Լույս է տեսել Լիպարիտ Սարգսյանի «Մեր սիրո չափը» խորագրով նոր ժողովածուն, որը հեղինակը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ընթերցողներին ենք ներկայացնում հեղինակի առաջաբան խոսքը և երկու տրիոլետ:
Աստված արարելով մարդուն, օժտելով բանականությամբ, հրա սրտում դրել է մի թանկ, անգնահատելի զգացում, որը կոչվում է ՍԵՐ: Սեր իր ծնողների, հարազատների, հայրենի տան ու բնության նկատմամբ: Սեր այն էակի հանդեպ, ում հետ միանալով օջախ է ստեղծում, զավակներ ունենում, որպեսզի Երկիր մոլորակի վրա կյանքը շարունակվի: Մարդկանց կյանքը, առանց որի անիմաստ կլինի մեր հրաշք մոլորակի գոյությունը: Այո, Երկիր մոլորակը ինքնաճանաչվել, իմաստավորվել է մարդ արարածի ներկայությամբ: Իսկ ամեն մարդ ծնվում, ապրում է Երկիր մոլորակի մի անկյունում, մի հատվածում, ուր դարեր շարունակ ապրել են իր ցեղակիցները, վար ու ցանք արել, գյուղեր ու քաղաքներ, հավատի տներ հիմնել: Իրենց կենցաղով ու մշակույթով սերնդեսերունդ կապվել Աստծու պարգև այդ հողակտորին, որ ՀԱՅՐԵՆԻՔ է կոչվում: Այդ հայրենի հողում են հավերժ քուն մտել նրանց պապերը, կյանքից հեռացած ծնողները, հարազատները` իրենց հետ հողին հանձնելով կիսատ սերեր ու կարոտներ, իղձեր ու նպատակներ: Եվ այդ Հող-հայրենին, որ կերակրել է մարդուն ցորենհացով, քաղցրացել, Սիրո է վերածվել նաև իր գրկում ննջող միլիոնավոր հարազատների շիրիմներով: Այո, այդ Հող-հայրենին, մարդու ծննդավայրը աստիճանաբար սրբացել է, դարձել նրա ամենաթանկ Սերը` անհամեմատելի դառնալով այլ սիրո հետ: Այո, Հայրենիքի սերը մարդկային սիրո բարձրագույն չափանիշն է: Ահա, ինչու հայրենի հողի համար բազում սերունդներ են կռիվ տվել, նրան նվիրել ամենաթանկը` իրենց միակ կյանքը և հերոսացել, անմահացել: Ահա, ինչու այդ հերոսների մասին գրքեր են գրվել, երգեր հյուսվել…
Հայրենիք ունենալը, հայրենի հողի վրա ապրելը մեծ երջանկություն է, մե՜ծ բախտ: Հայրենազրկությունը մեծագույն դժբախտություն է: Այդ մեծ ողբերգությունը ապրեցին մեր հայրենակիցները հարյուր տարի առաջ, Արևմտյան Հայաստանում, երբ թուրք ոհմակները` պետության առաջնորդներ Էնվերի, Թալեաթի, Ջեմալի և մյուսների հրեշավոր ծրագրով, իրենց պատմական հայրենիքից մեկուկես միլիոն հայերի կոտորելով ու հալածելով քշեցին արաբական անապատներ՝ ենթարկելով ցեղասպանության: Դրա գլխավոր պատճառը, իհարկե, պետականություն չունենալն էր, թուրքական իշխանության հպատակ լինելը…
Այս տարի հայ ժողովուրդը աշխարհի ազնիվ ու բարի կամքի տեր ժողովուրդների հետ նշում է այդ ողբերգության 100-ամյակը: Փառք Աստծո, որ ցեղասպանության հետևանքով առաջացած Սփյուռքի հետ այսօր անկախ պետականություն ունենք և՛ Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղում: Եվ ցեղասպանության տարելիցը նշում ենք պետականորեն, արժանապատիվ, Թուրքիային ներկայացնելով մեր արդար պահանջատիրությունը: Դա շատ կարևոր է, բայց ամենակարևորը մեր անկախ պետականության ամրապնդումն է, մեր անկախ Հայրենիքի տնտեսական և բարոյահոգեբանական հզորացումը, որին պետք է հասնենք ազգովի համախմբված, աշխարհի բոլոր հայերի միասնական ջանքերով: Եվ մեր կարգախոսը պետք է լինի` «Հայրենիքն է մեր սիրո չափը»:
***
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՍ
Միևնույն արմատից ենք բոլորս,
Նահապետ Հայկն է մեր մեծ պապը,
Նա մեր հին արյունն է, մեր կապը,
Միևնույն արմատից ենք բոլորս:
Իմացիր, եղբայր իմ հեռավոր,
Հայրենիքն է սիրո մեր չափը.
Միևնույն արմատից ենք բոլորս,
Նահապետ Հայկն է մեր պապը:
***
Մեր հոգու փրկությունը միակ
Հայրենի մեր հողն է, մեր տունը,
Նա է պահելու մեր անունը`
Մեր հոգու փրկությունը միակ:
Շա՜տ մեծ է աշխարհը, լայնարձա՜կ,
Բայց ամեն հավք ունի իր բույնը,
Մեր հոգու փրկությունը միակ,
Հայրենի մեր հողն է, մեր տունը…