Հոկտեմբերի 14-ին, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց 20-րդ դարի մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հայ դատի անդավաճան պաշտպան Ֆրիտյոֆ Նանսենի 160-ամյա հոբելյանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված մեր քաջորդիների հիշատակը: Այնուհետև երաժշտական ողջույնով հանդես եկան Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի ուսանողները՝ երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի նախաձեռնությամբ (ՀՊՄՀ ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավար, ՀՀ վաստ. արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան և ՀՊՄՀ մշակույթի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժող. արտիստ Հասմիկ Լեյլոյան):
Ֆ. Նանսենի ինստիտուտի նախագահ և թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը հանդես եկավ բացման խոսքով և «Ֆ. Նանսենը և Հայաստանը» զեկույցով, ինչպես նաև իր հեղինակած «Ֆրիտյոֆ Նանսենի գրական ժառանգությունը», «Նա մեռավ «հայ» բառը շուրթերին» և «Հայ գրողները Ֆրիտյոֆ Նանսենին» գրքերով՝ առանձնակի շեշտելով, որ հայ ժողովրդի անդավաճան սերը մեծ մարդասերի հանդեպ լավագույն հուշարձանն է:
Ցերեկույթի հիմնական բանախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը մանրամասնեց բևեռախույզի, գիտնականի, մարդասերի կյանքն ու գործունեությունը` առանձին իրողություններ պատմելով նրա՝ 1925 թվականին Հայաստան կատարած այցից, այդ օրերին նրա՝ Երևանի պետական համալսարան այցելելու մասին, որտեղ նրան շնորհվել էր առաջին պատվավոր դոկտորի կոչում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գրող Անդրանիկ Հակոբյանը խոսքն ուղղեց դահլիճում ներկա գտնվող դպրոցականներին՝ ասելով, որ Նանսենի թվարկված ու չթվարկված արժանիքներից ամենամեծը իր օրինակն էր, մարդու, գիտնականի, քաղաքացու իր օրինակը, Առաջին աշխարհամարտից հետո շուրջ 600․000 ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նրա ջանքերը, իսկ մենք, արդեն մեկ տարի է, չենք կարողանում վերադարձնել մեր ռազմագերիներին: Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը ներկայացրեց Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված նոր հրատարակված «Նա մեռավ «հայ» բառը շուրթերին» գիրքը՝ նշելով մանրամասներ Ֆրիտյոֆ Նանսենի հայանպաստ գործունեությունից և 1925 թ. Հայաստան կատարած նրա այցից: Ցերեկույթը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը:
Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ հիմնադրամի գործադիր տնօրեն