***
Դոստոևսկին մի առիթով ասել է, որ երբ գա Ահեղ դատաստանի ժամը և հանդերձյալ աշխարհում իրեն հարցնեն, թե ի՞նչ հասկացար այն մյուս աշխարհից, որտեղ ապրում էիր մինչև հիմա, ինքը հարց տվողին կմեկնի Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը: Ուշադրություն դարձրեք, հենց վեպ և ոչ թե փիլիսոփայական թեկուզ փայլուն մի աշխատություն: Ես մեր հայրենակիցներին երկար կյանք եմ մաղթում, բայց երբ ժամանակը գա, խորհուրդ կտայի իրենց հետ վերցնել մեր գրականության երեք անմահ ու դրա համար էլ` խիստ արդիական գործեր. Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունին» և Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:
***
Անչափ հետաքրքրական է, որ Դոստոևսկուց շատ ու շատ տարիներ անց, 2004 թվականին, աշխարհի 50 երկրներից հավաքվել են հարյուր ամենաերևելի գրողները` որոշելու համար, թե որն է բոլոր ժամանակների լավագույն վեպը: Զարմանալի զուգադիպությամբ նրանք էլ քվեարկել են «Դոն Քիշոտի» օգտին: Մնացած մեծերին դասակարգել են հետևյալ հերթականությամբ. Մարսել Պրուստ, Հոմերոս, Տոլստոյ, Դոստոևսկի, Կաֆկա, Ֆոլկներ:
Եթե հրաշքով իմ կարծիքը հարցնեին, ես կավելացնեի գիտե՞ք ում և որ գործը` Հովհաննես Թումանյանի հանճարեղ մի քառյակը, ոչ թե 400 էջանոց վեպ, այլ` ընդամենը չորս տող.
Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
– Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի:
Այսպիսի անհատակ ցավ, այսպիսի ողբ, տիեզերական ողբ, այն էլ` արտահայտված նման «հանգիստ», փափուկ տոներով, նույնիսկ` մի քիչ «ամոթխած», նույնիսկ այսքան «քաղաքավարի», դրա համար էլ` ցնցող, իր վշտի մեջ խենթացնող, ես ոչ լսել եմ, ոչ կարդացել: Աստված պահի քո որդին, ո՞նց էր համը իմ ձագի…
«ԿՑԿՏՈՒՐ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ»-ից
1938 թ. հուլիսի 18-ին ծնվել է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