ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
ԱՐԱՐԱՏ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԸ
Հոբելյանական պատասխաններ մի թղթակցի, որն այդպես էլ չեկավ
հարցազրույցի
Մենք բոլորս մեր ծնված օրից Արարատ ենք բարձրանում: Ու եթե մեռնում ենք՝ մեռնում ենք Արարատի ճանապարհին: Բայց շարունակում ենք բարձրանալ, որովհետև հավատում ենք՝ մի օր հասնելու ենք լուսապսակ գագաթին:
Ես քանի որ արևմտահայի, սփյուռքահայի, ապա նաև հայրենադարձի սերունդ եմ, չէի կարող Արարատ բարձրացողների երթում չլինել: Չդառնալ արդարամարտիկ: Միայն թե իմ զենքը գրիչն էր: Երբ նոր-նոր էի սկսել գրական գործունեությունս, մեր ժողովուրդը ոտքի էր ելել փրկելու Սևանը: Վանա լիճը կորցրել էինք, մեր միակ լեռնային մարգարտից զրկվելու իրավասությունը չունեինք: Սերունդները մեզ չէին ների: Ոչ ոք չթելադրեց, չհորդորեց, ինքս, ինքնակամ միացա համազգային գոտեմարտին: «Գարուն» ամսագիրը չէր հասցնում տպագրել իմ բազմաբնույթ հրապարակումները, ջրատարի տարբեր տեղամասերում ասում էին, որ ես թունելախորշերում ավելի շատ եմ լինում, քան հորատանցողները: Դա, իհարկե, չափազանցություն էր, ուղղակի չէի կարողանում Երևանի սրճարաններում հանգիստ նստել, իմ այն տարիների մտերմուհու հետ համբուրվել, քանի որ գիտեի՝ նույն պահին անողոք ճակատամարտ է տեղի ունենում 700 մետր երկրի ընդերքում, 40 աստիճան հեղձուկ տապում: Ու այդ ճակատամարտում մարդիկ են զոհվում:
Սևանի փրկության գոյապայքարը ակնկալվածից երկար տևեց, անհամեմատ շատ մարդկային կյանքեր խլեց, բայց հաղթանակով ավարտվեց:
Միայն թե ես Սևանի ցոլցլուն խայտանքով երկար զմայլվելու հնարավորություն չունեցա: Իր զինված պայքարն սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը: Բանակի արձակազենները՝ 20-22 տարեկան հայ պատանիները, հայտարարեցին, որ հիասթափվել են իրենց հայրերի ու պապերի աղերսագրերից, համոզվել են, որ գութ հայցելով պատմական արդարության հասնելն անհնար է: ԱՍԱԼԱ-ի մարտիկները յուրաքանչյուր զինված գործողությունից հետո ձերբակալվում էին, որպեսզի եվրոպական ատյաններում ճշմարտությունը բարձրաձայնեն Հայոց ցեղասպանության, հայերի անժամկետանց իրավունքների, պահանջատիրության մասին: Ու հասնում էին իրենց նպատակին: «Վան» գործողության փարիզյան դատավարության ժամանակ ինքը՝ ատյանի նախագահը, արգելեց մեր տղաների հասցեին «ահաբեկիչ» բառն օգտագործել, իսկ ֆրանսիացի փաստաբանը հռետորական հարց տվեց՝ «Եթե հայ ժողովուրդը պետականություն չունի, բանակ ունենալո՞ւ էլ իրավունք չունի»: Ես իմ համեստ գրչափորձերով ձգտում էի սատարել այդ տղաներին, նրանց արդարացի պայքարին, որ համայն հայ ժողովրդի պայքարն էր, ու Հայաստանի հայությունն այդ մասին չգիտեր: Ֆրանսիայի գրքի ազգային կենտրոնը ինձ միջոցներ էր հատկացնում Փարիզում բնակվելու, Ալբեր Կամյուի՝ հետմահու հայտնաբերված վեպը հայերեն թարգմանելու համար, բայց ես, հարկ չկա վերհիշել, թե ինչպիսի հնարանքներով բանտ էի սողոսկում, տեսակցում ԱՍԱԼԱ-ի արդարամարտիկների հետ: Օրական մի քանի ժամ: Երբեմն մի շաբաթ շարունակ: Որպեսզի Հայաստան վերադառնալուց հետո խորհրդային գրաքննության կաշկանդումներում սողանցք գտնեմ, իրողությունը տղաների մասին մամուլով, ձայնասփյուռով, տեսասփյուռով հայրենահայ ժողովրդին հասցնեմ, համազգային, թերևս նաև պետական աջակցության հասնեմ: Հիշեք ԱՍԱԼԱ-ին սատարող երևանյան՝ Թամանյան հրապարակից ընդհուպ Եղեռնի հուշահամալիր ձգվող քայլերթերը, ֆրանսիական դեսպանատան մատույցների ցույցերը, վերջապես՝ Վարուժան Կարապետյանի ազատության համար հավաքված մեկ միլիոն ստորագրությունը:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի պայքարի զինված փուլը հաղթանակով ավարտվեց, քանի որ ՄԱԿ-ի համապատասխան ենթաբաժինը, Եվրախորհրդարանը, Ժողովուրդների միջազգային ատյանը ոչ միայն ընդունեցին Ցեղասպանության անհերքելիությունը, այլև դատապարտեցին թուրքական ուրացությունը, նույնիսկ հատուցման հարց հարուցեցին: ԱՍԱԼԱ-ի արձակազենները ազատվեցին բանտերից, Հայաստան վերադարձան, մարտախմբեր կազմավորեցին, փութացին Արցախ: Ես, դարձյալ գրչով, նրանց հետ:
Ինքս ինձ երջանիկ եմ համարում, որ մեր ժողովրդի վերջին երեք գոյամարտերը, որոնց աննշան, աննկատ մասնակիցն եմ եղել, հաղթանակով են ավարտվել, երջանիկ եմ այն բանի համար նաև, որ վիպագրության ահռելի նյութ եմ կուտակել, կենսափորձ ձեռք բերել: Դրան, ինչ խոսք, մեծապես նպաստել են ֆրանսիացի դասական ու արդիական գրողների տասնյակից ավելի վեպերը, որ հայերեն թարգմանելու բախտավորությունն եմ ունեցել: Մի առիթով իմ ավագ գրչընկերն ասում էր, որ իսկական վիպասանը յոթանասուն տարեկանից է սկսվում: Եթե այդպես է՝ շատ չեմ ուշացել: Չէի կարող չգրել ու արդեն ավարտել եմ եռագրության առաջին պրակը, որը պայմանականորեն կոչել եմ պատմավեպ ապագայի մասին: Եռավեպը, եթե կարելի է այդպես ասել, գրական պատգամ-պատվիրան է իմ երկրին ու ժողովրդին: Այնպես որ, եթե իմ թոռները, ծոռները տասը, քսան, նույնիսկ հարյուր տարի հետո Արարատ բարձրանան, ես այնտեղ կլինեմ, նրանց կսպասեմ:
Կսպասեմ ձեզ բոլորիդ:
***
Յարգարժան Գրիգոր Ջանիկեան, շուրջ հինգ տասնամեակ է, որ հայ ընթերցողը վայելում է Ձեր ինքնատիպ գրականութեան պատճառած բերկրանքը եւ հրապարակագրական յօդուածների անկեղծութիւնն ու արդիական շունչը:
Ֆրանսերէնից կատարուած Ձեր թարգմանութիւնները հայ արդի թարգմանչական արուեստի գեղեցիկ նմոյշներից են եւ կարող են ուղեցոյց հանդիսանալ գրական այդ ճանապարհը ընտրած շատ ու շատ երիտասարդ թարգմանիչների համար:
Անուրանալի է Ձեր պատմուածքների, ակնարկների եւ հրապարակագրական յօդուածների դերն ու նշանակութիւնը հայրենեաց պաշտպան հայ զինուորի եւ ընդհանրապէս հայ երիտասարդի հայեցի դաստիարակութեան գործում:
Ձեր` «Յաղթազէնները», «Եռաբլուր», «Հայերի Դատը Փարիզում», «Ապրիլ 11 (24)» եւ այլ ստեղծագործութիւնները ո՛չ միայն վերը նշուածի հաստատումն են, այլեւ վկայութիւնը այն բարեպատեհ իրողութեան, որ ի դէմս Ձեզ, հայ ժամանակակից գրականութիւնը ունի Հայ Բառ ու Բանի անխոնջ մի մշակ, որի ստեղծագործութիւնները դեռ երկար ժամանակ պիտի ջերմացնեն մարդկանց հոգիները:
Արդէն տեւական ժամանակ է, որ մայրիների երկրի` Լիբանանի «Արարատ» օրաթերթի ընթերցողները սիրով ու անհամբերութեամբ սպասում են, ըմբոշխնում Ձեր արդիական հրապարակումները:
Ծննդեան եօթանասունամեակի առիթով մաղթում ենք Ձեզ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ, քաջ առողջութիւն եւ այն ամէն լաւն ու բարին, որոնց Դուք արժանի էք իրաւամբ:
«Արարատ» օրաթերթի ընթերցողների եւ խմբագրակազմի անունից՝
Տնօրէն` Անի ԵՓՐԵՄԵԱՆ
Պէյրութ, Լիբանան
***
Հայաստանի վերանկախացումը եւ մանաւանդ Արցախեան գոյամարտի պսակումը հրաշալի յաղթանակով՝ նոր եւ արտասովոր մարտահրաւէրի առջեւ դրին հայ գրողն ու գրականութիւնը: Նախորդ դարերէն ժառանգած էինք յաղթական ճակատամարտներ երգելու փորձը, որոշ չափով նաեւ Բ. Աշխարհամարտի պիւռոսեան յաղթանակի գովքը հիւսելու խիստ կանոնակարգուած գրականութիւնը, սակայն յաղթանակի գրականութիւնը կարծէք խորթ կը թուէր մեր գրիչներուն, որոնք կարծէս թէ աւելի սովոր էին կորուստներ ողբալ: ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆ եղաւ առաջիններէն, եւ պէտք է ըսել, սակաւաթիւ գրողներէն, որոնք վերցուցին պատմութեան նետած ձեռնոցը, ընդունեցին այն պարզ ու յստակ իրողութիւնը, որ մենք այլեւս յաղթական ազգ ենք, եւ մեր գրականութիւնը չի կրնար զայն անտեսել: Կը բաւէ թռուցիկ ակնարկ մը իր վերջին երկու տասնամեակի վաստակին՝ «Եռաբլուր», «Մահապարտներ», «Յաղթազէնները», «Ապրիլ 11 (24)» եւ միւս գիրքերուն, որպէսզի պարզ ու յստակ ցոլայ Ջանիկեանի արեւելումը, որ արեւելումն է ամբողջական հայութեան:
Սիրելի Գրիգոր, պահ մը ետ նայեցայ, վերյիշեցի այն բոլոր գրութիւնները, որ տարիներու ընթացքին բախտն ու պատիւը ունեցած էինք հիւրընկալելու «Հորիզոն գրականի» էջերուն վրայ, ու հավատացի, որ խաղողի որթը միասին պիտի տնկենք Արաքսի ափին, անոր գինին պիտի ողողէ ամանորեան այն սեղանը, որ պիտի լիանայ Կարնոյ, Մշոյ դաշտերի արդար հացով, Վանայ անմահական տառեխով եւ Մուսա լերան անզուգական նարինջներով: Մինչ այդ՝ յարատեւ թռիչք եւ նորանոր նուաճումներ: Շէն մնաս:
Վիգեն ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Խմբագիր «Հորիզոն գրական»-ի, Մոնթրէալ, Գանատա
***
Պոսթոնի Հայկական Անկախ Ձայնասփիւռի Վարչութիւնը եւ անձնակազմը ջերմօրէն կը շնորհաւորէն Ձայնասփիւռի վաղեմի բարեկամ՝ արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակագիր ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿԵԱՆԻ ծննդեան 70-ամեակը, կը մաղթէն ստեղծագործական նորանոր յաջողութիւններ, անձնական երջանկութիւն:
Եւգինէ ՂԱՐԻՊԵԱՆ
Վարիչ-տնօրէնուհի, Պոսթոն, ԱՄՆ
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԵԳԻՐԸ
Երբ հեռուստացույցով հնչեց սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Արծիվ-մահապարտների գումարտակ կազմավորելու կոչը, ես արդեն հիսունն անց էի, իմ բազմանդամ՝ վեց հոգիանոց ընտանիքի միակ տղամարդը: Չնայած դրան՝ չէի կարող ներքին մղումով Արծիվ-մահապարտների գումարտակին չզինվորագրվել, Գանձասարի պաշտպանության, Վաղուհասի ու Չլդրանի ազատագրության մարտերին չմասնակցել: Դեռևս 1965-ին, երբ պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող էի, ապրիլքսանչորսյան ցույցի առաջին շարքերում էի եղել, պետանվտանգության գործակալների հալածանքներին, կտտանքներին ենթարկվել…
