Սովորական գիշեր
Լուսինը կանչում է մորս թխած բլիթի պես`
աստղա-շաքարա փոշով,
Դստերս համոզում եմ քնել` վաղն անպայման կզբոսնենք.
(Անահիտն այդ տողն անգիր է հիշում,
որովհետև միայն տող է…)
Մի ակնթարթում կինս մի քանի կին է`
սիրուհի, մայր, քույր, անծանոթուհի…
վերջապես…էգ…
սիրում, բողոքում, համբուրում, կերակրում, հարցնում ու ինքն էլ պատասխանում է.
լռում է հետո` սեռային ներփակությամբ`
դժբախտ-երջանիկ անցուդարձով:
Մոխրամանը-սիրտս է` անպետք սիգարետներից` գաղջ ու մխացող…
Ինչո՞ւ այնտեղ չկա աղջկաս կերած կոնֆետի թուղթը…
Հայելու մեջ հաշվում եմ սև մազերս…
Վաղն անպայման սափրվելու եմ…
Վաղվանից միայն միս չեմ լինելու, այլ նաև` հոգի,
լուսին ու արև, զավակ, տղամարդ, պոետ,
աղբ թափող ամուսին ու պապա,
(չէ… պապ, Անահիտիս համար),
…բայց նաև` որդի, որդի, որդի Աստծո….
Համբույրի այս կողմից…
…Իմ չսպասված այցն ավելացրեց
Խոհանոցիդ անլվա սրճաբաժակները,
Ես` իմ տրանսպորտա-կարոտա-տղամարդկային
Հոտով`
Խցկվեցի հոտառությանդ մեջ.
/գուշակել էին, որ ես եմ գալու…/
Եվ շրթունքներովս
Փնտրեցի
Իմ սեփական հետքերը
Շուրթերիդ միջօրեականներում…
Եվ կորցրի խոսելուս անհրաժեշտությունը`
Համբույրի ճիշտ անկյան տակ…
* * *
Ես իմ գլուխը ծաղկի պես խոնարհ կդնեմ ծնկիդ,
դու կպոկոտես թերթիկները քո սպիտակ ծաղկի…
Ու կասես` գժուկ, ես էլ եմ սիրում…
Կհիշենք հետո դրախտը կորած` երջանիկների լացածիծաղով…
Ճերմակը, ասա, ծերության գու՛յն է երջանիկների ծիածանի մեջ…
ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ
…մեղավոր չկա ու չկա անմեղ…
Մարտիմեկյան քամին`ուրվական է մահվան,
Արյան հոտ է բերում, բերում է ցավ,
Խաչող ձեռքս ծանր դրվեց թղթին ահա,
Եվ կամեցավ խաչվել. ՉՄՈՌԱՑԱՎ…
Մարտի մեկից հետո…մարտի երկուս չկա…
Մեկ է ցավը վաղուց: Ու…ոչ ՄԻ ԽՈՍՔ.
Օ՛ մատնության գիշեր, հուդայական, չկամ,
Ես` կենդանի մեռել, ես`նրանց փոս…
Այսօր դու ինձ ներիր, ամենագութ իմ Տեր`
Ապրողների Աստված, մեռելների,
Ինձնից մեկն էր սպանում, ու ես մեռա անտեր,
Դու ողորմա մարդուն, դու մեզ ներիր…
* * *
Համբույրս հասավ շրթնակամրջիդ
Ու… ներքև նետվեց…
Դիակը գտան
Քո արտասանած երկտողում վերջին`
Էլ ինձ չսպասես…
Հետո կամրջից մաքրեցիր վերջին ոտնահետքերս`
Մի նոր համբույրով` որ զոհն էր քո նոր…
Arayi banastexcutyuner@ canot en der kanchi ejeric. Banestexceln el qo poxvel e qez pes… Dur ekav mexmetyun kar ev mshtavazqum zgacmunqayin@ chkorcnelu mi tesak anurax huys