Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 

***
Պատերազմի հետքը հիմա՝ ցավի բռունցք
և վերքերում շրջագայող մի կույր ասուպ.-
ինչ խոսում ենք՝ մեր չասածը ցա՜վն է ասում,
ինչ լռում ենք՝ վերհանվածը անհա՜գ մի սուր:

***
Բառի աշխարհը մի առաքյալ է, անսպառ աղբյուր,
մենության հունից շարժվում է
դեպի սեր-ամենուրեք,
կրում և՛ հարված, և՛ տանջանք, և՛ բեռ,
բայց մի սեգ համբույր
ամբողջն հատուցում և ընծայում է
աստվածային բերք:

***
Մինչ քո վարսերը՝ գիշերներ բախտի,
հոսում են լույսի
լապտերի միջով՝ շնչավորելով խորանն իմ ցավի,
աղոթք է սերը, որն հավաքում եմ
շուրթերով ուսից,
ձեռքից, ստինքից՝ լույս հաղորդելով
քանդակվող կավին…

***
Տողի սենյակից մտնում եմ հիմա այլ տողի սրահ.
դրված են պատերն իմ և իմ միջև, ոչ թե՝ տողերի,
ոգու բևեռից ինձ հանող ձայն է ճանապարհը այս,
ուր արծիվներն են սլանում՝
կախված այգի շողերից…

***
Ապաշխարության հրեղեն քարից
արյան կաթիլն է բուսնում՝ հանց կակաչ,
հիշողությունը՝ օդեղեն պարիսպ,
մահվան խորհուրդն է նրա տակ պառկած:

***
Հայոց բարկ ոգին մարտավարում է
երկինքներից վեր,
Աստծո լույսի մեջ վերածնվելով տևում է համառ,
խրամատները արծվի թևերին
բարձրանում են վեր՝
ճամփա հարթելով ժամանակի
նոր հարության համար…

***
Կարծես սևագիր թերթ է տերևը
կամ դիպվածի հետք,
համբույրից առաջ ցայտած ժպիտ է,
թպրտացող լույս,
հղացման դուռ է՝
բացվում է դեպի կյանքի արահետ,
միջաստեղային խոհեր կամրջող
տիեզերքի հույս…

***
Բառերը խորքից լույս են արձակում,
և իրենք չկան,
ապրում են մեր մեջ՝
հանց աներևույթ մի նոր մոլորակ,
և ջերմացնում են մեզ,
որպես մի այլ աշխարհի վկա,
և կյանք ստանում աստղացոլքերով
մեր շուրջ բոլորած:
***
Եվ հայրս լույսի կաթիլ է ըմպում,
սնվում ավիշով Մեծ հիշողության,
երկնքի ճյուղից քաղում է պտուղ՝
ապրելով որպես հոգու ավազան:

***
Ճանապարհների հայացքում ճերմակ
քամին համբուրեց պտուկներ կարմիր.
կարծես թե լինի երկնային վերմակ
մասրենուն հպվող ծաղկավոր քամին:

***
Ի՜նչ տարերք, եթե այն կշռվում է նժարով ոգու,
ծնվող բառերին փոխարինում է արարող լույսը,
սիրո մի շշուկ հայացքիդ ծովն է արագ փոթորկում,
եղած ու չեղած չափանիշներից հոգին միշտ դուրս է:

***
Բառերը շուրթից կախվում են,
ինչպես խոլ կախաղանից,
իսկ նրանցից դուրս կյանքն ուխտավոր է,
Տե՛ր, անհնա՜ր է սերն հանգավորել…
Փշե պսակ է հյուսվում աշխարհի զոհասեղանին…

***
Երբ ճշմարտության դեմքի մի մասը
երկրում է, մյուսն՝ անդրաշխարհում,
հասնում ենք ոգո՞ւն, թե՞ այն անհա՜ս է,
վերածնվո՞ւմ ենք, թե՞ ապաշխարում:

***
Իմ աչքերը բանուկ ճանապարհներ են՝
կյանքի-մահի միջև ընդարձակ տեղանք,
որտեղ բույն են հյուսում արագիլները,
թռիչքով գծելով մի զոհասեղան:

***
Այս ապրիլը ծառից բխող լույսի ոստ է.
հոգեվարք չէ անհույս զոհի:
Եվ ապագան արագիլի թուխս է նստել
տաք թևերին հորիզոնի:

***
Երբ խաչքար համբուրող բիբեր
կայծկլտացին աղոթքի համար,
հանգչող մարտադաշտում
արյան թռչունները երկինք սլացան,
սերը անդունդն ի վեր բարձրանում էր՝
հոգու կանթեղներ վառած,
ճերմակ օրհնանքները մանանայի
հանգույն սահում էին ցած:

***
Հորս ձեռքերի հայացքը բխել ճյուղին մասրենու,
բուրում է հողի և տարածության վարդահևքերով,
որոնցից մեղուն համբույր առ համբույր
երբ վեր է ելնում,
ցնծում են ճյուղերն
հրեշտակների անբառ երգերով…

***
Նարեկին
Երբ հիշողության ջութակի
լար է տողս արթնացող,
բազմաճյուղ հողմ է
շնչառությունը թափվող անձրևի,
դու հայտնվում ես, տղա՛ս,
ասուպի սահուն թռիչքով
և ազատում ինձ
տառապանքների քարե սանձերից:

***
Գուցե այս դուռը՝ սկիզբն հորիզոնի,
ճանապարհ բացող միայնակ բառն է,
դեռ ապրող հոգին, որ չի համբառնել
ու մնացել է սրբազան զոհից…

***
Ճանապարհը անհայտ ցավի դուռը բացեց
ու ներս մտավ,
մի հին ցավի ճառագայթով փակվեց
վերքը մոլորակի,
ե՞րբ է ցավը խարիսխ նետել ժամանակից
և մարդուց դուրս,
հարվածը չես կանխատեսի,
ինչպես ուղին մոլոր արկի:

***
Տարածության բաց աչքերն եմ,
իրերի դեմքն ու պարզ լեզուն,
տվայտանքի խարույկն եմ ես
հավատամքի դռան դիմաց,
շնչառության մեջ պատկերի
ծաղկող լույսն եմ – մի նոր խզում,
որ չառնչվող խենթ բառերին
հաղորդում է հոգու իմաստ:

***
Շրջանցում եմ ինձ՝
հանդիպելով իմ ճակատագրին,
ե՞ս եմ փակուղին,
թե՞ ճանապարհս ընթացքից դուրս է,
ծնվող բառն, անշուշտ,
նոր է կտրվել տաք պորտալարից,
աշխարհն ինձ համար
և՛ զուտ երկվություն, և՛ ներսուդուրս է:

***
Թռչունը հոգուս կտավն է տանում
երկինքներն ի վեր,
ծաղկած ճյուղերով գուրգուրում է
ինձ անձրևը գարնան,
ամպն ի վար սահող հայացքդ միրգ է՝
դիպվածի նվեր,
իսկ աչքերը քո՝
մանուշակաբույր աղոթքի խորան:

***
Մի կշիռ է բացակայում կյանքի բոլոր նժարներից,
մարդն իր սիրո մեջ անկայուն,
մի այլ տեղ է փնտրում խորան,
ազատությունն իր կորցրած՝
ոխ է քամում սին ժամերից,
բզկտում են հոգին նրա
աշխարհակալ բուք ու բորան:

***
Քարաժայռը, որպես դեմքը հիշողության,
տաք ժպիտով հոսեց սպիներիս միջով,
ես գրեցի մի տող տառապանքի գրչով,
և իմ ցավից ժայթքեց ոգին ազատության:

***
Հացի փշրանքներից կախված՝ թևում է
երազող երկինքը ճնճղուկների.
Աստծո հրաշքների ինքնատևո՞ւմն է,
թե՞ իններորդ թռիչքն հորձանքներիս:

***
Աչքերը կավի՞ց են, թե՞ հրից բառերի,
շուրթերը համն ունեն խաղողի: Իսկ հասցեն
բառի կամ լռության՝ շիկացած գծեր է…
համբույրով հավաքիր թովչանքը պահերի…

***
Կենսատարածքը գտնող ամեն բառ
զատվում է շերտով Անհայտի ունկից,
որ մե՛րթ իմ աչքին՝ լուսնի պորտալար,
մե՛րթ էլ թվում է երա՜մ կռունկի:

***
Հիշողության թարթիչներից
ըմպում եմ ես հյութը լույսի
և ուզում եմ աղոթքներս
դարի կարմիր շնչին գամել,
երբ հայացքում ճանապարհի
անձրևում է երկինքն հույսի,
և ամեն մի ծնվողի ճիչ օրորոցվող ապագան է…

***
Ասուպի ձայնով գրեցի մի տող.
ճերմակ թռիչքներ հառնեցին հողից,
և ունայնության սահմանը հատող
ծաղիկով ձուլվեց հայացքս ցողին:

Գյումրի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։