(1988 թ. դեկտեմբերի 7)
Գրկած գետինը` գիշերն է քնած,
Լույսը խառնվում ընդերքի մթին,
Ջնջում իրական կյանքը լուսավոր –
Ցավի սերմեր է տարածում չորս դին…
Հողն է ծանրացել, տրոփում անկիրք,
Բացված երակից հոսում է մարդը,
Հոսում, դատարկում անոթը մտքի,
Ողբ է, վայնասուն, մարդկային կսկիծ,
Փլուզված պատեր, ծուխն` աչք երկնքի:
Երկինքը կարծես ինքն էլ է սառել,
Ամպերը կանգնել էլ չեն շարժվում,
Հրե գունդն անգամ մրուր է դարձել:
Չես կարող գտնել շուրջդ ոչ մեկին…
Խեղանդամ մարդիկ փռված են գետնին,
Կիսված, անհաշիվ, ինչքան էլ հաշվես,
Միտքդ չի կարող ճանապարհ անցնել,
Ո՞ւր մնաց` ոտքդ դու առաջ տանես
Ցավի վրայով, ահով սոսկումի…
Երկունքի ցավ է, ու մարդ չի ծնվել.
Շուրջն համատարած քանդվել են տներ,
Մարդկության վրա երկինքն է փլվել:
Սուգ է առանց մայր, առանց զավակներ,
Երկինքը հայի արյամբ է շաղվել,
Թուխպը մրուրված կախվել է շեմից,
Երկինք ու գետին բոց համատարած,
Այրվում էր ողջը ու միանգամից
Մարդ ու անասուն մոխրանում էին,
Դարեր ետ եկած ու անցած նորից
Սուգից ամպերը երերում էին,
Ոխակալ հուրն էր ժայթքում վերևից:
Ցավը մոռացավ, երբ քանդված տեսավ
Իրական կյանքը, չիմացավ`
որտեղ և ինչ է եղել:
Կիտեց աչքերը` շուրջը նայելով,
Սեղմվեց տեղում` հոգոց հանելով.
Շրջվել է կյանքը մի ակնթարթում,
Ու այս աշխարհի հույզերով լցված
Կյանքի աչքերը իր իսկ աչքերում
Քայլելով անցավ ամեն մի անկյուն:
Լսվեց կիսամեռ` մարդկային տնքոց,
Լացի, ողբի մեջ փակեց աչքերը,
Չոր ափերի մեջ սեղմեց իր դեմքը,
Վայրի սոսկումով ճչաց` նայեց վեր,
Ծնրադիր իջավ` տեսնելու Աստծուն:
Մութ ամպերի մեջ գոցվել է արդեն
Դուռը երկնային ու մտամոլոր
Պտտվում է նա ու նորից կանգնում:
Բոլորի ցավը մի ափ արյան մեջ,
Բռունցքված մի սիրտ հեղձուցիչ տոթում,
Ելնում է երկինք ու նորից իջնում:
Փախչել չէր կարող մոխրացող կյանքից,
Իրավ, նա կուզեր ինքն էլ չլինել,
Երկնքից միայն աչքերով նայել,
Որ խելակորույս մարդկային ողբը
Չզգար իր խոնավ աչքերում լցված:
Էլ չէր տարբերվում, թե ում աչքն է բաց,
Քայլում` սեղմելով կամքը քարացած,
Գտնել է ուզում շնչավոր էակ,
Անցնում է մեռնող շարքերով մարդկանց
Ու մտամոլոր խորհում ինքնամփոփ.
– Հազար մահերից մի կյա՜նք աշխարհ գար…
Ու կանգնեց մանկան ճչացող ձայնից.
Գտավ մի մանուկ` ընկած բարուրով,
Ու նրան վերև, վերև բարձրացրեց
Ու անմարդկային մի գորովանքով
Ուրախությունից ճչաց ու լացեց.
– Լո՛ւյս բացվեց նորից աշխարհիս վրա.
Մի մանկան ճիչով կյանքը արարվեց…