Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԶԱՐԹՈՒՑԵԱԼՔ ԵՒ ԶՈՒԱՐԹԱՑԵԱԼՔ
Բանաստեղծական շարքից

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔՆԱԾ Է: «ՆԵՐՔԻՆ ԳԱՆՁԻՆ» ՏԵՐ ԿԱՆԳՆԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԱՐԹՆԱՑԱԾՆԵՐԻ ՊԱՐՏՔՆ Է ԱՐԹՆԱՑՆԵԼ ՆՐԱՆ «ԴՀԱՐՄԱՅԻ» ՔՆԻՑ ԵՎ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ «ԱԴԱՄԱՆԴՅԱ ԼՈՒՅՍԻՆ»
ԲՀԱԳԱՎԱՏ
Ողջը հոսում է այս հարահոսում՝
կիրք ու զգացմունք, մտածում, հավատ,
ու թե հաստատուն բան կա այս փոսում՝
անձնվիրումն է, կարճ՝ բհագավատ:
ԱՐԱՐՉԻ ԱՆՈՒՆԸ
Ի՞նչ էր արարչի անունը մինչև արարումը – ԱՐ:
Ի՞նչ էր արարչի անունը արարելիս – ԱՐԱՐ:
Ի՞նչ էր արարչի անունը արարումից հետո – ԱՐԱՏ:
Ի՞նչ է արարչի հավաքական անունը – ԱՐԱՐԱՏ:
ԱՌԿԱ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ
Աստեղաթափ, տեսողության մթագնում,
Ռոշնապատրանք, մի կաթիլ ցող, պղպջակ,
Կայծակնափայլ, ամպրոպ, ասուպ, անրջանք,
Այսպիսին է ՊԱՅՄԱՆԱԿԱՆԸ՝ ԱՌԿԱ-ն…
ՀԱՄՐՈՒԹՅԱՆ ԱՂԵՏ
Երբ փրկությունը խոսքից է կախված
Ու դու փրկչական բառեր չես գտնում.
Քանզի լեզուդ է՝ պրկված ու լլկված,
Խառնաժխորի թանձրուկում լալկվում:
ՉԱՐԵՆՑ – ՊԱՏԳԱՄ 2
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
և արնոտ միգում ճարճատում են դեռ… Ե.Չ.
խ Ո ր մութ պատեց աշխարհին.
ո՞ Վ այդ խավարը գուժեց: –
ա Հ ա մգլած մի մահիկ
շ Ա մանդաղի խավարչտին
Ա Յ լակերպյալ դագաղի
բ Ժ ժանքներից ցնորված
շ Ո գմոգ վառքի հանդեսում
բ Ղ ջում է մութ ակաղձուն:

շ Ո գմոգ վառքի հանդեսում
ո Վ բերեց մութն այս անձուկ,
օ ՈՒ մ ձեռքում շաղվեց, ու՞մ
մ Ր ականաչ, մրրկածուփ,
ա Դ ամամութն այս հավկուր: –
լ Ք ված աստծուց, աշխարհից՝
խ Ո տորնակին անըմբեր,
ա Մ բարհավաճ մի կնձյուն
դ Ի վալլուկ ու կերկեր –
ք Ա նի տարի, անդադրում
ա Կ նարկեցիր առաթուր…

ա Փ երին այս լուսավոր,
ու Ր հայրենիքն է մեր նոր, –
չ Կ ա՞ մի խազմ պարապինդ
մ ՈՒ թ տարերքին դիմադիր
մ Թ ության մեջ այս անծիր
ա Յ գը բացեր կաթնծիր,
լ ՈՒ յսի երակն այն մաքուր՝
ը Ն դոստ ոգին ամբարիշտ,
օ Ը ղձական մի բեկում…

լ Ք ված աստծուց, աշխարհից՝
հ Ո գի՛ հզոր, աննկո՛ւն…
ա Հ ա մարում է մեր հին
հ Ա ղթությանց լույսը վերջին.
ծ Վ ատում է նա հիմա
հ Ա նգչող ոգին մեր ամա՛,
փ Ք ված մահիկն անարի՝
փ Ա րած մահվան սնարին…
չ Կ ա՛ արդյոք հույսի շող
մ Ա հվան նաշից վեր հառնող …
ա Ն մա՛ր մի լույս՝ արևշող…

հ ՈՒ յսով վառված սակայն մենք
բ Ժ ժանքներից ցնորված՝
մ Ի ահամուռ թոթափենք
ա Մ բարհավաճ մուժը այս,
մ Ե ր ներկայի կեղակարծ
է Ջ ն այս պղերգ ու խենեշ՝
մ Ե ղմեխական ու թաղկած…