Ո՛չ միայն իմ՝ երկու հարյուրից ավելի հաղթանակած արծիվ-մահապարտների հիասթափությունը Արցախից տուն դառնալուց հետո սկսվեց: Նորանկախ երկրում, երևի տնտեսական պայմաններն էին պատճառը, մեզ կարծես չէին նկատում, եթե նկատում էլ էին, մեր հաղթանակն ըստ արժանվույն չէին գնահատում: Ահա այդ ժամանակ հայտնվեց Գրիգոր Ջանիկյանն ու մեր գումարտակի սիրելի զինվորը դարձավ: Նա մասնակցում էր մեր բոլոր հավաքներին, մեզ հետ մի քանի անգամ անցավ այն ուղին, որ մենք հաղթական մարտերով անցել էինք պատերազմի տարիներին: Այդպես ծնվեց «Մահապարտներ» գիրքը, որի հիման վրա կինոֆիլմ նկարահանվեց:
Դրանով Գրիգոր Ջանիկյանն իր գրողական պարտքը Արցախի գոյամարտի նկատմամբ հատուցած չհամարեց: Նա դեռ երկար տարիներ շարունակեց իր պրպտումները Հայաստանում ու Արցախում, ի հայտ բերեց մինչ այդ աննկատ մնացած ազատամարտիկների, որոնք իրենց բացառիկ հայրենանվիրությամբ մեր ազգային հպարտությունը դարձան: Հիշենք թեկուզ «Հաղթազենները» գրքի հերոսներից մի քանիսին՝ Արցախի ազատամարտի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանին, էստոնացի գեղանկարիչ Ֆելիքս Բուրմանին, Հեթանոս Գագոյին:
Վերջապես՝ իմ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Գրիգոր Ջանիկյանը ինձ հաճելի անակնկալ մատուցեց, հրապարակեց «Սպարտակ» վարքագրությունը, որն, ըստ իս, խորհրդանշական ավարտ ունի: Երբ ես Արցախյան պատերազմից հաղթանակած տուն եմ վերադառնում, պատմաբանի իմ հարուստ գրադարանի Մեծ եղեռնի վերաբերյալ գրքերից մեկն ընթերցող թոռս միամիտ-միամիտ հանդիմանում է.
– Արևմտահայաստանն էլ ազատագրեիք, նոր գայիր, էլի, պապի:
Ես համբուրում եմ իմ անունը կրող թոռանս ճակատը, համոզված ասում.
– Արևմտահայաստանը դո՛ւ ես ազատագրելու:
Իսկ դա նշանակում է, որ մենք Արցախն ազատագրել, բայց համազգային պատերազմը չենք ավարտել:
Գրիգոր Ջանիկյանի «Մահապարտներ», «Հաղթազենները», «Դարի դեմքը», «Ջոկատը, որ կոչվում էր Մեծն Մուրադ», մյուս գրքերը վստահություն են հաղորդում, որ մենք հաղթանակով ենք ավարտելու նաև մեր հետագա բոլոր գոյամարտերը:
Սպարտակ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Արծիվ-մահապարտ
ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԱՑՈՂԸ
Պատմություններ աշխարհում շատ կան՝ իրապատում ու հեքիաթային, զավեշտական ու ողբերգական, կարճ ու երկար… Բայց, թերևս, քիչ կարելի է հանդիպել, որ լինեն իրապատում, հեքիաթային, զավեշտական, ողբերգական, կարճ ու երկար միաժամանակ: Եվ ամենակարևորը՝ ամբողջական, բայց անավարտ… Բոլորովին վերջերս հրատարակած «Ապրիլ 11 /24/» ժողովածուի ենթախորագիրը հուշում է, որ նրանում ամփոփված գործերը «իրապատում պատմվածքներ ու վիպակներ» են, բայց գրքի էջերում ամենից հաճախակի հանդիպողը տեսիլն է ու հեքիաթը, անհավատալի թվացող, «տեսիլի պես անիրական» պատմությունները, որոնք շատ հաճախ նաև անսպասելի ընդհատվում են, «փաստորեն չեն ավարտվում»… Ահա այդպիսի բազմաթիվ ու բազմազան «տարօրինակ» պատմությունների ասացող-հեղինակ է զարմանալիորեն արագ արդեն իր կյանքի յոթերորդ տասնամյակը բոլորած Գրիգոր Ջանիկյանը:
