ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Ճամփաներով կորուստների ու գյուտերի,
Բավիղներով պատրանքների ու ստերի,
Ուղիներով երանության ու բաղձանքի,
Կեռմաններով կասկածների ու վարանքի,
Ազնվության թավուտներից ինքնահալած,
Ճշմարտության բարձունքները անդարձ լքած,
Գնում ենք մենք:
Ճամփա ընկած մե՛րթ մեկուսի, մե՛րթ խմբերով,
Մե՛րթ զվարթուն, մե՛րթ պարուրված խոր թմբիրով,
Մե՛րթ անզոր ու ճարահատյալ և մե՛րթ կամոք,
Մե՛րթ ցնծալով, հաճախ՝ ցավով մի անամոք,
Գնում ենք մենք:
Հուշապարկ կա մեզնից ամեն մեկի ուսին
(լի՞ են արդյոք, միգուցե… սի՞ն):
…Իբր թողած պարսավանքի լոկ արժանին,
Առած իբրև դրվատելին ու պիտանին՝
Գնում ենք մենք:
Ու քարշ տալով անտևական մարմինը մեր
(Տեսնես Հոգին քանի՞ մեզ պես բույն է փոխել)՝
Հասնում ենք մի հանգրվանի.
Մուտքն ազատ է, բայց ելք չունի.
Հսկա պատ է ելքի շեմին՝
Մեզպեսների խեցուց շարված անանց մի պատ,
Որից անդին այրվում է մի բարկ անապատ,
Իսկ այս կողմում հավետ գոց է դարձի ճամփադ…
Եվ մինչ Հոգին կհասցնի մեզ էլ լքել
(Ո՞վ է մեզ այս ժանտ վիճակը բաժին ձգել),
Մեզ մնում է հրաժեշտ տալ հուշապարկին՝
Մեզ պատկանած մեն ու միակ ստացվածքին,
Ապա դարեր կրկին դառնալ անշունչ խեցի
Եվ սպասել, լուռ սպասել, մունջ սպասել,
Թե Ե՞րբ դարձյալ և Ո՞վ մեր մեջ շունչ կփչի:
***
Մթնում է…
Սարերը կորչում են կիսամութի մեջ.
սարերը կորցնում են իրենց դեմքը.
լանջերը հալվում են ամպերում:
Մշուշները լողում են թեթև,
պարուրում ցածում հարթավայրը,
որտեղ լիճն է կարոտից ծփում:
Մշուշները լուռ համբուրում են
լճի զգայուն հայելին,
ու լույսի տենչանքը սրտում՝
լիճը նվաղում է կիսամութում:
Ափամերձ ծառերը խոնավ են.
տերևները մշուշ են շնչում.
կփտեն մի օր ծառերը,
և ուռի անգամ չի մնա, որ… լացի:
Ծառերի սաղարթները մութի մեջ են.
արմատները ծծում են մութ՝
սարսռալով մեկ բառից՝ ԿԱՑԻՆ…
Մութ է…
ՉՈՐՍ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՀԵԼԼԵՆՈՒՀՈՒՆ
***
Կորան վազքուղի, շենքեր ու լույսեր…
Մնացիր հեռվում, կիսամութի մեջ, դողացո՛ղ իմ սեր:
Աստվա՛ծ իմ, մի՞թե էլ չեմ շոյելու
Ուսերը քո մեղկ, վարսերդ հլու:
Տվե՛ք ձեռքերս:
***
Որքա՜ն թարմ էիր…
Մինչ անջատումի անհույս վայրկյանին
Դու նման էիր նոր էտած որթի…
Տվե՛ք ձեռքերս՝ արցունքը սրբեմ իմ սիրելիի,
Որ անդունդների ելևէջներում սիրտս չպայթի:
***
Կոշտ պարեգոտը քո մենակության,
Որ վայել չէ քեզ ու, չէ՛, չի սազում,
Պինդ հանգույցներով կախվել է հիմա
Քո մարմարիոնե լույս պարանոցից:
Տվե՛ք ձեռքերս՝ նրբորեն քանդեմ հանգույցները պիրկ,
Որ անձուկ կիրճում թռիչքի պահին չմեռնեմ վշտից:
***
Եվ լուսումութի խմորումի մեջ
Հիմա հուսահատ սահմռկում ես դու,
Թե արժե՞ արդյոք չորս օր լիիմաստ ապրելու համար
Քարշ տալ մի գորշ կյանք՝ ունայն մի անձավ…
Թե գարունը վառ, որ ձնծաղկանախշ զգեստ էր հագել,
Որքա՜ն կարճ տևեց, այս ի՜նչ շուտ անցավ…
Տվե՛ք ձեռքերս՝ ձնծաղիկ տանեմ իմ սիրելիին,
Որ սիրտս հանգչի վթարի պահին անտրտունջ, անցավ…
ԽՆՁՈՐԵՆԻՆ
Փշատերև մութ անտառում մի բացատ կար՝
լույսով զեղուն,
Գողտրիկ բացատ՝ աչքից հեռու,
զարդը՝ վայրի խնձորենին:
Գարնանային անձրև մի օր
ծածկ էր փնտրում խելառ մի զույգ.
Նրանց սիրո տանիք դարձավ
ծաղկանկար խնձորենին:
Լուռ ձեռքսեղմում, երկչոտ համբույր,
կցակտուր խոստովանանք…
Վկան եղավ մեղմ սարսուռով
հուզաթաթավ խնձորենին:
Ամռան շոգին զույգը գգվում,
գալարվում էր կանաչներում,
Անհամարձակ կիրքը նրանց
ստվերում էր խնձորենին:
Մեղք էր հյուսում մեղկ բունն ի վար,
մեղսազօծում խոտ ու տերև՝
Դառն ու լեղի պտուղներով
մեղսաթաթավ խնձորենին:
Աշուն եղավ, տերևաթափ, ու ճյուղերը ներքև կքած՝
Դեղնահասուն պտուղներով
գայթակղում էր խնձորենին:
Աշնանային մի թեժ գիշեր՝ հրայրքների տենդով հղի,
Խենթ ճաշակեց զույգը ծարավ
պտուղներից դառն ու լեղի…
Փոթորկահույզ լռության մեջ
այդ խնձո՞ր էր կաթում հատ-հատ…
Ո՜չ, բարկ խանդն էր պարպում կաթ-կաթ
պագշոտ, վայրի խնձորենին:
ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ
(եղբորորդուս՝ Արտակին)
Բորբոքեցիք կրակն իբրև օտար անցորդ,
Քամին ոռնաց. խարույկն ավելի էր հուզվում:
Ձեզ հաճո՞ւյք էր, ի՞նչ է, կանգնել ու անհաղորդ
Նայել, թե մե՜ն-մենակ ո՜նց եմ ողջակիզվում…
Կապված ձեռքերիս մեջ թաշկինակ եք դրել:
Թե արտասվեմ նույնիսկ, աչքս ո՞վ կսրբի…
…Չհասցրի կրծքիս Խաչին ապավինել,
Կա՛մ ԲԱՐՁՐՅԱԼԻՆ դիմել, կա՛մ որևէ Սրբի…
Ծառս էր լինում բոցը, կաղկանձում էր քամին,
Ոսկի մահիկն էր սև ամպերի մեջ լողում:
Դուք ինձ նեցո՞ւկ էիք, թե՞ իմ նենգ թշնամին.
Ի՞նչ դրուժան խոսք էր ձեր շուրթերին շողում…
Իզո՜ւր երկար, անհույս ես փորձեցի տոկալ
(Դաժան բան է մեկտեղ ապրել տարբեր կյանքով…).
Որքա՜ն տքնեցի ես… Ավա՜ղ, բան դուրս չեկավ.
Չգոհացաք երբեք թափած իմ ողջ ջանքով…
Երնեկ հրաշք լիներ, մութը հեքիաթ հիներ,
Քուն մտնեի՝ հեռու դավերից այս զազիր…
Իմ հեքիաթը՝ ձեզ հետ, ի՜նչ դժգույն ու սին էր.
Բառ չգտա՝ գրեմ կտակ մի անբասիր…
…Չգոռացի ցավից, հայհոյելը զուր էր,
Պիրկ պարանն էլ այրվեց… Վերք կա իմ մատներին…
Գնամ. ՏԵՐՆ է կանչում (ձայնը ի՜նչ տխուր էր…):
Ե՞ս՝… չգիտեմ… Իսկ ՆԱ՞… Մի՞թե ձեզ կների…