ԷՔՍՊՐՈՄՏ ԱՌ ԱՆԱՇԽԱՏՆ ՄԱՄՈՆԱՅՆ
Պատճառ խնդրոյ անմիաբանութեան

Նրանք, որ բառի սահմանն են հսկում, կոչվում են քերթող:
Ձայնելևէջին չափ տվողները՝ երաժշտահան:
Լույս ու ստվերից գլուխ հանողները՝ գեղանկարիչ:
Աստծո գործերը չքննողները, բայց մեկնողները՝ աստվածաբան:
Գիտության քարը կրծողները՝ գիտնական:
Քարը քարին դնողները՝ շինարար:
Քարը քարին չթողնողները՝ զինական:
Քարից հաց քամողները՝ շինական:
Գործ կպցնողները՝ գործարար:
Գործ տվողները՝ ազդարար:
Փող հաշվողները՝ գանձապահ:
Փող շինողները՝ գանձագող:
Բյուջեի մուտքերն ապահովողները՝
մաքսահավաք ու հարկանենգ:
Փող մուրացողները՝ աղքատության շեմ:
Չմուրացողները՝ միջին խավ:
Փող շռայլողները՝ բարեգործ:
Անաշխատ եկամուտի ասպետները՝ մեծն բարերար:
Էս մեկն էլ գրեմ ձեր խաթեր.
Փայ մտնողները՝ փայատեր:

Ասածս է՛ն է, որ մարդիկ,
մասնագետ լինելով հանդերձ,
բոլորն էլ՝ փողի հարգն իմացող,
չնայած ունեն կարծիք,
բայց գերադասում են լռել,
չլինել բերանբացիկ,
թե ոչ՝ կարող է պատահել,
այս կյանքում անողորմածիկ,
ո՛չ է թե հենց միայն հոգով,
բայց նաև մերկանան մարմնով,
ու մնան անանդրավարտիք,
ինչը հարիր չէ հային՝
խելամիտ, թե մառազմատիկ:

ՏԻՐԱՄԵՐԺ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
վերժամանակյա քերթված

Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
որ հուրհրատում է մեր դեմ գալիքնափայլ – Ե.Չ.

Հոգու տաճարը օրավուր ավերակվում է,
մարմնի կաճառը ջախջախվում է խութերին,
սիրո հանճարը մեկընդմիշտ հպատակվում է,
մտքի պաճարը հարմարվում է իր դերին:
Շփոթահար՝ մարդիկ թափվել են փողոցները,
իրարանցում է կատարյալ ու ամեհի,
դեռ լսելի են նվաղկոտ խռխռոցները,
կարմիր բծերն արնաշաղախ վտառների:

Մենք անմեղ ենք,
զի անտեր ենք,
շրջմոլիկ ենք,
տարագիր,
վտարանդի,
դեռ անկախ ենք,
կիսանկախ ենք,
առկախված այս
խաբկանքից
գերպարտադիր:

Արդեն մսխել ենք մեր հոգու բոլոր գանձերը,
մեջ-մեջ արել վերջին պատառը դառնաղի,
մեզ դեռ սպասում են չլուծված խրթին հարցերը՝
ժամանակի մեջ ներդրված շամանդաղի:

Մենք, որ խժռել ենք մեր առաջ շաղված խայծերը,
պատառոտել կիսահաս գուղձը աղտեղի,
մեզ մնացել է ճայթեցնել վերջին կայծերը
և դիմանալ ու դիմադրել Բազմամեղին:

Մենք անբախտ ենք,
ապաբախտ ենք,
տարաբախտ այս
ձեռնարկում
խաբեպատիր,
շուրջը վախ է,
առուծախ է,
թողուփախ է,
առուփախն էլ
վերադիր:

Լույսի երակն արդեն ներել է մեր մեղքերը,
երախը բաց մեզ պատգամել է երկնքին,
բայց մենք գիտենք բոլոր հայտնի-անհայտ ելքերը
և դեռ փորձենք պիտի, զորենք պիտի կրկին:

Մինչ կհատնի մեր կենսաձիր հույսի տարերքը,
դեռ կժողվենք լույս-ծվեններն արեգակի,
որ ուժ դառած խրվենք-թաղվենք հողի ընդերքը՝
որպես մասունք աղակալած ժամանակի:

Մենք հավերժ ենք,
քարավեժ ենք,
գահավեժ այս
ընթացքում
անվանադիր,
տիրամերժ ենք,
սիրամերժ ենք,
իրարամերժ այս
հանդեսում
ընդդիմադիր:

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ
այժմ ես գիտեմ, որ չունեմ ոչինչ, ոչ իսկ այս անգո
հողն հայրենաբաղձ՝ իր սահմաններից տեղախախտ եղած,
առավել չունեմ օրերն այս՝ դեպի ապագան վարգող,
արմատ-ցողունով խոլ հողմածաղկի ճախրին անթեղված…
ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՁՅՈՒՆ
(Չիրականացած կանխատեսում)

Ճերմակ ձյունն այս, որ եկավ,
ծածկեց միտք ու սիրտ,
մեր ոգորումն ապիկար,
գրգիռ ու խլիրտ:
Սրբեց-տարավ մեր հոգու
գույներն ալվլան,
ողջը պատեց անթաքույց
վերմակով ձմռան:
Ու քայլեցինք մենք նրա
ճերմակ ծածկոցին,
հողի տակ ուժն ամբարած
գալիք զարթոնքի:
ԵԼԻՑ
Իրավիճակից դուրս գալու ելքեր
մի փնտրեք ձեր մեջ, ոչ էլ ձեզնից դուրս,
այդպես Մհերն է ժայռի մեջ սեպվել,
դուրս գալու, սակայն, չկա ոչ մի հույս:
 
Մուտքե՛ր փնտրեցեք ինքներդ ձեր մեջ,
ներքին թշնամուն դուրս մղեք ի բաց,
երբ ձեր հոգու մեջ գութ ու սեր գտնեք,
ելքը իր ոտքով կգա ընդառաջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։