ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԵՎ ՄԵԿ ՕՐ ՇԻՐԱԶԻ ՀԵՏ

Հովհաննես Շիրազ
Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում աշխատածս տարիներին որոշել էինք տեսաֆիլմ պատրաստել Հովհաննես Շիրազի ծննդյան 70-ամյա տարեդարձի կապակցությամբ: Տեսաֆիլմի նյութը պիտի քաղեինք, հավաքեինք բանաստեղծի հետ՝ իր հայրենի քաղաք Լենինականում տեղի ունենալիք հանդիպումներից:
Բայց ինչպե՞ս կազմակերպեինք այդ հանդիպումները:
Լավ իմանալով Շիրազի տարերային, հորդահուն բնավորությունն ու խառնվածքը, տեսաֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսեցինք երկու տարի առաջ. գիտեինք, որ պիտի բախվենք-հարմարվենք Մեծ բանաստեղծի ,մանկական» քմահաճույքներին…
Հանձնարարականը տրված էր գրական-գեղարվեստական հաղորդումների բաժնի վարիչ, բանաստեղծ Երվանդ Պետրոսյանին: Ով ճանաչում է, մոտիկից գիտի Երվանդին, ակամա կժպտա ու մտովի համեմատություններ կանցկացնի՝ Երվանդն ու Շիրազը… Մեկը՝ չափից դուրս հանդարտ ու մեղմաբարո, մյուսը՝ հոգեխռիվ, ալեկոծ ու ծայրահեղորեն անկառավարելի:
Էս մեր Երվանդը երկու տարի զբաղվեց, հազար անգամ զանգահարեց, հարյուրապատիկ գնաց-եկավ, խնդրեց, համոզեց, տասնապատիկ պայմանավորվեց, թե՝ այսինչ օրը, այսինչ ժամին կազմ ու պատրաստ գալիս ենք, որ գնանք Լենինական: Օրը գալիս էր, Շիրազը մոռանում էր իր խոստումը ու կտրուկ հրաժարվում էր. ,Վո՞վ է պայմանավորվե… Ես չիդեմ, ես չեմ գա…»:
Արդեն ճարահատ՝ Երվանդն հրաժարվում է տեսաֆիլմի գաղափարից, բայց և, միաժամանակ, թե ինքը և թե մենք՝ բոլորս, գիտակցում, հասկանում ենք մեր բռնած գործի արժեքն ու կարևորությունը. ուզում ենք, շատ ենք ուզում մեր՝ երիտասարդ սերնդի կողմից ապագայի սերունդներին հանձնել մարմնական ու ոգեղեն Շիրազի մասին պատմող մի տեսաֆիլմ:
Ի՞նչ անել: Երվանդն այլևս հրաժարվում է գնալ Շիրազի մոտ: Վախենում է, հույս չունի: Շիրազն ինքն էլ չի ուզում Երվանդին տեսնել: Տեսնելիս էլ՝ չտեսնելու է տալիս: Երվանդին միանում է տեսաֆիլմի ռեժիսոր Ալֆրեդը: Պատմությունը շարունակվում ու ձգվում է՝ հեռախոսազանգեր, գնալ-գալ, պայմանավորվել, ոգևորվել և… վերջնահաշվում՝ կրկին սառը ցնցուղ:
Շիրազն անդրդվելի է: Նրա անընդգրկուն էությունը չի կարողանում տեղավորվել ժամանակային առումով որոշակի սահմանափակումների մեջ: Ի՞նչ անել… Մեր նպատակը շատ ավելի գայթակղիչ է, ու ոտքի է կանգնում ողջ խմբագրակազմը՝ մոտ հիսուն հոգի: Բայց դե, մեր ,տառապանքը փորձ ունի». պիտի միասին գրոհենք: Ես` որպես գլխավոր խմբագիր, խմբագրակազմի գլուխն անցա ու, համարձակություն հավաքելով, ուղիղ գնացինք Մեծ բանաստեղծի ,դուռը»:
Ես ու Երվանդը մոտեցանք դռանը, թակեցինք:
– Վո՞վ է,- ասաց ու բաց արեց դուռը: Տեսնելով Երվանդին՝ դուռն անմիջապես կրնկի վրա փակեց ու ներս գնաց: Մնացինք շվարած՝ այ քեզ խաթա…
Լենինականում ժողովուրդը սպասում է, ի՞նչ անենք: Համարձակություն հավաքելով՝ նորից թակեցինք դուռը: Տևական լռությունից հետո բաց արեց.
– Ի՞նչ գուզեք…
Մենք այլևս չսպասեցինք հրավերի, ներս խուժեցինք, ու ես ներկայացա: Երվանդը հիշեցրեց իրենց վերջին պայմանավորվածությունը, թե այսօր պիտի գնանք Լենինական՝ հանդիպումների: Շիրազը, թե՝
– Ես ըդպես բան չեմ պայմանավորվե, ես չեմ գա…
– Ախր, ոնց կլինի, վարպե՛տ: Հրավիրատոմս ենք բաժանել, Դոնարա Հարությունյանը (կուսքաղկոմի առաջին քարտուղարը) գիտի, սպասում է: Ամբողջ քաղաքը, ժողովուրդը քեզ է սպասում… Մեղք է ժողովուրդը…
Շիրազը փլվեց-կոտրվեց.
– Ղարիբի կնիկը գուկա, ես էլ գուկամ,- ասաց ու անցավ ներսի սենյակը՝ մեզ թողնելով միջանցքում: Խոհանոցի դուռը բաց էր. սեղանին՝ սև հացի կտորտանքներ, փշրանքներ, բաժակ, խառնիխուռն թղթեր… ,Ահա, թե ինչպես է ապրում բոլոր ժամանակների մեծ բանաստեղծը»: Այդ մտածումների մեջ՝ հիշում ենք հայտնի լրագրող Ղարիբ Հայրապետյանի կնոջը՝ տիկին Լենային, որը տարիներ շարունակ Շիրազին հանդիպումների էր տանում հայաստանյան վայրեր: Ինչ կա որ՝ գուցե միայն Լենայի՞ն է վստահում: Ուրախացած իջանք ներքև: Զանգահարեցինք Լենային: Անակնկալ առաջարկից նա սկզբում շփոթվեց, ապա, զգալով մեր վիճակն ու պահի պատասխանատվությունը, համաձայնեց ընկերակցել մեզ:
Քիչ անց տիկին Լենայի հետ միասին կրկին Շիրազի մոտ ենք: Լենային տեսնելով՝ ժպտաց, ուրախացավ: Ինքն ուրախացավ, մենք ցնծացինք: Վերջապես Շիրազին տանում ենք իր հայրենի քաղաքը… Սկսվեց նրան հագցնելու արարողությունը: Կապույտ կոստյում ուներ, բերեցինք: Մինչ մենք կոշիկներն ենք հագցնում, ինքը փողկապն է կապում: Պիջակն ենք տալիս, ինքը փողկապն է քանդում, ուզում է հանել… Մի խոսքով, մի կերպ հագցրեցինք, պրծանք, ուզում էինք դուրս գալ, երեխաներից Աստղիկը մոտեցավ մեզ. ,Մենք էլ ենք ուզում գալ, հայրիկին համոզեք…»: Հայրիկը լսեց.
– Չէ՛, էրեխեքը թող չգան, ճամփին բան կպատահի, կխելըռիմ…
Բացատրեցինք, որ մեքենաներով ենք, ապահով տեղ կհասցնենք, գոնե Վանանդին ու Աստղիկին վերցնենք հետներս: Համաձայնեց, բայց՝ պայմանով.
– Էրեխեքը թող առանձին ավտոների մեջ նստին, տարբեր ավտոների…
– Ինչո՞ւ, վարպե՛տ,- խոսեցնում ենք բանաստեղծին:
– Ընձեն ձեզի օսյաթ՝ ճամփա օր կերթաք, էրեխեքին առանձին ավտոներու մեջ նստեցրեք: Ճամփին մեկին օր մի բան պատահի, մյուսը փրկվի…,- խնդմնդաց ինքնիրեն ու մի էպիզոդ պատմեց,- մե օրըմ քուրս կանչել էր Լենինական՝ մատաղի. ըսել էր՝ էրեխեքին էլ կըբերես: Ի՞նչ էնեի, կանչեցի յոթ տաքսի, վարորդներին խաբեցի, թե քաղքեն դուրս կերթանք, ճամքին մարդ պիտի վերցնենք: Ըդպես՝ ամեն ավտոյի մեջ մե էրեխա, գնացինք հասանք Լենինական: Քրոջս լուսամուտի տակ տաքսիները կանգնան ու սիգնալ կապեցին: Քուրս լուսամուտից նայեց ու ասաց՝ քա, վայ, օր կըսեին ախպերդ խելառ է, չէի հավատա:
Ծիծաղեցինք ու բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք դեպի Լենինական: Մեզ հետ էր նաև մի ընտանիք՝ Էջմիածնից: Լավ մարդիկ էին՝ Շիրազի մտերիմներից: Իմացել էին մեր գնալու մասին՝ պատրաստություն տեսած եկել էին՝ ընկերակցելու մեզ: Ճանապարհին մի տեղ կանգնեցինք՝ ոչ այնքան հաց կտրելու, որքան Շիրազին խոսեցնելու, նրան բացելու նպատակով: Մի մեծ սալաքարի վրա սեղան փռեցինք: Տղաներից մեկը, թե՝
– Վարպետ, տես, էս փոքրիկ ծաղիկը ոնց է աճել էս քարի վրա,- բանաստեղծի ուշադրությունը հրավիրեց քարաճեղքից դուրս պրծած մի փոքրիկ ծաղիկ-ուլունքի վրա: Շիրազը չոքեց սալաքարին.
