Մանվել ՄԻԿՈՅԱՆ

***
Ձեր ներկայությունը
լցնո՞ւմ է, թե՞ խորացնում
մեր մենակությունը։
Որտե՞ղ է բեմը,
ինչո՞ւ հուշարարներ չկան,
որտե՞ղ եք մոռացել
ձեր դեմքերը,
ինչո՞ւ չեք մաքրել
դիմակների փոշին՝
ձեր կորուսյալ հոգիների
գորշությունից մաղված…
Երբ մի ակնթարթ
նայում եք հայելուն,
ձեր պատկերը մնում է դաջված,
երբ ձեռք են տալիս,
հայելին փշրվում է,
որպեսզի չաղավաղի
բնօրինակ դեմքերը…
Դուք ձեզ չեք ճանաչում,
ձեզ չեն ճանաչում
նույնիսկ ձեզ ծնած մայերը…
Դուք չեք գտնում ոչինչ,
քանզի չգիտեք՝ ինչ եք փնտրում…
Երբ եկեղեցի եք մտնում,
հանգչում են բոլոր մոմերը,
քահանան մոռանում է
հանապազօրյա աղոթքը։
Օդը թանձրանում է
ձեր շնչառությունից,
օդափոխիչներն այրվում են
սենյակներում,
ծառերը չորանում են
ձեր մերձությունից,
ձեր քայլած տեղերում
հողից միայն
մոլախոտեր են աճում,
նույնիսկ արևի շողերը
հապաղում են
ձեր դեմքին մոտենալիս…
Դուք երբեք չեք հասկանա,
որ ձեր լեզուն արտաբերում է
խոսքերն ուրիշի,
որ գողացել է ձեր միտքն ու
նետել աղբամանը։
Դուք նույնիսկ
լռել չեք կարողանում,
քանզի լռության մեջ
խորհուրդ կա լուսավոր։
Ձեր գոյության
միակ արդարացումն այն է,
որ ծնվելուց առաջ
աբորտն արգելված էր։
***
Երեկոն ընդունում ես
որպես լուսաբացի խոստում՝
մոռանալով, որ ամբողջ ցերեկը
սպասել ես երեկոյի տեսիլքներին…
Ժամանակը չի հանդուրժում
խտրական ընկալումը՝
քեզ թողնելով
քո պատրանքի անդունդի եզրին,
որտեղից դու ցած ես նետվում
մաս առ մաս, ծվեն-ծվեն,
այնքան տևական,
որ արդեն չես հասկանում՝
դու ներքևո՞ւմ ես, թե՞ վերևում…
Դու հասնում ես այնտեղ,
որտեղից վերադառնալու համար
քիչ է խելագար լինելը,
քանզի հատվածային
ինքնասպանության մեղավորին
դու փնտրում ես քեզնից դուրս՝
հավաստելով՝
խելահեղ չես այնքան,
որ երեկվա կորուստները
չթելադրեն իրենց կամքը
քեզ ընդառաջ եկող ժամանակին:
Նրա անչափելիության մեջ
ակնթարթների համար
տարիների դիմակներ ես հորինում
և հավատում քո հորինածին…
Խուսափում ես նայել
ժամանակի դեմքին,
քայլում ես նրա ստվերով՝
ինքդ էլ դառնալով
քո պատրանքի ստվերը:
-Երեկոյի մեջ թափառող խոստումը
վստահի՛ր գունավոր երազներին:
***
Զսպանակով դուռ են
քո թունոտ խոսքերը…
Երբ առաջ ես մղում,
արտաբերում անփույթ,
խփվում են ճակատիդ,
թողնում տհաճ հնչյուն
ականջներում մարդկանց…
Ինչպե՞ս ես հաշվելու
բազում սպիները՝
խզբզված ճակատիդ՝
հանց խոհեմ լռության
վերքի հիշողություն։
Զսպանակով դուռ են
քո թունոտ խոսքերը…
Ինչպե՞ս ես ապրելու
անկողպեք դռների
մութ լաբիրինթոսում։
***
Քանի՜ քանիսը
ձեռքը մեկնեց դեպի քեզ՝
իբրև փրկօղակ՝
քերելով լանջերդ ու քերծվածքին
դափնու տերևի
տեսք հաղորդելով,
պսակը գլխին դրած՝
խելագար ճիչեր արձակեց
ու դարձավ հերթական խեղկատակը՝
շրջելով սնամեջ բառակույտերի
փնթի հովիտներում…
Ի՜նչ համբերատար է հայացքդ,
քո բարձունքից մեզ նայող
Արարատ…
***
Քո ճանապարհն անընդհատ
մեկ ուրիշ ճանապարհ
ընտրելու ուղին էր…
Երբեք չիմացար, թե ուր ես գնում,
քանզի չիմացար,
թե ով է քո ուղեկիցը,
դու չուզեցիր ուղեկից ընտրել,
որը Միակը պետք է լիներ,
Ուղեկիցներն էին ընտրում քեզ,
որոնց դեմքերը
մերժված են Նրա կողմից,
որոնց հոգիներն
իրենց չի պատկանելու երբեք…
Որտե՞ղ է նետված քո հոգին,
ինչո՞ւ են լռել Նրա ձայները,
որոնք արդեն քեզ չեն կանչում,
քանզի դու չես անցնում
Միակ ճանապարհով…
Կանգ առ ու նայիր Վերև,
Նա քեզ կուղեկցի դեպի
քո միակ ճանապարհի
անխաթար վերջնամասը,
վերադարձրո՛ւ այն հայացքը,
որը քոնն է եղել,
ու ճանապարհդ կավարտես
Անուն ունենալով…
Կմոտենա քեզ խռովյալ հոգիդ,
որ հետո քեզ թողնի այնտեղ,
որտեղ անամպ են
թռիչքի երկինքները…
Իսկ հիմա մի՛ պատասխանիր,
թե ով ես դու, քանզի չգիտես։
***
Բազմաթիվ դռներ
և ոչ մի պատուհան,
որից լույս էր թափանցելու,
որ տեսնեիր դատարկ անկյունները
բանտարկված հոգուդ,
լցնեիր ժպիտներով՝
մարդկանց դեմքերին անշարժացած,
ցրեիր մուժը բիբերիդ խորքից…
Բացում ես դռները հերթով,
բացում ես բոլորը միաժամանակ,
ամենուր նույն սենյակներն են՝
անլույս ու անպատուհան,
դարձյալ դռներ ես բացում
անվերջ ու անդադար,
այնքան, որ վերադառնում ես
առաջին սենյակը…
Այս ի՞նչ տուն ես կառուցել
հոգուդ համար…
Մի՛ նայիր հայելուն,
քանզի կնճիռներդ
լի են հանդիմանանքով…
Քանի՜ անգամ է օդում մնացել
քեզ պարզված Ձեռքը,
որքա՞ն ես հապաղելու…
Խավարը լույսի հերքումը չէ,
Լռության Վերին ձայնարկման
սկիզբն է միայն…
Երբ լսվեց քո առաջին ճիչը,
ո՞ւմ էր սպասում
Մարդկանց երկիրը քո փոխարեն։
***
Լայն բացված աչքերը՝
բացառիկ հնարավորություն
թափանցելու խորքն
առեղծվածային էության,
գտնելու այն,
ինչը փնտրել ես ողջ կյանքում…
Բա՛ց թող ձեռքը հապաղումի,
ջնջի՛ր բոլոր հարցականները,
անցնող պահերի հանդիմանանքն
ընդունիր որպես բարի ահազանգ
անդարձ կորստից
խուսափելու համար…
Սուզվի՛ր մինչև վերջ,
քանի դեռ չի փակվել
թափանցիկ թվացող
դարպասը դեգերումներիդ,
որը կարող է վերջինը լինել…
Նա չգիտե՝
ինչու է ուշանում թարթումը,
դու չգիտես՝
որքան է խորությունը,
գիտի միայն ՆԱ,
ով սիրում է ձեզ հավասարապես…
Սուզվի՛ր անհապաղ
աչքերի կախարդանքի մեջ,
առանց մտածելու
վերադարձի մասին,
քանզի այնտեղ է
վերադարձիդ քարտեզը…
Վերադարձ դեպի
քո իրական էությունը։
***
Ժամանակի պարզված ձեռքից
վերցրու՛ միայն այն, որը քոնն է։
Մի՛ նայիր այլոց ուղղված
բազմագույն լույսերին,
քանզի քոնը քո ներսում է,
որ տրված է վաղուց,
որ ընծայես քո ամենասիրելի
էություններին…
Մի՛ հապաղիր,
ասա՛ նրանց այն,
ինչ վաղուց ես ուզում ասել,
քանզի նրանք կարող են
երբեք չիմանալ՝
ում համար են պահված
քո ներսում խտացած լույսերը,
քանզի չգիտես՝
որտեղ ես լինելու վաղը,
որտեղ են լինելու նրանք։
***
-Ես այստեղ եմ,-
լսվում է մի ձայն՝
ի պատասխան իմ մտամոլոր
ու թափառող հայացքի,
որի մակերևույթին և ներսում
ներկա են բոլորն, ինձնից բացի…
Բոլորն, ովքեր մասնատել են
իմ անպաշտպան ժամանակը,
փոշիացրել և լցրել
մոռացության պղտոր ջրերի մեջ…
Թվում է՝ ապրում եմ,
թվում է՝ փնտրում եմ
ինձնից լուռ հեռացող
հղացման սթափությունը՝
անսթափ լռության
խճճված լարերին…
Այնպես եմ առաջ նայում,
կարծես ետ նայեմ,
կարծես ոտքերիս տակից
փախչում են գալիք օրերը,
որոնք դուրս են գալիս
նույն կաղապարից…
Թվում է՝ բոլորովին մենակ եմ.
– Ես այստեղ եմ,- ասում է ՆԱ։
Պոեզիան
1.
Պոեզիան բողբոջի անձայն ճիչն է
ծաղկի փոխակերպվելուց առաջ,
Պոեզիայում լռության հականիշը
աղմուկը չէ, այլ՝ մեղեդին,
սիրո հոմանիշը
անսահմանությունն է,
ատելությունը մահացել է այնտեղ,
որտեղ ծնվել է սերը,
Պոեզիան հավերժ վերադարձ է
դեպի ինքնության էությունը։
Պոեզիան…
Տիրոջ լույսի պահապանն է
մեղսավոր մոլորակում,
ուր հոգին բանտված է
մարմնի քմահաճույքներում…
2.
Պոեզիան այն արահետն է,
որ քեզ ամեն անգամ
տանում է օտար մի տեղանք,
որտեղ ամեն ինչ հարազատ է,
ինչպես տևական շնչառությունը
հոգուդ լռության,
երբ հարթվում են
դեմքիդ կնճիռները,
անցյալը պարուրված է
անսովոր գույներով,
ներկադ բաբախում է
սրտիդ զարկերին համահունչ,
ժամանակի շերտերից
ջնջված չէ ապագան,
իսկ դու ճանաչում ես
քեզնից թաքնված
ևս մի գաղտնիք…
Դու այնտեղից հեռանում ես
միայն նորից
վերադառնալու պայմանով,
որ քեզ արահետը նորից տանի
դեպի հարազատ օտարության
մի նոր առեղծվածի աշխարհ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։