ՀՐԱՆՈՒՇ

 

ԱՆՎԵՐՋ
Ծովը գալիս է, փարվում ափերին՝
Լուռ համբուրում է:
– Ալեբախություն է,- ասում ենք:
Հեռանում է կարոտով՝
Թողնելով հետքեր ու
խեցիներ բազմագույն:
– Տեղատվությո՛ւն է,- ասում ենք:
Վետվետում է ողջ մարմնով,
Երբ մրրկահավը
Ծովի բաց կուրծքն է կտցահարում,
Տեղից վեր է ցատկում
Եվ փշրվում է ժայռերի ծերպերին:
Ասում ենք՝ փոթորի՜կ է:
Արևն առնում է իր մեջ,
Կաս-կարմիր է կտրում
ծոցվոր հարսի նման:
Ասում ենք՝ մայրամո՜ւտ է:
Անզորության պահերին
Հագեցած կաթիլներով
վեր է սուրում:

– Գոլորշիանում է,- ասում ենք:
…Իմ խենթացած այրումներով
Իջնում եմ հատակը ծովի,
Նրա հետ հառնում եմ երկինք:
– Մահացա՜վ, մահացա՜վ,-
տխրում են:
Ես ուրիշ կերպով վերադառնում եմ:
– Նոր ծնունդ ունենք, ծնվո՜ւմ է:
Բազմանշանակ ժպիտը դեմքիս՝
լռում եմ:
– Տեսե՛ք, էս պուճուրիկը ժպտո՜ւմ է:
Ինձ կհավատա՞ն, որ խոսեմ:
Լռում եմ, ժպտում եմ, լռում եմ…
– Այս փոքրիկնե՜րը մեզանից
շատ բան գիտեն երևի:
Հ.Գ Անմեղ մանկան տեսքով՝
ես ծփյալ ծո՜վն եմ:

ԱՆՈՐՍԱԼԻ
Այսօր նորից փշրվեցի
հանիրավի և անխնա,
Որ էլ երբեք չամբողջանամ,
Քամին ցրեց բյուրեղներս
աշխարհով մեկ:
Տարածվել եմ ամենուրեք,
Բայց ոչ մի տեղ չեմ երևում,
Երբ մահը գա հրճվալից,
Ինձ չի գտնի,
ժպիտներս կտարածվեն
Հաղթանակած երկինքներում,
Չնվաճված բարձունքներից
ասել կուզեմ՝
Դու էլ, դուք էլ ինձ չփնտրեք:

ՆՎԻՐՈՒՄ
Բախտն ինձ խատուտիկի ճերմակ
Հովհարի նման իջեցրեց ափիդ մեջ,
Երբ չունեի հենման կետ,
Եվ դու որոնում էիր
հմայքը երկնային:
Ոգիների ինչպիսի՜ ճախր,
ի՜նչ զմայլանք,
Առանց իրար անհնար էր…
…Մնացել եմ նորից անափ.
Խատուտիկի հովհարի պես,
Քո ձեռքերից
Քամին խլեց ու ինձ տարա՜վ:
Անհնա՛ր է քեզ հետ բերել,
Բայց կարող եմ քեզ ապրեցնել,
Պահել թանկ-թանկ՝ սիրուց անդին,
Նվիրումի, պաշտամունքի
այն աստիճան,
Որից բարձր սանդղակ չկա՛:

ԻՆՉՈ՞Ւ
Ժամանակների այս խառնարանում
Անցած կյանքերիս պատառիկները
Թակում են անվերջ դուռը հուշերիս:
Ես կնոջ տեսքով ջուր ու կրակ եմ,
Այն ո՞ր խելառը կցանկանա ինձ,
Այն ո՞ր խենթ հոգին կտենչա ամուր
Պահել գրկի մեջ իր սովորական
Ջրից բռնկված հորդացող լավան…
Ես կամ այրում եմ իմ հրե շնչով
Կամ էլ փախչում եմ՝ հունը կորցրած
Կարկաչի նման և անէանում…
Ո՜վ Ամենազո՛ր, շնորհակալ եմ,
Որ ուժ ես տալիս
Միշտ հավատարիմ մնալ
այս կյանքում
Երբեք չունեցած այն թանկ ԷԱԿԻՆ,
Նաև՝ ինքս ինձ:
Երբ զմայլանքս երկինքներում է,
Ես ինչո՞ւ եմ կին:

