***
Պատ էի ավազե…
Ու քամիները քշեցին, տարան
Երջանկությունս…
Երկնքից կախված համբերանքների
Երանության մեջ
Ո՞նց չհասկացա, որ կա մի ուրիշ,
Վերջին կայարան,
Ուր սպասում են դիմավորելու
Կորցրած ափերի հիշողությունը,
Որ տեղավորեն հին զղջումների
Ձևաչափի մեջ`
Իբրև ուշացած վերջին ոտնահետք,
Որ լուռ սահում է աշուններն ի վար…
***
Առեղծվածներով կարկատել մարմինս,
Հանել, կախել եմ ձեր հայացքներից…
Կուզեք` ձեր սիրուց ես կխշխշամ,
Կուզեք` ձեզ կէտեմ իմ բախտի ճյուղից…
Տարազն այս աշնան ինձ շա՜տ է սազում.
Քանի՜ փոթորկի թելով եմ նախշել…
Թե ինձ կտեսնեք ձմռան երազում,
Ձնծաղիկներիս բույրերը հիշեք…
…Քաղաքն ինձ ծաղկեց իր լուսաբացում,
Ես արևներով ջնարակվեցի,
Ուլունքվեցի ձեր օրեմերկ ծոցում
Ու ձեր աչքերին հուրհրատվեցի…
…Առեղծվածներով կարկատել մարմինս,
Հանել, գցել եմ աշնան արևին…
***
Համբերությանս մաշված կոշիկները
Դեն շպրտեցի…
Ոչ մեկին պետք չէր…
Ծանր էին, կոխկրտված…
Գիշերների մեխերը
դուրս ցցված ներսից,
Կրունկները` պոկված…
…Դրանցով չափչփել էի
օրերի կուզիկությունը,
Հետո կարկատել մի քանի անգամ`
Ամեն անգամ մտածելով, որ վերջինն է…
…Գնացի քաղաքի ամենահայտնի կոշկակարի մոտ.
սիրտը փակ էր…
Վերադարձին պատահմամբ հանդիպեցի ինձ`
Ճակատագիր էր…
***
Աչքերիս մեջ մաղեցի ձեր հայացքները…
Ինձ մնաց հիացքների
հատիկները խոշոր…
Ծոցս լցրեցի ու… Խշխշացի
օրերում տկլոր…
…Մի օր, երբ քերծվեն հուշերը աշնան,
Ու նահանջը դառնա անխուսափելի,
Ծոցիցս կհանեմ հայացքներ խշխշան,
Շաղ կտամ ձմռան իմ ճամփաներին…
***
…Մի օր ինձ գտան սևագրերում լույսի.
Տեսան` հագել եմ երանություն ծոփ-ծոփ,
Փլուզվել էջի դատարկությունն ի վար,
Տեսան` բողբոջել եմ բառերում բոսոր,
Ու առավոտներ են պայթել կրծքիս տակ…
Բայց… Ինձ կարդացին կիսա՜տ-պռատ…
…Այնինչ` կուրծքս լիքն էր բառի գինով,
Լուսածոր էր խեժն իմ տողատակի,
Չակերտները ինձնից գաղթել էին հերթով,
Դրվել էին մթան խղճմտանքին…
Այնինչ` տեսել էի խելագարությունը…
…Երբ բառը կտցել էր փշրանքը ժամանակի
Ու… երանոտվել…
…Մի օր ինձ գտան սևագրերում լույսի
Ու… շշնջացին` հաղթե՜լ ես, հաղթե՛լ…
***
Բաժանումները
դեղնած շշունջներ են լցրել
այս ծեր քաղաքի
գրպանները ծակ…
Նա ծերանում է դանդաղ…
Լռության կապույտ երակներով հոսող
այրի քամիները
սվսվում են նորից
մոլորված նավերին տված խոստումները…
Գիշերները արբշիռ
երկընտրանք են կտցում
լուսնի աչքից քնատ,
Ու աշունները դառնում են դեղին նամականիշ
գարնան ուշացող նամակների վրա…
…Իսկ ես պատուհանիցս երկա՜ր նայում եմ
կարոտներ նկարող թղթե փողոցին,
Ուր մարդիկ այդպես էլ չուզեցին փրկվել
վխտացող սիրո չբերությունից…
***
Բառերի ստորոտում ծաղկել է հիշողությունը.
Մեկն ինձ հուշում է` գնամ, հավաքեմ…
Ոչ մի տեղ այսքան հազարգույնանի
Հույզեր չեմ տեսել,
Որ կարողանան էջերիս բուրել
Նամակներ խնկե…
Բայց ես վերև եմ ուզում բարձրանալ,
Դեպի կատարնե՜ր…
Որտեղ բառերը զոհաբերվում են
Լույսի խենթացնող հրայրքների դեմ…
…Բառերի ստորոտում ծաղկել է հիշողությունը.
Ինձ թևեր են պետք,
Որ աշունների թավիշները խրձեմ…
***
Կապույտ մթնշաղ, գամ ծոցդ մտնեմ,
Քեզ հետ երբվանի՜ց գիշեր չեմ ծեսել…
Ես այս քաղաքի մոռացված բախտն եմ,
Ձեռքդ երկարի` թող խղճիդ հասնեմ…
Տխրության փայլուն խաղալիքներով
Դու զարդարել ես փեշն այս քաղաքի,
Քիչ մնաց` ես էլ հավատամ բախտիդ,
Ու ձյունդ իմ մեջ քիչ մնաց` ծաղկի…
…Կապույտ մթնշաղ, ծոցիդ մեջ կորա,
Իմ բախտն ինձ հետ է` քեզ էլ չեմ գտնի…
Բարձիս քաղաքի ժպիտը ծորաց…
Գնամ, պատրաստվեմ սերերիդ գաղտնի…
***
Աշուն, ոտքս կապեցի
Քամուդ փեշին սվսվան,
Որ չլինի ցաքուցիր
Տխրությունս հազարան…
Որ գիշերվա պատի տակ
Թողնեմ երգս խաշամած,
Մինչ մեկն անսեր գա, գտնի,
Տանի հույսին իր կորցրած…
…Հետո դեղնած աչքիդ մեջ
Դրեցի բիբը բախտիս,
Որ անցյալս լուռ թարթես
Ափսոսանքի կոպերից…
…Աշուն, խոնավ կոնքերիդ
Շորորացի դեղնասահք,
Որ ինձ գոնե հանդուրժես
Մինչ մեր սիրո փոքրիկ պահք…
***
Մենք կապում ենք հրաժեշտի
մաշված ճամպրուկներն ու
Նայում ծովերի մոխրացող կապույտին…
Աշնան նավերը հանդարտ հեռանում են`
Տանելով ալեկոծումը ձեռքսեղմումների…
…Ոչ ոք չգիտե, թե երբ են հորիզոնների
ստեղներին դիպչելու
Հանդիպումների քնքուշ մատները,
Երբ է քամին սվսվալու գիշերվա ականջին
Չգրված երջանկության հին սոնատները…