Մարդկային հիվանդ սովորություններից միայն վատերն են վարակիչ:
Ամենահեշտ գործը դժվարություններ ստեղծելն է:
Ոչ մի բան այնքան չի մերձեցնում մարդկանց, որքան քաղաքային տրանսպորտը:
Քծնողների նշանաբանն է. «Առավել բարձրացնել կռանալու մակարդակը»:
Ոմանք վիրավորանքներ են կուլ տալիս, ոմանք` վիրավորողներին:
Ոմանք թեև շատ լավ գիտեն իրենց արժեքը, սակայն վաճառվելիս չափազանցնում են:
Ինչպես գազաններն, այնպես էլ մարդիկ բաժանված են երկու խմբի` օգտակարներ և վտանգավորներ:
Այն ճշմարտությունը, որը մինչև կոկորդը թաղված է գործերի մեջ, չի կարող հաղթանակել:
Նրանք, ովքեր հասարակությանը կոչ են անում լեռներ շուռ տալ, որպես կանոն, դաշտավայրի բնակիչներ են:
Ոմանց թեև շատ է տրված, սակայն նրանք առավել շատ են ուզում:
Ոմանք երջանկության կապույտ թռչունին տեսնելու համար վարդագույն ակնոց են կրում:
Ամենածեր ու հյուծված առյուծը դարձյալ գազանների արքան է:
Ոմանց համար ամենադժվար բանը կամքը սեփական անձին հարկադրելն է:
Ոմանք այնքան են տանջում նորաձևությանը, որ ստիպված ճչում է:
Ոմանց երազանքներն այնքան շուտ են տեղի ունենում, որ թվում է, թե կատարվել են ուրիշ ժամանակներում:
Ոմանք ուսումնասիրում են իրերի վիճակը, իսկ ոմանք` դրանց բացակայությունը:
Ոմանք ճշմարտությունն ապացուցելու համար ամբողջական փաստը վերածում են կոտորակների:
Կյանքը նման է վերելակի: Մեկ վերև, մեկ ներքև և մեկ էլ անշարժանում է:
Ոմանց համար ամուսնությունը նման է մասսայական սպորտաձևի, որտեղ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ` մասնակցությունը:
Ոմանք եթե կարծում են` ամաչելու բան չունեն, գոնե իրենց ծննդի համար պարտավոր են ամաչել:
Հումորը մարդկանց կյանքն է երկարացնում, իսկ սատիրան` հասարակության:
Ոմանց կյանքում չափազանց մեծ տեղ են զբաղեցնում փոքրիկ ուրախությունները:
Այն, ինչ նախատեսված է ստամոքսի համար, մտքին պիտանի չէ:
Կատակը կարելի է հասկանալ ամեն կերպ, սակայն՝ ոչ լուրջ:
Որքան շատ անկեղծ ու ճշմարտախոս լինես, այնքան քիչ ընկերներ ու մտերիմներ կունենաս:
Բացառությունը բացառում է նույնիսկ ինքն իրեն:
Թույլերը երազում են հաղթել ուժեղներին, իսկ ուժեղները` իրենցից ուժեղներին:
Եթե որևէ ներկայացման մեջ հանդես են գալիս հինգ հերոս և դահլիճում գտնվող հանդիսատեսի քանակն էլ է այդքան, ուրեմն վերջինները իսկական հերոսներ են:
Ոմանք ընդհանուր հաջողություններով ուրախանալը հասկանում են հետևյալ կերպ. դուք իմ հաջողությամբ` ես էլ ձեզ հետ:
Ոմանց չի բավարարում ձեռք բերածը, իսկ ոմանց` այն, ինչ չունեն:
Ոմանք իրենց արտահայտած մտքերը մեկնաբանելու համար դիմում են ուրիշների օգնությանը:
Կսմիթներ / Կարլոս Եղիազարյան