ԱՆՑԱ՞Ծ ԼԻՆԻ
Անասելի քանակությամբ արկղերով
Ծխախոտի ծուխը լցվում է քաղաքիս թոքերը,
Թողնում է իր սև արյումն
Ու երկինք է հառնում վախեցած, տագնապած…
Անթիվ տակառներով
ալկոհոլային խմիչքը
Ներհոսում է փողոցների
առնական երակներում
Եվ ուժ չի գտնում թմրեցնելու,
Բթացնելու ցավը կորուստների:
Չկա՛ անցյալ:
Ներկան է վայում մայթերում,
Եվ քաղաքս պլշած-փոշոտ աչքերով
Նայում է շիրմաքաղաքի
անասելի արագ,
Հզոր ծաղկմանն ու շենացմանը,
Մրմռում է նրա հոգին
անքնությունից
Ու անիրավությունից աշխարհի…
Ես դարձել եմ քաղաքիս
շունչն ու զարկերակը.
Ինձ պատերո՜վ եմ տալիս:
Վայրի աղավնին երկնքից իջել,
Հասկի տեղ ցա՛վ է
կտցահարում անվերջ՝
Կարծելով, թե ոչինչ
հնարավոր չէ փոխել:
Սա՛ է ներկան:
Իսկ դու ասում ես՝ անցա՛ծ լինի:

ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ
Թվում է՝  մենակ եմ,
թվում է՝ անկյանք եմ,
Եվ երանությունը մոռացել է ինձ,
Շողում է սաղարթս, ամառ է,
շոգ ամառ,
Քամին կրկին եկել, գրկել է ամուր,
Շոյում, փայփայում է ինձ
ներս ու դրսից:
Ես չեմ հասցնում նրան ասել՝ չէ՛,
Նա իմ համաձայնությունը
չի էլ հարցնում,
Օ՜, վարսե՜րս, թևե՜րս, իրա՜նս,
Նազում եմ, ալիքվո՜ւմ, ցնորվում…
Համառ ու խելահեղ է այդ
քամին որքան,
Ես սիրո ճոճք եմ նրա գրկում,
Օ՜, սի՜րտս, հոգի՜ս, ճյուղե՜րս, շո՜ւնչս,
Մի՞թե ես էլ եմ քամի դառնում:

ՀՈՂԱՆՑՈՒՄ
Այդ ինչո՞ւ, ամառ, ինչո՞ւ դավեցիր
Եվ ընդհատվեցիր իմ երկինքներում
Անզուսպ որոտով,
կայծակնհարությամբ,
Զայրույթդ դեմքիս այնպես
հարվածեց,
Աչքերս մի կերպ ափով պահեցի,
Որ չկուրանամ շանթից ահավոր:
Հիմա կարկտածեծ
ծաղկաթերթերիս
Ի՞նչ երազ պատմեմ…
Իմ անուրջները մոխրացան իզուր,
Որտե՞ղ ես, Արև՛,
Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ
Հոգվույս միջով է
հողանցումն արվում:

ԱՆԴՈՐՐ
Վաղ առավոտն ամառային,
Այնքա՜ն չքնաղ և կուսական,
Իմ այս փոքրիկ պատուհանից
գիրկս լցվեց,
Կախարդվածի հմայությամբ
Զմայլանքս երկինք հասավ,
Ու անսահման երանության ելևէջում
Աստվածատուր մի մեղեդի
հոգիս պատեց:
Օ՜, չուզեցի շուրջս նայել.
Չկամեցա կյանքը տեսնել
սովորական,
Այլ վայելե՜լ, այլ վայելե՜լ
պահն հմայիչ
Մաքրամաքուր առավոտի և
խենթանա՜լ,
Ա՜խ, խենթանա՜լ…

ՓՈԽԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Հավատարիմ շներս
իմ բազում ցավերն են,
Որ ոռնում են, վնգստում,
կաղկանձում անվերջ։
Ահա, նրանց մետաղե,
ծանր շղթաները
Ճռճռոմ են տիրույթիս մեջ՝
խուլ զրնգոցով։
Ես օղակն եմ նրանց և
հավաքատեղին,
Պարզվում է, որ սերն է ծնել նրանց։
Սիրո և նվիրվածության
տանջող պտուղներ…
Պարտավորված եմ խլացնել ձեր
ձայնը ահասարսուռ
Եվ ջլատող ձեր բնույթին դիմանալ,
Թե արձակեմ ձեզ, կոչնչանաք,
ե՛ս էլ չեմ լինի…

