ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ, հրապարակագիր Արսեն Գլջյանին ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Հիմնվելով մեր ուսումնասիրության արդյունքների վրա՝ փորձենք պատասխանել այն ոչ դյուրին հարցերին, թե Պարոնյանն «ի՞նչ մարդ» էր, ինչպիսի՞ն էր «հոգին», «իր տակ թաքնված» ինչպիսի՞ «հանքանյութի վրա էր նստած», «աշխարհը ճանաչելու» ի՞նչ «ունակությամբ» էր օժտված:
Պարոնյանի տաղանդը կազմավորող բաղադրիչներից առաջինը մարդկային հոգեկան աշխարհը ճանաչելու, կեցության հիմնահարցերն ըմբռնելու բացառիկ ունակությունն է: Պարոնյանը, իբրև արվեստագետ, հոգու մեջ մարդկանց թուլությունների և թերությունների նկատմամբ սկզբունքային մերժողական դիրքավորում ուներ. գրականության միջոցով, Աստվածաշնչի Քամի նման, մարդկության պատմության մեջ հայ մարդու ճակատագրի, առաջադիմության համար պատասխանատվություն է ստանձնել: «Չգիտե՞ք,- դիմելով ընդդիմախոսներին, գրում էր նա հրապարակագրության ասպարեզում դիրքերը ամրապնդելուն զուգընթաց,- հրապարակի վրա աղեկ գեշ Քամ մ՛եմ, թե ի հարկին կը ծաղրեմ ո՛չ զքեզ, այլ հայրս իսկ, ո՛չ միայն հայրս, այլ նաև ինքզինքս և երբ իմ թերությունս ծաղրելու չեմ վարանիր, պիտի վարանեի՞ զքեզ ծաղրելու, ես որ իմ թերությանս կուրծք տալով հետը կը մարտնչիմ, կարծեցի, թե Միսաքյանիդ թիկո՞ւնք պիտի դարձնեմ» (9,293):
Երգիծաբանն ի՞նչ էր ակնարկում՝ իր անհատականությունը Քամի հետ համեմատելով: «Աստվածաշնչի» «Ծննդոց» բաժնի Է գլխում պատմվում է Նոյի երեք որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի մասին: Քամը, ի տարբերություն մյուս եղբայրների, աչքի էր ընկնում մարդկության կեցության մեծ ճշմարտության խորհուրդն ըմբռնելու և իր եղբայրներին ուղիղ ճանապարհից խոտորվելու վտանգների մասին զգուշացնելու բնածին մղումով: Երբ նույնիսկ հայրը՝ Նոյը, հողագործ դառնալով, իր այգու խաղողից քաշած գինով հարբելով, մոռացավ օրինակելի բարքերի պահանջն ու մերկացավ, Քամը, տեսնելով այս ոչ աստվածահաճո արարքը, չվախեցավ հոր անեծքին արժանանալ և ճշմարտությունը հայտնեց եղբայրներին…
Երգիծաբանը կյանքի տարբեր շրջաններում վերահաստատել է, թե ինքը նման է Քամին՝ մարդկության պատմությունից հայտնի առաջին ճշմարտասեր և արդարադատ հերոսին: Ես, գրել է նա, թեկուզև «մահկանացու» եմ, բայց հզոր ներուժ եմ զգում մեջս և հսկայի նման պատրաստ եմ ուղիղ ճանապարհից շեղված անգամ «անմահներին ծաղրել»։ Խոսուն է նաև այն փաստը, որ երգիծաբանը «Մեղուի» շրջանի ստեղծագործությունների տակ ուղղակի «Քամ» էր ստորագրում: Կյանքի վերջին տարիներին ևս նա հաստատել է նույն գաղափարը. «…ես ալ Նոյ նահապետին զավակներեն եմ, մանավանդ թե կտոր մ՛ալ Քամ եմ» (10, 312 ): Երգիծաբանի ծիծաղի բնույթն ըմբռնելու տեսակետից կարևոր է նկատի ունենալ նաև, որ Քամն այն մարդն էր, որը Հին Աշխարհի կործանման պատճառը համարելով հին մարդկության սխալ ուղի բռնելը և մեղքերի մեջ թաղվելը, տագնապում էր նորերի ապագայի համար: Երգիծաբանն իրեն Քամին նմանեցնելով՝ ընդգծել է ճշմարտախոսության դերը: «Ոհ, ինչ աղեկ բան է ճշմարտախոսությունը, կարծես թե մարդուս սրտին վրայեն բան մը կը բառնա և շնչառությունը կը դյուրացնե: Մարդիկ պարտավոր են ճշմարտախոս լինել գեթ առողջապահական տեսակետով»,- գրել է նա: Սուտը և կեղծիքը ոչ միայն հակաբարոյական են, այլև մարդկությանը հեռացնում են կյանքի բերկրանքից:
Պարոնյանի տաղանդի մյուս բաղադրիչը «տիեզերական» ծիծաղն է: Երգիծաբանի էության մեջ տիրապետող է հումորի օրգանական, բնական զգացումը, որը ստեղծագործությունների մեջ բազմազան դրսևորումներ է ունենում, ստիպում սրտանց ծիծաղել: Բացառիկ, հաճելի այդ ծիծաղը մարդուն բարձրացնող, վեհացնող է: Ծիծաղին հատուկ խորտակող ու ստեղծող նախասկիզբը թելադրում է մի կողմ դնել հասարակության մեջ ընդունված և պարտադիր համարվող կանոնները և ծիծաղի հայեցակետից արժեքավորել ամեն ինչ: «Խնդալը կսիրենք և չենք ուզեր զրկվիլ այս զվարճութենեն»,- գրել է երգիծաբանը։ Կենսուրախությունը կարևոր է, անկախ այն բանից, թե պատճառողը «տղա մը կամ մեծ մարդ մը ըլլա»։ Նա բացատրել է, թե խնդալու անշահախնդիր շահն է ընկած իր երգիծաբանության հիմքում։ Խոսելով որպես երգիծաբան իր հասարակական դիրքորոշման մասին՝ նկատել է տվել, թե երգիծելու հակումը չի բխում դիմացինին ծաղրելու մարմաջից, այն հոգեկան մեծ պահանջի արդյունք է: Ոչ միայն «Մեղուի» մեջ, այլև՝ ուր պատահի՝ «կը խնդամ» ու «կը խնդացնեմ»,- գրել է նա: Գրասենյակում՝ ցրիչի հետ խոսելիս էլ չափը չեմ պահպանում՝ թշվառականին և՛ ամսական եմ վճարում, և՛ ժպիտ։ Այդպիսի շռայլություն հիմա ո՞վ է անում: Նույն կերպ՝ տպարանում. գրաշարների հետ եմ վարվում, շոգենավի մեջ՝ տոմսավաճառի, խմբագրություններ այցելելիս՝ խմբագիրների: Եթե մոտս նույնիսկ տնանկ աղքատ է գալիս, նրա հետ էլ խնդալու նյութ եմ գտնում, նրան օգնում լումայով ու ծիծաղով: Նույնիսկ երբ մենակ եմ մնում, կարիք եմ զգում ներսիցս հորդացող ծիծաղին ճանապարհ տալ: Ոչ ոք չի հասկանում ինձ. կարծում են՝ «դրական մարդ» չեմ, «փոփոխամիտ» եմ, «շոշորդաբան»: Ես էլ հաճախ չեմ կարողանում որոշել, թե ի՞նչ անուն տամ իմ մեջ կատարվողին: Ես շատ բարդ անձնավորություն եմ: Մեջս, ասես, սատանա կա, որը մղում է տեսարան սարքելու (7,77-78)։ Ուրիշ առիթով, շարունակելով թեման, բացատրում է, որ իր նման մարդու համար, որին բնությունը բացառիկ հարստություն՝ «փայլող» ժպիտ է շնորհել, դժվար է տվյալ իրականության մեջ։ Դժվար է, բայց ինքն անհողդողդ է՝ պատրաստ ամեն գնալով պահպանելու ինքնատիպությունը: «Թող ուրեմն Գրասեր Ատոմին գրիչն լա և ողբա, իմ գրիչս պետք է որ ծիծաղի». «Ես արտասուքի հետ գործ չունիմ և չեմ փափագիր ունենալ» (4, 498-499),- իր մարդկային կերտվածքի գլխավոր առանձնահատկություններից մեկն այսպես է բացատրել երգիծաբանը:
Պարոնյանի կենսահաստատ ծիծաղը ըստ հարկի ստացել է զայրալից բնութագծեր: Ընդ որում, ինչպես իրավացիորեն նկատել է Ա. Տերտերյանը, երգիծաբանի «զայրույթը մնում է հետևողական թե՛ իր սկզբի, թե՛ իր ընթացքի և թե՛ վախճանի միջոցին»: Ինչո՞ւ: Երգիծաբանն աշխարհի, գործնական կյանքի մատուցած բոլոր նյութերին համապատասխան ստեղծագործությունների մեջ հստակ դիրքավորվում է: Երգիծելիս շատ չի երկարացնում, սակայն բարձրից և շատ խոր մտքեր է ասում: Երգիծաբանի անզուգական տաղանդը խորապես գնահատել են ժամանակակիցները, և դա է պատճառը, որ, ինչպես նկատել է Հ.Օշականը. «…զայն հալածելով հանդերձ՝ կը պատկառեին իրմե»:
Պարոնյանի տաղանդի հաջորդ բաղադրիչը երկրային կյանքի ճշմարիտ վայելքների նկատմամբ գիտակցված, ընդգծված դրական վերաբերմունքն է: Երգիծաբանը, անդրադառնալով կյանքն օրինակելի ապրելու խնդրին, գրել է. մարդկությունը պետք է ձգտի լիաբուռն վայելել երկրային դրախտը այնպես, որ ժամանակը մարդկանց «ուրախության վրա նախանձելով» անցնի (5, 202): Հարուստ մարդիկ արժանի են դաժան ծեծի, եթե այս ճշմարտությունը չեն հասկանում և իրենց ունեցած հնարավորությունից լիարժեք չեն օգտվում:
Երգիծաբանը նմանություն է տեսել զգացմունքների և գինու միջև: Զգացմունքները խտացնում են մարդու հոգեկան-գեղագիտական աշխարհի հարստությունը, իսկ գինին՝ երկրային վայելքները, բացատրել է երգիծաբանը, ուստի՝ երկուսին էլ պետք չէ «ջուր խառնել» (10,312): «Այո՛, ես ալ կը հարգեմ գինին. գինին խնդության խորհրդանշանն է, գինին զվարթության մականունն է. գինին ծիծաղի երեսփոխանն է. գինին հեղուկ հույս մ՛է, և ես ալ ապրելու համար պետք ունիմ տակավին խնդության, զվարթության, հուսո և ծիծաղի» (10, 312),- գրել է նա: Կյանքի վայելքների նկատմամբ երգիծաբանի ունեցած հակման մասին Հ.Ասատուրը ուշագրավ վկայություն է թողել: Երիտասարդական տարիներին, գրել է նա, երգիծաբանն Ադրիանուպոլսում ու Կ.Պոլսում, երբ հնարավորություն է ունեցել, Հորացիուսի նման, «զվարթ բարեկամների հետ» «շռայլ ու զբոսասեր կյանք» է անցկացրել «կնոջ ու ալքոլին բոլոր հրապույրները» վայելելով, «շվայտանքի մեջ խեղդելով իր երիտասարդի ավյունը»:
Երգիծաբանը սիրել է հայկական, նաև՝ արևելյան երաժշտություն: Քայլելիս, աշխատելիս, մեկին ծաղրելիս քթի տակ տնտնացել է ժողովրդական որևէ եղանակ: Քանոն է նվագել, երգել: Ամռանը հաճախ միայնակ նստել է ծովափին ու երկար «զրուցել» ծովի անսահման կապույտի հետ: Բնության նկատմամբ անտարբեր չի եղել: Այն մարդկությանը տրված մեծագույն պարգև է համարել: Մարդկությունը պետք է կարողանա հաղորդակցվել նրա գաղտնիքներին և դրանք ծառայեցնել իր զարգացման շահերին: Բայց նրան չի գրավել օտար երկրի բնությունը: Երեխաներին հորդորել է անհուն սիրով սիրել հայրենի բնաշխարհը: Անհրաժեշտ է ճանաչել և սիրել Մասիսը, գրել է նա, այն լեռը, որը «հարյուրավոր դարերե ի վեր իշխող թագավորի մը պես հաստատ կեցած է Հայաստանի մեջ»: «Մասիսեն ավելի ի՞նչ կա մեծ, վսեմ և հիանալի»: Երգիծաբանի հաճույքներից է եղել նարգիլե ծխելը, ստեղծագործական երկունքի պահերին կոկորդը թրջել է գինու կամ օղու կենսաբեր հեղուկով: Գինովցել է՝ քիչ խմելով:
1877 թվականին, օսմանյան սահմանադրության հռչակումից հետո, երբ անտանելի են դարձել խմբագիրների գործունեության պայմանները, երբ քաղաքական ծաղրանկար հրապարակելու համար սկսել են ձերբակալել նաև թուրքական թերթերի խմբագիրներին, երգիծաբանը որոշել է, ի նշան բողոքի, հեռանալ ասպարեզից: Նա խմբագիրների-երգիծաբանների սուրբ առաքելությունն է համարել, հանուն ազգի և հասարակության առաջադիմության, պայքարելը, սակայն, միաժամանակ, գտել է, որ հասարակությունն իր հերթին պարտավոր է՝ գոնե անհաղթահարելի խոչընդոտներ չհարուցել նրանց ճանապարհին:
