ՀԱՆՐԱՀԱՎԱՔ - 1
Խնայողաբար օգտագործեք
ճշմարտությունը -
փողոցում թափած չի:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ - 2
«Փոշի»,
դուրս չգաս բառարանից,
քեզ էլ փոշեցրիվ կանեն:
ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՐՑԸ
Ինչո՞ւ ես դժգոհում կյանքից,
կամավոր ես ապրում:
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Արժեզրկվե՜ց
ոսկի լռությունը -
հիմա ով ասես` լռում է:
ԿԱՎԻՃԸ
Կավիճ ես դու –
կսեղմեն քեզ
խոստովանության պատին,
և կխոսե՜ս…
ՎԱԽԸ
Վախենում եմ մինչև մեռնելս
չհասցնեմ ավարտել
իմ կյանքը:
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Ինձ համար թանկ է իմ
առողջությունը -
օ՜, նրա համար ես
կյանքս կտամ:
ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապրել նկուղում և չվախենալ,
որ մի օր
դուրս կնետվես պատուհանից:
ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Ի՜նչ բառեր են փչանում
փակ բերաններում,
ի՜նչ բառեր:
ԱՌԱՎՈՏԸ
Ի՜նչ պայծառ է առավոտը -
շնչելու օդն էլ է երևում:
ՔԵՐԱԿԱՆԸ
…և սահմանեց քերականը`
հարցականները դնել
ձայնավորների վրա -
թող բարձր հնչեն հարցերը:
ՊՈՒՇԿԻՆՅԱՆ ԷՏՅՈՒԴ
Տարին ունի չորս եղանակ,
որոնցից մեկը` «բոլդինյան աշուն»:
ԿՅԱՆՔԸ – 1
Գալիս է մահը` մանգաղն առած -
կյանք, իմ վերջին հույսը դու ես:
ԿՅԱՆՔԸ -2
Բան չասեք կյանքին-
նրա շնորհիվ ենք ապրում:
ՄԱՀԸ
Մահը -
ծննդյան օրից արձակված նետ`
թռած գալիս է դեպի քեզ,
չվախենաս,
մինչև տեղ հասնի`
մի ամբողջ կյանք է տևում:
ԱԴԱՄՈՐԴԻՆԵՐԸ
Ի՞նչ ենք որ`
մահկանացունե՜ր,
մեռնենք` այդ էլ չենք լինելու:
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Օ՜, ճակատագիրը -
այս կյանքում ամենից լավ նա գիտի
ինչը երբ, ինչպես և որտեղ անել:
ԼՌՈՒԹՅՈՒՆ – 1
Ի՜նչ վատ լռություն է,
ոչինչ չի լսվում:
ԼՌՈՒԹՅՈՒՆ – 2
Դռները բացեցինք,
պատուհանները բացեցինք,
և լռությունը դուրս թափվեց
սենյակի չորս պատերի միջից:
ԴԱՇՏԸ
Ո՞ւմ հուշարձանն է այս դաշտը -
ամբողջովին
պատված է ծաղիկներով:
ԹՌԻՉՔԸ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՎՐԱՅՈՎ
…վերցնել լոկ այն,
ինչը մնում է ջրի երեսին:
ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
Ամաչեցիր, դեմքիդ
արցունքներ երևացին թուլության,
և դու, զայրացած,
մաքրեցիր դրանք բռունցքներով:
ՁԱՅՆԸ
Չէր երևում ձայնը,
բայց ի՜նչ բարձր էր հնչում:
ՎԱՐՁՈՒՅԹԻ ԽԱՆՈՒԹԸ
Տրվում են վարձույթով ձեռքեր`
փակուղային իրավիճակներում
գլուխդ քորելու համար,
աչքեր և ականջներ փակովի-բացովի`
ըստ հարկի գործադրման համար,
բազմակի օգտագործման ոտքեր`
դոփելու համար տեղում,
առաջին անհրաժեշտության
և այլ, և այլ շատ ապրանքներ`
մեծ պահանջարկ վայելող:
Անհատական պատվերով
տրվում է նաև պրոթեզ գլուխ -
ուզում ես` դիր ուսերիդ,
ուզում ես` մի՛ դիր ուսերիդ,
քեզ համար ապրիր
անգլուխ:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐԸ
Երկու դուռ կա այս կյանքում,
որ բացելով`
կարող ես երջանկանալ:
Մեկի վրա գրված է` «Դեպի ներս»,
մյուսի վրա` «Դեպի դուրս»:
ԱԶԳԱՅԻՆ ԳԾԵՐ
«Տեսնել Նեապոլն ու նոր մեռնել»,- ասաց իտալացին:
«Տեսնել Փարիզն ու նոր մեռնել»,-
ասաց ֆրանսիացին:
«Տեսնել Անին ու նոր մեռնել»,-
ասաց հայը:
Այս ինչ են կպել
տեսնելուց ու մեռնելուց
իտալացին, ֆրանսիացին ու հայը:
ՀԵՐՈՍՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսքա՜ն հերոսներ –
ե՞րբ են մտնելու պատմության մեջ`
մի քիչ տեղ ազատվի:
ԴԻՈԳԵՆԵՍԸ
Օ՜, Դիոգենեսը –
փող չուներ, չէր ասում` պարտք տվեք,
փող չուներ, ասում էր` պարտքս տվեք:
ԿԼԵՈՊԱՏՐԱՆ
Օ՜, Կլեոպատրան –
քիթը ծուռ լիներ`
Հերոդոտներն ուրիշ
«Պատմություն» էին գրելու:
ԱՄԵՐԻԳՈ ՎԵՍՊՈՒՉԻ
Հազար անգամ ասա` «Ամերիկա»,
և ոչ ոք չի հիշի
Ամերիգո Վեսպուչիին:
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ
Խրվա՜ծ ենք մենք
հայրենասիրական պարտքերի մեջ:
«Հաշվեք, ես կվճարեմ»,-
ասաց բարեգործը:
ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
Թրակիայի թագավորինն էր
Մերկուրին`
առևտրի ու հարստության աստված,
և ոչ ոք իրավունք չուներ
երկրպագելու նրան:
«Գնացեք,- ասել էր ժողովրդին,-
ձեր աստվածներն ունեցեք –
Մարսին` պատերազմի աստված,
Բաքոսին` գինեխմության աստված,
և սիրո աստվածուհի Դիանային»: