Դրսում պաղել են նույնիսկ ձայները,
ավտոմեքենաները ևս սահում են համրորեն,
որ չխախտեն կատարյալ անշարժությունը:
Ծառերից կախված սառցե ձագարներից
դանդա՜ղ կաթում է ձմռան լռությունը,
իսկույն անհետանում օդում,
ապա օղակ-օղակ գալիս և պարուրում խոհերս:
Ինձ չեն այցելում նույնիսկ իմ բարեկամ ագռավները,
ու լուսամուտիս գոգին դրված հացի կտորները
բաժին են հասնում մրսած ճնճղուկներին:
Սենյակիս պատից թեթև ժպտում է Զուլոյի դիմանկարը,
իսկ ժամացույցի սլաքները շարժվում են
անողոք քամահրանքով,
ավետելով, որ մոտեցնում են ինձ
երանելի հանդիպմանը:
Ես խնամքով կտրում եմ խոհերիս բոլոր կոճակները,
որպեսզի հետո հնարավոր չլինի այլևս կոճկել:
Լուսամուտից այն կողմ՝ հեռո՜ւ հեռվում,
ձյունապատ լեռները մերկանում են հանկարծ,
վառ կանաչ գույն ստանում
և զգուշորեն շարժվում դեպի ինձ,
անցնում են շենքերի ու փողոցների վրայով,
որոնք մի պահ ճկվում և ընդունում են
իրենց նախկին տեսքը:
Այնքա՜ն փառահեղ են մոտեցող գագաթները,
որ դժվար է զսպել գայթակղությունը:
Ես մեկնում եմ ձեռքս, ու մշուշվում է ամեն ինչ:
Երբ սթափվում եմ, լեռներն սկսում են հեռանալ,
մինչև հասնում են իրենց նախկին դիրքին`
դարձյալ պատվելով ձյունե շղարշներով…
Ծառերից կախված սառցե ձագարներից
դանդա՜ղ կաթում է լռությունը:
Բացում եմ լուսամուտը,
որի գոգին դրված հացի կտորն է կտցում
իմ բարեկամ ագռավներից մեկը,
հետո երախտագիտությամբ նայում է ինձ,
Զուլոյի դիմանկարին
ու թևածում դեպի լեռները:
Ժամացույցը մի պահ կանգ է առնում,
դիմանկարի ժպիտն ավելի է ընդգծվում.
-Դեռ ամեն ինչ կորած չէ, եղբայր,-
ասում է նա, և նորից շարժվում են
ժամացույցի սլաքները:
***
Պատառոտվում է գիշերային լռությունը
աղեկտուր կաղկանձներից քաղցած շների,
որոնք կորցրել են նույնպես քաղցած իրենց ձագերին:
Լռության վերքերից հոսում է անգույն ու աղի արյունը,
որը տեսնում են միայն
իրենց դատարկ ստամոքսի նույնքան աղեկտուր
կաղկանձները լսող միլիոնավոր անքուն մարդիկ…
Մյուսների համար սովորական անձրև է,
իսկ անգույն ու աղի արյունը՝ սովորական անձրևաջուր:
Լուսաբացին քայլում են անքուն տառապյալները,
սարսռալով նայում ծառերից կախված հույսի դիակներին,
որոնք չեն երևում հսկա պալատների
և մեքենաների պատուհաններից:
Թվում է՝ փողերի զրնգոցը
խլացրել է մաքուր հույզերն ու զգացմունքները
անհիշելի ժամանակներից պիտեկանտրոպի:
Նրանց համար անարժեք է նույնիսկ լույսն արևի,
քանզի հավերժ մութ լինելու դեպքում էլ
պակաս լույս չի տալիս փողն ամենազոր:
……………………………………………………………………………..
Գիշերվա կաղկանձող շներից մեկը գտնում է իր ձագին,
որի աչքերը փայլում են բերկրանքից.
նա աղբամանում ոսկոր է գտել և կրծոտում է՝
նայելով հսկա դղյակներին,
որոնց պարիսպների ներսում
կուշտ և հպարտ քայլում են ցեղական շները՝
իրենց տերերի պես բութ ու անվրդով հայացքով:
***
Մենք միասին անցանք
Դժոխքի և Քավարանի բոլոր պարունակներով,
մեր մարմիններն ու հոգիներն այրվեցին
հրաբուխների լավաներից
և պաղեցին սառցաբեկորների խոռոչներում,
սակայն մի մասնիկ,
մի փոքր մասնիկ միշտ մնաց կենսունակ,
որպեսզի ապաքինվենք դեռ չխամրած մի ժպիտով
և վերադառնանք
դեպի նախնականն ու կատարյալը,
որպեսզի ճաշակենք Անիրականն ու Անիմանալին…
Մեր դեմքերի ժպիտներից
անհետացել են արդեն կարեկցանքն ու սփոփանքը,
մեր ժպիտներին խառնվում են միայն
արցունքները հրճվանքի:
Մոլորված ու շվարած կանգնել ենք
Դրախտի դարպասների առջև
և չգիտենք՝ թաքցնե՞նք, թե՞ ճչանք,
որ սերը կատարելության
վերջին եզրագծին հասցնելու համար
մեզնից մի ողջ կյանք պահանջվեց: