***
Դու ուրանում ես լուսաբացին,
առանց հաշվելու
կանչերն աքաղաղի,
և՛ երեկոյան, և՛ գիշերը,
նույնիսկ երազներում քո
գունազուրկ ու պարզունակ։
Քո ուրացումը Սահմանված չէ,
քանզի մենակ չես
մոլորյալների թշվառ ամբոխում,
ուր չեք ճանաչում մեկդ մյուսին
ու միլիոներորդ նմանակին
Ահրիմանի, որ ձեր ներսում է։
Չես նայում աջ ու ահյակ,
չես նայում Վերև,
Լույսը չգիտի, որ ուրացված է,
գողացված Լռությունն
աղմուկ չի դառնում,
քանզի անթափանց է
հոգին մեծ Արարումի…
Երբ ուրանում ես
Նրա ստեղծածին,
ուրանում ես ինքդ քեզ,
ուրանում ես Նրան…
Երբ դու խոսում ես,
չգիտես՝ ով է խոսում
քո փոխարեն,
որտե՞ղ է տեսողությունդ,
ո՞ւմ ես տեսնում
աչքերիդ անդունդից…
Մահացու մեղքերից
ո՞րերորդն է ուրացումը,
չես իմանալու…
Չես իմանալու երբեք,
որ քոնն է այն դեմքը,
որից սարսափում ես։
***
Ես հասնում եմ այն տիրույթը,
որտեղից մոտ է երկինքը՝
ձեռքով շոշափելու աստիճան,
լսում եմ Տիեզերքի ձայներն
անվերծանելի համաչափությամբ…
Ի՞նչ լեզվով են լռում այնտեղ,
որտե՞ղ են թափառում
նրանց հոգիները,
երբ հոգնում են մարմիններից,
ուզո՞ւմ են վերադառնալ,
թե՞ ընտրում են այլ մարմիններ
այլ մոլորակներում,
գիտե՞ն մեր մոլորակի մասին,
թե՞ թքած ունեն…
Որտե՞ղ է մեղքի սահմանը,
որտեղից դեռևս չի փակվել
վերադարձի ճանապարհը…
Անտարբերությունն ու որկրամոլությունը
բանտարկել են հոգիներին
երկրի հարմարավետ ճահիճներում.
այնտեղ՝ վերևում, դատարկ է
նրանց տեղը,
Տիեզերքն ամայի է
նրանց քանակի չափով…
Ես շոյում եմ
դատարկության հառաչանքը,
որ չծորի անգույն արյունը
դեպի ներքև։
Շարժվում են շուրթերս,
բայց ձայնս արձագանքվում է
միայն իմ ներսում.
– Որտե՞ղ ես, Հա՛յր…
Տեսնում եմ ՆՐԱ դեմքը,
բացվում են բոլոր ուղիները,
որ վերադառնում այնտեղ,
որտեղից եկել եմ՝
վկայելու խորհուրդը ԼՌՈՒԹՅԱՆ։
***
Բառերը խտացնում են
հանդգնության թավիշը
հնչյունների՝ Խոսքի շեմից
ներս մտնելու համար…
Դուռը հանված է՝
մոլորության ծուղակն
անտեսանելի դարձնելու
մտադրությամբ։
Ո՞վ է կարողանում
շրջանցել ծուղակը
կախարդանքի շշուկներով,
որոնք թելադրվում են Վերևից,
որոշում է
անողոք ժամանակը,
իսկ գրամոլների
ահռելի խառնամբոխը
շարժվում է դեպի
խուլ անհայտություն…
Լռության հորդորները
մարում են կեսճանապարհին…
Իսկ մինչ այդ
ամբոխն ինքնաներբողի
և ինքնահրճվանքի
ծամածռված ճիչեր է արձակում՝
չտեսնելով ժամանակի
անկարեկից հայացքը…
***
Գիշերը մենության
պահապան հրեշտակն է,
երբ դու կարող ես արթնացնել
ներսումդ նիրհող
բոլոր կարոտները,
սպեղանի դնել
չփակվող վերքերին,
վերադառնալ այնտեղ,
որտեղից հեռանալիս
թվացել է՝ փլվել են ընդմիշտ
բոլոր կամուրջները,
կարող ես հասնել այնտեղ,
ուր սերն անցել է քո կողքով,
իսկ դու հիմարաբար կարծել ես,
թե նորից է գալու…
Գիշերը մենության
պահապան հրեշտակն է,
որ ամբողջացնում է
ցերեկվա խաթարված պատկերները
թարմ գույներով ու ջերմությամբ։
***
Անդուռ, անպատուհան
տուն է լռությունս,
թափանցում են այնտեղ
խորշակներն ու ցուրտը,
մարում է աղմուկը՝
դեռ չհասած շեմին…
Ներս են մտնում զգույշ,
որ սպասեն ինձ հետ
հեռվից ճյուղավորվող
արևի տաք շողին,
որից ընծայում եմ
նրանց մի-մի հյուլե…
Չլքեն ինձ հանկարծ,
օգնեն, որ պահպանեմ
սթափությունը իմ,
չմոռանամ երբեք
գինը անմար լույսի…
Անդուռ, անպատուհան
տուն է լռությունս՝
լքման, վերադարձի
խաչմերուկում կանգնած։
***
Մի՛ հարցնի նրա տեղը,
քո տեսածը ես չեմ եղել։
Ես նրան երբեք չեմ մոռանա,
բայց նա վաղուց մոռացել է ինձ,
նույնիսկ արդեն չի ճանաչի,
եթե տեսնի,
քանզի նրա աչքերում բացակա են
մեղսատեսության ոսպնյակները,
քանզի իմ դեմքը
հողմահար մի պատյան է լոկ,
իսկ աչքերս լի են
դժոխքի պարունակներով,
որոնց դռները փակ են
նրա անեղծ էության առջև։
Ես տեսնում եմ նրան
ամեն գիշեր՝ փակ աչքերով
այնտեղ, ուր ոչ ոք երբեք
չի կարող վերադառնալ։
Լուռ անցնում է իմ կողքով,
ոչինչ չեմ ասում…
Նա միակն է տիեզերքում,
ում արգելված է ճանաչել ինձ,
որ չզրկվի երբեք
մանկության հրեշտակների
հավերժ ընկերակցությունից։
***
Մի չեզոք տարածություն
երկու աշխարհների միջև,
հավերժ Լռության
ու կարճատև աղմուկի միջև,
որտեղից զգուշավոր հայացքով
հսկվում է առեղծվածը
Գոյության՝
անվերծանելի, ինչպես
ճանապարհի վերջը՝
ճակատագրի կորի
անհայտ մի կետում,
ուր չկա ձայնը,
որը հուշում է
պահը վերջին խոսքի,
երբ օդում սավառնում են
պարտամուրհակները չմարված՝
արդեն տեսանելի
կնիքներով կարմիր։
Մի՛ թաքցնի ժպիտդ,
որ այդպես էլ մնաց փշրված
դեմքիդ ակոսներում,
մի՛ փակիր աչքերդ,
քանզի նույն պատկերն ես տեսնելու՝
ունայնության հանդերձներով…
***
Ես տեղափոխվում եմ ապագա,
տեսնում աշնան վերջին տերևաթափը,
վերջին շառաչյունը գետի,
որն ավարտում է իր ուղին
և թափվում հսկա օվկիանոսը,
լսում եմ թռչունների խոստովանությունը՝
վերջին անգամ ու անվերադարձ
չվելուց առաջ,
նայում եմ իմ նշանով լեռանը,
լսում նրա հրաժեշտի հառաչանքը,
կարեկցանք եմ փնտրում
բազմաթիվ դեմքերի մեջ,
բայց չեմ տեսնում, որովհետև
նրանք մնացել են անցյալում։
Լռությունը խժռում է
վերջին ձայների արձագանքը՝
թողնելով միայն մի ձայն
անդնդախոր երկնքից…
Նայում եմ մի հայացքաչափ
վճիտ լճակին,
կլանում աչքերիս մեջ դաջված
անչափելի կարոտը,
պահում բիբերիս մեջ
ու վերդառնում անցյալ,
որ միայն այդ հայացքով
տեսնեմ ներկան՝
ամեն մի օրվա առատ ընծաներով։
***
Արթնությունը փնտրում է ինձ
գիշերային դեգերումներում,
ողջագուրվում անքնության հետ,
տեսնում է՝ փակ են աչքերս,
զգույշ բացում է դուռը ներաշխարհիս,
ուզում է հեռանալ,
անտեսանելի մի ձեռք է
մեկնվում նրան.