– Ըսիգ մեր ժողովուրդն է, ուր գցես, ծիլ կուդա, կաճի, կբարձրանա…,- ու կանգնեց, հայացքն հառեց անհուններին ու արտասանեց իր հայտնի բանաստեղծություններից մեկը: Արտասանելուց հետո ասաց.
– Էս բանաստեղծությունը հենց նոր հորինեցի,- մենք ծիծաղեցինք, էլ ավելի ջերմացած շարունակեցինք մեր ճանապարհը: Չհասած Թալին՝ պետավտոտեսչության աշխատողները մեզ կանգնեցրին: Ես արագ-արագ իջա, որպեսզի ասեմ, թե ով է մեզ հետ: Դեռ չէի հասցրել մոտենալ, երբ մեքենայից իջավ ինքը՝ Շիրազը ու արագ եկավ դեպի մեզ:
– Ի՞նչ գուզե, ինչ գուզե…
– Ոչինչ, վարպե՛տ, բան չի պատահել:
Ավտոտեսուչը, ճանաչելով Շիրազին, մոտեցավ ու պատվի առավ: Շիրազը շրջվեց ու նստեց մեքենան: Երբ արդեն շարժվում էինք, նա իջեցրեց ավտոյի լուսամուտի ապակին.
– Ըդոր ըսեք՝ էս քարերը իրենից զգայուն են,- ասելով ցույց տվեց ճամփեզրի հսկա ժայռաբեկորները: Հավաքվածները ներողամտորեն ծիծաղեցին ու մեզ բարի ճանապարհ մաղթեցին:
Հասանք Լենինական: Հենց քաղաքի մուտքի մոտ բազմությունը մեզ դիմավորեց դհոլ-զուռնայով, աղուհացով: Ժողովուրդը ցնծության մեջ է, մարդիկ մոտենում, ողջագուրվում են իրենց պաշտելի բանաստեղծի հետ, համբուրում նրա ձեռքերը: Պահը հուզիչ է, հուզված է նաև ինքը՝ Շիրազը: Դիմելով ժողովրդին՝ ասաց.
– Ըբը, ըդպես է… Դուք իմըս եք, ես էլ ձեր բանաստեղծն եմ…,- խոսեց, խոսեց, ապա արտասանեց քիչ առաջ ճանապարհին հնչեցրած նույն բանաստեղծությունը՝ չմոռանալով կրկին հիշեցնել, որ այն ,հենց նոր է հորինել…»: Զարմանալի է բանաստեղծի տարերքը. գերզգայնության մեջ իրեն չի՞ թվացել, արդյոք, թե նոր-նոր է հորինել տարիներ առաջ ապրած-արարած բանաստեղծությունը… Ինչ իմանաս՝ ոգեղենությունը կերպ ու ձև ունի՞, թե՞ չունի…. Ինչևէ. ժողովուրդը Շիրազին տարավ նստեցրեց կառք: Գնում ենք տեքստիլագործների մշակույթի տուն, ուր պիտի կայանա հանդիպումը բանաստեղծի հետ: Մեր ճամփան անցնում է հին Գյումըրվա փողոցներով: Մարդիկ դուրս են գալիս տներից, ջուր են ցողում բանաստեղծի ճանապարհին, ծաղիկներ շաղ տալիս նրա ոտքերի տակ: Ինչ երանելի է պահը՝ բանաստեղծը իր ոգեղեն երկինքներից իջել-ձուլվել է մայր ժողովըրդին:
Հասնում ենք հանդիպատեղի: Ժողովուրդը պաշարում է նրան: Շիրազը ամենքի մեջ է և ամենքի հետ: Բոլորինն է նա ու բոլորի մեջ. երիտասարդ մի միլիցիոներ ակնապիշ նայում է Շիրազին, իսկ Շիրազը՝
– Իյա, դուն ընչի՞ ես էկել…,- դիմեց հավաքվածներին,- ժողովուրդ, ես ի՞նչ եմ էրե օր ընձի հըսկելու են ղըրկե…,- ապա եզրափակեց կատակով,- կյանքիս մեջը կենդանի միլիցա չէի տեսե… (գոնե ճանապարհին մեկին տեսել էր):
Ցնծալի պահ է: Ժողովրդի միջով Շիրազին մի կերպ հասցնում ենք դահլիճ, բարձրացնում բեմ: Ծափերի որոտի տակ Շիրազը մանկանում է: Ծափերի հեղեղի մեջ տարրալուծվում է բանաստեղծի իմաստնությունը: Սիրո, կարոտի, բնության, ներշնչանքի ու գեղեցկության իմաստնությունը:
Շիրազը սավառնում է հանդիսատեսի էության մեջ: Ինքը՝ Շիրազը, համակ ուշադրությամբ լսում է ասմունքողներին: Ով լավ է կարդում՝ գրկում-համբուրում է: Ում ընթերցումը չի հավանում՝ խոժոռվում-նստում է անշարժ: Այդպես՝ հիացմունքի մեջ գրկում-համբուրում է ասմունքողուհի Վերա Հակոբյանին: ,Հանճարեղ խելագարի» համար համբուրում է դերասան Սերգուշ Բաբայանի ճակատը:
– Ընպես կկարդաս, ինչըղ օր դուն գրած էղնիս…
Հետո խոսեց ինքը, հայտնեց իր մտահոգությունները իր ,անտիպների» վերաբերյալ ու անմեղ նախատինքով դիմեց բեմում նստած գրականագետ Կարլեն Դանիելյանին:
– Ըսիկ դուն պըդի ըսեիր, չէ օր դուն ես գրականագետը…
Քանի՞ ժամ տևեց հանդիպում-զրույցը Մեծ բանաստեղծի հետ՝ երկո՞ւ, երե՞ք, չո՞րս, թե՞ ավելի: Ոչ ոք չզգաց ժամանակի գոյությունը… Վերջում հաղորդավարը դիմեց երիտասարդներին, որպեսզի նրանք իրենց հուզող հարցերն ուղղեն բանաստեղծին: Շատ հարցեր տրվեցին այդ օրը, բոլոր հարցերին էլ Շիրազը պատասխանում էր իր նման՝ անկեղծ, անակնկալ, իմաստալի, հախուռն, անընդգրկելի… Այդ հարցուպատասխաններից իմ հիշողության մեջ մնացել է հատկապես մեկը, որ ուզում եմ ներկայացնել ըստ էության:
… Այդ օրերին Լենինականում՝ քրոջս տանը, թունդ խոսակցություն էր գնում իրենց աղջկան պսակելու խնդրի շուրջ: Աղջիկն ընտրած տղա ուներ՝ դեռ դպրոցական նստարանից: Ծնողներն ինչ-որ համաձայն չէին, բայց աղջիկն անդրդվելի էր՝ սիրում էր տղային, և սերը փոխադարձ էր: Եվ, ահա, բանաստեղծին հարց տվողներից մեկը քրոջս գեղեցկուհի աղջիկն է.
– Վարպե՛տ, ի՞նչ բան է երջանկությունը…
Բանաստեղծի խոսք-պատասխանը անվրեպ սլացք ունի.
– Երջանկությունը էն է, աղջի՛կ ջան, օր սիրածդ տղային կառնիս… Երջանկությունը էն է, օր շատ էրեխա կունենաս… Երջանկությունը էն ՝…,- ու թվարկեց հազարումի բան՝ բոլորն էլ ոգևորիչ ու համոզիչ: Այդ հանդիպումից հետո քրոջս աղջիկը երկու ոտքը դրեց մի մաշիկի մեջ, թե՝ ,Տեսա՜ք, Շիրազն էլ ասաց, որ երջանկությունը սիրած տղային առնելու մեջ է…»: Առավ: Ունեցավ հինգ շողշողուն երեխա, ու հիմա ապրում են հաշտ ու խաղաղ և երջանիկ:
Լրացնենք իր իսկ խոսքը՝ երջանկություն է նաև բանաստեղծի հետ ամեն մի հանդիպումը: Այդ օրը՝ իր ծննդավայրում, բոլորը՝ ով լսեց, եկավ, տեսավ կամ չտեսավ Շիրազին, միևնույն է, Մեծ բանաստեղծի երևույթը, նրա ոգին երջանկության անմեկնելի ու անխամրելի զգացումներ արթնացրեց բոլորի մեջ:
Լույս ու բարություն ճառագող-սփռող բանաստեղծի հետ հանդիպումն ավարտվեց ուշ գիշերին: Այդ սքանչելի հանդիպումից հուշ և հիշողության ծվեններ մնացին, որ հանձնեցի թղթին, և մեկ էլ այն անգին տեսաֆիլմը, որ պահպանվում է Հայաստանի Հանրային հեռուստատեսության տեսադարանում:
Հանեք, դիտեք, սքանչացեք…

ՌԱՖԱՅԵԼ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։