Երգիծաբանը հաճախ ծանր զգացումներ է ունեցել. խորհել է, թե բարոյական անկում ապրող հասարակության մեջ անիմաստ չէ՞ արդյոք երգիծաբան-բարոյախոսի դերը: Այնպիսի վիճակում, գրել է նա, երբ՝ «ամոթն պարտյալ, անամոթությունը հաղթող է», «հրամմե՛, դուն եղիր իմ տեղս և գործ չունիս նե, գրե, ծաղրե, թե որ ծաղրվիլ կ,ուզես նե՝ հրամմե՛ ծաղրե»: Արդի պայմաններում, ասես, «աշխարհիս վրա ամենեն ծաղրելի էակը ես եմ, որ ամեն զվարճություններե հեռու ըլլալով՝ ուրիշներուն զվարճություններուն ետևե ինկած եմ», նրանք գիշեր-ցերեկ երգում, պարում, ուրախանում են, իսկ ես պարտքս եմ համարում կյանքիս թանկագին ժամանակը զոհաբերելով՝ այնպիսի հոդված գրել, որ նրանց «թե՛ խնդացնե ու թե՛ կրթե»: «Ասկից ավելի ծաղրելի ի՞նչ կրնա ըլլալ»: Այսպես ինչքա՞ն կարող է շարունակել ինքը: Մի՞թե «տնտեսագիտությունը», «պարզությունը» միայն իր համար են, միայն ի՞նքն է պարտավոր այդ խնդիրներով մտահոգվել. «Բոլոր հայոց տուները գացեք և տեսեք, թե ինչեր կան հոն» (9, 198-199),- բողոքել է երգիծաբանը: 1880-ական թվականներից խուսափել է ոչ միայն մեծատուններից, այլև մարդկանց մեծ մասից: Այցելել է թաղի «հինուկ» գինետունը, որտեղ համով-հոտով խոսակցություն է ծավալվել, որը «ամբողջ esprit էր ու անընդհատ ծիծաղներ առաջ կը բերեր»: «Խաչատուրյան էֆ.-ին պարտականությունն էր հին օրերու և հին դեմքերու պատմություններ մեջտեղ բերել», մինչդեռ երգիծաբանը «հեգնանքի սուր ընդելուզումներու և քմածին ու մերժելի մեկնաբանություններու բաժինը կը ստանձներ»: Կենսագիրը մի կարևոր բնութագիծ է նկատել. «Պարոնյանը աղվոր բան մը ըսողի հավկնոտ դիմագծեր չէր ընդուներ բնավ,- ինչպես կընեին մեր հիմիկվան սալոններուն արհեստական «սրամիտները՝ առաջին քահքահը իրենք արձակելով,- այլ երեսը կախ՝ գրեթե տխրամած դեմքով՝ բառ մը կը սահեցներ, ու խնդուքը կսկսեր»։ Իսկ հետո… Այսպես շարունակվել է հաճախ մինչև կեսգիշեր, երբ նա, ի վերջո, փակվող սրճարանից ճանապարհ է ընկել դեպի տուն: Բայց երգիծանքի հրավառությունը այնտեղ՝ թաղի հեռավոր բարձունքի այն մասում, ուր Պարոնյանի բնակարանն էր, նորից բռնկել է: Բանն այն է, որ նույն եռահարկ տան վերնահարկն էլ վարձել էր կատակերգակ Դավիթ Թրյանցը: Երգիծաբանն ու դերասանը, իրար հանդիպելով, երկար զրուցել, զվարճալի պատմություններ են փոխանակել, հետո հրաժեշտ տվել իրար՝ մյուս օրը դարձյալ հանդիպելու պատրաստակամությամբ:
Պարոնյանի տաղանդի բաղադրիչներից է նաև արվեստագետի նրա տեսակին բնորոշ մտավորական-«մարտիկ» և, միաժամանակ, «գեղագետ» լինելը: Երգիծաբանը ստեղծագործելիս կենդանի կյանքի առաջադիմության գործընթացների շահերով է առաջնորդվել: Այս բաղադրիչը նրա ստեղծագործություններն առանձնահատուկ հրատապությամբ է օժտել, դրանք ներգրավել դարաշրջանում հանուն կենսական գաղափարական խնդիրների մղվող պայքարի ոլորտում: Երգիծաբանի տաղանդի այս կողմն է նկատի ունեցել Ա.Տերտերյանը, երբ գրել է, թե նա «մարդու և մարտիկի իդեալ» էր: «Մոլություն մը հազար անգամ ծաղրելն մոլությանց ամենեն մեծն է. ավելի աղեկ է հազար մոլություն մեյ մեկ ապտակով մեռցնել, քան թե մեկ մոլությունը հազար ապտակով հալածել»,- իրականության մեջ մտավորական մարտիկի իր դիրքորոշումն այսպես է ձևակերպել երգիծաբանը: «Ավելի ուժգին կերպով ապտակենք մեր դեմը ելլողները,- գրել է նա,- քանի մը ապտակ ալ մենք ուտենք նե, վնաս չունի»։
Հակառակ Ա.Չոպանյանի կարծիքի՝ Պարոնյանը նաև գեղագետի՝ «գրագետի կյանքով» է ապրել, մեծ գաղափարի, մեծ սկզբունքի, փիլիսոփայության վրա հիմնված ստեղծագործություններ գրել: Երգիծաբանի ստեղծագործության մեջ գիտակցական նախասկզբի դերը շատ մեծ է: Յուրաքանչյուր երկ արդյունք է ոչ միայն ներշնչանքի, այլև գիտակցական նախասկզբի: Նա այն գրողներից է, որոնք յուրաքանչյուր փաստի դերն ու նշանակությունը շատ խոր ու լուրջ կշռադատելուց հետո են տեղ տվել ստեղծագործությունների մեջ: Երգիծաբանը նախորդ ստեղծագործությունների թերություններն «ուղղել» է՝ նորերն ավելի անթերի գրելով:
Երգիծաբանի ստեղծագործության մեջ գեղարվեստական ռեալությունն արտացոլող պլաստիկ պատկերները հիմնվում են աշխարհի հիմնավոր հայեցակարգի վրա, որը գեղագիտական հետաքրքրություն է ներկայացնում բոլոր ժամանակներում: Գրողը հաստատել է այն ճշմարտությունը, թե յուրաքանչյուր մարդ անփոխարինելի, անկրկնելի արժեք է, սակայն հայ ժողովրդի քաղաքական կացությունը թելադրում է բացառիկ վերաբերմունք ցուցաբերել, մասնավորապես, հայրենիքի խնդիրների նկատմամբ: Ստեղծագործության մեջ բացահայտված ցնցող ճշմարտություններից, խոցող մտքերից, սպանիչ հեգնանքից սարսափած՝ նրա դեմ հաճախ «դաշնակցած են բոլոր ավագները, հայն ու թուրքը»,- նկատել է Հ.Օշականը և իրավացիորեն զարմացել. «Ի՞նչ հզոր մարդ էր ըլլալու այդ լռակյաց, տրտում, իրավ գրագետը, որպեսզի ընդդեմ այդ խաչակրության հաջողեր ազատագրել իր գործը»: Մամուրյանը երգիծաբանի ստեղծագործական դիմանկարի այդ կողմին հավելել է նոր գծեր: «Սրամիտ, սրաբան, և մարդկային բնության, սովորությանց և վարմանց ծաղրելի կողմերն աննման հնարամտությամբ թափանցող՝ գիտեր թեև արդեն ծանոթ ոճովն հեգնել ու ձաղկել այնպես, որ սլաքներն ընդունողն վերջեն ցավը կը զգար, այլ հազիվ ուրեմն կը հանդուրժեր հրապարակային դիտողություն մը իր գրածին վրա,- հիշել է նա:- Օձի պես կը տնկեր գլուխն երբ պոչին վրա կոխեին և կերպով մը չէր ներեր այլոց գործածեր այն զենքն (թեև ոչ իրեն պես նրբամտությամբ), զոր այն անգթաբար կը շարժեր»: Ահա թե ինչու՝ «Մարդիկ կը սոսկային Պարոնյանի գրիչին տակ իյնալե»:
Պարոնյանը «բազմահանճար» անձնավորություն էր՝ ոչ միայն երգիծաբան (որը գրել է երկու լեզվով), կատակերգակ, արձակագիր, այլև հրապարակագիր (որը թերթ է հրատարակել երկու լեզվով), գրաքննադատ ու տեսաբան, մանկավարժ (որը կրթական-լուսավորական ծրագիր է մշակել, մանկական թերթ հրատարակել, Ուսուցիչ հանդիսացել սերնդակից շատ գրողների համար), քաղաքագետ (որը «հայկական խնդրի» վերաբերյալ մի ամբողջ տեսություն է շարադրել), թարգմանիչ (բազմաթիվ թարգմանություններ է արել հին ու նոր գրականությունից): Երգիծաբանի տաղանդի հնարավորությունների սահմանների, տաղանդի բնագավառների մասին է վկայում նաև այն փաստը, որ երիտասարդ տարիներին որոշ ժամանակ դերասանություն է արել «Նաում» թատրոնում՝ «ապուշի» դեր կատարելով: Գեղագետի նրա տեսակին բնորոշ է ձգտումը ինքնաճանաչման, ինքնագնահատման, ինքնաստեղծման, «ինքնաշփման»: Նա աշխարհի, կյանքի, իրականության երևույթների, գործընթացների նկատմամբ միշտ ունեցել է հստակ դիրքավորում: Լուրջ է վերաբերել իր կրթությանը, առանց հոգնության կատարելագործել է գրական վարպետությունը: Տիրապետել է հայերեն աշխարհաբարին ու գրաբարին, նաև՝ ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, անգլերեն, թուրքերեն, բուլղարերեն լեզուներին: «Իր կարդացած հեղինակներուն գալով,- վկայել է Մ. Սանտալճյանը,- միշտ կը նախընտրեր հիներն: Արդեն Հելլենական և Հռովմայական նշանավոր հեղինակաց ընթերցումներով սնած էր…». «…կատարյալ գաղափար ուներ ամեն մատենագրության» և ամեն ժանրերի մասին: Սովորաբար սլացքի մեջ և բարձրում գտնվելով՝ իր պարտքն է համարել ժամանակակիցներին օգնել արվեստի հարցերում կողմնորոշվելու: «Սիրով հանձն կառնինք սորվեցունել քեզի այս երկու օբերաներուն նյութի, ոճի և ձևերու մասին իրարմե ունեցած տարբերություններն,- գրել է նա՝ ուղղելով խոսքը ժամանակի քննադատներից մեկին,- սակայն քու ապերախտությունդ պատճառ եղավ, որ քեզի դասատու ըլլալե զզվիմ, և դուն ալ ասանկ տգետ մնաս» (10, 28):
Տ. Արփիարյանը, մոտիկից դիտելով երգիծաբանի՝ Օրթագյուղում ապրած տարիները, հիշել է. արվեստագետ մարդու կենսասեր նկարագիր ուներ: Մեր տեսած սովորական մարդկանցից չէր, ուրիշ էր, ակնածանքի արժանի: «Շատ լուրջ», բայց «համակրական և խելացի դեմք ուներ», «լուրջ խոսվածք մը»: «Աչքերուն գույնը՝ կապույտ, մոխրագույն» էր: Խոսելիս, գրելիս սովորություն ուներ ձախ ձեռքով ճակատը շփել:
Զարմանալի ուժեղ կամք, ներքին կազմակերպվածություն ունենալով՝ կյանքի բոլոր հանգամանքներում բարձր «գրագետ» է մնացել, իր երգիծաբանությամբ հոգիների մեջ ներդաշնակություն ու կարգ հաստատել: «Պարոնյանն իբրև մարդ ուներ ընտիր հատկություններ, բարձր հոգի, ազնիվ, ուղիղ ու բարեսեր բնավորություն և ճշմարիտ սեր առ ազգն: Քծնել չգիտեր, իր արժանիքին գիտակցությունն ուներ և ներքին ատելություն մը ամեն բաներու, որ ստորին, վնասակար, թեթև էին ազգային տեսակետով»,- դիտել է Մ.Մամուրյանը. «Պարոնյան ավելի գրագետի խմոր ուներ, քան թե խմբագրի, կատակերգակի ու երգիծաբանի, քան թե բուն ճաշակագետի». «…անձեռահաս էր իր անձնական գործերուն մեջ, ինչպես են ամեն անոնք, որ գաղափարներու աշխարհը կապրին»: Երգիծաբանի մի արտահայտությունն օգնում է ըմբռնելու մարդկանց այն տեսակը, որին պատկանել է նա. կան մարդիկ, որոնք. «…սկզբունքի մը ծառայելու հիմար սկզբունքն ունին, իրենց խղճին ձայնին անսալու տկարությունն ունին» (10, 297): «Դյուրահաղորդ, լեզվանի, հստակախոս չէր», բայց «փորձառու և գիտակ» էր «աշխարհային իրերու և հմուտ՝ պատմության ու գրականության»,- վկայել է այնուհետև Մ.Մամուրյան. «Անձնվեր բարեկամ, ընտանեսեր, այլ ստեպ կասկածոտ և երբեմն պահանջող, փոքր-ինչ փոփոխամիտ, չըսեմ անհեռատես»: Ժամանակակիցները վկայել են նաև, որ, ի տարբերություն մյուս երգիծաբանների, բացառիկ անկաշառ է եղել: «Ճենթլմեն էր», սիրում էր ինքը հյուրասիրել, ինքը վճարել: Մերժում էր չհիմնավորված նպաստներն ու աջակցությունը՝ գտնելով, որ դրանք խորքի մեջ կաշառքի նրբին ձևեր են: Որոշ պատրանք է ունեցել, թե հասարակությանը շիտակ ծառայելու պատրաստակամությունը բավարար նախադրյալ է, որ երգիծաբանը միջավայրից հասկացվի։ Հավատացել է, թե ազգի կյանքում «ծիծաղաբուժության» միջոցով հնարավոր է մեծ գործեր կատարել։
Երգիծաբանի պարբերականների վաղ փակվելը, դիտել է Մ.Մամուրյանը, պայմանավորված էր նաև ներքին գործոններով. «Եվ ոչ մի թերթի հաստատ տեր չլինելն, Թատրոնի, Լույսի, Ծիծաղի, Խիկարի հաջորդական հրատարակումներն, վարանկոտ ու անվստահ բնավորության մը նշանները կը նկատեմ, ինչպես նաև ընդհատական ու անհարատև գործունեության մը»: Ինքը՝ երգիծաբանը ևս, փաստորեն, խոստովանել է այս ճշմարտությունը. «…Խմբագրությունն դժվար է, և զայն առաջ տանելու համար շատ սատանայություններ պետք են…» (5, 52):
Քննադատներից մեկը կարծիք է հայտնել, թե երգիծաբանի անսահման հեգնանքի պատճառը գուցե այն է, որ «մարդատյա՞ց մըն է»: Ճիշտ չէ: Երգիծաբանը պարզապես խորշել է հոգին հաղորդակցել դիմակավոր մարդկանց հետ, որոնք որևէ նյութի շուրջ նույն պահին կարող էին հայտնել միմյանցից տարբեր՝ «1. անհատական կարծիք, 2. պաշտոնական կարծիք, 3. բերանացի կարծիք, 4. գրավոր կարծիք, 5. արձակ կարծիք և, վերջապես, 6. ոտանավոր կարծիք» (10, 492):
Իմ սերնդի համար, վկայել է Ա. Չոպանյանը, «Խիկար» կարդալը՝ «պարտավորիչ բան մը, ամենօրյա կյանքի պետք մը դարձած էր էսնաֆ ընտանիքներու համար, մանավանդ. թաղերուն մեջ անոր յուրաքանչյուր թիվը տունետուն կը պտտեր»: Երգիծաբանն «կը պատմեր իր ժամանակը»,- գրել է Հ. Օշականը:- Նա «կյանքը, իր անծրագիր, ազատ գնացքին մեջ գիտե մեզ նվաճել». «Հուզիչ գեղեցկություն ու հուզիչ արժանիք: Ահա Պարոնյանը»՝ «արևմտահայ ողջամտության առաքյալը, հայ ժողովուրդին պարզուկ առաքինությանց գումարը». «Խղճմտանքն էր իր ժողովուրդին: Մարգարե մը»: «Պարոնյանի ստորագրած բոլոր էջերը ամենեն փնտրված էջերն էին շրջանի գրականության»:
Երգիծաբանի ճակատագրում հայ հասարակությունն ունեցել է «ծանր, բախտորոշ անդրադարձ»,- նկատել է Հ. Օշականը: «Պարոնյան այդ ընթերցողներուն կը պարտի անշուշտ իր թշվառության մեկ կարևոր մասը: Բայց, մյուս կողմեն, այդ մարդերն են, որ կընեն կարելի իր մտքին սնունդը». «Պարոնյանի ընթերցողները անոր թշվառությունը ստեղծելե ետքը, ստեղծած են անոր ուժը»:
Երգիծաբանը, նեղված տնտեսական պայմաններից, շարունակ որոնել է երազի այն քաղաքը, ուր կարող էր իր գործով զբաղվել: Մեկ այդպիսին է թվացել Կ.Պոլիսը, մեկ՝ Զմյուռնիան, մեկ՝ Ադրիանուպոլիսը… Նա, անմնացորդ նվիրված լինելով ազգի և մարդկության առաջադիմության գործին, դրա դիմաց գրեթե ոչինչ չի պահանջել: «…ի՞նչ էր մեր ուզածը. լսեցե՛ք, ազգ և ազինք, մեր ուզածն էր երկու հարյուր բաժանորդ, որ կը վճարե, և մենք այս երկու հարյուր թիվը տեսնելու չարժանացանք մեր տասը տարվան խմբագրական կյանքին մեջ»,- գրել է դառնության մի պահի: «…Քիչ անգամ վավերական գրագետ մը մեր մեջ այս աստիճան հիմար եղած է, իր հանդեսը լեցնելե ետքը՝ զայն տպագրելու համար ալ իր հացը ծախելու»,- նկատել է Հ. Օշականը: – «…կնիկը, այսինքն, ասոր բոլոր իրավունքները, վայելքե, զգեստե, հացե, զավկըները, այսինքն, ասոնց ոսկորները կազմելու կանչված սննդամիջոցները, բոլորը, բոլորը զոհված են Թատրոնին և Խիկարին, որոնք կերած են այդ մարդը, զրկած զինքը իրմե, ընտանիքեն»: Հ. Օշականը նշել է երգիծաբանի՝ բացառիկ հիացմունքի արժանի ևս մի բնութագիծ. «Շատ քիչեր՝ որոնք իբրև գրող հոժարած ըլլան պահել իրենց բխումին նկարագիրը: Պարոնյան այդ խմորե մարդոց տիպն է»: Իմիջիայլոց, երգիծաբանն, անձամբ, անդրադառնալով իր անհատականությանը, ասել է. «քիչ մը դժվար է ամեն տեղ Պարոնյաններու պես մարդոց հանդիպիլ»:
Երգիծաբանն ամուսնացել է 36 տարեկան հասակում: Կինը՝ Սաթենիկ Էթմեճյանը, Օրթագյուղում վարձակալած տան տիրուհու դուստրն էր: Տ. Արփիարյանը, մոտիկից ճանաչելով, նրա մասին պատմում է՝ կապույտ, գեղեցիկ աչքեր ուներ, մութ խարտյաշ մազեր, մանուկ հասակում՝ զվարթ, ցնծուն, զբոսասեր բնավորություն՝ իր ներկայությամբ ընկերներին ուրախություն պատճառող: Ընկերախմբի հոգին էր՝ խաղեր էր հնարում, երգեր սիրում, ծաղկեփունջ կապում, երբ գնում էին անտառ պտուղ քաղելու, առաջինն ինքն էր գտնում ու ճանաչում: Պատանեկությանը ևս գեղեցիկ էր, բայց ազգային սովորույթին ենթարկվելով՝ խաղերին վերջ տվեց: Մինչև նշանվելը երիտասարդներն ապրե՞լ են սիրահարության գաղտնի ռոմանտիկ շրջան, դժվար է ասել: «Իր կինը կը պաշտպաներ,- հիշել է Հր. Ասատուրը.- կարծես իր աղջիկն ըլլար. երբեք չէր բարկանար տան մեջ»: Ունեցել են երկու զավակ՝ Զաբել և Աշոտ:
Լուսանկարները հուշում են, որ երգիծաբանը չի նմանվել իր այն ժամանակակիցներին, որոնք սովորություն ունեին իրենց համար գրողի, գործչի լուսապսակ ստեղծել: Հր. Ասատուրը նրան տեսել է մազերն ու մորուքը սևով ու ճերմակով խառն: «Կը սիրեր սետիրին վրա ընկողմանիլ ու այդ դիրքով դիտել ու խոկալ, իսկ ցորեկները կը նախընտրեր հաճախել թահթագալեի ամենահետին կապելաները. հրեական կեթոյի այդ ժխորալի եռուզեռի մեջ է, որ ան ինքզինքը առանձնացած կ,զգար ու կորոճար, օղիի աժանագին շիշին առջև, իր այնքան թանկագին գլուխգործոցները»: Երգիծաբանը շարունակ ցավով զգացել է ապրելու՝ իր ուժերի ներածի չափով ստեղծագործելու պայմանների բացակայության պատճառած դառնությունը։ «Երբ խմբագիր մը գրիչը ձեռք կառնե՝ գրաշարն, թղթատարն, բուլճին և այլն կուգան կը շարվին գրասեղանին առջև: Ասոնք են ահա մեր մուսաները»,- գրել է երգիծաբանը: 1887-ի տարեմուտին այդ հոգսի տակ կքած՝ գրել է. «…Ժամանակն ամեն տարի նորանոր հարվածներ տալով մեր մարմնույն՝ կը նպատակե զմեզ անճանաչ վիճակի մեջ դնել և այնպես ներկայացնել ահեղ դատավորին». «Ժամանակն գերի ըրած է զմեզ» (10, 472- 473):