Անցյալ դարի 60-ականներին գրած առաջին թեթևաշունչ պատմվածքներից, թերևս, դժվար էր կռահել գրողի նրա հետագա ճակատագիրը: Այդ պատվածքներից մեկը վերնագրված էր «Իրականանո՞ւմ են, արդյոք, երազանքները»: Հերոսները դպրոցահասակ պատանիներ էին՝ այդ ժամանակներին բնորոշ ռոմանտիկ խառնվածքով, զգացմունքների մաքսիմալիզմով: «Հարկավոր էր միայն ավարտել դպրոցը, որպեսզի այդ երազանքները դուրս պոռթկային բիբերից ու լցնեին աշխարհը,- գրում էր Ջանիկյանը,- այդ երազանքները երջանկություն պիտի սփռեին»: Իհարկե, «հրաշքը» տեղի չունեցավ, նրանք շատ շուտով բախվեցին «կոպիտ իրականության» պատին, աստիճանաբար գիտակցելով, որ իդեալական կյանքը կարող է գոյություն ունենալ միայն «հեռուստացույցի էկրանի վրա»: Եվ գրողը կանգնեց ներքին նոր շրջադարձի առջև՝ նրա հայացքը շրջվեց դեպի բուն կյանքը, իրական աշխարհի երևույթներն ու մարդիկ: Նյութը պայմանավորեց նաև իր արտահայտման կերպը՝ նրա ստեղծագործական նախասիրությունները մղելով դեպի գեղարվեստա-փաստագրական արձակի ոլորտը: Շուրջ մեկ տասնամյակ անց այդ ժանրով գրված, Արփա-Սևան ժողովրդական կառույցի շինարարների մասին պատմող վիպակն արդեն այլ՝ ոչ պակաս բնորոշ խորագիր ուներ՝ «Երազանքները ծնվում են, որ իրականանան»: Այնուամենայնիվ, բուն բեկումը գրողի ստեղծագործական մտածողության և հոգեբանության մեջ տեղի ունեցավ «Ուղևորություն դեպի մանկություն» վիպակից, երբ նրա հայացքը շրջվեց դեպի իր ներսը, հոգեկան խորքերը՝ սրելով ինքնաճանաչման կենսական պահանջը. ո՞վ եմ ես իրականում, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում… Որդին վերջապես ցանկանում է կատարել մեռնող հոր վերջին կամքը՝ գտնել դարեր շարունակ բազում արհավիրքներից աշխարհով մեկ ցրված իր տարագիր նախնիներին և ավետել բարի լուրը՝ «…առանձնապես ոչինչ էլ չի պատահել: Աշխարհում ամեն ինչ կարգին է, ու նրանք բոլորն էլ ողջ են»: Բնականաբար, առաջին հանգրվանը Ռոդոսթո քաղաքն էր, ուր ծնվել էր ինքը, բայց գրեթե չէր ապրել: Եվ հենց այստեղ է, որ նա առաջին անգամ «հանդիպում է» իր անցյալին՝ մի ժամանակ իր ծնողների ապրած սենյակում, գիշերային լռության մեջ նրան այցի են գալիս հայրը, մայրը, Ակնից գաղթած պապերն ու ապուպապերը… Այստեղ է, որ առաջին անգամ շոշափելիորեն զգում է իր և հոր նմանությունը՝ «նույն հայացքը, նույն մազերը…»: Այդպես, հոգեցունց տեսիլներն ու սթափեցնող իրականությունը հաջորդում են իրար՝ սրճարանի ներսում պատերի տակ նստոտած պապերը վերածվում են տապանաքարերի, պատրանքներից, ինքն իրենից ու իր էությունից ազատվելու և իրեն անհոգ զբոսաշրջիկ զգալու գրողի ջանքերը ի դերև են ելնում՝ «Որքան էլ չուզեի՝ վերջնականապես համոզվում էի, որ ոչ ոք չի կարող իրենից փախչել, և եթե ես թեկուզ լուսնի վրա այսպես ճեմեմ, նորից ակնցի Գրիգորի թոռն եմ»: Ի վերջո, դրվագ առ դրվագ նրա մեջ արմատավորվում է այն համոզմունքը, որ «մեզնից ոչ մեկը մեռած չէ, որ մեռած չէ մինչև անգամ Նոր Զեյթունի գերեզմանոցում հանգչող հայրս»: Սակայն ամեն բան դրանով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է միայն: Անձնական-տոհմային պատմությունն ընդարձակում է սահմանները, լայնանում է գրողի սրտի ու մտքի հորիզոնը՝ ընդգրկելով համազգային ցավի ու ճակատագրի դաշտը: Հետագա տարիներին ու տասնամյակներին Գրիգոր Ջանիկյանի ստեղծագործական ջանքերը սևեռվում են Մեծ Եղեռնի սարսափների և ազգային ինքնապաշտպանության՝ «արդարամարտերի», ապա նաև Արցախյան ազատամարտի հերոսական դրվագների բացահայտմանն ու նկարագրությանը, ազգային վրիժառուների ու նվիրյալ «արդարամարտիկների», քաջազունների իրական կերպարների ստեղծմանը («Մահապարտները», «Եռաբլուր», «Հաղթազենները», «Ապրիլ 11/24/» և այլն): Նրա տեսադաշտից չեն վրիպում նաև աշխարհի չորս ծայրերում ծվարած հայի բեկորները, որոնց հետքերը նրան տանում են պատմական հայրենիք ու բազմաթիվ երկրներ՝ Բելգիա ու Ֆրանսիա, Գերմանիա ու Սերբիա, Պոլիս ու Ռուսաստան (Ղրիմ), նույնիսկ «մի հինավուրց, աշխարհից կտրված կղզի», ուր ընդամենը մի հայ ձկնորս ծերունի էր ապրում, օտարի համար տարօրինակ փիլիսոփայությամբ՝ «…կը վայլէ՞ որ աշխարհը քաղաք մը ըլլայ, ուր հայ չապրի»: Եվ նրա ու նաև ծովեզրին «երկրի ձայները» լսած և հայրենիք հասնելու համար իրեն ջուրը նետած պառավ մամիկի, Փարիզի մոտակա Մոնմարանսիի պատսպարանում իրենց ծերությունն ապրող հայերի, ռուսական հեռավոր լեռների մեջ կորած Բոգատոյե գյուղի դեռատի ուսանողուհի Վալյայի, ով նոր է միայն տեղեկանում իր հայ լինելու մասին, Գերմանիայում «թուրքերենի թուրք ուսուցիչներին» թուրքերեն ուսուցանող հայուհի Մելինեի, Պոլսում հայտնի իրավապաշտպան, վերջերս միայն 95-ամյա իր տատից իր հայությունը պարզած, «Մեծ մայրիկս» աղմուկ հանած վավերագրքի հեղինակ Ֆեթիե Չեթինի և էլի շատ-շատերի կյանքերի հեքիաթը «այս իրականությունից ավելի իրական» է: Բայց, կրկնում եմ, անավարտ… Որովհետև «1915 թիվը դեռ չի վերջացել», որովհետև «մեկ ու կես միլիոն վեպ գրել հնարավոր չէ…», որովհետև թուրք ցեղասպանների նկատմամբ արդար դատաստան տեսած հայ վրիժառուների մասին պատումները գրեթե նույն վերջաբանն ունեն՝ «Այս պատմությունները նման շարունակություն թերևս ունենան, բայց ավարտ չունեն: Առայժմ»: Որովհետև… հարցերը շատ են ու միանշանակ պատասխաններ չեն ենթադրում, քանզի՝ «Ոչ թե ժամանակը, մարդիկ են անցնում», քանզի Եղեռնին ընդդեմ Հայոց յոթ հերոսամարտերի պատմությունն անելուց հետո էլ գրողը չի կարողանալու պատասխանել իր էստոնացի գրչընկերոջ այն հարցին, թե «Լավ, եթե դուք այսքան հերոսամարտեր, գոյամարտեր եք մղել, Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի, Գևորգ Չավուշի, Աղբյուր Սերոբի նման հայդուկապետեր եք ունեցել, ինչո՞ւ է գերի մնացել ձեր հայրենիքը»: Չի կարողանալու, քանզի մեզ համար նաև բազմիցս փորձված իրողություն է՝ «Մեծ տերությունների բուն նպատակները, խարդավանքները անկանխատեսելի են…»:
Բայց այստեղ արդեն ե՛ս պիտի կիրառեմ գրողի ոճական սիրած հնարանքը՝ պատասխան չունե՞ն: Ունե՛ն: Ունե՛ն: Ունե՛ն: Որովհետև «հայն ունակ է ապրել, կռվել աշխարհի ցանկացած երկրում, բայց հաղթել կարող է միմիայն հայրենիքում», վկա՝ ազատագրված Արցախը, որովհետև Վարուժանը Բրգնիկում չէր, Գենտում էլ չէր, բայց Չանղըրիում անգամ շարունակել է բանաստեղծություններ գրել՝ «հայուն ապագային վրա» ունեցած հավատից մղված: Որովհետև Վարուժանը Հայաստանում է, ուր այսօր դարձյալ «Վարուժնակներ են ծնվում: Ու ծնվելու են: Միշտ»: Որովհետև «Մուսա լեռան հուշահամալիր-թանգարանում մինչև հիմա պահպանվում են Եսայի Յաղուբյանի, հերոսամարտի մյուս մասնակիցների մարտական զենքերը: Զենքեր, որոնք ժառանգելու են մուսալեռցիների գալիք սերունդները»: Որովհետև «Փոքր Մհերը դեռ քարայրում է, Քուռկիկ Ջալալին հեծած, սպասում է: Իր կռվին»: Այսինքն՝ չնայած ամեն տեսակի եղեռնագործություններին, հայի կյանքը շարունակվում է, պայքարը շարունակվում է, որի բաղադրիչներից մեկն էլ օտար հեղինակների հավաստի վկայությունների, Չարի հանդեպ արդարամիտ ընդվզման ու դատապարտության խոսքերի թարգմանումն ու հրապարակումն է ի լուր աշխարհի, որին իր ծանրակշիռ լուման է բերում նաև այսօրվա հոբելյարը (ֆրանսերեն բնագրերից նրա թարգմանությամբ արդեն իսկ լույս են տեսել Լեսլի Դևիսի «Սպանդի նահանգը», Ժան Ժորեսի «Պետք է փրկել հայերին», Առնո Համելենի և Ժան-Միշել Բրոնի «Վերականգնված հիշողություն» գրքերը):
Գրիգոր Ջանիկյանին ճանաչողները լավ գիտեն նրա կենսուրախ, կատակասեր բնավորությունը, առօրյա կյանքի վրայով թեթևորեն սահելու կենսակերպը, որն առաջին հայացքից հակասության մեջ է նրա գրքերում արտացոլվող իրականության հետ: Չէ՞ որ նույնիսկ Խարբերդի ամերիկյան հյուպատոս Լեսլի Դևիսը չի կարողացել դիմանալ իր աչքերի առջև կատարվող ոճիրների ահեղացունց ազդեցությանը, սարսափած բացականչելով՝ «Եթե թուրքերի այս ոճիրը մոռացվի, աշխարհի վրա քարե կարկուտ կտեղա»: Իսկ ահա Եղեռնի օրերին Դևիսի լուսանկարած կադրերը կես դար անց տեսնելուց հետո, Գրիգոր Ջանիկյանը խոստովանում է՝ «Ես օրերով, շաբաթներով չեմ քնել, մղձավանջներից ձերբազատվել չեմ կարողացել»: Ուրեմն, որտե՞ղ մնաց առաջին հայացքից արտաքին այդ «թեթևությունը»: Իրականում, դա պարզապես պաշտպանական հակազդեցություն է ներաշխարհային այն «մղձավանջային» մթնոլորտի, որում ապրում ու շնչում է գրողը տասնամյակներ շարունակ: Եվ ինքնակամ «դատապարտել է» իրեն այդ կերպ ապրելու, քանզի՝ «Այս ամենը եղավ, ընթերցող, ու հենց այսպես եղավ»:
Նման դեպքերում, իհարկե, ընդունված է խոսքն ավարտել երկարակեցության մաղթանքով: Բայց Գրիգոր Ջանիկյանի պարագայում ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ լավ գիտեմ նրա ու նրա հերոսների «կյանքի բանաձևը»՝ նրանք «երկար, շատ երկար են ապրում», բայց «դրա համար իրենք մեղավոր չեն: Մեղավորը հայրենի հողի կարոտն է, որ թույլ չի տալիս հեռու մեռնել»: Իսկ «Հողը կարոտում, հավատում ու դեռ սպասում է»:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
