թումանյան-Թումանիշվիլի) իշխանական տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար ստանում էին պետական քարտուղարի պաշտոնը, Թիֆլիսի մելիքի պաշտոնում պարբերաբար ընտրվում էր Բեբութովների (Բեհբության-Բեբութաշվիլի) իշխանական տոհմի հեղինակավոր անձանցից որևէ մեկը և այլն:
«Վրաստանում, հատկապես Հերակլ II-ի օրոք, կային մեծ դրամագլխի տեր բազմաթիվ հայեր, որոնք վրաց ազնվականներին տրամադրում էին վարկեր, աջակցում էին երկրի կրթական օջախներին, վանքերին ու եկեղեցիներին: Նրանք՝ ունևոր հայերը, հատկապես Աղա-Մահմեդ խանի ավերիչ արշավանքից հետո, վրաց ժողովրդի հետ ձեռք ձեռքի, օգնեցին, վերաշինեցին բազմաթիվ բնակավայրեր ու մշակութային օջախներ»,- վկայում է վրացի գիտնականը:
«Հայերի հարստանալն ու բարձր պաշտոններ զբաղեցնելը այնքան էր գրավում ու գայթակղում վրաց իշխանազուններին ու ազնվական փեսացուներին,- խոստովանում է հեղինակը,- որ նրանք ձգտում էին հարսնացուներ ընտրել հայ մեծահարուստների ընտանիքներից»:
Հատուկ վստահության արտահայտություն է նաև այն իրողությունը, որ հայ երիտասարդները զորակոչվում էին արքունական և պետական անվտանգության զորամասերում ծառայելու,- այս միտքը նույնպես փաստում է Խախանովը:
Վրաստանի գյուղաբնակ հայերը վրացի երկրագործների հետ զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, գինեգործությամբ, շերամապահությամբ, ինչպես նաև մերձարևադարձային կուլտուրաների մշակմամբ, իսկ քաղաքաբնակ հայերը հիմնականում հանդես էին գալիս վարչական աշխատանքների, գիտության և առևտրի ոլորտներում, մեծապես նպաստում էին երկրի շենացմանը, նրա հեղինակության բարձրացմանն ու ազդեցության ոլորտների ուժեղացմանը համառուսաստանյան առումով:
Ամենայն հավանականությամբ՝ Խախանովը, հատկապես Լազարյան ճեմարանում աշխատելու տարիներին, զբաղվել է նաև լեզվաբանական գիտակարգերի ուսումնասիրությամբ: Նա պարզել է, որ հայոց ու վրաց լեզուները, տարբեր լինելով հանդերձ, իրենց շերտերում ունեն ուշադրության արժանի ընդհանրություններ, և յուրովի դիտարկել է այդ առնչություններին վերաբերող որոշ հայեցակարգեր: Քննության է առել նաև վրացական գրերի ստեղծման պատմությունը և արդյունքում՝ կրկնել իր նախորդներին:
Գիտնականն ուսումնասիրության նյութ է դարձրել նաև հայոց և վրաց բանահյուսությունը: Անդրադառնալով Մինաս Չերազի՝ Ալեքսանդր Մակեդոնացու մասին կատարած գրառմանը՝ թարգմանաբար ռուս ընթերցողին է ներկայացրել հույն զորավարի մասին հեքիաթային տարրերով հագեցած հայկական մի լեգենդի սյուժե:
Խախանովը ռուսերեն հրատարակել է նաև «Շուշանիկի տառապանքները» (հայ գրականության մեջ՝ «Շուշանիկ Վարդենի») վկայաբանական երկը, որը, ի դեպ, հայտնի է հայոց և վրաց լեզուներով և հատկապես Թիֆլիսում լույս է տեսել բազմիցս, ընդ որում՝ երկուստեք թարգմանությամբ՝ հայերենը՝ վրացերեն, վրացերենը՝ հայերեն: Հուշարձանի երկլեզվյա տարբերակները հարյուրամյակներ շարունակ եղել են հայ, վրաց, ռուս և եվրոպացի բանասերների սևեռուն ուշադրության կենտրոնում:
Խախանովը վրաց ժողովրդից գրառել է հեքիաթներ, կազմել մեծածավալ ժողովածու և հայրենական հեքիաթների հիմնական մոտիվները, հատկապես դրական և բացասական կերպարները համադրել առավելապես հայկական հեքիաթների մոտիվների և գործող կերպարների հետ, բացահայտել դրանց ընդհանրություններն ու յուրահատկությունները և եզրաբանել, որ կենդանական աշխարհի հիմնական կերպարները՝ իրենց գործելակերպով և բնավորությամբ, առհասարակ ունեն բազում հետաքրքիր ընդհանրություններ, թերևս այն պարզ պատճառով, որ վաղուց անտի հայերը և վրացիները հարևան են, երկարատև շփումների ընթացքում փոխազդել են, միասնություն ձեռք բերել, երևույթ, որը առավել ակնհայտ է նրանց հեքիաթներում և բանահյուսական երկերում:
Անդրադառնալով Թիֆլիսում, Սղնախում, Ախալցխայում, Գորիում և Վրաստանի այլ վայրերում վրացիների հետ հոծ խմբերով բնակվող շատ ու շատ հայերի անունների խնդրին՝ գիտնականը նշում է, որ այդ անունները առկա են նաև վրացականում, ընդ որում՝ միևնույն արտաբերումով: Նույն նպատակով նա շրջագայել է Նախիջևանի գավառում և հանգել մեկ այլ դրույթի, որ չնայած հայերը նշված վայրերում ապրում են թուրքերից մեկուսի, բայց առանձնապես քիչ չեն այն հայուհիները, որոնց անունը մահմեդական ծագում ունի: Վկայում է «հայկականացված» կանացի տասնյակ անուններ՝ ռուսերեն թարգմանությամբ և լուսաբանումով:
Բավարարվենք Խախանովի աշխատություններից մեկի վերջաբանից մի հատվածի մեջբերումով, որտեղ արտահայտում է հետևյալ խոսուն միտքը, որ բազում հայեր, վրացիների հետ դարեր ապրելով կողք կողքի, ձևավորել են բարեկամական հարաբերություններ, գիտամշակութային երկխոսություններ, ավանդույթներ, զգալի լումա ներդրել առանձնապես հայ-վրացական հարաբերությունների բնագավառում, որոնք հետագայում գործելու հիմք են դարձրել հենց իրենց համար: Իսկ օտար նվաճողների դեմ համատեղ պայքարի գաղափարը միշտ էական է եղել մեր առաջադեմ գործիչների համար, և նրանք բարձրաձայնել են դա, ուստի՝ «հետադարձ հայացք ձգելով մեր պատմական ուղու վրա՝ կարող ենք վստահաբար ասել, որ այս երկու ազգերի միջև թշնամության կամ անհանդուրժողության խնդիրներ չեն եղել: Ուրիշների համար այս փաստերի հավաստումը թերևս լինի բոլորովին անսպասելի, բայց նրանք թող չմոռանան, որ՝ dies diem docet…»:

(լրագրային տարբերակ)

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԽԱՂԱՂ ՆՎԻՐՈՒՄԸ

Բարձրագոչության «աստղառատ» ներկա ժամանակներում այդ մթնոլորտից օտարված, իրենց կոչումին ու նվիրումին հարազատ՝ շարունակում է արարել մարդու այն տեսակը, որը վստահաբար միշտ կրում է գնահատման բարձրագույն չափանիշի՝ մտավորական լինելու խորհուրդը: Այս բնութագիրը լիովին վերաբերում է Հրաչիկ Բայրամյանին: Գրականագետ, թարգմանիչ, հայ-վրացական բազմաճյուղ կապերի գործնական կրողներից մեկը, որ մտքի մշակ է և ոչ թե գործիչ, նա վրաց գրականության պատմության, հայերեն-վրացերեն բառարանային համադրումների, ուսումնական ձեռնարկների, գործնական դասընթացների ու զրուցարանի հեղինակ է, ով գրավոր վաստակի արդյունքը իրացնում է նաև ուսանողական լսարանում՝ կրկին խաղաղ լռությամբ տանելով իր նկատմամբ եղած սերն ու հարգանքը: Մտերիմներն անգամ գուցե չգիտեն Հայաստանի ու Վրաստանի պարգևների ամբողջ շարքի մասին, քանի որ առաջնային է եղել կարևորը՝ 20-ի մոտ գեղարվեստական ու գիտական երկերի թարգմանությունները, 70-ից ավելի հոդվածները, մեկ տասնյակին մոտեցող ժողովածուների կազմումն ու խմբագրումը, իսկ դրանց մեջ ընթերցող լայն շրջանակների սեփականությունն են դարձել մանավանդ Նոդար Դումբաձեի, Ռևազ Միշվելաձեի և այլոց վեպերի ու պատմվածքների թարգմանությունները:
Վրաց իրականության հետ կապի մեջ պատահականությո՞ւնն է դեր խաղացել՝ այն, որ ծննդավայրը Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղն է, որի և մյուս գյուղերի բնակիչների համար «քաղաքի» ընկալումը կապվում էր մոտ գտնվող Թիֆլիս-Թբիլիսիի հետ, թե՞ ուսանողների փոխանակման գործընթացի պահանջով Թբիլիսիի պետական համալսարանում սովորելը, բայց արդյունքում շահել է մտավորական աշխարհը: Իրեն միշտ բնորոշ լրջախոհությամբ ասում է, թե վանողը թվաբանության հուշած «75-ն» է, որը, ինչքան էլ «փնթփնթա», կապ չի ունենա արածի ու անելիքի նկատմամբ նվիրումի հետ: Եվ ուրեմն՝ այդ խաղաղ նվիրումն ու վաստակը պիտի շարունակի բնութագրել Հրաչիկ Բայրամյանին՝ այս օրերին ավելացնելով շնորհավորանքի անկեղծ ժպիտները և հետագա գործունեության մեջ նույն եռանդի վստահ ցանկությունը:

Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆ

ԱՐԳԱՍԱՎՈՐ ՈՒՂԻ

Հունիսի 18-ին լրանում է հմուտ վրացագետ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ՀՀԻ հայ-վրացական հարաբերությունների բաժնի վարիչ, գրի ու գիտության նվիրյալ մշակ, ազնիվ մտավորական ու մեծատառով մարդ Հրաչիկ Բայրամյանի ծննդյան յոթանասունհինգ ամյակը:
Հայ և վրաց գրական ընտանիքների շատ ու շատ ներկայացուցիչների կողմից սիրված մեծարգո՛ հոբելյար, անհնար է վերջին մի քանի տասնամյակի հայ վրացագիտությունն ու հայ-վրացական գրամշակութային հարաբերությունները պատկերացնել առանց Ձեզ, Ձեր բարեխիղճ ու բոլորանվեր աշխատանքի: Ձեր շնորհիվ հայ ընթերցողը ծանոթացել է վրացի դասական և ժամանակակից խոշորագույն գրողների՝ 100-ից ավելի լավագույն ստեղծագործությունների: Արգասավոր ուղի եք անցել նաև որպես գիտնական՝ ավելի քան 150 տարաբնույթ գիտահետազոտական աշխատանքներ: Հայաստանցի բազում ուսանողներ և վրացագիտական առարկաներ անցնող դպրոցների սաներ Ձեր հեղինակած դասագրքերով ու ձեռնարկներով են ստացել և ստանում վրացագիտության վերաբերյալ գիտելիքներ: Օտարազգի մի քանի նշանավոր հայագետ-վրացագետներ վրացերենի իրենց նախնական գիտելիքները ևս ստացել են Ձեր շնորհիվ: Մեծարգո տյա՛ր Բայրամյան, ընդունե՛ք, խնդրեմ, սիրով, ջերմությամբ ու ակնածանքով շաղախված իմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: Վայրկյան անգամ չկասկածեք, որ այս բարեմաղթանքներն ու շնորհավորանքները բխում են Ձեր բոլոր բարեկամների, ընկերների, գործընկերների, նախկին ու ներկա սաների, Ձեզ հետ տարբեր առիթներով թեկուզ կարճատև առնչություն ունեցած մարդկանց սրտերից: Քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական բեղունություն Ձեզ, սիրելի՛ հոբելյար, մեզ էլ՝ Ձեր ներկայությունն ըմբոշխնելու, Ձեր արարման նորանոր նվաճումներով մեր գիտելյաց պաշարը հարստացնելու բարեբախտություն:

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Մեր սիրելի՛ Հրաչիկ, այսօր լրանում է քո 75-ամյակը: Դա շատ է թե քիչ՝ գնահատվում է ոչ թե ապրած ժամանակով, այլ՝ այդ ժամանակում ապրած կյանքի արժեքով, արված գործով, ապագային պահ տրված հարստությամբ: Ծանոթ լինելով քո կենսագրությանը, տարիների ընթացքում ստեղծած մշակութային հարստությանը, ապագային թողնված ժառանգությանը՝ վստահաբար կարող ենք ասել, որ ապրել ես ոչ թե 75, այլ՝ մի քանի անգամ 75 տարի:
Երջանիկ է այն մարդը, որն աշխարհ գալով՝ չի միանում միլիոնավոր ու միլիարդավոր մարդկային անհատներին, որոնց ո՛չ գալն է իմացվում, ո՛չ գնալը: Դու քո ստեղծագործ աշխատանքով արարել ես մի յուրահատուկ աշխարհ՝ քո աշխարհը, ինչը եզակիներին է հաջողվում, որը կշարունակի ապրել քեզնից հետո:
Այսօր նայելով քո քրտնաջան, անխոնջ տքնանքի արգասիքին՝ վստահորեն կարող ենք ասել, որ մենակով մի ամբողջ ստեղծագործական խմբի աշխատանք ես կատարել: Տարբեր աշխատությունները, գեղարվեստական, գիտական և հանրամատչելի երկերի թարգմանությունը վրացերենից հայերեն, գիտական հոդվածները, կազմած, խմբագրած ու հրատարակված գործերը, ինչու չէ, նաև վրացական հարյուրավոր բանաստեղծությունների տողացիները տասնյակ հազարավոր էջեր են կազմում: Եվ շատ կարևոր է, որ դա արել ես լռությամբ, առանց թմբկահարելու ու ցուցադրության:
Բացի ազգային արժեք ստեղծելուց, դու մեծագույն ներդրում ունես նաև հայ-վրացական բարեկամության ասպարեզում՝ հայերեն թարգմանելով և հայ ընթերցողին մատուցելով եղբայրական ժողովրդի լավագույն գրական գործերը, արժանանալով գրական մրցանակների ու խրախուսական պարգևների: Քո թարգմանական գործերը մեծ արժեք ունեն հատկապես նրանով, որ ոչ միայն մայրենի լեզվին հավասար տիրապետելով վրացերենին, նաև քաջատեղյակ ես պատմությանն ու մշակույթին: Ահա թե ինչու է քեզ հաջողվել պահպանել թարգմանվող գործերի ասելիքն ու ոճը, հարազատ մնալ հեղինակների հոգևոր աշխարհին, հայ ընթերցողին ներկայացնել հարևան ու բարեկամ ժողովրդի գրական մշակույթը:
Սակայն նշել միայն գրական վաստակը և մոռանալ մարդ տեսակի մասին՝ կնշանակի քո մարդկային դիմանկարն ստեղծել կիսով չափ: Մենք մեզ երջանիկ ենք զգում, որ ունենք քեզ նման ընկեր, որ մարդկային եզակի դրական հատկանիշների կրողն է՝ սկսած ազգասիրությունից մինչև մարդասիրություն:
Սիրելի՛ ընկեր, սրտանց շնորհավորում ենք վաստակաշատ 75-ամյակդ, մաղթում երկար, առողջ և ստեղծագործական տքնանքով զարդարված կյանք: Քանզի քեզ նման եզակի անհատները մեր ազգի զարդն են ու պարծանքը:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։