Ժանրային սահմանախախտումները և ոճական հայեցակարգերի խաղարկումները Ֆելիքս Բախչինյանի գրականության մեջ Լիլիթ ՂԱԶԱՐՅԱՆ

Հարուստ կենսագրությամբ և իր ողջ գիտակցական կյանքը մարդասիրական գաղափարներով շրջագծած, գրական ու գեղագիտական ծանրակշիռ ճաշակով, ինչպես նաև բառարվեստի նկատմամբ սեփական վերլուծական ու քննական հայացքն ունեցող մտավորականը՝ բառի ամենադիպուկ նկարագրով, ընթերցող հասարակությանը առաջադրում է այնպիսի գրականություն, որն իր պարզ ու մաքրամաքուր գրական լեզվով, խոսքի ու դիսկուրսի բովանդակային տարողունակությամբ մրցակցային է ժամանակակից գրականության զարգացման շրջափուլոմ:

Ֆելիքս Բախչինյանի արձակի վերաբերյալ տեսակետներով ու կարծիքներով բազմիցս հանդես են եկել մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, գրողներ, ինչն ամենևին զարմանալի չէ, որովհետև նման լայնընդգրկուն սևեռումներով գրականությունը չէր կարող հետաքրքրական չլինել, սակայն գրականագիտական և գրաքննադատական խոսքը, որն այնքան կարևոր է թե՛ գրողի արժևորման, թե՛ գրական ընթացքի գնահատման գործում, ավելի պասիվ է:

Գրականագիտական ուսումնասիրությունների սահմանը գրախոսական նյութեր են, որոնց մեջ կան, իհարկե, գրականագիտական ուշագրավ դիտարկումներ, սակայն հեղինակի ստեղծագործական ընթացքն ամբողջական ու համակարգված չի քննաբանվել: Վերոնշյալ նյութերը հավաքված են «Ֆելիքս Բախչինյանի արձակը» գրքում, որը հրատարակվել է 2019 թ.: Այս ժողովածուում կան հիմնարար առաջադրումներով գիտական լուրջ նկատումներ, որոնց համաձայնելու կամ չհամաձայնելու մեր փորձերը կհիմնավորենք՝ օբյեկտիվորեն պահպանելով գրականագիտական դիսկուրսի էթիկան:

«Ֆելիքս Բախչինյանն իր երկարատև գրական-հրապարակագրական-մշակութային գործունեության մեջ իրեն դրսևորել է որպես բազմաժանր հեղինակ: Գրել է էսսեներ, դիմանկարներ, ակնարկներ, հուշագրական և խոհագրական երկեր, մենագրություններ, պատմվածքներ ու վիպակներ, կատարել է թարգմանություններ…»,- գրում է բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանը[1]: Համաձայնենք և հավելենք, որ հանդես է եկել ոչ միայն որպես բազմաժանր հեղինակ, այլև համաձուլել է որոշ ժանրեր, խախտելով ժանրի դասական կաղապարները՝ ստեղծել է ինքնատիպ կառուցակազմով ու բովանդակությամբ, հետաքրքիր ու բարդ կերպարային համակարգով գրականություն: Ավելին՝ այդ գրականությունն իր բնավորությամբ կոսմոպոլիտ է, կենսափիլիսոփայությամբ՝ արևելյան, ձևով՝ արևմտյան:

Հեղինակի լայնախոհ մտաշխարհը, ինչը ճկուն փոխաձևվել է գեղարվեստի, պարտադրում է խուսափել մակերեսային, առաջնահայաց գնահատանքներից, քանի որ ողջ գրական ժառանգությունը, որը կենսագրական դետալներից և սեփական փորձից է բաղադրված, ունի տարաբնույթ գիտակարգային ու ճանաչողական արժեք, ներկայանում է իբրև համակարգ` մեկը մյուսով պայմանավորվող, մեկը մյուսի միջից երևակվող: Ինքն իրեն և այլ գրականություններ ցիտող, վերլուծող այս գրականությունը համադրել է գրողին ու գրական վերլուծողին, այսինքն՝ հմուտ ընթերցողին: Սակայն որոշ դեպքերում ինքնավերլուծումը կամ ընթերցողից առաջ ընկնելը, մեր դիտարկմամբ, խանգարում է ընթերցողի ինքնուրույն բացահայտումներին:

Ժանրաձևային ու պոետիկ համակարգում խորամուխ լինելիս պարտադրվում է համադրական հարացույցի օգնությունը: Ընթերցողի մոտ տպավորությունը և կշռադատելու անհրաժեշտությունը ձևավորվում են այս ազդակ հանդիսացող գրականության բազմաշերտ խորքից: Այդ խորքին հասնելու անցուղիները տարբեր գիտակարգային ընկալումներ են ենթադրում՝ մշակութաբանական, հասարակագիտական, քաղաքագիտական, գրականագիտական, հոգեվերլուծական, որովհետև Ֆ. Բախչինյանի գրականությունը գիտակարգային անցումների կիցք է:

Սերժ Սրապիոնյանի մի դիտարկումը՝ կատարված Ֆելիքս Բախչինյանի «Déjà vu» գրքի առնչությամբ, կարելի է ընդհանրացնել ողջ ստեղծագործության վրա իբրև հեղինակի՝ ժանրային նախապատվության բնորոշիչ: Ահա՝ «Դիտանկյունից ժանրային պատկանելության առումով ևս «Déjà vu»-ն, դժվարբնութագրելի գիրք է: Այն վեպի ժանրին միտող էսսեների ժողովածու է, և այդ կառուցվածքի շնորհիվ էլ հեղինակին հաջողվել է ներկայացնել ներկան՝ միշտ իր մեջ ներառված աննահանջ անցյալով»[2]:

Մեջբերման՝ մեր կողմից արված շղատառ ընդգծումները ամենատիպիկ բնորոշիչն են հեղինակի ժանրային համակարգի վերաբերյալ:

Խորքային ընթերցանության դեպքում տեսանելի է դառնում, որ նույնիսկ պատմվածքների ժողովածուները՝ որպես այդպիսին, հավաքվում են մեկ գլխավոր առանցքի շուրջ, նույնանման ձևաչափով, նույն թեմատիկ շրջանակով, հատկապես, երբ ընթերցվում են իբրև ինքնակերպման ու «ինքնախուզարկման» վավերացումներ, կարելի է տեղավորել «վեպի ժանրին միտող էսսեների ժողովածու» կամ պատմվածքաշար ձևացող վեպ բնորոշման մեջ:

«Պապս» վերնագրված փաստավավերագրական ինքնուրույն գրքույկը հեղինակն անվանում է պատմվածք, սակայն, ասենք, որ մենք այն տեղավորում ենք նույնպես էսսե-վիպակի, ասել է թե՝ փոքր վեպին համադրվող միջակայքում: Այստեղ չկա սյուժե, չկան դինամիկ զարգացող գործողություններ, փոխարենը՝ ժամանակային անցումներ, հետահայաց պատում, «հիշողության վավերացումներ», ֆոկալիզացված կերպարներ, որոնք կարող են և անմիջական ներկայություն չունենալ, փաստի ու հորինվածքի սահմանախախտ հորինվածք, որոնք ստեղծում են պատում: Անցայլը ներկայի մեջ է, ներկան՝ ինքնահայեցման ու խորհրդածման, որ թույլ է տալիս կշռադատել աշխարհի ու մարդու փոխհարաբերման ու բովանդակության շուրջ: Իսկ այդ ամենի համար ամենամեծ հնարավորությունը տալիս է համադրական մի ձևաչափ, որի կազմակառույցը վիպական մտածողության և խոհագրության ինքնօրինակ փոխլրացում է:

Ֆ. Բախչինյանի գրականությունը հարուստ է զգացական ու ապրումակցումի գեղակերպումներով, սակայն այն, միանշանակ, կոնցեպտուալ գրականություն է, որի կենսափիլիսոփայությունը ազգ-գոյ-անհատ-մարդկություն քառաչափ միտվածք է: Թեմատիկայի առումով գուցե տարբերություններ նկատվեն, սակայն, մեծ հաշվով, ստեղծված է մի համակարգ, որտեղ ժամանակային չափումն է ուրվագծվում դիտահայեցման կենտրոնում՝ մանկություն-միջին տարիք-«վերջին մանկություն» կամ անցյալ-ներկա-ապագա՝ հավերժ շրջապտույտ:

Սա մի գրականություն է, որով հեղինակը նայում է դեպի ներս, խոհափնտրտուքի մեջ փորձում է գտնել ոչ միայն իրեն՝ անհատին, այլև այդ անհատի մեջ բեկված ազգային ճակատագրի արտացոլումները: Ինքնահայեցումից սկսվող ու ազգային գենոմի, ճակատագրի ֆենոմենի բացահայտումների մեջ խորամուխ լինող պատմահասարակական ու հոգեվերլուծական սթափ քննաբանումը գեղարվեստի հարթությունում պարտադրում է նույնակարգ սթափ, անկողմնակալ ընթերցում:

Արտատեքստային ու ներտեքստային սահմանաբաժանը հեղինակի կյանքի ուղեծիրն է, որ ձևավորվում է անհատի և ազգի պատմության ամբողջացմամբ: Արժեբանական տեսանկյունից հենց այս է կարևորվում, որ հեղինակը կենսագրական փաստերի ու վերլուծական դիտողականության, իր հասարակական ու ազգամիջյան լայն կապերի ու շփումների շնորհիվ կարողացել է քաղաքական-դիվանագիտական-հրապարակախոսական դիտարկումները փոխաձևել մարդու հոգու ու բանականության հետ խոսող այնպիսի գեղարվեստի, որ անձնային ու ազգային ինքնությունից վերաճում է համամարդկային հարցադրումների: Բախչինյանի գրականությունը սինկրետիկ է նաև թեմատիկ-գաղափարական առումով:

Այստեղ պատմականի ու ժամանակագրականի, հասարակականի ու քաղաքականի, ազգայինի ու միջազգայինի, մշակույթի ու կենցաղայինի, գիտականի, փաստականի ու հորինվածքի այնպիսի հատույթների բազմություն է, որն ամենատարբեր դիսկուրսների կարող է ձգտել: Ֆ. Բախչինյանը ընթերցողի դատին է ներկայացրել բազմաձայն գրականություն, որի իմաստային բացորոշումները թաքնված են կառուցվածքաբանական մակարդակներում:

«Առաջին պատմվածքը գրել եմ երկրորդ դասարանում՝ «Ամենասարսափելին Աստծո պատիժն է» պատմվածքը, այնուհետ խմբագրել եմ 1962-ին` չորրորդ դասարանում»,- ինքն է վկայում՝ Ֆ. Բախչինյանը: Երեք տարի անց գրում է «Նախկին մանկան հիշողությունը», 1969 թ.՝ 19 տարեկանում, երբ սովորելիս է եղել Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի առաջին կուրսում՝ «Մարդն իր գերեզմանի մոտ», որը տպագրվել է Թբիլիսիում հրատարակվող «Սովետական Վրաստան» թերթում՝ «Մարդն իր հուշարձանի մոտ» վերտառությամբ: Սա վկայում է հեղինակի՝ շատ վաղ տարիքից գրական մուտքը: Առաջին իսկ պատմվածքը խոսում է հեղինակի գրողական հմտության մասին, ևս մեկ անգամ համոզում, թե գրող չեն դառնում, այլ ծնվում են: Եվ այն, ինչ ի վերուստ է սահմանված, անհերքելի է:

Ուսումնասիրության կառուցվածքաբովանդակային նպատակահարմարությունից ելնելով՝ գրական ողջ ժառանգությունը դիտարկելու և քննաբանելու ենք՝ ըստ գործերի ժամանակագրական հաջորդականության և ըստ ժանրային տարբերակման, ինչը թույլ է տալիս ճիշտ պատկերացում ունենալ ստեղծագործական ընթացքի ժամանակագրության և զարգացման ներքին տրամաբանվածության վերաբերյալ:

Վերը նշեցինք, որ Ֆ. Բախչինյանի մոտ նկատելի է ժանրի դասական կառուցվածքների նկատմամբ «ստեղծարար» մոտեցումը: Իրողությունը նկատելի է ինչպես փոքր արձակի, այնպես էլ վեպի ժանրային խաղարկումներում: Գրական այս շարժը նկատելի է 20-րդ դարի 50-60-ականներից, բայց ավելի տարածական է դառնում անկախության ու հետանկախության շրջանի և ժամանակակից գրողների մոտ, ինչը խոսում է ժամանակի և գրականության հարաբերականության, գրական զարգացումների ընդհանուր միտումների մասին: Սա գրապատմական գործընթաց է, որի անմիջական մասնակիցներն են գրողները՝ իրենց բազմաբնույթ ու բազմաձև ստեղծագործություններով: Աշխեն Ջրբաշյանը գրում է. «Երբ խոսքը վերաբերում է գրականագիտական այնպիսի հասկացությանը, ինչպես ժանրային համակարգն է, ապա միշտ այն պետք է դիտել պատմականորեն»[3]: Ֆ. Բախչինյանը ազատ է տեղաշարժվում գրական տարածքում՝ կյանքի տարակերպության մեջ կրկնությունները իբրև կարգ տեսնելով ու դարձնելով իր գրականության բուն էությունը:

Ֆելիքս Բախչինյանին հատուկ է նաև համադրական ոճավորումը: Այս գրականությունը եզակի, մեկ «իզմի» գրականություն չէ: Նախ՝ հեղինակին բնորոշ են ամենատարբեր տեքստերից ու հեղինակներից արված մեջբերումները, որոնք միջտեքստային հարաբերությունների դաշտ են ստեղծում՝ բացելով մշակութային դիսկուրս, պոստմոդեռնիստական մեխանիզմով ստեղծվում է բազմաոճ կոլաժային պատկեր, ապա՝ անցյալը կազմաքանդում է ներկայի վերարժևորման կամ ճիշտ գնահատման միտումով, կիզակետավորում է անցյալը իրականության բացերևման և ապագայում կրկնության կանխակալման նպատակադրմամբ: Ֆ. Բախչինյանի մարդակենտրոն գրականության մեջ կա ընդգծված վերաբերմունք մանկության շրջանին, և երբ բացարձակացնում է մանկության շրջափուլի կարևորությունը, այս մոտեցումը ավելի մոտ է կանգնում սյուրռեալիստական տեսական հիմնավորումներին, կարելի է նշել նաև երազային սիմվոլիկային հետևելը՝ իբրև կենսընթացի այլընտրանքային հնարավորություն: Կերպարային համակարգը բազմազան է՝ ռեալիստական, արքետիպային: Պատումի տեխնիկային անդրադառնալիս նկատելի է «գիտակցության հոսքի» կամ ներքին մենախոսության հնարքը, որն էլ մոդեռնիստական գրականությանն է բնորոշ: Ֆ. Բախչինյանի արձակի պոետիկայում սեփական փնտրտուքն անձի և ազգային ինքնության հատույթում, աստվածահայտնության ճանաչողությունն իր շրջակայքում էքզիստենցիալ փիլիսոփայության արտահայտումն է: Որքան էլ արտաքին աշխարհի ու քաղաքականության մասին խոսի, հեղինակի տեսադաշտը շրջված է ներաշխարհային տիրույթին: Նման թվարկումները կարելի է շարունակել, կարելի է վեր հանել կառուցվածքային և իմաստային կապեր, որոնք ներտեքստային տարածքի համադրական բնույթի ենթադրումը կդարձնեն է՛լ ավելի ապացուցողական:

Այսպիսով, ամենատարբեր տեքստերի՝ միևնույն տարածքում ամբողջացումը պայմանավորում է այս գրականության բնույթը, որը բնորոշ է արձակի զարգացման տվյալ պարբերափուլին: Դասական հայերենի մաքրամաքուր, բայց ոչ արհեստածին ու ականջ ծակող պաթետիկ ֆալշով, հետաքրքիր կառուցակազմային լուծումներով, ժանրային ու ժանրաձևային համադրումների բազմաձևությամբ հայ ժամանակակից արձակի զարգացման միտումների շրջանակում ուշագրավ դիտարկումներ առաջադրող գրական հարթություն է Ֆ. Բախչինյանի գրական ժառանգությունը, որի գնահատումը և արժևորումը նաև ժամանակակից արձակի շարժընթացի քննության մեջ է դիտարկելի՝ իբրև գրապատմական իրողություն:

[1]­. Ֆելիքս Բախչին­յանի արձակը: Գրախոսակ­աններ: Կազմող և առաջաբանի հեղինակ` Հայարփի Խաչատրյան: Եր., Հեղ. հրատ., 2019, էջ 3:

 

[2]. Ֆե­լի­քս Բ­ախչինյանի արձակը: Գրախոսականներ: Կ­ազ­մող և առաջաբանի հեղինակ` Հայարփի Խաչատրյան: Եր., Հեղ. հրատ., 2019, էջ 9:

 

[3]. Ա. Ջրբաշյան, Ժանրային համակարգը գրականության զարգացման մեջ, էջ 57: http://ysu.am/files/06A_Jrbashyan.pdf (հաս. 27. 10. 2022):

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.