«Ի՛նչ կա զարմանալու: Հիմա արտերկրի սփյուռքում չգրված անթիվ վեպեր կան, որոնք պիտի կորչեն, անհետ վերանան, որովհետև մեկ ու կես միլիոն վեպ գրել հնարավոր չէ: Եթե անգամ գրվի, աշխարհը չի կարողանա կարդալ, կգժվի»: Ահա թե ինչ է գրել մեր ժամանակների այս անխոնջ տարեգիրը՝ Գրիգոր Ջանիկյանն իր գրվածքներից մեկն սկսելիս: Բայց ինքը գտել է այս անհաշիվ վեպերից ասք ստեղծելու իր միջոցը: Առանց հաշվելու էլ կարող եմ ասել, որ Գրիգորի փրկած մասունքները հազարից անցել են վաղուց, և դեռ շարունակվում է ու կշարունակվի անհատական նախաձեռնությամբ ամենօրյա նրա փրկարարական այս աշխատանքը:
Եթե այսօրվա կամ վաղվա ընթերցողը քայլի Գրիգորի անցած ճանապարհներով, կտեսնի մի յուրօրինակ ու տարօրինակ քարտեզ՝ բազմահարյուր տեղանուններով, որոնցից ամեն մեկն իր մեջ շարունակում է պահել հայի ու Հայաստանի կորիզը՝ լինի մեր պատմական Երկրում, ներկայիս Հայաստանում, Արցախում թե աշխարհի ամենաանհավանական մի անկյունում: Նա՝ մեզ ժամանակակից այս անվերջ ուղևորը, դժվար թե դադարի վիճակներ ունեցած լինի, այլապես անհնար կլիներ այսքանը հասցնելը,:
Գրիգոր ջան, դու շատ լավ ընկեր ես, իմ լավ ընկերն ես նաև, բայց երկու հարյուրամյակի, երկու հազարամյակի մեջ քո անցկացրած կյանքն ուզում եմ ուժերիս ներածին չափ հակիրճ ոչ թե ընկերաբար, այլ քաղաքացիաբար, որպես քո ընթերցող գնահատել այսպես: Ինչ էլ արել ես, ուր էլ գնացել ես, ոչ մի ճամփորդությունից, լինի մտովի թե իրական, երբեք ձեռնունայն չես վերադարձել, ինչպես ընտանիքի հոգատար անդամը երբեք տուն չի վերադառնում առանց ամեն մեկի սիրտը մի բանով շահող նվերի: Դու միշտ էլ զարմացրել ես փաստը գեղագիտորեն ներկայացնելու քո վարպետությամբ, քո մաքրամաքուր հայերենով: Այնքան վարակիչ է մարդկային կենսագրություններ պեղելու և ապա տնտղելու քո սերը, որ վարակվելուց հետո անիմաստ է, անգամ անբարո կթվա ազգակցիդ կյանքի վեպին այլ կերպ մոտենալը:
Իմ ու քո կյանքի հիմերը դրվել են մեր պապերի տարագրության հանգրվաններից՝ Բուլղարիայում: Երբ կարդացի դեպի ծննդավայր կատարած քո միստիկ ճամփորդության մասին, հասկացա, որ ճիշտ եմ արել, ինքս մինչև հիմա չեմ գրել, քանի որ չէի կարողանալու այդքան խորքերից սկսել այն, ինչ մարդն զգում է կամ կզգա իր անգիտակից մանկությունը, նույնիսկ սաղմնային վիճակը վերապրելիս… Իսկ եթե գրեմ, պետք է արժանավորապես կարողանամ լրացնել քեզ, ինչպես որ դու ես կարողանում լրացնել Մուսա լեռան, Շապին Գարահիսարի, Վան-Վասպուրականի մասին ասվածը: Անգամ գրվել է այդ իրադարձությունների ստվերոտ կողմերի մասին, բայց քո գրածը միշտ ուժի ու լավատեսության է մղում… «Դա, հավատացեք, տեսիլք, հնարանք չէ, իրականությունն է: Մեր հայկական իրականությունը» (Գ.Ջ.):
Մաղթեմ թե չմաղթեմ, գիտեմ, որ Աստծո տված յուրաքանչյուր օրը քեզ համար լինելու է տքնաջան աշխատանքի և ՀԱՅՐԵՆԻՔԴ նորից ու նորից սիրելու հնարավորություն: Մաղթում եմ քեզ և մեզ, որ երկար ապրես, ու Երկիրդ, ընտանիքդ, աշխատանքդ քեզ բերկրանք պարգևեն միշտ: Մենք դեռ ապրելու ենք մեր պապերի հողում:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