– Ես արթուն եմ մշտապես՝
գիշեր ու ցերեկ,- լսում է նա,-
քայլենք միասին ներկա և ապագա
հուշերի ու կարոտների
ծաղկաշատ ու քարքարոտ,
բայց հարազատ տեղանքներում,
ճանաչի՛ր նրան, նա քեզ սիրում է…
Ես ուղեկցում եմ նրանց
ցավի ու զմայլանքի
հարափոփոխ վետվետումներով։
Արթնությունը չի տեսնում ինձ,
զարմացած նայում է շուրջը,
քայլում թեթև, ինչպես փետուրը՝
վաղորդյան քամու գրկում…
Վերևից ծանոթ ձայն է լսվում.
– Հոգին միշտ արթուն է,
ես ձեզ հետ եմ ամենուր…
Ես տեսնում եմ ՆՐԱՆ
և գիտեմ՝ ինձ ընծայած են
բազում լուսաբացներ…
***
Երբեք չմասնակցես
Մեծ Լռության սպասմանը
վերջին գարնանը,
քանզի ոչ ոք չգիտի
ու չի իմանալու
տարվա այն եղանակը,
որին իբր Սպասում է,
քանզի ՆԱ գիտի միայն,
իսկ Սպասումն ուղղակի
անհեթեթ հորինվածք է,
այնքան անհեթեթ,
որքան Դժոխքն ու Դրախտը,
որքան կյանքերը հերթագայող՝
մոլորված իրենք իրենց
մոռացության
անավարտ պատրանքում,
քանզի անհայտության գերին են
Սկիզբն ու Վերջը՝
միմյանց հառած
հայելային հայացքով,
որոնց ժպիտը
արտացոլանքն է լոկ
ՆՐԱ անթարթ հայացքի՝
մշտապես հսկող
անկանոն վարքագիծն
անողոք ժամանակի…
Մի՛ սպասիր երբեք այնտեղ՝ հեռվում,
քանզի քո բոլոր սպասումներն
Այստեղ են՝
լույսի վաղանցիկ շողերում՝
նորահայտ վառ գույներով՝
լուսաբացի ու մայրամուտի
աննյութեղեն թրթիռներում…
Ապրելու ժամանակն օտար է
հեռվում չերևացող Սպասմանը։
***
Ժամանակը մատնացույց չի անում
այն տեղը, որտեղ հարկավոր է
կանգ առնել՝ ետ նայելու համար,
թողնելով ինձ ընթացքիս իներցիան
արագությանը վերագրելու
փխրուն ու հուսահատ պատրանքը։
Ո՞ւր եմ հասել,
ի՞նչ ընթացք կունենամ
կարճատև դադարից հետո,
երբ փորձեմ նայել անցյալի
տխուր աչքերին, տեսնել
ներկայի լուռ նախատինքը
ու կարողանամ շարժվել առաջ
անհայտության միջանցքներում՝
որոնելու արդարացումը
գալիք օրերիս։