ԽԱՐՈՒՅԿԸ ԵՎ ԵՐԵՔ ՈՐՍՈՐԴՆԵՐ
Ինչ ուզում ես ասա, բարեկա՛մս,-
մեծ մտքերը ծնվում են կրակի մոտ:
Հիշում եմ – խարույկը, և երեք որսորդ,
կեսգիշերին խավար ու խորախորհուրդ,
երբ Անսահմանն է շատ մոտ շնչում,-
ու դողէրոցք է ասես մի անեզրական:
Անհայտ հավքեր էին անդ կռնչում`
թավուտների խորքում այն մոգական…
Մեծ մտքերը ծնվում են կրակի մոտ,
ու երբ Անսահմանն է շատ մոտ շնչում`
ասես ծագում են հենց կրակից… –
Խոհախնջույքի ճոխ կիրակի՜…
Ճարճատում էր խարույկը, և երեք
որսորդ,
կեսգիշերին խավար ու խորախորհուրդ,
խոսքին էին տալիս խոհը մարդկային`
հասնելով այնտեղ, ուր… չկային…
Ու թեթև, խաղաղ գիշերվա մեջ,
երբ Անսահմանն է շատ մոտ շնչում,
ամեն ինչ ասես միֆ է, ոչինչ,
բայց և` ամեն ի՜նչ կա մեջ Ոչնչի…
…Հետո ամեն բան տեսիլք դարձավ:-
Ով – մտքի ցրտից – շատ մերձեցավ
կրակին` այրվեց և ծխի հետ
ցնդեց ու այդպես կորավ անհետ…
Ով չդիմացավ հրին, հեռու
գնաց` սառեց ու իր չարաղետ
այն ժամին հասավ` իբրև մեռուկ…
Նրանցից մեկը լոկ ողջ մնաց,
որ գա, ձեզ պատմի դեպքն այս զարմացք…
* * *
Բևեռային աստղը
վաղուց կորել էր
ավազամրրիկի մեջ:
Անորոշության
ուղտերն էին միայն
խռպոտ խռնչում…
Միրաժն էր պահողը,
օազիսի ցնորքը…
Պտտահողմը, որ նախկինում
պտտվող դերվիշ էր
եղել, հիմա` ոգի,
բարբառեց սուլոցով.
«Հեքիաթին չհավատացի:
Իրականությունը սպանեց…»:
Ուղտապանների մեջ
վեճ էր ընկել մի թեժ,
մորուք էին քաշում
Հարբածն ու Սթափը…
Հազար ու մի գիշերվա
աստղերն էին թափվում
հեքիաթներից մեռած…
Հեռվում Վեներայի
ջահն էր կապտին տալիս`
ինչ-որ խորհուրդ վառած…
ԼՈՒՍՆԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ ես այսպես գլորվում երկնքում,
ո՜վ դու
Լևիաթանի հսկա ձվի դեղնուց…
Մեղրագույն ծփացող մագմայի
պուտո՜ւկ…
Դեղնամորթ վհուկ` բժժանքի
բոժոժները զնգացնելով
լուսնոտների ապաստան տանող
ֆոսֆորափայլ արահետների վրա…
Ոսկեդրամ` փադիշահի
գանձարանից գողացված
ու անքնություն վաճառող մի
մանրավաճառի ձեռքն ընկած…
Սելենե՜,
թուրմ,
թմբիր,
համբույր
մահաբեր…
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
Կավե հյուղակների
գյուղաքաղաք: Երևան:
Դեռևս կավե ադամորդի,
որ չթրծված, կավե գիտակցությամբ
նաղլաբանում է
չայխանայում…
Ժանգառքի ու մելամաղձի,
թուրքական դեղին ժահրի պես է
իջնում երեկոն այստեղ, հողմը
կավափոշով աչք է խցում…
Ա՜խ, Եվրոպա,
քո սուրսայր գմբեթների հիշողությամբ
ինչպե՞ս սրսկեմ թմրած մարմինը
հայրենիքիս, երբ
իմ արտաբերած ամեն մի
շողշողուն բառ
կղերականն ու վաշխառուն
հաշվեհարդարի մատյանում են
հաշվառում…
* * *
Կանգնած էի պատուհանի մոտ
փեղկաբաց:
Դիմացը երեկոն էր մարմրում: Հանկարծ
ներս սահեց հանդարտընթաց
պսակը Հերմեսի ծաղկի` պսակը
խլածաղկի բանբեր… Շշնջացի` ասա՛,
խատուտիկի զա՜րմ խայտագնացիկ,
ի՞նչ լուր ես բերել հիմա դու այս
երեկոյին, և մայրամուտի շառագույն
արյամբ լերդացած ի՞նչ գուշակենք…
Ուղիների վրա ո՞վ է հսկում…
Մանուկ իմ օրերի հեքիաթի հին
Զմրուխտե քաղաքի այն թագուհին
ի՞նչ գույնի քարով է սալարկել,
ասա՛, ելից իմ ճանապարհը…
Ու` մի խաղաղիկ վանկարկումով`
ինձ ու քեզ երկրեերկիր տանող
այն քամու նրբին անո՜ւնն ասա,
Հերմեսի ծաղկի չքնա՜ղ պսակ…
ՄԱՀԸ
Զարմանալի էր,
թե ինչու են քնած
գյուղական հյուսնի
անարվեստ սարքած…
սև արկղերի մեջ
ու չեն արթնանում
ցնցումներից էլ
