ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գառնիկ-ՄանուկյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծ
ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

***
Բանաստեղծ է, գալիս է ոչ թե գրքերից, ինչպես շատ երիտասարդներ, այլ` իրական կյանքից:
Համո Սահյան

***
Ծաղկաձորի ստեղծագործական տան գրադարանում պատահաբար ձեռքս ընկավ Գառնիկ Մանուկյանի «Հիշողության հեռաստաններ» ժողովածուն: Թերթեցի, աչքի անցկացրի մի քանի բանաստեղծություն, և… աննկատ թռավ ժամանակը: Անկեղծ ասած` ինձ համար անհայտ բանաստեղծը հայտնություն եղավ: Ես ծանոթացա իսկական բանաստեղծի հետ:
Գևորգ Էմին

***
Քո գիրքը հաճելի հիշողության հեռաստաններ բացեց` ապրված, մոռացված հույզեր, հարազատ զգացումներ: Շատ պատկերավոր խոսք կա. աշխարհընկալման յուրօրինակություն: Ցանկանում եմ ստեղծագործական անակնկալներ:
Խաժակ Գյուլնազարյան

***
Մանուկյանը յուրօրինակ մանրանկարիչ է: Նրա բանաստեղծությունները բնական են, ինչպես բնությունն ինքը: Թվում է, թե արևը, հողը, ձնծաղիկը, լեռները, սարյակներն ու ճնճղուկները, հավերժորեն փոփոխվող ու նորոգվող բնությունը, առանց կողմնակի միջամտության, առանց ճիգ ու ջանքի հոսում, լցվում են անպաճույճ քառատողերի մեջ: Պարզությունը այդ երգերի առաջին հատկանիշն է, իսկ սեփական ձայնը` Մանուկյանի բախտավոր շնորհը, որ նա պետք է պահպանի աչքի լույսի պես:
Խաչիկ Հրաչյան

***
Իբրև տարագիր վանեցու թոռ` քո բանաստեղծություններից ինձ համար ամենից առաջ գնահատելի են այն գործերը, որոնք նվիրված են հայոց այդ գերված եզերքին, նրա ցրված որդիների ցավին ու մորմոքին, այն ապրումներին, որոնք մե՛րթ քնարական հավաստիությամբ վերհուշերի միջոցով են արտահայտվել, մե՛րթ վավերագրական հավաստիությամբ` իբրև հարազատների ծանոթ դիմանկարներ, մե՛րթ մարմնավորվել են ժողովրդական երգի շնչով, մե՛րթ վշտի անանց անթեղով, որ տապանագրի խորհուրդ ունի:
Արշալույս Ղազինյան
Բան. գիտ. դոկտոր

***
Գառնիկ Մանուկյանին Աստված չի խնայել, պարգևել է ոչ միայն բանաստեղծի, իսկական, բնաբուխ բանաստեղծի, այլև երևելի արձակագրի շնորհ: Եվ այդ աստվածատուր շնորհի ծնունդ իր բազմաժանր գործերով էլ (բանաստեղծությունից մինչև պոեմ ու բալլադ, տրիոլետից, քառյակից մինչև վեպ) իրեն հաստատեց ժամանակակից հայ գրականության մայրուղում` բացելով իր կածանը: Իսկ դա քչերին է հաջողվում:
Լյուդվիգ Կարապետյան
Բան. գիտ. դոկտոր

Գառնիկ Մանուկյանը մեր այն գրողներից է, ով ծնվել է հեռու շրջանում և ամբողջ կյանքն ապրել է այնտեղ` որևէ անգամ ցանկություն չհայտնելով գալ-տեղավորվել Երևանում: Նրա գրականությունը նույնպես կրում է Վարդենիսի բնապատկերը: Սևանա լճի հարևանությամբ ապրելով` բնականաբար չէր կարող բնությունը չներառել իր բանաստեղծություններում: Գառնիկ Մանուկյանի պոեզիայում մշտապես առկա է նաև խոհափիլիսոփայական երակը: Երկար տարիներ Գառնիկը համախմբել է Սևանի ավազանի գրողների աշխատանքը: Եվ այսօր շնորհավորելով նրան 75-ամյակի առթիվ` ցանկանում ենք, որ դեռ երկար վայելի Սևանի գույնը, Վարդենիսի մաքուր օդը և գրականություն բերի իր մաքուր շունչը:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հայաստան
Գնամ շրջեմ աշխարհդ հին,
Անցնեմ փոշոտ ճամփաներով,
Կածաններով քո մենավոր:

Ելնեմ լեռներն ամպածրար,
Անցնեմ մթին անտառներով
Եվ ձորերը իջնեմ քո խոր:

Մտնեմ թափուր վանք ու տաճար,
Ուր լռում են սրբություններ,
Հուշ ու լեգենդ, էպոս ու ասք:

Ու հավաքեմ հիշատակներ.
Ալաշկերտից` մի պտղունց հող,
Մշո դաշտից` ցորենի հասկ:

Մտնեմ մարած գյուղ ու քաղաք,
Ամայացած տուն ու այգի,
Փլատակված ամրոց ու բերդ:

Ու հավաքեմ հիշատակներ`
Բիթլիսից` հունդ, Կարինից` խունկ,
Արդահանից` մատյանի թերթ:

Ու Զեյթունից` ձիթենու ճյուղ,
Կիլիկիայից` քարի բեկոր,
Ջրի մի շիթ` լճից Վանա:

Ու հավաքեմ մեկիկ-մեկիկ,
Մասունք-մասունք, նշխար-նշխար,
Որ պատկերդ ամբողջանա:

Մինչև վերջին շունչ
Արդեն ձմեռն է իմ դուռը բախում,
Ու մոտենում է անխուսափելին,
Կանաչի տեղակ եղյամն է շողում
Իմ ճանապարհին, իմ հանդ ու ցելին:

Մինչև հասել եմ ձմեռնամուտին,
Գիտեք, թե ինչեր, ինչեր եմ քաշել,
Ինչ կորուստներ եմ կրել, որ նույնիսկ
Չգիտեմ` որը դրանցից հիշեմ:

Ջահելությունս ժամանակից շուտ
Կքեց հոգսերի լեռների ներքո.
Ինչքան ջանացի խույս տալ, բայց չեղավ,
Չկարողացա ոչ մի հնարքով:

Հիշատակներն իմ մերձավորների
Թեև հոգուս մեջ ծխում են երկար,
Բայց ավելի մեծ ու թանկ կորուստ կա,
Որ ինձ չի տալիս հանգիստ ու դադար:

Առաջին անգամ Եղեռնի մասին
Ու Վանի մասին, ու Հայոց դատի,
Ես լսել էի գաղթի գեհենից
Հազիվ մազապուրծ իմ Սուսուն տատից:

Ամեն կորստի կա հաշտության կերպ,
Կա սպեղանի ամեն մի ցավի,
Բայց Երկրի ցավը դեռ ահագնանում
Եվ արյունում է վերքը տակավին:

Եվ ժառանգելով ցավն այդ անամոք`
Դեռ մանկությունից կրել եմ իմ մեջ`
Կյանքս դարձրած համակ սպասում`
Կարոտի մորմոք, պաղատանքի տենչ:

Եվ ձմռանն արդեն հասնելուց հետո
Գիտեմ, որ կյանքս հերիք չի անի,
Որ դարձի ճամփան դեռ փակ կմնա,
Որ դեռ չեմ հասնի շքեղ ոստանիս:

Դեռ հեռու է շատ ժամը փրկության,
Դեռ կենսունակ է չարի արմատը.
Բայց չէ՞ որ հույսը մեռնում է վերջում,
Չէ՞ որ լեռներ է շարժում Հավատը:

Արդեն ձմեռն է իմ դուռը բախում,
Անխուսափելին մոտիկ է այնպես,
Բայց, մեկ է, Վան իմ, մինչև վերջին շունչ
Քո ցավի մեջ եմ տապակվելու ես:

Սուսուն տատ
Շշնջում էր աղոթք,
Շշնջում էր օրհնանք`
Որպես հանապազօր
Գոհության ծես:

Եվ բառերը մաշված,
Եվ ձեռքերը ցամաք
Խշշում էին աշնան
Խազալի պես:

Խարխափում էր արդեն
Մենության մեջ ցավի,
Խավարի մեջ թանձր
Ու լռության:

Բայց փնտրում էր դարձյալ
Անրջանք ու տեսիլք,
Հետո հուշի թևով
Թռչում էր Վան…

Վանեցու երգը
Վանն ամենեն խորոտ ի,
Սիրտս ինոր կարոտ ի,
Ինոր դաշտին ու ձորին,
Արտամետա խնձորին,
Էն անուշիկ տառեխին,
Խավրծիլին, սիբեխին,
Էն երկնքին ու ջրին,
Էն փառավոր քաջերին:
Մեկ էլ Երկիրն իմ տիսնամ,
Էն վախտ թող իմ հոգին տամ…
Վանն ամենեն խորոտ ի,
Սիրտս ինոր կարոտ ի…

Խոհ հավատի
Ես գիտեմ` կգա օրն այդ վաղ թե ուշ,
Օրն այդ երազած ու երանելի,
Ու ես, խենթացած ուրախությունից,
Տունդարձի ճամփան կբռնեմ էլի:

Մինչ այդ կգնամ տատիս շիրմին տես,
Կասեմ` իմացիր հրաշքի մասին,
Կասեմ` Երկիր եմ գնում վերջապես,
Արդեն հասու է ճամփան անհասի:

Ու Արարուցում` խինդից արբեցած,
Զավակներիս հետ բռնած շուրջպարի,
Կզգամ, որ դարձն այս հար ու հավետ է,
Որ ես եմ Տերը այս հող ու ջրի:

Հետո երբ ծաղկի ոստանս ավեր,
Հին օրերի պես կյանքը կբուրի,
Կհառնի նորից քաղցրիկ բարբառը,
Տառեխի համը, համը ջլբուրի:

Կզարկի խաղաղ, առանց տագնապի
Սիրտս` կարոտի կրակից խարկած,
Երբ վրա հասնի օրն այդ ըղձալի,
Օրն այդ կդառնա օրերիս արքան:

***
Պիտի տրվես ինքնամոռաց
Ու բառերի ծովից խառը
Պիտի հանես տառապանքով
Ու տքնանքով փնտրած բառը:

Պիտի արյան ու երկունքի
Տվայտանքով երգը ծնես,
Ոսկերչի պես հղկես պիտի,
Հույզ ու խոհով պիտի սնես:

Որ հոգիներ հուզի անվերջ,
Որ անվախճան երգդ մնա,
Հավքի նման պիտի լինի,
Թռչել պիտի կարողանա:

Լինում են պահեր
Պահեր են լինում, այնպիսի պահեր,
Որ չեմ երազում ոչնչի մասին,
Ե՛վ հարստություն, և՛ փառք, և՛ անուն
Թվում են այնպես ավելորդ ու սին:

Ո՛չ երազում եմ Լուկուլլոսի պես
Խենթ խրախճանքներ ու քեֆեր քաշել,
Ո՛չ ասկետի պես մեղքերիս համար
Ապաշխարելով ողջ կյանքս մաշել:

Ո՛չ երազում եմ լինել իմաստուն
Ու մեծահարուստ Սողոմոնի պես,
Ո՛չ Ղազարի պես արդար մի աղքատ,
Ո՛չ Հոբի նման համբերող ու հեզ:

Ո՛չ երազում եմ բախտ անզուգական,
Ո՛չ կույս` Լիլիթի նման հրածին,
Ո՛չ մեծաքանքար մի խուլ Բեթհովեն,
Ո՛չ մեծահանճար մի Նարեկացի:

Ո՛չ լուսնի նման` սառն ու միայնակ,
Ո՛չ արեգակի` շռայլ ու պայծառ,
Ո՛չ անգութ արքա, ո՛չ գթոտ ծառա,
Ո՛չ հզոր առյուծ, ո՛չ մատաղի գառ:

Ո՛չ մահվան ահն է սարսում իմ հոգին,
Ո՛չ անմահության տենչն է ինձ հուզում,
Պահեր են լինում, այնպիսի պահեր,
Որ ոչինչ, ոչինչ, ոչինչ չեմ ուզում:

Սասուն
Չոր ու անմշակ քո դաշտերի մեջ
Չեն հնչում հիմա հորովել ու տաղ,
Եվ թփուտների, փշերի վրա
Քամին է փռում իր թևերը պաղ:

Ճանապարհներիդ չկա ձայն ու շունչ,
Թախծում են մենակ աղբյուր ու ծաղիկ,
Չկա մեկը, որ խմի զով ջրից,
Չկա մեկը, որ ծաղիկներ քաղի:

Տանիքներիդ տակ` անբնակ ու լուռ,
Էլ չեն արարվում էպոս ու լեգենդ,
Միայն կիսավեր վանքն է Մարութա
Ապրում փառավոր հին օրերի հետ:

Ամպոտ լեռներիդ գահերի վրա
Արծիվն է ճախրում, նոխազն ու վիթը,
Էլ չեն կայծակում ոսոխներիդ դեմ
Քուռկիկ Ջալալին, թլոր Դավիթը:

Ու քո կարոտի հառաչանքը խուլ
Խեղդվում է օտար, բիրտ կանչերի մեջ,
Սակայն զիլ ձայնը Ձենով Օհանիդ
Դեռ հնչում է իմ ականջների մեջ:

Տենչ
Երազում եմ միայն մի բան`
Իջնեմ ծաղկիդ, որ շաղ դառնամ:

Այգեստանում անուշ հովիկ,
Նազիկ լճում որ տաղ դառնամ:

Երբ օրը գա Հաղթանակիդ,
Գառան նման մատաղ դառնամ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։