Չբացված կոկոնները գլխահակ էին:
Ծանր գնդացիրը գրկած վազել էր լանջն ի վեր: Բարձունքից թշնամին մահաբեր կրակ էր թափել, գրոհող ջոկատի հետ կուզեկուզ վազքով էր առաջացել, արձակված արկը պայթել էր իրենց ոտքերի առաջ. ընկերը բարձրացել օդ, մի քանի անգամ պտտվել ու ընկել էր մեջքի վրա, ինքը գոտկատեղում սուր ցավ էր զգացել, փորձել էր բարձրանալ, ոտքերը չէին ենթարկվել. չորս բոլորը մշուշ էր, մշուշի մեջ՝ իրենց փողոցը, փողոցի ծայրին նա՝ կարճ փեշով աղջիկը: Կարմիր ծաղիկների ալեկոծվող ծովում մշուշը խտացել ու թանձր խավարի մեջ անէացել էին ժպտերես կարճփեշ աղջիկը, փողոցն ու ծփացող կարմիր ծաղիկները…
Քաղաքից բարձրացող սև ծուխը ծածկել էր արեգակի երեսը, ու արեգակը խռով էր: Հաղթանակած բանակի ցնծությունն ափիբերան էր, իսկ այրվող քաղաքի խանձահոտը քամին բերանն առած տանում էր հեռուները՝ որպես ավետիս ու գույժ: Նա՝ ականից զարկվածը, պառկած էր պատգարակի վրա, տերերից լքված մի տան մեջ, որի ծխնիներից պոկված դուռն ընկած էր վարդի չորացող թփերի վրա: Ծանր էր: Օդում գերիշխողն այրվող տների խանձահոտն էր, զինվորների մարտական երգն ու ժամանակ առ ժամանակ ճարճատող կրակահերթերը:
Հյուրասենյակի հատակով մեկ սփռված էին հարսանիքի նկարները. երջանիկ ժպտացող հարս ու փեսա, առատ սեղանների շուրջը կերկոխ հարսանքավորներ, պարանոցի պրկված երակներով նվագածուներ և խելահեղ, խելահեղ պար: Հարսանիքի նկարների պատկերագիրքը կողահան ընկած էր սենյակի անկյունում, բաց դռնից տուն լցված գորշ առնետների համայնքն առատորեն ծրտոտել էր նկարների ու ջարդուփշուր կահ-կարասու վրա. երկար պոչերը շարժելով վազվզում էին նկարների վրայով սենյակի մի անկյունից մյուսը, մտնում ջարդված կոմոդի կախ ընկած դարակները, ինչ-որ բան կրծոտում, ծվծվալով դուրս գալիս և ասպատակում հարսանիքի՝ սենյակի հատակին ցաքուցրիվ նկարները. լքված տունը մնացել էր գորշ առնետներին, և նրանք անարգել ապականում էին տան տերերի անցյալը:
…Իսկ իր՝ հաշմանդամ զինվորի սայլակը՝ հավերժ պատգարակ, հիմա լռել է շենքի մուտքի թեքահարթակին: Քաղաքի հրապարակից լսվում են հաղթական քայլերգի հնչյուններն ու ցնծության անկանոն աղաղակները, իսկ սայլակը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել թեքահարթակը: Երեկոյի սառը քամին շապիկի արձակ օձիքից անարգել սողոսկում է ներս, շուլալվում մարմնին: Մրսում է: Օրն իրիկնացավ, մութի մեջ անէանում են կարճփեշ աղջիկն ու ծփացող կարմիր ծաղիկները…
Հնչեց հրավառության համազարկը, ու քաղաքի երկինքը լուսավորվեց երփներանգ կրակներով: Գեղեցիկ էր, ժպտաց: Աչքն ընկավ բարձրահարկ շենքի աղբատարի հատակին: Տխրեց: Արդեն որերորդ անգամ զանգում էր կրծողների դեմ պայքարի հակահամաճարակային կենտրոն: Անօգուտ: Աղբատարի հատակին դարձյալ, ամեն օրվա պես, նեխած ձկան գլխի համար գզվռտվում էին պսպղուն աչքերով, երկարապոչ ու անպատկառ գորշ առնետները…