անհարթ ճամփեքի…-
Նրանք` մեռյալներն` իմ
մանկության տեսիլքում…
Անհասկանալի էր և
կոծումը կանանց,
երգը ողբախանձ
գեղջուկ մի երգչի…
Բայց առավել է զարմանալի հիմա,
երբ ինձ թվում է, թե արդեն գիտեմ
քո ամեն ինչը (օ, եղո՜ւկ ինձ…), Մահ…
* * *
Երբ եվրոպական
տաճարների սուրսայր
շպիլները` կանացի
սրակրունկ կոշիկների
պես հետք են թողնում
երկնքի վրա – ասում եմ,
որ խաչաձև են մերոնք`
մեր տաճարները` իսկը…
խաչվածի, և ցածր են,
նեղլիկ լուսամուտների
հրակնատներով` իսկը…
բերդաձև – որովհետև
այստեղով է անցել
դարերով առաջին գիծը
նեռի խաժամուժի դեմ
պայքարի – և ի վերջո
ի վերուստ ցած Նայողը
պիտի՛ որ մեզ նկատի…
ՍՈՒԶԱԿԻ ԵՐԳԸ
Երկար ժամանակ է,
ինչ ընկղմված եմ
բուստե սքանչելիքների
փնտրտուքով –
բայց միայն կեղծիք ու
բուտաֆորիա տեսա…
Վեր, վեր, վեր…
Թաց, լպրծուն
կակղամորթներն են
մաշկիս քսվում:
Ջրիմուռե մի ուռկան է
ջղախտավոր ցնցվում:
Այստեղ մեռյալները
չեն թաղում մեռյալներին,-
մեռյալները այստեղ
ողջերին են հեղձում`
կառչելով-քաշելով ցած…
Վեր, վեր, վեր` դեպի
ջրաձագարը լույսի…
ԾՈՎԻ ԲԱՂՁԱՆՔ
Կանչողի ձա՜յնը`
շատ ջրերի պես,
շառաչով ելից…-
Խեցու միջից է
մեր ունկը լսում,
զի Ծովն անտես է…
Ա՜խ, եթե անսար
մեր աղերսին և
մի միրաժի պես
շքեղ հայտնվեր
անապատական
մենության մեջ մեր…
…Առայժմ գաղտնի
Իր ժամերի մեջ
աշխարհի աղն է
ափ հանում` նվեր,
որ եղյամի պես
ասացողների
շուրթին է նստում
ու, սփռվելով,
տերունի հոտն է
փրկում կորստից…
ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ
Քանզի դու, կրակագո՛ղ աստված,
որ անկեզ մորենու կամ գուցե
Սավաոֆի շանթե պտտահողմերի միջից
բերեցիր հրահեղուկ բառը,
տաք… կարտոֆիլի պես
ափլփելով շուրթերիդ – ու
բարբառելով թլվատ…
Քանզի դու, կրակագո՛ղ աստված…
Ըստ այդմ էլ գամված ես հանուր
բթության ժայռին – և ցինը
գալիս է քեզ կտցելու`
իջնելով տերունական
զինանշանից: Սելա՛:
* * *
Թեև գինին
հոսում էր առատ`
Դանուբի պես,
թեև տեղի
իշխանների կանայք
մատուցվում էին բարեկազմ
գինու գավերի պես…-
Վերցրեց վայրէջքի
թևերից մնացած
փետուրը վերջին
ու գրեց վերջին
քերթվածը: Հարցին,
թե ժամը քանի՞սն է,
Օվիդիոս Նազոն,
պատասխանեց.
«Սարմատների ժամանակով`
իրերը կապելու
ժամանակն է…»:
ՆԱՐՑԻՍԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ
Որ գեղեցի՜կ էր ու անծանոթ`
ջրերի խորքում վաղնջական…-
Առինքնե՜ց Պատկերը պատանուն
(իրակա՞ն էր, թե՞ անրջական…):
Իրակա՞ն էր, թե՞ անրջական, –
բայց Սերն` արբունքում ինքնամոռաց`
խմում էր Խորքից անմահական
ու հարցեր չուներ մասին դրա…
Պատկերից այսկողմ` մահվան
հյուծախտ
(հավերժահարսնե՜ր լիրբ ցնծացող), –
բայց թե ի՞նչ ծաղկեց Այն կողմում, ա՜խ,
չիմացա՜վ ծաղիկը հիացինտ…
ԲԱՆԱՏՈՂԸ
Այդ ի՜նչ տեսակի
հողմ էր, ասես
քարերն էին ճախրում
մեղեդու մեջ…
(Քնարահարը զոռ էր
տալիս խելքին,
թե որտեղի՞ց է
այդ մեղեդին…):
Ապա քարերն այդ
աստանդական
եկան, որմի մեջ
հանգիստ գտան…
Ինչպե՞ս էր դա լինում`
մտքից վեր էր:-
Կառուցում էր տաճարը
ինքն իրեն…
ԼՈՒՍԱՏՈՒ ՍՐՏԻՆ
Քվազարի պես –
այստեղ սեղմված
հոգսով մի վսեմ,
ի՞նչ լույս ես ժայթքում…
Ու նույնիսկ երդվյալ
խավարասերն է
խավարը լքում:
Լույսդ… Խոցվածի
կողից հոսո՞ղն է…
Կատաղի Վիհին
մեղմ հակասո՞ղն ես…
Երբ կայծոռիկն է
ծաղկում իրիկվա
խաղաղ խորանում,
նույնիսկ եղինջն է
խայթն իր ուրանում…