Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

Սուրեն Դավթյան

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ
Անձրևի պես մի օր պիտի հեղեմ քեզ իմ կարոտով
Եվ ձյան պես պիտի գրկեմ մարմինդ հոշոտված,
Պիտի ծածկեմ պատրանքները թղթի մաքրությամբ
Եվ որդիներիդ նշխար հիշատակները պիտի խնկարկեմ,
Որ դղրդալուր բառերդ թափվեն փաթիլների հետ,
Որ չմրսեն սիրահարներդ,
Եվ լույսերի հետ պիտի արթնացնեմ
Սերմը այգաբացի բուրմունքով,
Որ պտղավորվի ծիրանենին,
Եվ արևի սրտում պիտի այրվեն
Տառապանքները սրբազան երկրիդ
Ու թափվեն անծիրի անտարբեր երեսին,
Հանց մեգ ու ոչինչ… և նվիրումի մոխիր…

***

ՁՄԵՌ
Ի վերջո
Այս դադարը մահվան սպասումը չէ,
Այս ճերմակ անեզրությունը
Մոռացության հարսանեկան զգեստն է ձնանախշ,
Եվ նրա ծոպերը ծաղիկներն են զարդարելու,
Եվ նրա ծվեններից են կակաչները արնաներկվելու…
Ի վերջո, լինեմ թե չլինեմ,
Գարունը գալու է հեղեղով,
Սիրահարները շիկնելու են նրա դողերից,
Եվ ամեն ինչ կրկնվելու է․
Իբրև կյանքը՝ մահվան սպասում
Եվ մահը՝ կյանքի սերմնացան…

***

ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՏԱՐԱԳ
Սուգ է Սուրբ Երկրում, ողբ է ու կսկիծ:
Ժամանակը փշուր-փշուր գերեզման է իջել
Ցինկե դագաղների անտարբերությամբ,
Մայրերի հեծեծանքները խնկախառն
Եռաբլուրի երկինքն են ծածկել,
Օ՜, Լռություն, թաց աչք լուսաբացի,
Մայր ու հարսների արցո՞ւնքն ես աղի,
Թե՞ հերոսների բյուրեղ հավատի կաթիլն անալի,
Նրանք այստեղ են, կրկին կողք կողքի,
Նրանք ուժեղ են հողում հայրենի,
Այս խրամատում մահվան հավերժի,
Այս բարձունքներում վեհ անմահության
Նրանք հաղթել են ինքնակռիվը,
Նրանք ընկել են, ինչպես ճգնակեց,
Սգա՛ հայրենիք, բայց մի՛ թուլացիր,
Դա են մեզ հուշում նահատակները,
Ով որ այս կռվում մեզ դավաճանեց,
Պատասխան կտա այդ փերեզակը,
Եռաբլուրում կդատվի անշուշտ…
Ես մահերգակ չեմ, իմ մի մանդատը
Հաղթական ոգու դրոշմն է կրում
Ինքնոգոր մտքի անապատներում,
Զանգերը խփեք փոքրիկ մատուռի,
Եռաբլուրի խրամատներում
Ոգին է շրջում Քերովբեների,
Նրանք ընկել են գարշելի մարտում,
Որ դու սթափվես նիրհից անհատնում,
Այլասիրության կեղտից ազատվես,
Խուռամիտ մարդուց ու խելաթափից,
Նրանց ստերի հիմքը կանխարկես,
Այդ եզվիտների դիմակը պատռես,
Հոգևոր մարդու վաստակը հարգես,
Քո իմաստնության քարը պինդ գրկես,
Էպիգոնության աղբյուրը փակես
Ու վերացարկես անցյալ ու ներկա…
Եռաբլուրում մեռած ծաղիկներ,
Պսակներ թոշնած սև երիզներով,
Խնկամաններում խնկի արցունքներ,
Հողաթմբերին բյուր մատնահետքեր
Մայր ու հարսների, քույր-եղբայրների,
Հայրերի հայացք, բազալտ լռություն…

Անլույս գիշերվա ճաքած սև աչքից
Այգի արևն է գրկել տղերքին,
Այս պատարագին ալելու չկա,
Այս լույսի ժամին, ձեր հոգին լույսին
Տվեցիք, տղե՛րք, որ մենք սթափվենք
Ու շարունակենք կյանքը գլորել
Եռաբլուրի սգո երթերից
Դեպի անկոպար ու անպարագիծ Լույսի արարում…

***
Եկ չխոսենք պատերազմից այսօր,
Թողնենք ստախոս լրագրերին այդ հոգսը,
Եվ համացանց կոչված զազրախոսին,
Ո՛չ մեզնից, ո՛չ կենցաղից ձանձրալի,
Ո՛չ կանանց դյութիչ սեթևեթից,
Աշնան մշուշից խոսենք,
Որից կա՛մ անձրև է կաթում, կա՛մ ձյուն,
Թաց հագած փողոցներից խոսենք
Եվ սոճիներից ձյունով զարդարված,
Պատուհանից նայող մանուկներից,
Որ առաջին ձյունն են տոնում հրճվանքով,
Այն ուրախությունից, որ մերը չէ ավաղ,
Թողնենք պատերազմը պատմության դասագրքերում,
Որ տղերքը ապրեն ու սիրեն,
Երբ գարունը ժամանի արևով
Ու ծաղիկներով ծածկի գերեզման ու ավեր,
Եվ ցավը բոլորիս խեղդող,
Որ ստիպում է ուժեղ լինել, քան երբևէ,
Եվ պատրաստվել պատերազմների միջով
Նոր վերելքների…

***
Մենք ամեն օր խոսում ենք հեռու հեռվից,
Ամեն օր ողջագուրվում ենք մտովի,
Ես ամեն օր արթնանում եմ
Քեզ ավելի ու ավելի մտերմացած
Եվ ավելի մոտ իրականությանը,
Ես արդեն տարբերություն չեմ գտնում
Եվ ամեն վայրկյան իջնում եմ ներսս
Քեզ հանդիպելու ակնկալիքով
Եվ լռում եմ՝ ոտնաձայներդ առնելով,
Եվ ապարդյուն սպասում հուշումիդ,
Բայց դու չես հուշարարը ծպտված,
Դու ամենամեծ հանդիսականն ես,
Դիտորդն ես ու տերն ես անտեսի բեմի…
Մենք ամեն օր խոսում ենք լռին,
Որ ես քո լեզուն չկորցնեմ ճամփին…

***
Քո աչքերը լույս են քարերում,
Քո սիրտը առագաստ է անապատում,
Քո հոգին թռչուն է երգիս ձայնակցող,
Քո շարունակությունը իմ սկզբի միգամածությունն է
Դեռ չձևավորված աստղափոշու հիշողությամբ,
Ժպտա՛, և մութը կանցնի,
Ձգիր ինձ ուժով ոչ երկրային,
Քո ուղեծիրը սրտխփոցն է տողիս,
Դավանանքն է մեներգակի
Եվ մահն է գուշակի,
Այն է, ինչ չեմ եղել,
Տարաժամի ընծան է
Եվ փորձաքարն է անավարտության,
Այն գաղտնադուռն է, որը շեմ չունի,
Ոչ էլ եղել է մտագույների անվերջության մեջ
Եվ կամ կլինի ուրիշ սիրո մեջ
Այլ կերպարանքով, քո նմանությամբ,
Քո սիրող սրտով իմ ճամփին փարոս…

***

Գիրը գինու հնձան է բառերի ողկույզներից հասունացող:
Ժամանակը՝ Սֆինքսի արձան հայելադարձում,
Կյանքը՝ լուսնոտների ոտքերի հպում…
Անձրևներն իջնում են, սռսռում ապակուն
Եվ եղյամից հեքիաթն է սկսվում մանրանկարչության,
Եվ ինչքան էլ ժամանակի մոմը վառելով
Սրտիս խորքերից վանեմ վախի ուրվականներին,
Լուսավորեմ անցյալի ստվերապատկերները,
Այս պատիժը առանց հրամանի,
Առանց բեմադրության
Դաջվելու է բառերի ճակատին,
Եվ մարդն անցնելու է,
Մահը ծաղկելու է ձնհալից
Կապույտ շուրթերին դողդոջ ծաղիկի,
Եվ երբ քաղի մանուկը նրան,
Ամպը կներկի աչքը արևի,
Գեղեցկությունը անմեղ ձեռքերում
Ժամանակից դուրս երբեք չի մեռնի,
Անվերջ կբուրի Մանկան աչքերում՝
Նորից ու նորից վերածնվելով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.