ԲՆԱՆԿԱՐ
Ամպը երկնքից վար գահավիժեց,
Սարի լանջերին
դանդաղ փարվելով՝
Լցվեց խոր ձորը, ուր գետն է հոսում:
Հեշտ չէ բարձունքից ներքև սլանալ՝
Առանց մի կաթիլ արցունք թափելու,
Ցավից խեղդվելով…
Եվ՝ անակնկալ ճակատագրի,
Սիրո հորձանուտ.
Ջուրը՝ ամպ դարձած և գետ՝
լի կյանքով,
Ինչպիսի՜ կարոտ, ինչպիսի՜ գգվանք,
Միաձուլվեցին
խենթ տվայտանքով…
Հոգ չէ, թե ճամփան
ինչպես կընթանա,
Հոգ չէ, երբ սերն է
տիրակալ դառնում,
Երբ որ համբույր կա
գետի շուրթերին,
եվ նրա գրկում ամպն է լուռ հևում,
Իսկ քարափները
ժպտում են ծածուկ,
Թե իբր, իբր ոչինչ չեն տեսել…

ԱՆՈՐՈՇ
1.
Տարիներ հետո, սպասումներից,
իմ Անորոշը
Երանգավորվեց ավելի սառը,
Մռայլ գույներով.
Քեզ նորից գտա,
Ես հանդիպեցի քո չկայի հետ…
Հայելին ասաց, որ մեկ վայրկյանում
Հանկարծ մեծացա մոտ
հարյուր դարով:
Իմ Անորոշը երանգավորվեց
Մեռյա՜լ գույներով:

2.
Տարածության ու ժամանակների
քողը պատռվեց,
Անցյալի հորձանքն ահռելի թափով
Բարձրացավ վերև, մինչև աստղերը,
Նրանց փայլն առավ ու
գիրկս լցվեց:
…Դու երկինքներից եկար ինձ այցի՝
Այնքա՜ն հարազատ,
Այնքա՜ն մտերիմ,
Այնպես նյութական,
Որ երջանկացա, երբ քեզ զգացի:
Մենք իրար գտանք:
Ո՛չ տարածություն և ո՛չ ժամանակ
չի խանգարում մեզ:
Ու էլի՛, էլի՛ մեծ կախարդանքով
հմայվածության,
Ճակատագրի քմահաճույքով
ապրեցինք ներկան՝
Դյութիչ երանգում ելևէջների
Մեծ Երանության:
…Եվ ո՛չ մի պատրանք…

ԻՄԱՑԱ
Ու կաթկթում է ամռան
գիշերից անվերջ, միալար՝
Երկնքի արցունքն ուղիղ սրտիս մեջ:
Աշունը թաքուն իր բույնը դրեց իմ դատարկ գրկում,
Ու ամառային օրս հեծկլտաց լուռ,
աղեկտուր
Եվ այնքան խորքից,
Որ ծառն իր բնով
Գետին տապալվեց՝
Առանց գթալու դալար ճյուղերին:
Մեկուսացել եմ աշխարհի աչքից:
Իմ ամառային երկինքն
հեծկլտաց կարոտով ուժգին,
Ու ես թացվեցի ամբողջ մարմնով…
Քո շունչն եմ զգում, դու գտել ես ինձ
… Բայց հենց նո՜ր, հենց նո՜ր…

ՃԱՅԵՐ
Ամպեր են, բայց ոչ անձրևի,
Ամպեր են քմայքո՜տ, ճերմա՜կ,
Փոխում են ձևերը իրենց,
Սիրահար զույգ են դառնում
պահի տակ,
Պահի տակ գգվում են, բաժանվում,
Դառնում են Ջոնաթան ճայեր,
Սուրում են մտքից էլ արագ՝
Անհունի հմայքով միշտ վե՜ր:
Երկնքում փիրուզն է արևի
Ոսկեծամ իր վարսերը փռել,
Մեկ հևք ենք,
Ջոնաթան ճայ դարձանք,
Հեռացա՜նք, էլ չկանք, չկա՞նք էլ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։